Արարատ 73` վերելքի ուղին. խաղ 23-րդ - Mediamax.am

exclusive
22990 դիտում

Արարատ 73` վերելքի ուղին. խաղ 23-րդ

8 սեպտեմբերի: Տուր ХХIII: «Արարատը» Վորոշիլովգրադում

Լուսանկարը` eduardmarkarov.com

Լուսանկարը` eduardmarkarov.com

Լուսանկարը` Ալյոշա Աբրահամյանի արխիվից:

Լուսանկարը` eduardmarkarov.com


Մեդիամաքս-ի «Արարատ 73` վերելքի ուղին» պատմում է 1973 թվականին Երեւանի Արարատի ԽՍՀՄ առաջնությունում տարած հաղթանակի մասին: Նախագծի մասին առավել մանրամասն կարդացեք այստեղ:

 

«Զարյա» (Վորոշիլովգրադ) - «Արարատ» - 0:1 (0:0):

 

Վորոշիլովգրադ. «Ավանգարդ» մարզադաշտ. 8 սեպտեմբերի. 37 000 հանդիսատես:

 

«Արարատ»՝ Ա.Աբրահամյան, Մարտիրոսյան, Սարգսյան, Կովալենկո, Մեսրոպյան, Անդրեասյան, Բոնդարենկո, Իշտոյան (Ա.հարությունյան, 82), Մարկարով, Զանազանյան, Ն.Պետրոսյան: 

 

Գոլեր՝ Նազար Պետրոսյան (77):

 

Արսեն Կակոսյան

 

8 սեպտեմբերի: Տուր ХХIII: «Արարատը» Վորոշիլովգրադում

 

ԱՇՆԱՆԱՅԻՆ ՀԱՎԱՍԱՐԱԿՇՌՈՒԹՅՈՒՆ

 

Շատերը հակված են այն մտքին, որ «Արարատի» այսօրվա խաղը «Զարյայի» հետ կարող է լավը ստացվել: Փաստարկները հետեւյալն էին. արդեն երեք անգամ նրանք խաղացել են չեմպիոնների հետ եւ բոլոր երեք դեպքերում ցուցադրել են լիակատար գերակայություն նրանց նկատմամբ: 

 

Ես նույնպես լավատես էի, բայց ոչ մի կերպ չէի կարող պատկերացնել, որ հանդիպման հերոսը կդառնա Նազար Պետրոսյանը: Ու թեեւ նրա խփած վճռորոշ գոլը մեկնաբաններն ինչ-որ չափով պատահական են համարում, ինձ համար այն ինչպես թիմի, այնպես էլ երիտասարդ հարձակվողի լավ խաղի օրինաչափ արդյունքն է, ով բարելավում է իր խաղը հանդիպումից հանդիպում:

 

Կարեւորագո՛ւյն հաղթանակ: Ո՞վ տարավ այն: Մարզի՞չը, թե՞ ֆուտբոլիստները: Ես հատուկ եմ այսպիսի կոպիտ հարցադրում կատարում, որպեսզի ինքս էլ գլուխ հանեմ այն քննարկումներից, որոնք մշտապես ծավալվում են երկրպագուների շրջանում: Սիմոնյանի հասցեին կշտամբանքներ ոչ մի անգամ չեմ լսել: Ոչ մեկի լեզուն չի պտտվում նրան մեղադրել վերջին անհաջողությունների մեջ, թեեւ, ինչպես հայտնի է, վշտալի պարտություններից հետո երկրպագուները մեղադրում են մարզիչներին եւ նույնիսկ իրենց կուռքերին:   

 

Միաժամանակ, այնպիսի կարծիք է շրջանառվում, որ Սիմոնյանն արդեն պատրաստի թիմ է եկել, եւ հարկ չկա նրան վերագրել «Արարատի» հաջողությունները: Նրան ամեն ինչ վերագրել չեմ պատրաստվում նաեւ ես, բայց այդ նվաճումներում նրա մեծ կամ փոքր մասնաբաժինը մատնանշելն ինձ շատ հետաքրքիր է:

 

Ես այսօր կարծես գտել եմ պատասխանի բանաձեւը. հարկավոր է հավասարապես կիսել`«հիսուն-հիսուն»: Հստակ չգիտեմ, թե ինչպիսին է մարզիչների դերը միջին դիրքեր զբաղեցնող կամ հետնապահ թիմերում, բայց առաջատար թիմերում, որոնք տարեցտարի ավելի բարձր արդյունքների են հասնում, մարզիչների ավանդն, ըստ իս, ավելի զգալի է: Ինչո՞ւ: Հիմա փորձեմ բացատրել:

Լուսանկարը՝ eduardmarkarov.com:

Շատ նշանավոր վարպետներ, այդ թվում նաեւ հանրահայտ Ջորջ Բեսթը, ասում են. «Մեծ ֆուտբոլիստը` դա հիսուն տոկոս հմտություն է եւ հիսուն տոկոս իմպրովիզացիա»: Իմպրովիզացիա ոչ Սիմոնյանը, ոչ ցանկացած այլ մարզիչ ֆուտբոլիստներին չեն սովորեցնում: Դա պարզ է: Իսկ ի՞նչ է մտնում «հմտություն» հասկացության մեջ: Տակտիկական եւ ռազմավարական խնդիրների լուծո՞ւմը, խաղի նախապես մշակված ծրագրերի իրականացո՞ւմը, թե՞ այսպես կոչված «կարգավորումները»: Այսինքն, այն ամենն, ինչը մտնում է մարզիչների իրավասությունների եւ պարտականությունների մեջ: Ես ներկա չեմ եղել Սիմոնյանի «կարգավորումներին», բայց դրանց մասին լսել եմ ուրիշներից: Ասում են, ակադեմիկոս Ենիկոլոպովը,  «Դնեպրի» հետ մայիսին կայանալիք խաղից առաջ ներկա գտնվելով «կարգավորումներին», նկատել է. «Ինձ թվում է, որ նույնիսկ եթե ես դաշտ դուրս գամ, կարող եմ կատարել բոլոր առաջադրանքները: Ամեն ինչ այդչափ պարզ է եւ հասարակ»: Հասարակ: Այդ հասարակության, մատչելիության մասին շատերն են խոսում: Սիմոնյանի որոշ մոլի երկրպագուներ նույնիսկ նեղանում են նրանից, երբ հեռուստատեսային հարցազրույցներում նա մի տեսակ «աշխարհիկ» է ներկայացնում իր մարզչական աշխատանքը: Մինչդեռ շատ հաճախ դաշտում պայքարը վերածվում է մարզիչների հոգեբանական պայքարի: Ինքս իմ մեջ նրանց անվանում եմ ֆուտբոլի ինժեներներ, իսկ երբ փորձում եմ ավելի նեղ որակավորել նրանց մասնագիտությունը, անվանում եմ կանխատեսման մասնագետներ: 

 

Հիշում է Նիկոլայ Ղազարյանը

 

Վերջին փուլում հանդիպումները ամենապատասխանատուներն էին մեզ համար: Նիկիտա Սիմոնյանը մեզ պատրաստել էր ամբողջ տարվա համար: Նա մեզ սովորեցրել էր դիմանալ ամեն տեսակի ծանրաբեռնվածության, դրա շնորհիվ մենք կարողացանք դիմակայել բոլոր փորձություններին: «Զարյան» ուժեղ թիմ էր ե՛ւ ֆիզիկապես, ե՛ւ տակտիկապես:  Չնայած այս ամենին, մենք կարողացանք նրանց  հաղթել: 

 

Ճիշտ է, դրանից երկու խաղ առաջ շարունակ պարտվում էինք, բայց ֆիզիկական առումով չէինք թուլացել: Մեր խնդիրը հոգեբանական էր: Խորհրդային շրջանում թիմերից եւ ոչ մեկը հոգեբան չուներ, դա ընդունված չէր: Կարծում եմ` դրա կարիքը կար, որովհետեւ մեզ մոտ հոգեբանորեն չէր հաջողվում լուրջ նախապատրաստվել խաղերին:

 

Մի պահ Կիեւի «Դինամոն» կարողացավ առաջին հորիզոնականը գրավել մրցաշարային աղյուսակում, սակայն դա երկար չտեւեց: Այդ շրջանում նրանց մասին այնքան շատ գովեստի խոսքեր հնչեցին, որ նրանք ավելորդ ինքնավստահություն ձեռք բերեցին եւ սեփական դաշտում 2:1 հաշվով պարտություն կրեցին «Սպարտակից»: Շատ էին գրում նրանց մարզիչ Ալեքսանդր Սեւիդովի տակտիկական հմտությունների մասին, թե նա նոր տակտիկա է ներդրել, որը կօգնի նրանց հաղթել առաջնությունում: Բոլորը մոռացել էին «Արարատի» մասին: Հնարավոր է, դա մեզ համար լրացուցիչ խթան հանդիսացավ ապացուցելու, որ մենք պատահական թիմ չենք:

Լուսանկարը՝ eduardmarkarov.com:

... Դեռ վաղ գարնանը Սիմոնյանին հարցրեցի, թե ինչպես է մտադիր կառուցել «Արարատի» խաղը, ունի՞ արդյոք որեւէ ծրագիր ողջ խաղաշրջանի համար: Նա այնքան պարզ պատասխանեց, որ ես, անկեղծ ասած, մտահոգվեցի. «յուրաքանչյուր հանդիպում անցկացնել այնպես, կարծես դրա արդյունքից կախված է թիմի ճակատագիրը, առաջնության արդյունքը»:

 

Ես չհարցրեցի, թե դա ինչպես է հնարավոր` մտածելով, որ Նիկիտա Պավլովիչը ձանձրացել է խոսել ֆուտբոլի մասին եւ պարզապես խույս տվեց իմ նման դիլետանտից: Բայց հետո լսեցի, թե ինչպես է նա նույն միտքը կրկնում հեռուստատեսային հարցազրույցի ընթացքում: Եվ Ռոբերտ Ծաղիկյանի հետ առաջին հանդիպման ժամանակ հարցրեցի. «Ինչպե՞ս են ընթանում խաղի կարգավորումները»: «Շատ հետաքրքիր,- պատասխանեց նա: - Առանց ավելորդ խոսքերի Սիմոնյանը պարզ ու հասարակ խոսում է այդ խաղի նշանակության, կարեւորության մասին, ապա բնութագրում հակառակորդի խաղացողներին…»:

 

- Ինչո՞ւ,- հարցրեց Ռոբերտ Հմայակովիչը երկար դադարից հետո` հավանաբար զգալով, որ ինձ այլ բան է հետաքրքրում:

 

- Պարզապես ինձ համար անհասկանալի է, թե ինչպե՛ս կարելի է բոլոր տուրերում ասել միեւնույն բանը,- խուսափողաբար պատասխանեցի ես: - Նույնիսկ փորձառու հոգեբանին եւ ճարտասանին դժվար է ամեն անգամ գտնել նոր բառեր ու գույներ` տղաներին կայանալիք մրցապայքարի կարեւորությունը ներշնչելու համար: Այդպես կարելի է խաղացողներին տրամադրել մեկ հանդիպման, երկու, լավագույն դեպքում` երեք: 

 

- Պատկերացրեք,- ասաց Ծաղիկյանը,- որ Սիմոնյանն ամեն անգամ գտնում է այդ ամենակարեւոր բառերը: Եվ նա չի կրկնվում: Չէ՞ որ դու ճանաչում ես մեր տղաներին: Նրանք ակնթարթորեն կորսային կրկնությունները եւ գաղտագողի կսկսեին կատակներ անել մարզչի հասցեին: Նման բան, չեմ թաքցնի, եղել է նախկին մարզիչների հետ:

 

- Լավ,- ասացի ես,- իսկ եթե «կարգավորումը» սխալ է դուրս գալի՞ս, եթե մարզիչը չի՞ գուշակում հակառակորդի «թույներն» ու «հակաթույները»:

 

-  Այդ դեպքում ընդմիջման ժամանակ Սիմոնյանը խաղում փոփոխություններ է կատարում: Բայց, որպես կանոն, տղաներն իրենք են վերադասավորվում եւ գործողությունների ընթացքում այլընտրանք գտնում: Չէ՞ որ նորեկներ չեն, արդեն փորձառու վարպետներ են…

Լուսանկարը՝ eduardmarkarov.com:

Ծաղիկյանը չասաց ինձ անհրաժեշտ բառը` «իմպրովիզացիա», բայց կարծում եմ, որ հենց այդպիսի պահերին է իր իրավունքը ստանձնում այն 50 տոկոսը, որը հասարակ ֆուտբոլիստին դարձնում է մեծ վարպետ… 

 

Բերեցին «Ֆուտբոլ-հոկեյ»-ի թարմ համարը: «Զարյա»-«Արարատ» հանդիպման մասին շատ հետաքրքիր է գրում Բորիս Բրուսլովը.

 

«… Կարելի է ասել, որ այդքան նշանակալի հետեւանքներ ունեցած արդյունքին հնարավոր եղավ հասնել ոչ թե 90, այլ 360 րոպեի ընթացքում: «Արարատն», անկասկած, խաղաշրջանի ներկայիս չեմպիոնի գլխավոր հակառակորդն է եւ հենց նա էլ արժանի հաղթանակ տարավ ընդմիջումներով 6 ժամ տեւած մրցապայքարում:

 

Իմանալով, որ չեմպիոնը հաստատ շեշտը կդնի հարձակման վրա, հյուրերը, շախմատային լեզվով ասած, հակառակորդներին տրամադրեցին «սպիտակ գույնը», իսկ իրենք, ինչպես նախկինում եւս պատահել էր, սպասողական դիրք զբաղեցրին: «Արարատը» երկար ժամանակ գնդակը պահում էր իր կիսադաշտում, չէր շտապում անցնել միջին գիծը, այլ ընտրում էր առավել ճշգրիտ քայլեր, որոնք պարունակում էին նվազագույն ռիսկ գնդակի հնարավոր կորստի առումով: Դա, բնականաբար, երեւանցիներին թույլ չէր տալիս «սուր խաղ» ցուցադրել առաջին գծում, բայց նրանք, թվում էր, ամենեւին չէին մտահոգվում «մաքուր» գոլային պահեր ստեղծելու առումով եւ առաջին իսկ հնարավորության պարագայում հեռահար հարվածներ էին կատարում:

 

Հիշում է Ալյոշա Աբրահամյանը

 

Ճիշտ է, ուկրաինական թիմերի հետ դժվար էինք խաղում, բայց վերջին շրջանում կարծես գտել էինք նրանց հակահարված տալու ձեւը, հասկացել էինք նրանց խաղաոճը: «Զարյային» հաղթելուց հետո վերածնվեց հավատն ու վստահությունը, որ դեռ ամեն ինչ առջեւում է: 

 

Վորոշիլովգրադում մենք լավ հաղթանակ տարանք: Նրանք նույնպես տեխնիկապես զարգացած թիմ էին: Քանի որ վերգտել էինք մեր խաղը, կարողացանք հաղթել նրանց:

 

Իմ վստահ խաղը գալիս էր իմ խաղընկերներից: Դարպասներիս առաջ կազմակերպված պաշտպանություն կար: Նրանք հազվադեպ էին սխալներ թույլ տալիս. դրանով էր պայմանավորված իմ վստահությունը:

Լուսանկարը՝ Ալյոշա Աբրահամյանի արխիվից:

Զենքը, որով «Արարատը» սպառնում էր «Զարյայի» դարպասին, ինչպես նշվեց, առանձնապես սուր չէր: Բայց Մարկարով–Անդրեասյան հետաքրքիր հարձակվողական օղակն այս հանդիպմանը եւս հիշարժան էր: Մարկարովի հետ համատեղ գործողություններ իրականացնելով` Երեւանի կիսապաշտպանության առաջատարը ահռելի ուժով հեռահար հարված կատարեց, գնդակը խփեց դարպասաձողին եւ հայտնվեց գետնին: Այդ զույգը խաղաց ամբողջ հզորությամբ`միմյանց համար պատրաստելով հարձակվողական պլացդարմեր, օգտագործելով նաեւ այնպիսի հնարքներ, ինչպիսիք են գնդակի զիջումը գործընկերոջը հանդիպակաց շարժման ժամանակ, «խաչաձեւումը» եւ հետմղումը: Կուկսովն ու Մալիգինը, ովքեր խաղում էին այդ զույգի դեմ, հազիվ էին հասցնում իրար «փոխանցել» մանեւրելու բարձր ունակությունների տիրապետող արարատցիներին, իսկ ժամանակ առ ժամանակ բացարձակ կորցնում էին նրանց, եւ այդժամ օգնության էին հասնում Ժուրավլյովը, Վ.Կուզնեցովը կամ ուրիշ մեկը, որպեսզի ընդհանուր ջանքերով չեզոքացնեին վտանգը:

 

Ֆոտոթղթակցիները, որոնք խմբվել էին Աբրահամյանի դարպասի մոտ, ակնհայտորեն հուսախաբ էին եղել: Նրանց նկարած բոլոր կադրերը միայն դարպասապահի եւ պաշտպանների լավ խաղի փաստագրական ապացույցներն էին, որոնք բազմաթիվ անգամներ փրկել էին իրենց թիմին: Իսկ գոլ այդպես էլ չհաջողվեց արձանագրել պատմության համար, քանի որ այն խփվեց միայն հակառակ կողմի դարպասին»:

 

Նախորդ խաղերի մասին կարդացեք այստեղ:

 

Նախագծի վրա աշխատել են` Արամ Մակարյանը, Մարիամ Մանոյանը, Արամ Արարատյանը, Կարինե Պետրոսյանը, Արա Թադեւոսյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին