Ներկայացնում ենք Հարվարդի համալսարանի պատվավոր պրոֆեսոր, ԱՄՆ պաշտպանության նախարարի նախկին օգնական Ջոզեֆ Ս. Նայ կրտսերի հոդվածը՝ գրված Project Syndicate-ի համար:
Ջոզեֆ Նայ
Ուժը թույլ է տալիս ուրիշներից ստիպել անել այն, ինչ դուք եք ուզում: Դրան կարելի է հասնել հարկադրանքով («մտրակ»), վճարով («բլիթ») կամ գրավչությամբ («մեղր»): Առաջին երկու մեթոդները կոշտ ուժի ձեւեր են, իսկ գրավչությունը՝ «փափուկ ուժ» է: Փափուկ ուժը ստեղծվում է երկրի մշակույթով, նրա քաղաքական սկզբունքներով, ինչպես նաեւ արտաքին քաղաքականությամբ: Կարճաժամկետ հեռանկարում կոշտ ուժը սովորաբար հաղթում է փափուկ ուժին: Բայց երկարաժամկետ առումով՝ հաճախ գերակշռում է փափուկ ուժը: Ստալինը մի անգամ ծաղրելով հարցրել է. «Իսկ քանի՞ դիվիզիա ունի Հռոմի Պապը»: Սակայն պապական իշխանությունը մինչ օրս կա, իսկ ստալինյան ԽՍՀՄ-ն վաղուց չքվել է:
Երբ դուք գրավիչ եք, կարող եք խնայել մտրակների եւ բլիթների վրա: Եթե դաշնակիցները ձեր մեջ բարություն են տեսնում եւ վստահում են ձեզ, ավելի հավանական է, որ նրանք կհետեւեն ձեր օրինակին: Եթե նրանք ձեզ համարեն անպատասխանատու եւ կոպիտ համարեն, ապա, ամենայն հավանականությամբ, կսկսեն ժամանակ ձգել եւ հնարավորության սահմաններում նվազեցնել փոխկախվածությունը: Լավ օրինակ է Սառը պատերազմի ժամանակների Եվրոպան: Մի նորվեգացի պատմաբան գրում էր, որ Եվրոպան բաժանվել է Խորհրդային եւ Ամերիկյան կայսրությունների միջեւ: Բայց նրանց միջեւ սկզբունքային տարբերություն կար՝ ամերիկյան կողմը «հրավերով կայսրություն» էր: Դա ակնհայտ դարձավ, երբ ԽՍՀՄ-ը ստիպված եղավ զորք մտցնել Բուդապեշտ՝ 1956 թվականին, եւ Պրահա՝ 1968 թվականին: ՆԱՏՕ-ն, հակառակը, ոչ միայն պահպանվեց, այլեւ ընդլայնեց իր կամավոր անդամների թիվը:

Լուսանկարը` REUTERS
Ուժի գաղափարը ճիշտ հասկանալու համար հարկավոր է հաշվի առնել եւ՛ նրա կոշտ, եւ՛ փափուկ կողմերը: Մակիավելին գրում էր, որ իշխանավորի համար լավ է, երբ նրանից վախենում են, այլ ոչ թե սիրում: Բայց ավելի լավ է, երբ կա ե՛ւ մեկը, ե՛ւ մյուսը: Փափուկ ուժը հազվադեպ է բավարար լինում, իսկ նրա ազդեցությունը միանգամից չի դրսեւորվում, հետեւաբար, քաղաքական առաջնորդներն հաճախ գայթակղվում են կիրառել հարկադրանքի կոշտ ուժը: Սակայն միայն կոշտ ուժի կիրառումը կարող է ավելի բարձր գին ունենալ, քան նրա համակցումը փափուկ ուժի հետ: Բեռլինյան պատը փլվեց ոչ թե հրետանային գնդակոծության հետեւանքով, այն մուրճերով եւ բուլդոզերներով քանդեցին մարդիկ, ովքեր կորցրել էին հավատը կոմունիզմի նկատմամբ եւ որոնց գրավում էին արեւմտյան արժեքները:
Ամերիկան Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո դարձավ աշխարհի ամենահզոր երկիրը եւ փորձեց ամրապնդել իր արժեքները այսպես կոչված «ազատական միջազգային կարգում»: Այո, Ամերիկան միշտ չէ հետեւել իր ազատական սկզբունքներին, իսկ Սառը պատերազմի երկբեւեռությունը այս աշխարհակարգը սահմանափակում էր աշխարհի բնակչության միայն կեսով: Բայց հետպատերազմական համակարգը բոլորովին այլ տեսք կունենար, եթե «առանցքի» տերությունները հաղթեին Երկրորդ համաշխարհայինում եւ պարտադրեին իրենց արժեքները:

Լուսանկարը` REUTERS
ԱՄՆ-ի նախկին նախագահները խախտում էին այս ազատական կարգի միայն առանձին ասպեկտները, իսկ Դոնալդ Թրամփը դարձավ առաջինը, ով սկզբունքորեն մերժում է փափուկ ուժի նշանակությունը արտաքին քաղաքականության մեջ: Փափուկ ուժից հրաժարվելու հետեւանքները լիովին կանխատեսելի են: Ժողովրդավարական դաշնակիցների (օրինակ՝ Դանիայի կամ Կանադայի) հարկադրանքը թուլացնում է վստահությունը մեր դաշինքների նկատմամբ: Սպառնալիքները Պանամայի նկատմամբ ամբողջ Լատինական Ամերիկայում արթնացնում են վախը իմպերիալիզմից: ԱՄՆ-ի միջազգային զարգացման գործակալության (USAID) ոչնչացումը, որը ստեղծվել էր նախագահ Ջոն Քենեդիի կողմից 1961 թվականին, ավերում է մեր երկրի բարի համբավը: «Ամերիկայի ձայնի» անջատումը նվեր էր ավտորիտար հակառակորդների համար: Բարեկամ երկրներին մաքսատուրքերով հարված հասցնելով՝ մենք անվստահելի երեւացինք: Երկրի ներսում խոսքի ազատությունը ճնշելու փորձերը թուլացնում են մեր հեղինակությունը: Ցուցակը կարելի է շարունակել:
Թրամփը Չինաստանն անվանում է Ամերիկայի հիմնական մարտահրավերը, իսկ Չինաստանն ակտիվորեն ներդրումներ է կատարում փափուկ ուժի մեջ՝ սկսած 2007 թվականից: Հենց այդ ժամանակ ԿԺՀ նախագահ Հու Ցզինթաոն՝ հանդես գալով Չինաստանի կոմկուսի անդամների առաջ, հայտարարել էր, որ երկիրը պետք է ավելի գրավիչ դառնա մյուսների համար: Այդուհանդերձ, Չինաստանն արդեն վաղուց բախվում է երկու մեծ խոչընդոտների: Առաջինը՝ նա տարածքային վեճեր ունի բազմաթիվ հարեւան երկրների հետ: Երկրորդը՝ Չինաստանի կոմկուսը պնդում է քաղաքացիական հասարակության նկատմամբ կոշտ վերահսկողության պահպանման վրա: Այս քաղաքականության թերությունները հաստատվում են հանրային կարծիքի հարցումներով, երբ տարբեր երկրներում մարդկանց հարցնում են, թե որ երկրներն են նրանք համարում գրավիչ: Այդուհանդերձ, կարելի է միայն գուշակել, թե ինչ ցույց կտան այս հարցումները առաջիկա տարիներին, եթե Թրամփը շարունակի նվազեցնել ԱՄՆ-ի փափուկ ուժը։
Այո, անցած տասնամյակների ընթացքում ԱՄՆ-ի փափուկ ուժն ունեցել է անկման եւ վերելքի շրջաններ: Վիետնամյան եւ Իրաքյան պատերազմների ժամանակ Ամերիկան բազմաթիվ երկրներում պոպուլյար չէր: Սակայն փափուկ ուժի աղբյուր են հանդիսանում նաեւ երկրի հասարակությունն ու մշակույթը, այլ ոչ միայն կառավարության գործողությունները: Նույնիսկ Վիետնամյան պատերազմի ժամանակ, երբ բազմաթիվ երկրներում մարդիկ երթեր էին անցկացնում ԱՄՆ-ի քաղաքականության դեմ, նրանք երգում էին քաղաքացիական իրավունքների պաշտպանության ամերիկյան օրհներգը՝ «Մենք կհաղթահարենք»:

Լուսանկարը` REUTERS
Ամերիկյան ժողովրդավարությունը, ամենայն հավանականությամբ, կվերապրի Թրամփի չորս տարվա կառավարումը: Երկիրը կայուն քաղաքական մշակույթ ունի, ինչպես նաեւ սահմանադրություն, որը զսպումներ եւ հակակշիռներ է ապահովում: Լուրջ հնարավորություններ կան, որ դեմոկրատները 2026 թվականի ընտրություններում կվերականգնեն վերահսկողությունը Ներկայացուցիչների պալատի հանդեպ: Բացի այդ, քաղաքացիական հասարակությունը դեռեւս ուժեղ է, իսկ դատարանները՝ անկախ: Բազմաթիվ կազմակերպություններ հայցեր են ներկայացրել՝ վիճարկելով Թրամփի որոշումները, իսկ շուկաները դժգոհ են նրա տնտեսական քաղաքականությունից:
Ամերիկյան փափուկ ուժը վերականգնվել է Վիետնամի եւ Իրաքի պատերազմներից, ինչպես նաեւ Թրամփի առաջին ժամկետից հետո: Բայց երբ վստահությունը կորսվում է, այն վերականգնելը դժվար է: Ուկրաինայի վրա հարձակումից հետո Ռուսաստանը կորցրեց գրեթե ամբողջ իր փափուկ ուժը, մինչդեռ Չինաստանը փորձում է լրացնել ցանկացած վակուում, որը ստեղծում է Թրամփը: ԿԺՀ նախագահ Սի Ցզինփինը վստահեցնում է, որ սկսվել է Արեւելքի վերելքը: Եթե Թրամփը կարծում է, որ կկարողանա մրցակցել Չինաստանի հետ եւ միաժամանակ պայթեցնել ԱՄՆ-ի դաշնակիցների վստահությունը, հայտարարել կայսերական հավակնությունների մասին, ոչնչացնել USAID գործակալությունը, անջատել «Ամերիկայի ձայնը», վիճարկել երկրի ներսում օրենքի գերակայությունը եւ հայտարարել ՄԱԿ-ի կազմակերպություններից դուրս գալու մասին, ապա նա սխալվում է: Չի կարելի ասել, որ նրա ավերածը վերականգնելն անհնար կլինի, սակայն դա թանկ կարժենա:
Թարգմանությունը՝ Մարթա Սեմյոնովայի
Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:
Copyright: Project Syndicate, 2025.
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: