Ներկայացնում ենք The New York Times-ի The Nobel Prize and a Testy Phone Call: How the Trump-Modi Relationship Unraveled հոդվածի հայերեն թարգմանությունը:
Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին կորցնում էր համբերությունը նախագահ Թրամփի հետ։
Թրամփը բազմիցս, հրապարակավ, ոգեւորությամբ ասում էր, որ «լուծել է» Հնդկաստանի եւ Պակիստանի միջեւ ռազմական հակամարտությունը, որը տեւում է ավելի քան 75 տարի եւ շատ ավելի խորն ու բարդ է, քան Թրամփը ներկայացնում էր։
Հունիսի 17-ին տեղի ունեցած հեռախոսազրույցի ժամանակ Թրամփը կրկին անդրադարձավ այդ թեմային՝ ասելով, թե որքան հպարտ է, որ դադարեցրեց ռազմական սրացումը։ Նա նշեց, որ Պակիստանը պատրաստվում է առաջադրել իրեն Խաղաղության Նոբելյան մրցանակի։ Զանգին ծանոթ մարդկանց խոսքով՝ Թրամփը ոչ շատ նրբորեն ակնարկեց, որ Մոդին պետք է նույնը անի։
Հնդկաստանի առաջնորդը զայրացավ։ Նա ասաց Թրամփին, որ ԱՄՆ-ն որեւէ կապ չունի հրադադարի հետ. այն կարգավորվել էր անմիջապես Հնդկաստանի եւ Պակիստանի միջեւ։
Թրամփն անտեսեց Մոդիի մեկնաբանությունը, սակայն անհամաձայնությունը եւ Մոդիի հրաժարվելը Նոբելյան մրցանակի շուրջ քննարկումներից սրեցին առաջնորդների միջեւ հարաբերությունները, որոնք Թրամփի առաջին նախագահական ժամկետի օրոք սերտ էին։
Վեճը ծավալվեց Հնդկաստանի եւ ԱՄՆ-ի համար հսկայական նշանակություն ունեցող առեւտրային բանակցությունների ֆոնին, եւ հետեւանքները կարող են Հնդկաստանին մղել դեպի ԱՄՆ հակառակորդները Պեկինում եւ Մոսկվայում։
Այս հոդվածը հիմնված է Վաշինգտոնում եւ Նյու Դելիում տասնյակից ավելի մարդկանց հետ հարցազրույցների վրա, որոնցից շատերը խոսել են անանունության պայմանով՝ քննարկելու այն հարաբերությունները, որոնք հեռահար հետեւանքներ ունեն երկու կողմերի համար, քանզի Թրամփը խաթարում է ռազմավարական հարաբերությունները, իսկ Հնդկաստանը օտարացնում է իր ամենամեծ առեւտրային գործընկերոջը՝ փորձելով պահպանել իր տնտեսությունը։
Հունիսյան հեռախոսազրույցից ընդամենը մի քանի շաբաթ անց՝ առեւտրային բանակցությունների ձգձգման պայմաններում, Թրամփը ցնցեց Հնդկաստանը՝ հայտարարելով, որ երկրից ներմուծվող ապրանքները կենթարկվեն 25 տոկոս մաքսատուրքի։ Հետո էլ նա Հնդկաստանի համար լրացուցիչ 25 տոկոս մաքսատուրք սահմանեց ռուսական նավթ գնելու համար, հասցնելով այն ջախջախիչ 50 տոկոսի։
Մոդին, որը ժամանակին Թրամփին անվանում էր «իսկական ընկեր», պաշտոնապես շնորհազուրկ է եղել։ Թրամփը Մոդիին խոստացել էր այս տարի մեկնել Հնդկաստան՝ մասնակցելու Քառյակի գագաթնաժողովին, սակայն նա այլեւս նման ծրագրեր չունի՝ ըստ նախագահի ժամանակացույցին ծանոթ մարդկանց։
Հնդկաստանի որոշ շրջանակներում Թրամփին համարում են ազգային նվաստացման աղբյուր։ Վերջերս Մահարաշտրա նահանգում անցկացվող փառատոնի ժամանակ ցուցադրվեց Թրամփի հսկայական խրտվիլակը, իսկ կողքի ցուցանակը նրան նկարագրում էր որպես մեջքից դանակահարող։ Միացյալ Նահանգների հարվածներն այնքան ուժեղ էին, որ հնդիկ պաշտոնյաներից մեկը դրանք որակեց որպես «գունդագարդի»՝ ուղղակի ահաբեկչություն կամ ավազակություն։
Երկու ղեկավարները հունիսի 17-ի հեռախոսազրույցից ի վեր չեն խոսել։
Ըստ էության՝ Թրամփի եւ Մոդիի պատմությունը երկու ամբարտավան, ամբոխահաճ առաջնորդների մասին է՝ մեծ եսասիրությամբ եւ ավտորիտար հակումներով, եւ հավատարիմ մարդկանց, ովքեր օգնում են երկուսին էլ իշխանության գլուխ մնալ: Բայց դա նաեւ պատմություն է ամերիկյան նախագահի մասին, որն աչք ուներ Նոբելյան մրցանակի վրա, սակայն բախվեց հնդկական քաղաքականության անսասան խոչընդոտին՝ Պակիստանի հետ հակամարտությանը:
Քաղաքականապես անհնար պահանջ
Հնդկաստանում քչերն էին սպասում, որ Մոդին կհայտնվի այս իրավիճակում։
Նա հաղթեց իր երրորդ ընտրություններում՝ խոստանալով, որ երկիրը կվերածվի համաշխարհային խաղացողի։ Ու թեեւ Թրամփը հայտնի է նրանով, որ ավելի շատ զբաղված է անձնական հարաբերություններով եւ ավելի քիչ՝ աշխարհաքաղաքական ռազմավարությամբ, հնդիկները կարծում էին, որ դա կաշխատի իրենց օգտին։
Թրամփի առաջին նախագահության ընթացքում Մոդին մասնակցեց Տեխասում հնդկական սփյուռքի մեծ «Բարեւ՛, Մոդի՛» հանրահավաքին։ Ամիսներ անց ամերիկյան նախագահը այցելեց Մոդիի հայրենի Գուջարաթ նահանգը եւ մասնակցեց «Նամաստե՛, Թրա՛մփ» միջոցառմանը։ Մոդին գրկեց նրան օդանավակայանում դիմավորելիս, ապա պատիվ տվեց երաժշտությամբ, պարողներով եւ ավելի քան 100,000 ծափահարող մասնակիցներով։

Լուսանկարը` REUTERS
Թրամփի երկրորդ նախագահության ընթացքում օտարերկրյա առաջնորդները հաջողության են հասնում՝ հաճոյանալով նրա եսին գովասանքներով եւ նվերներով։ Մեծ Բրիտանիայի վարչապետը Սպիտակ տուն ժամանեց Չարլզ թագավորի նամակով։ Ֆինլանդիայի նախագահը ընկերացավ Թրամփին գոլֆի դաշտում։ Նույնիսկ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին, որին Թրամփը ժամանակին հրապարակավ քննադատել էր, հայտնվեց Սպիտակ տանը եւ տեսախցիկների առջեւ շնորհակալություն հայտնեց նրան։
Սակայն այն, ինչ Թրամփը ամենից շատ ուզում է Մոդիից, քաղաքականապես անհնար է։
Եթե համարվի, որ Մոդին ընկրկել է ամերիկյան ճնշման տակ, որպեսզի ավելի թույլ ազգի հետ հրադադար կնքի, ապա Հնդկաստանում դա նրա համար շատ բարձր գին կարժենա։ Մոդիի՝ որպես ուժեղ անձի ինքնությունը մեծ մասամբ կախված է նրանից, թե որքան կոշտ է նա վարվում Պակիստանի հետ։ Ընդունել, որ Թրամփը դեր է խաղացել, առավել եւս՝ նրան Նոբելյան մրցանակի առաջադրելը, հանձնվելուն համարժեք կլինի։
Դժվար է ճշգրիտ գնահատել, թե որքան մեծ էր ԱՄՆ-ի ազդեցությունը Հնդկաստանի եւ Պակիստանի միջեւ բռնության վերջին բռնկումը կարգավորելու գործում։ Թրամփը պնդում է, որ օգտագործել է առեւտուրը որպես լծակ՝ երկու կողմերին ստիպելու դադարեցնել պատերազմը։ Այս գայթակղություններից եւ նախազգուշացումներից հետո, ասաց նա, «նրանք հանկարծ ասացին՝ «Երեւի կդադարեցնենք» մարտական գործողությունները։
Հնդկաստանը հերքում է դա։
Վաշինգտոնն իրոք մեծ ազդեցություն ունի երկու կողմերի վրա, եւ պատմականորեն ամերիկյան առաջնորդների ուղերձները օգնել են մեղմել լարվածությունը։ Սակայն այն փաստը, որ Մոդին չկարողացավ թեկուզ աննշան կերպով ընդունել Թրամփի որոշակի դերը՝ հաշվի առնելով խաղադրույքները, ցույց է տալիս, թե որքան պայթյունավտանգ է խնդիրը նրա համար։
Վերլուծաբանները նշում են, որ Հնդկաստանի արձագանքի ծայրահեղ կոշտությունը նաեւ խոսում է այն մասին, թե ինչպես է վերջին տասնամյակում իշխանությունը ավելի ու ավելի կենտրոնանում Մոդիի ուժեղ կերպարը ամեն գնով պաշտպանելու մեջ։
«Այն միտքը, որ Մոդին կընդունի հրադադարը ԱՄՆ ճնշման տակ, կամ որ նա միջնորդության կարիք ուներ, միայն նրա անհատականությանը չի հակասում, - ասում է Բրուքինգսի ինստիտուտի ավագ գիտաշխատող Թանվի Մադանը, - դա հակասում է Հնդկաստանի դիվանագիտական պրակտիկային։ Մոդին իր հարաբերությունները ԱՄՆ նախագահների հետ ներկայացրել էր որպես առավելություն՝ ռազմավարական եւ քաղաքական, իսկ այժմ ընդդիմությունը նրա բարեկամությունը Թրամփի հետ ներկայացնում է որպես խոչընդոտ»։

Լուսանկարը` REUTERS
Թրամփի հետ հունիսյան հեռախոսազրույցից հետո հնդիկ պաշտոնյաները հայտարարություն տարածեցին, ըստ որի Մոդին «հաստատակամորեն հայտարարել է, որ Հնդկաստանը երբեք չի ընդունում եւ չի ընդունի միջնորդությունը» եւ որ «նախագահ Թրամփը ուշադիր լսել է» եւ «իր աջակցությունն է արտահայտել Հնդկաստանի՝ ահաբեկչության դեմ պայքարին»։
Սպիտակ տունը չհաստատեց հեռախոսազրույցի փաստը, իսկ Թրամփը դրա մասին չգրեց իր սոցիալական ցանցերի էջերում։ Եվ այնուամենայնիվ Մոդիի հետ զրույցից չորս օր անց Թրամփը կրկին անդրադարձավ այս հարցին, երբ հայտարարեց Կոնգոյի եւ Ռուանդայի միջեւ խաղաղության համաձայնագրի մասին։
«Ես չեմ ստանա Նոբելյան խաղաղության մրցանակ դրա համար, ես չեմ ստանա Նոբելյան խաղաղության մրցանակ Հնդկաստանի եւ Պակիստանի միջեւ պատերազմը դադարեցնելու համար, - գրել էր նա։ - Ո՛չ, չեմ ստանա Նոբելյան խաղաղության մրցանակ՝ ինչ էլ որ անեմ»։
«Սա վերաբերում է ոչ միայն Ռուսաստանին»
Թրամփն ասում է, որ Հնդկաստանի նկատմամբ սահմանված մաքսատուրքերը պատիժ են ռուսական նավթ գնելու եւ հնդկական շուկայի պրոտեկցիոնիստական բնույթի համար, ինչից արդեն վաղուց են բողոքում Թրամփն ու այլ ամերիկյան նախագահները։
Սպիտակ տունը պնդում է, որ երկու ղեկավարները «հարգալից հարաբերություններ» ունեն եւ «սերտ կապի մեջ են», ինչպես հայտարարության մեջ ասաց Սպիտակ տան մամուլի խոսնակ Աննա Քելլին։ «Նախագահ Թրամփին հաջողվեց խաղաղություն հաստատել Հնդկաստանի եւ Պակիստանի միջեւ հակամարտությունում», - ասաց նա՝ կրկնելով պնդումը, որը Հնդկաստանը կտրականապես հերքել էր։
Սակայն շատ պաշտոնյաների եւ դիտորդների աչքում Հնդկաստանի նկատմամբ կիրառվող հսկայական պատժամիջոցները տույժ են՝ համաձայնությունը խախտելու համար, ոչ թե առեւտրային դեֆիցիտը կամ Պուտինի պատերազմի ֆինանսավորումը կրճատելու համակարգված ջանք։ Նրանք նշում են, որ ռուսական նավթի ամենամեծ ներմուծող Չինաստանը խուսափեց պատժամիջոցներից։
«Եթե սա Ռուսաստանի վրա ճնշում գործադրելու քաղաքականության իրական փոփոխություն լիներ, Թրամփը կարող էր ազդել օրենսդրության վրա, որը երկրորդական պատժամիջոցներ կսահմաներ ռուսական ածխաջրածիններ գնող երկրների նկատմամբ, - ասում է Ռազմավարական եւ միջազգային հետազոտությունների կենտրոնի Հնդկաստանի հարցերով բաժնի ղեկավար Ռիչարդ Մ. Ռոսովը։ - Այն փաստը, որ նրանք թիրախավորել են հենց Հնդկաստանը, ապացուցում է, որ հարցը միայն Ռուսաստանը չէ, - հավելում է նա։
Հնդկաստանն ու Բրազիլիան, որը գլխավորում է մի նախագահ, որը ուղղակիորեն հակադրվել է Թրամփին, միակ երկրներն են, որոնք ենթարկվել են 50 տոկոս մաքսատուրքերի՝ ավելի բարձր, քան որեւէ այլ երկիր։ (Պակիստանի դեպքում 19 տոկոս է)։
Լարվածության մյուս աղբյուրը Թրամփի ընտրողների շրջանում հակամիգրանտային տրամադրություններն են։ Հնդիկ պաշտոնյաները սկզբում կարծում էին, որ կարող են ընդհանուր լեզու գտնել ամերիկյան աջակողմյան շարժման հետ, բայց անակնկալի եկան H-1B վիզաների շուրջ Թրամփի կողմնակիցների միջեւ պառակտումից, ընդ որում հիմնական ուշադրությունը հնդիկներն էին, որոնց մեծ մասը նման վիզաներ ունեն։
ԱՄՆ-ում օտարերկրյա ուսանողներից չորսից մեկը հնդիկ է, ուստի Թրամփի կողմից ուսանողական վիզաների վերաբերյալ ձեռնարկված կոշտ միջոցները անակնկալի բերեցին Հնդկաստանը։
Սթիվեն Միլլերը՝ Թրամփի գլխավոր խորհրդականը, բազմիցս բողոքել է նախագահին Հնդկաստանից անօրինական ներգաղթյալների մեծ թվից, որոնք ձերբակալվել եւ արտաքսվել են Թրամփի կողմից իրականացվող անօրինական ներգաղթի դեմ պայքարի շրջանակներում: Այդ արտաքսումներից մի քանիսի մեթոդը եւ ժամկետները գլխացավանք էին Մոդիի համար եւ ապացուցեցին, որ Թրամփը հաշվի չի առնում Հնդկաստանի առաջնորդի քաղաքական իրականությունը։
Փետրվարին Հնդկաստան ժամանեցին կապանքներով ու ձեռնաշղթաներով արտաքսված մարդկանցով լի ինքնաթիռներ, ինչը մեծ իրարանցում առաջացրեց հենց այն պահին, երբ Մոդին մեկնում էր Վաշինգտոն:
Սակայն այդ այցի ընթացքում տեղի ունեցած բարեկամական մամուլի ասուլիսում նշաններ եղան, որ երկու կողմերը դեռ կարող են գտնել առաջ շարժվելու ճանապարհ, երբ Հնդկաստանը միլիարդավոր դոլարների ամերիկյան նավթ եւ գազ գնի՝ մեղմելու Թրամփի դժգոհությունը առեւտրային հաշվեկշռից:
«Մենք կարող ենք հեշտությամբ լրացնել դեֆիցիտի տարբերությունը», - ասել էր Թրամփը՝ Մոդիի կողքին կանգնած:
«Ի՞նձ եք հավատում, թե՞ Թրամփին»։
Այնուհետեւ՝ մայիսին, Հնդկաստանի եւ Պակիստանի միջեւ բռնկվեցին տասնամյակների ամենադաժան մարտերը։
Հակամարտությունը սկսվեց, երբ Քաշմիրի հնդկական կողմում, որը վիճելի տարածք է երկու երկրների միջեւ, տեղի ունեցավ ահաբեկչական հարձակում, որի հետեւանքով 26 մարդ զոհվեց։ Այդ պահին ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը եւ նրա ընտանիքը այցով Հնդկաստանում էին։ Թրամփը զանգահարեց Մոդիին՝ իր ցավակցությունը հայտնելու։

Լուսանկարը` REUTERS
Մինչ մարտերը շարունակվում էին, եւ երկու կողմերը չորս օր շարունակ անօդաչու թռչող սարքեր եւ հրթիռներ էին արձակում, Թրամփի վարչակազմը միջամտեց՝ դիվանագիտական լուծում գտնելու համար, եւ փոխնախագահն ու պետքարտուղարը զանգահարեցին երկու կողմերին։
Մարտերի չորրորդ օրը՝ վաղ երեկոյան, լրագրողներին հրավիրեցին Նյու Դելիում մամուլի ասուլիսի՝ լուրեր տարածելով, որ կողմերը պայմանական զինադադարի մասին համաձայնության են եկել։ Բայց նախքան Հնդկաստանի արտգործնախարար Վիկրամ Միսրին ամբիոն կբարձրանար, Թրամփը առաջ ընկավ՝ Truth Social-ում հայտարարելով «ԼԻԱՐԺԵՔ ԵՎ ԱՆՀԱՊԱՂ ՀՐԱԴԱԴԱՐ»։
Րոպեներ անց ԱՄՆ պետքարտուղար Մարքո Ռուբիոն հայտարարեց, որ Հնդկաստանը եւ Պակիստանը համաձայնել են «չեզոք վայրում լայն շրջանակի հարցերի շուրջ բանակցություններ սկսել»։
Այդ հայտարարությունը հատկապես նյարդայնացրեց հնդիկներին, քանի որ տասնամյակներ շարունակ Հնդկաստանի քաղաքականությունն այն էր, որ Պակիստանի հարցը, հատկապես Քաշմիրի հետ կապված, երկու երկրները պետք է լուծեն ինքնուրույն՝ առանց երրորդ կողմի միջնորդության։
Սենյակում ներկա հնդիկ պաշտոնյաների դեմքերին ակնհայտ էին շոկն ու զայրույթը։ Միսրին մոտեցավ, կարդաց իր հայտարարությունը՝ առանց հիշատակելու արտաքին ուժի կամ Թրամփի պնդումը, եւ հեռացավ։ Երբ լրագրողները շրջապատեցին մյուս պաշտոնյաներին եւ հարցրին Թրամփի հայտարարության մասին, պաշտոնյաներից մեկը հակադարձեց. «Դուք ի՞նձ եք հավատում եք, թե՞ Թրամփին»։
Մերժված հրավեր Վաշինգտոն
Նախքան հունիսին Թրամփն ու Մոդին հեռախոսազրույց կունենային, գուցե հնարավոր լիներ վերականգնել հարաբերությունները եւ կենտրոնանալ ընթացիկ առեւտրային բանակցությունների վրա։
Սակայն այդպես չեղավ։
Երեսունհինգ րոպե տեւած զանգը տեղի ունեցավ այն ժամանակ, երբ Թրամփը վաղաժամ վերադառնում էր Կանադայում կայացած G7-ի ղեկավարների հանդիպումից, որին մասնակցել էր նաեւ Մոդին։
Մոդին մերժեց Թրամփի հրավերը՝ տունդարձի ճանապարհին այցելել Վաշինգտոն։ Նրա պաշտոնյաները վախեցած էին, որ Թրամփը կարող է փորձել իրենց առաջնորդին ստիպել սեղմել Պակիստանի բանակի հրամանատարի ձեռքը, որին նույնպես հրավիրել էին Սպիտակ տուն ճաշի։ Դա եւս մեկ հստակ նշան էր, ասաց հնդիկ բարձրաստիճան պաշտոնյան, որ Թրամփին չի հետաքրքրում իրենց հարցի բարդությունը կամ դրա զգայունությունն ու պատմությունը։
Ավելի ուշ խոսակցություններ եղան մասնակի առեւտրային համաձայնագիր կնքելու համար մեկ այլ հեռախոսազանգ կազմակերպելու մասին։ Սակայն երկու առաջնորդների միջեւ վստահության պակասի պատճառով հնդիկները զգուշանում էին Մոդիի եւ Թրամփի հեռախոսազրույցից։ Հնդիկ պաշտոնյաները անհանգստանում էին, որ Թրամփը Truth Social-ում կհրապարակի այն, ինչ կուզի՝ անկախ նրանից, թե զանգի ընթացքում ինչ պայմանավորվածություններ կկնքվեն։

Լուսանկարը` REUTERS
Մաքսային բանակցություններից հիասթափված Թրամփը մի քանի անգամ փորձեց կապ հաստատել Մոդիի հետ՝ ըստ քննարկումներին ծանոթ երկու անձանց, որոնց անունները ենթակա չեն հրապարակման։
Նրանք ասացին, որ Մոդին չարձագանքեց Թրամփի փորձերին։
Սպիտակ տան խոսնակ տիկին Քելլին հերքեց, որ Թրամփը փորձում էր կապ հաստատել։
Լրացուցիչ 25 տոկոս մաքսատուրքը գործարկելուց առաջ Թրամփը հայտարարեց, որ առաջադրում է իր մտերիմ խորհրդական Սերխիո Գորին Հնդկաստանում դեսպանի պաշտոնում՝ տարածաշրջանում հատուկ դեսպանի լրացուցիչ լիազորություններով։ (Հնդկաստանի պաշտոնյաները երկմտում էին, թե ինչպես մեկնաբանել նշանակումը. Գորը մտերիմ էր Թրամփի հետ, այո՛, բայց նրանք վիրավորված էին, որ «տարածաշրջանի» դեսպանի նշանակմամբ Հնդկաստանը դասվեց Պակիստանի շարքին):
Վերջնաժամկետից մի քանի ժամ առաջ Միացյալ Նահանգների եւ Հնդկաստանի պաշտոնյաները վիրտուալ հանդիպում անցկացրին՝ քննարկելով առեւտրի, պաշտպանության ոլորտում համագործակցության եւ մի շարք այլ հարցեր:
Սակայն լրացուցիչ մաքսատուրքերը ոչ միայն ուժի մեջ մտան, ինչպես հայտարարվել էր, այլեւ Թրամփի խորհրդականները շարունակեցին քննադատել Հնդկաստանը: Մեկը առեւտրային բանակցություններին Հնդկաստանի մոտեցումը «ամբարտավան» անվանեց, իսկ մյուսը նույնիսկ անվանեց Ուկրաինայի հակամարտությունը «Մոդիի պատերազմ»:
Թարգմանությունը՝ Մարիա Սադոյանի
Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: