Բաքվի բարեփոխումները Նախիջեւանում. 5 փաստ եւ մեկնաբանություն - Mediamax.am

504 դիտում

Բաքվի բարեփոխումները Նախիջեւանում. 5 փաստ եւ մեկնաբանություն


Արարատը՝ Նախիջեւանից
Արարատը՝ Նախիջեւանից

Լուսանկարը` Koorosh Nozad Tehrani


Ադրբեջանի Միլլի մեջլիսը հուլիսի 8-ին երրորդ ընթերցմամբ հաստատեց Նախիջեւանի սահմանադրական բարեփոխումների նախագիծը: Ներկայացնում ենք Ռուսաստանի ԱԳՆ Մոսկվային միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի (МГИМО) առաջատար գիտական աշխատակից, «Միջազգային վերլուծություն» ամսագրի գլխավոր խմբագիր Սերգեյ Մարկեդոնովի մեկնաբանությունը:

 

Սերգեյ Մարկեդոնով

 

1. Այս տարածաշրջանը երկար տարիներ գտնվում էր Լեռնային Ղարաբաղի ստվերում, սակայն նրա նշանակությունը ոչ մի դեպքում չի կարելի թերագնահատել:

 

5,5 հազար քառակուսի կմ մակերեսով էքսկլավը, որը բաժանված է Ադրբեջանի հիմնական տարածքից Հայաստանի տարածքով (սահմանի երկարությունը՝ մոտ 220 կմ) եւ ընդհանուր սահմաններ ունի Իրանի (մոտ 180 կմ) եւ Թուրքիայի (ընդամենը 11 կմ) հետ, տարբեր ժամանակաշրջաններում եղել է անդրկովկասյան տարածաշրջանային կարգերի կարեւորագույն տարրը:

 

Ռուսական եւ Օսմանյան կայսրությունների փլուզումից հետո Նախիջեւանի ինքնավարության ֆենոմենը հիմնադրվեց երկու պայմանագրերով՝ Մոսկվայի (1921 թ. մարտի 16) եւ Կարսի (1921 թ. հոկտեմբերի 13): Խորհրդային Ռուսաստանը եւ քեմալական Թուրքիան տարածաշրջանում նոր ստատուս-քվո էին հաստատում, որի շրջանակում Նախիջեւանը մտնում էր Ադրբեջանի կազմի մեջ:

Լուսանկարը` Koorosh Nozad Tehrani

Դրանից հետո այն պաշտոնապես կոչվել է նախ Նախիջեւանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ապա՝ Նախիջեւանի մարզ, 1924 թ. փետրվարից մինչեւ 1990 թ. նոյեմբերը՝ Նախիջեւանի ինքնավար խորհրդային սոցիալիստական հանրապետություն, եւ, վերջապես՝ Նախիջեւանի ինքնավար հանրապետություն:

 

2. 1990 թ. հունվարին ինքնավարության Գերագույն Խորհրդի արտահերթ նիստում որոշում ընդունվեց ԽՍՀՄ կազմից նրա դուրս գալու մասին:

 

1991 թվականին Նախիջեւանը պլացդարմ դարձավ Հեյդար Ալիեւի՝ մեծ քաղաքականություն վերադառնալու համար: Խորհրդային բարձրագույն նոմենկլատուրայի նախկին ներկայացուցիչը 1991 թվականին արդեն հանդես էր գալիս ազգային առաջնորդի դերում: 

 

1992 թ. մայիսին նախիջեւանյան ուղղությունը քիչ էր մնում Հայաստանի եւ Ադրբեջանի հակամարտության ճակատներից մեկի վերածվեր: Նախ Թուրքիայի նախագահ Թուրգութ Օզալը խոստացավ զորք ուղարկել Նախիջեւան՝ «նոր Ղարաբաղ»-ը կանխելու համար, ապա ԱՊՀ միացյալ զինված ուժերի գլխավոր հրամանատար մարշալ Եվգենի Շապոշնիկովն արձանագրեց. «Եթե եւս մեկ կողմ այնտեղ ավելանա, մենք կարող ենք երրորդ համաշխարհային պատերազմի եզրին հայտնվել»: Այդ ժամանակ բնազդները եւ վախերն աշխատեցին դեեսկալացիայի վրա:

 

3. Ղարաբաղյան առաջին պատերազմից հետո Նախիջեւանի ինքնավարությունը պահպանվեց հետխորհրդային Ադրբեջանի կազմում: 1998 թ. դեկտեմբերին ընդունվեց ԽՍՀՄ փլուզումից հետո նրա առաջին Սահմանադրությունը: 

 

Հետխորհրդային հակամարտությունների հայտնի հետազոտող Բրունո Կոպիտերսի խոսքով՝ այս մոդելը դիտարկվում էր որպես օրինակ Լեռնային Ղարաբաղի համար: Այլապես դժվար է բացատրել ինքնավարության գոյության իմաստը միասնական պետության շրջանակներում՝ առանց այլազգի բնակչության: Եթե, իհարկե, ժամանակավորապես մոռանանք Նախիջեւանի խորհրդանշական նշանակությունը Հեյդար Ալիեւի լեգիտիմացման համար:

 

4. Այսօր մենք Կովկասում նոր տարածաշրջանային ստատուս-քվոյի ականատեսն ենք եւ Նախիջեւանի սահմանադրական փոփոխությունները այդ գործընթացի մասն են: 

 

Առավել կարեւոր փոփոխություններից է նախաբանից առաջին երկու  պարբերությունների դուրս բերումն է՝ Մոսկվայի եւ Կարսի պայմանագրերին հղումներով:

Արարատը՝ Նախիջեւանից Արարատը՝ Նախիջեւանից

 

Երկրորդը՝ Նախիջեւանը որպես «Ադրբեջանի Հանրապետության անբաժանելի մասի» ամրագրումն է՝ անկախության վերականգնման ակտերի (1991 թ. օգոստոսի 30 եւ հոկտեմբերի 18) եւ 1995 թ. Սահմանադրության հիման վրա:

 

Երրորդ՝ կենտրոնացումը եւ Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցչի պաշտոնի ներդրումը:

 

5. Բարեփոխումների նպատակը բազմակողմանի է: Դրանց թվում են քաղաքական «ցեղագրության» մաքրումը (Բաքվում այնքան էլ չեն ցանկանում իրենց տարածաշրջանների պատմությունն ընկալել որպես «մեծ գործարքների» արդյունք), եւ իշխանական «ուղղահայացի» ամրապնդումը: Ինքնավարության լայն իրավունքների հատուկ անհրաժեշտություն այլեւս չկա, Ղարաբաղի համար որեւէ օրինակներ եւս պետք չեն: Արտաքին աշխարհ են ուղարկվում ազդանշաններ՝ մենք ցանկանում ենք ինքնուրույն կարգավորել մեր ազգային-պետական նախագիծը: Դրա համար հաջող պահ է ընտրված: Ոչ ներսից, ոչ էլ ոչ ոք չի դիմադրելու Բաքվի բարեփոխական ծրագրերին:

 

Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին