Ներկայացնում ենք Հայաստանի նախկին փոխարտգործնախարար, ԱՄՆ-ում նախկին դեսպան Գրիգոր Հովհաննիսյանի՝ The Washington Times թերթում հրապարակված Azerbaijan not interested in making peace հոդվածի հայերեն թարգմանությունը:
Գրիգոր Հովհաննիսյան
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ վերջերս կայացած հանդիպման ժամանակ ԱՄՆ նախագահ Թրամփն ասել էր, որ Հայաստանն ու Ադրբեջանը «հնարավոր է՝ շարժվում են դեպի խաղաղություն»։ Սակայն յուրաքանչյուր ոք, ով հետեւում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հռետորաբանությանը, կարող է այլ եզրակացության հանգել։ Նրա հայտարարությունները ոչ թե խաղաղության ճանապարհային քարտեզ են բացահայտում, այլ իռեդենտիզմի եւ տարածքային ռեւիզիոնիզմի քողարկված փորձի վրա հիմնված արշավ։
Խնդիրը Ալիեւի պահանջն է հարավային Հայաստանով ցամաքային կամուրջ տրամադրելու մասին, որը կկապի Ադրբեջանը իր էքսկլավի՝ Թուրքիային սահմանակից Նախիջեւանի ինքնավար հանրապետության հետ։ Դա կստեղծի շարունակական ցամաքային կապ Թուրքիայից Նախիջեւանի միջոցով դեպի Ադրբեջան եւ այնուհետեւ դեպի Կենտրոնական Ասիայի ավելի լայն թյուրքական աշխարհ։ Ճանապարհին Հայաստանի Սյունիքի մարզն է՝ Հայաստանի միակ ցամաքային ելքը դեպի Իրան, որը կարեւոր ռազմավարական եւ տնտեսական գործընկեր է։
Հուլիսի 10-ին Աբու Դաբիում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից անմիջապես հետո Ալիեւը հաղթականորեն գրել էր «Զանգեզուրի միջանցքի ապագա իրականացման» մասին՝ օգտագործելով վիճելի տարածքի ադրբեջանական անվանումը։ Իսկ ադրբեջանական լրատվամիջոցներում լայնորեն մեջբերվող իր ելույթում նա ասել էր. «Ե՛վ միջազգային ասպարեզում, եւ՛ Հայաստանի հետ երկկողմանի շփումներում մենք մշտապես ընդգծել ենք այս կետը… Պետք է ապահովվի Ադրբեջանից Ադրբեջան անարգել եւ անսահմանափակ անցում՝ առանց որեւէ ստուգման կամ խոչընդոտի։ Դա մեր պահանջն է»։
Այս ձեւակերպումը ցույց է տալիս, որ Ալիեւի տեսլականը չի սահմանափակվում սոսկ տարանցիկ երթուղով։ Նա ձգտում է միջանցքի, որը զերծ կլինի հայկական սահմանային վերահսկողությունից, մի երթուղու, որը գործնականում կզրկի Երեւանը ինքնիշխանությունից իր տարածքի մի մասի նկատմամբ։ Խոսքը սահմանների վերանայման մասին է։
Քանի որ Նախիջեւանի հետ կապ հաստատելու նրա ցանկությունը անտրամաբանական չէ, այն արժանի է արդար վերլուծության։ Կարո՞ղ է արդյոք մի երկիր ողջամտորեն պահանջել անսահմանափակ տարանցիկ միջանցք մեկ այլ ինքնիշխան պետության տարածքով միայն այն պատճառով, որ էքսկլավ ունի։ Օրինակ՝ արդյոք Միացյալ Նահանգները կպահանջե՞ն անարգել անցում Կանադայով՝ Ալյասկա մուտք գործելու համար։
Թեեւ Բաքուն իր պահանջը ներկայացնում է որպես խաղաղության հասնելու տրամաբանական քայլ, դրա իրավական, պատմական եւ աշխարհաքաղաքական հիմքերը թույլ են։ Միջանցքի ենթադրյալ հիմքը ընկած է Ռուսաստանի միջնորդությամբ կնքված հրադադարի համաձայնագրում, որով 2020 թվականի նոյեմբերին ավարտվեց Ղարաբաղյան Երկրորդ պատերազմը։ Այդ համաձայնագրում ասվում է. «ՀՀ-ն երաշխավորում է Ադրբեջանի Հանրապետության արեւմտյան շրջանների եւ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության միջեւ տրանսպորտային կապերի անվտանգությունը՝ քաղաքացիների, տրանսպորտային միջոցների եւ բեռների անարգել տեղաշարժը երկու ուղղություններով կազմակերպելու համար»։
Սակայն այս անորոշ ձեւակերպումը Ադրբեջանին արտատարածքային վերահսկողություն չի տրամադրում եւ չի պարունակում «միջանցք» տերմինը: Կատարման միակ մեխանիզմը, որն այն ենթադրում է, մոնիթորինգն է ռուսական սահմանապահ զորքերի կողմից:
Հայաստանը այս հոդվածը մեկնաբանել էր որպես իր լիակատար իրավասության ներքո տարանցիկ փոխադրումն ապահովելու պարտավորություն՝ միաժամանակ պահպանելով սահմանային վերահսկողությունը, մաքսային եւ իրավական վերահսկողությունը։
Ոչ մի պայմանագիր, ՄԱԿ-ի դրույթ կամ նախադեպ չի ստիպում երկրին զիջել վերահսկողությունը իր հողերի նկատմամբ ՝ մեկ այլ պետության տարանջատված մասերի միջեւ հաղորդակցությունը դյուրացնելու համար։ Տարանցիկ պայմանագրեր գոյություն ունեն, օրինակ, Ռուսաստանի եւ Լիտվայի միջեւ Կալինինգրադի համար, բայց դրանք գործում են ընդունող պետության վերահսկողության ներքո։
Աշխարհում կան բազմաթիվ էքսկլավներ, եւ դրանցից ոչ մեկը նմանատիպ պայմանագրերի չի հանգեցրել։
Արեւմտյան Բեռլինը (1945-1990) Արեւմտյան Գերմանիայի համար հասանելի էր մնում միայն բանակցությունների շնորհիվ։ Երբ ԽՍՀՄ-ն շրջափակում կիրառեց, Արեւմուտքը պատասխանեց օդային կամրջով, այլ ոչ թե հողերի զավթմամբ։
Արեւելյան Պակիստանը (1947-1971), որը Արեւմտյան Պակիստանից բաժանված էր 1000 մղոն հնդկական տարածքով, երբեք միջանցք չէր ստացել՝ Հնդկաստանը հրաժարվել էր: Ի վերջո, Արեւելյան Պակիստանը անկախություն հռչակեց եւ դարձավ Բանգլադեշ:
Բյուզինգեն-ամ-Հոխրհայնը, որը գերմանական էքսկլավ է Շվեյցարիայում, սահուն գործում է համագործակցության, այլ ոչ թե հարկադրանքի շնորհիվ:
Կալինինգրադը, որը Ռուսաստանի բալթյան էքսկլավ է, Լիտվայի միջով տարանցիկ իրավունքներ ունի, բայց գտնվում է Եվրամիության եւ Լիտվայի խիստ վերահսկողության ներքո:
Հյուսիսային Աֆրիկայի ափին գտնվող Սեուտա եւ Մելիլյա իսպանական քաղաքները հաստատուն կերպով մնում են Իսպանիայի տիրապետության տակ՝ չնայած Մարոկկոյի պահանջներին: Իսպանիան երբեք թույլ չի տվել միջանցքային ոճի որեւէ պայմանավորվածություն, որը կթուլացնի իր ինքնիշխանությունը: Եվ, բնականաբար, երկուսի միջեւ Մարոկկոյի միջով միջանցք չկա:
Օրինաչափությունը պարզ է. էքսկլավ ունենալը երկրին իրավունք չի տալիս առանց կարգավորման անցում ունենալ մեկ այլ ինքնիշխան պետության միջով: Այս հարցերը լուծվում են բանակցությունների, այլ ոչ թե պարտադրման միջոցով: Մենք տնտեսական օգուտների վերաբերյալ փաստարկներ կլսենք, բայց ինքնիշխանությունը բանակցելի չէ, եւ լավ բիզնեսը միջազգային նորմերի նման խախտումներ չի պահանջում:

Հայաստանը մանեւրելու շատ տեղ չունի: Սյունիքի միջով անցնող իրական «միջանցքը» կթուլացնի նրա աշխարհաքաղաքական դիրքը, կկտրի Իրանից, կվերաձեւավորի Հարավային Կովկասը եւ կդառնա անհանդուրժելի նոր ոտնձգություն 2023 թվականին վիճելի Լեռնային Ղարաբաղում իր պատմական հայրենիքի կորստից հետո։
Վերահսկողության զիջումը՝ խորհրդանշական կամ բառացի, ռազմավարական աղետ կլինի։ Իրանը նույնպես զգուշացրել է, որ հայ-իրանական սահմանի ցանկացած փոփոխություն անընդունելի է։ Թեհրանը միջանցքի գաղափարը համարում է ուղղակի սպառնալիք Կովկասին իր հասանելիությանը եւ ի պատասխան քողարկված սպառնալիքներ է հնչեցրել։
Ալիեւը փորձում է հրադադարի վերաբերյալ կետը վերածել տարածքային ռեւիզիոնիզմի գործիքի։ Պատմությունը լի է անորոշ պայմանագրային լեզվի շահագործմամբ սկսված պատերազմների օրինակներով։ Եթե Հայաստանը ստիպված լինի հարկադրանքի ներքո արտատարածքային հասանելիություն տրամադրել, դա վտանգավոր նախադեպ կստեղծի։ Դա կպարգեւատրի հարկադրանքը, կխաթարի դիվանագիտությունը եւ ուղերձ կհղի այլ բռնապետներին. զավթեք այն, ինչ ուզում եք, իսկ հետո դա միջանցք անվանեք։
Դա նաեւ կպարգեւատրի Բաքվի բռնապետական ռեժիմին, որն օգտագործում է իր էներգետիկ հարստությունը հայատյացության քողարկման համար։ Միջազգային հանրությունը պետք է լուրջ վերաբերվի դրան։ Եթե Թրամփը իսկապես ցանկանում է ճանաչում ստանալ հայ-ադրբեջանական խաղաղության համար, նա պետք է ստիպի Ալիեւին հրաժարվել «Զանգեզուրի միջանցք» ստեղծելու նկրտումներից։
Թարգմանությունը՝ Մարթա Սեմյոնովայի
Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: