Կովկասյան ռազմաճակատը 1918 թվականին - Mediamax.am

exclusive
65005 դիտում

Կովկասյան ռազմաճակատը 1918 թվականին


Էդուարդ Լիթլը
Էդուարդ Լիթլը
Էնվեր փաշան
Էնվեր փաշան
Քյազիմ Կարաբեքիր փա¬շան իր շտաբի հետ Էրզրումում
Քյազիմ Կարաբեքիր փա¬շան իր շտաբի հետ Էրզրումում
Վեհիբ փաշան
Վեհիբ փաշան

Մեդիամաքսը ներկայացնում է ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանի «Համաշխարհային ռազմի պատմություն` 20-րդ դար» աշխատությունը: 

 

Արծրուն Հովհաննիսյան

 

1918թ. սկզբին հայկական բանակի ուժերը` որպես Անտանտի դաշնակից ուժեր, պատրաստ էին պաշտպանական գիծ կառուցել` դիմակայելու օսմանյան առաջխաղացմանը: 

 

Երբ ռուսական բանակը լքեց ճակատը, լայնամասշտաբ տարածքներ մնացին առանց հսկողության: Հունվարի վերջին Նազարբեկյանի դիվիզիաները զբաղեցրին Երեւանից Վան եւ Երզնկա բոլոր գլխավոր դիրքերը: Վեհիբ փաշան դուրս եկավ հայկական ազգային զորաջոկատների դեմ:

 

Վեհիբ փաշան Վեհիբ փաշան

 

 

Փետրվարին Թովմաս Նազարբեկյանը կովկասյան ճակատի հրամանատարն էր, իսկ Անդրանիկ Օզանյանը՝ Արեւմտյան Հայաստանինը: Կովկասում հայերն ունեին ընդամենը մի քանի հազար զինվոր եւ երկու հարյուր սպա: Օսմանյան երրորդ բանակը հարձակումը սկսեց փետրվարի 5-ին: 

 

Լայնածավալ հարձակումը սկսելու պահին Թուրքիան կովկասյան ճակատում ուներ երեք բանակային կորպուս, որոնք գործելու էին հետեւյալ ուղղություններով.

 

- 3-րդ բանակի 2-րդ բանակային կորպուսը (հրամանատար` Յաղուբ Շեւքի փաշա)` Տրապիզոն-Բաթում ուղղությամբ,

- 3-րդ բանակի 1-ին կովկասյան բանակային կորպուսը (հրամանատար` Քյազիմ Կարաբեքիր փաշա)` Էրզրում-Կարս ուղղությամբ,

- 2-րդ բանակի 4-րդ բանակային կորպուսը (հրամանատար` Ալի Իհսան Սաբիս փաշա)` Վան-Բայազետ ուղղությամբ:

 

Քյազիմ Կարաբեքիր փա¬շան իր շտաբի հետ Էրզրումում Քյազիմ Կարաբեքիր փա¬շան իր շտաբի հետ Էրզրումում

 

 

Այս երեք կորպուսը միասին ուներ մոտավորապես 10.000 զորք:

 

Հայկական եւ վրացական ազգային զորամասերի հետ մեծ հույսեր էին կապում դաշնակիցները: Այսպես` ԱՄՆ կոնգրեսական Էդուարդ Լիթլը 1918թ. փետրվարի 7-ին կոնգրեսում ունեցած իր ելույթում առաջ քաշեց ընդհանուր պատերազմում դաշնակիցների հաղթանակի հասնելու մի ռազմավարական ծրագիր: 

 

Էդուարդ Լիթլը Էդուարդ Լիթլը

 

 

Ըստ նրա` դեպի Վիեննա եւ Բեռլին ձգվող հաղթանակի ճանապարհը սկսվելու էր Հայաստանից (Անդրկովկասից) եւ անցնելու էր փոքր Ասիայով, ենթադրում էր, որ  միեւնույն նպատակով Թիֆլիսով հայերի ու վրացիների եւ Բաղդադից ու Երուսաղեմից բրիտանացիների շարժման հետեւանքով Թուրքիան կձախողվի, եւ հաղթանակը կլինի մեր ձեռքում:

 

Ամերիկացի կոնգրեսականը հաստատուն հիմքեր ուներ նման հայտարարության համար, հատկապես հայերի մասով, որովհետեւ թուրքական հարձակման առաջին իսկ օրվանից հայերն անձնուրացաբար փորձում էին կասեցնել այդ հարձակումը նվազ ուժերով` ամենուրեք ցույց տալով համառ դիմադրություն, որն իր գագաթնակետին հասավ 1918թ. մայիսյան հերոսամարտերի ու Բաքվի հերոսական պաշտպանության ձեւով: Այդ դիմադրության շնորհիվ թուրքական ուժերը 8 ամիս ուշացումով մտան Բաքու, երբ տեղի նավթը չէր կարող օգնել Թուրքիայի համար մեկ դաշնակից Գերմանիային եվրոպական թատերաբեմում: Օսմանյան զորքերը շարժվեցին արեւելյան ուղղությամբ Տիրեբոլուից եւ Բիթլիսից: Թուրքերը սկսեցին հայերից արագ գրավել տարածքները: Կելկիտն ու Երզնկան ընկան փետրվարի 7-ին, Բաբերդը` փետրվարի 19-ին, Դերջանը` փետրվարի 22-ին: Սեւ ծովի կարեւոր նավահանգիստ Տրապիզոնն ընկավ փետրվարի 24-ին: Տրապիզոնի նավահանգիստ սկսեցին ժամանել թուրքական նոր ուժեր: Հայերը փորձեցին պահպանել Էրզրումը, սակայն քաղաքը նույնպես ընկավ մարտի 12-ին: Մանազկերտը, Խնուսը, Ողթիկը, Ավնիկը եւ Թորթումը ընկան հաջորդ երկու շաբաթների ընթացքում: Ուժերն ակնհայտորեն անհավասար էին: 

 

Մարտի 3-ին գլխավոր վեզիր Թալեաթ փաշան ստորագրեց Բրեստ-Լիտովսկի պայմանագիրը ՌԽՖՍՀ-ի հետ: Այս պայմանագրով ռուսները Օսմանյան կայսրությանը հանձնեցին Բաթումը, Կարսը եւ Արդահանը: Այս տարածքները ռուսներին էին անցել ռուս-թուրքական պատերազմի (1877-1878թթ.) արդյունքում: Պայմանագրով նաեւ ասվում էր, որ Անդրկովկասը դառնում է անկախ: Բացի այս կետերից, ռուսները պարտավորվում էին հզորացնել հայկական զորաջոկատները: Սա հիրավի անհասկանալի ու դավաճանական պայմանագիր էր, սա պարտություն էր ռուսական կողմի համար: 

 

1918թ. մարտի 14-ից մինչեւ ապրիլ Օսմանյան կայսրության եւ Անդրկովկասյան սեյմի պատվիրակության միջեւ տեղի ունեցավ Տրապիզոնի խաղաղության կոնֆերանսը: Էնվեր փաշան առաջարկեց ճանաչել Անդրկովկասի անկախությունը Բրեստ-Լիտովսկի պայմանագրով նախատեսված տարածքները թուրքերին հանձնելու դիմաց: Ապրիլի 5-ին Անդրկովկասյան պատվիրակության ղեկավար Ակակի Չխենկելին համաձայնվեց Էնվեր փաշայի պայմաններին եւ հրամայեց պատվիրակության մյուս անդամներին նույնպես համաձայնվել: Տրամադրությունները Թիֆլիսում տարբեր էին: Թիֆլիսը չէր գիտակցում՝ արդյոք պատրաստ է պատերազմել Օսմանյան կայսրության դեմ, իսկ ազգերը բոլորովին տարբեր մոտեցումներ ունեին: 

 

 

 

Մայիսի 11-ին նոր խաղաղության կոնֆերանս բացվեց Բաթումիում: Այս կոնֆերանսում թուրքերը նաեւ պահանջեցին Ալեքսանդրապոլը եւ Էջմիածինը, որպեսզի անվտանգ երկաթգիծ կառուցեն Կարսից դեպի Բաքու: Հայ եւ վրացի անդամները սկսեցին կասեցնել կոնֆերանսի հետագա ընթացքը: Օսմանյան բանակը այդ ժամանակ ուներ մոտ 50 դիվիզիա, որոնք ցրված էին բոլոր ճակատներում: Կովկասյան ճակատը երկրորդական չէր, չնայած նրան, որ Միջագետքում օսմանյան բանակները հիմնականում պարտություններ էին կրում բրիտանացիներից, իսկ Ռուսական կայսրության հեռացումից հետո բրիտանական բանակը արագորեն մոտենում էր Կովկասին: Էնվեր փաշան որոշել էր արագորեն նվաճել Կովկասը եւ Բաքուն: Մայիսի 21-ից օսմանյան բանակը նորից սկսեց առաջ շարժվել: Այն բավականին մեծաքանակ էր. 1-ին եւ 6-րդ բանակային կորպուսների ուժերից ձեւավորվել էր «Կարս» խմբավորումը, որի հրամանատարն էր` Յաղուբ Շեւքի փաշան: Ընդհանուր ուժերը առանց քրդական ջոկատների կազմում էին ավելի քան 40.000-ոց զորք, հեծելազորի մեծ քանակով: Նա զորքերը բաժանեց չորս զորախմբի. 

 

Էնվեր փաշան Էնվեր փաշան

 

 

1. 1-ին զորախումբը (2-րդ կորպուսի ուժեր) եւ 5-րդ կովկասյան հետեւակային դիվիզիան, որի հրամանատարն էր Մյուրսել բեյը, հարձակվելով Վորոնցովկայի (այժմ՝ Տաշիր) ուղղությամբ, Ղարախաչի լեռնանցքով դուրս էր գալու Բոլնիս-Խաչեն, Բորչալու եւ համագործակցելով աջ թեւից (Ղազախից) դեպի Թիֆլիս շարժվող թուրքական զորքերին՝ գրավելու էր Թիֆլիսը:

 

2. 2-րդ զորախումբը (9-րդ դիվիզիայի որոշ ուժեր եւ 11-րդ կովկասյան հետեւակային դիվիզիաները, երկրորդի հրամանատարը Ջամիլ-Ջաբադ բեյ եւ մի շարք հրետանային ու այլ զորամասեր) հարձակվելու էր Ջաջուռ-Սպիտակ-Ղարաքիլիսա (Վանաձոր)-Դիլիջան-Ղազախ-Ելիզավետպոլ (Գանձակ): Ենթադրում ենք, որ այս դիվիզիան եւս պատկանում էր 2-րդ կորպուսին: 

 

Անշուշտ նկատի է առնվում, որ մինչեւ Ղազախ հասնելը զորախումբն ուժեղացվելու էր տեղի մահմեդականների հաշվին, եւ եթե մինչ այդ ձախ թեւից հարձակվող (Վորոնցովկայի ուղղությամբ) թուրքական զորախումբը հասած լիներ Մառնեուլի շրջանը, նրան որոշակի օգնություն ցույց կտրվեր Թիֆլիսի վրա հարձակվելու համար: Այսպիսով, Ղարաքիլիսա-Ղազախ ուղղությունըգլխավորն էր, որովհետեւ թուրքերը շտապում էին Ղազախ-Աղստաֆա-Ելիզավետպոլ գծով հասնել Բաքու:

 

3. 3-րդ զորախումբը (1-ին բանակային կորպուսի 9-րդ կովկասյան հետեւակային դիվիզիան) հարձակելու էր Ալեքսանդրապոլ-Բաշ Ապարան ուղղությամբ, որի նպատակը կարող էր լինել հարձակումը Երեւանի վրա, իսկ անհրաժեշտության դեպքում ուղղություն վերցնել նաեւ դեպի Համամլու (այժմ՝ Սպիտակ)-Ղարաքիլիսա: 

 

4. 4-րդ զորախումբը (1-ին բանակային կորպուսի 36-րդ հետեւակային դիվիզիա) հարձակվելու էր Ալեքսանդրապոլ-Երեւան երկաթգծի ուղղությամբ (Անի-Սարդարապատ-Էջմիածին-Երեւան): 

 

3-րդ կովկասյան հետեւակային դիվիզիան Բաշ Ապարան-Աշտարակ-Երեւան գծով պետք է հարվածեր Երեւանյան զորախմբին հյուսիս-արեւելքից:

 

Արաքսից հարավ` Սուրմալուի ուղղությամբ, գործում էր թուրքական 4–րդ բանակային կորպուսը (5-րդ եւ 12-րդ հետեւակային դիվիզիաներ), որը պետք է  աջակցեր Արարատյան դաշտում գործող թուրքական ուժերին:

 

Երրորդ եւ չորրորդ զորախմբերը, այսինքն՝ 9-րդ եւ 36-րդ հետեւակային դիվիզիաները, խնդիր ունեին Սարդարապատի եւ Աշտարակի կողմերից ներխուժել Երեւան եւ վերջ տալ արեւելահայության վարչական կենտրոնին: 

 

 

 

Թուրքական հրամանատարությունը մայիսի 20-ից մեծ ուժեր կենտրոնացրեց Արդահան-Ախալցխա-Բորժոմի ուղղությամբ Թիֆլիսի վրա հարձակվելու նպատակով: Այնպես որ, Վորոնցովկայի եւ Ղազախի ուղղությամբ հարձակվող զորքերն իրենց խնդիրը կատարելու դեպքում վերոնշյալ (Արդահան-Բորժոմ) խմբի առաջխաղացման հետ լուրջ սպառնալիք կստեղծեին Թիֆլիսի համար: 

 

Թուրքական հրամանատարությունը գրեթե հավասարապես իր առաջին շարակազմի դիվիզիաները բաժանել էր 4 ուղղությամբ: Սա սխալ էր զորախմբերի համագործակցության եւ դրանց գործողությունների ընդհանուր կառավարման տեսանկյունից: Չորս ուղղությունն էլ բաժանված էր լեռներով, հետեւապես դիվիզիաները պետք է հարձակվեին մեկը մեկից անկախ: Մյուս կողմից սակայն օսմանյան բանակն այլեւս ելք չուներ. եթե նրանք ցանկանում էին ապահովել իրենց թիկունքը, ապա պետք է փորձեին ոչնչացնել հայկական ուժերը: Եթե ուղղակի շտապելով Բաքու՝ հայերի վրա ուշադրություն չդարձնեին, ապա անտրամաբանական էր զորքերը բաժանել չորս մասի: Օսմանյան բանակի այս առաջխաղացումն առաջացրել էր անգամ գերմանական կողմի դժգոհությունը: 

 

Մայիսի 15-ին գեներալ Լոսովը Կոստանդնուպոլսից հաղորդեց Բեռլին` արտգործնախարարությանը. «Մաքուր հայկական մարզեր Ախալքալաքի, Ալեքսանդրապոլի եւ Երեւանի նկատմամբ թուրքերի չափից դուրս պահանջները ցույց են տալիս, որ նրանք ձգտում են գրավել Բրեստի պայմանագրով չնախատեսված մարզեր, շահագործել Կովկասը եւ իրականացնել հայերի ամբողջական ոչնչացումն Անդրկովկասում: Մայիսի 13-ին թուրքերը վերջնագրով պահանջել են իրենց հանձնել Կարս-Ալեքսանդրապոլ-Զուլֆա երկաթգիծը՝ նախօրոք այդ մասին չհայտնելով ինձ եւ չստանալով իմ համաձայնությունը: Ես բողոքել եմ այդ մասին: Սակայն դա չէր զսպում Էնվերին, նա որոշել էր արագ հասնել Բաքու»: 

 

Առաջին մասը կարդացեք այս հղումով:

 

Երկրորդ մասը կարդացեք այս հղումով:

 

Երրորդ մասը կարդացեք այս հղումով:

 

Չորրորդ մասը կարդացեք այս հղումով:

 

Հինգերորդ մասը կարդացեք այս հղումով:

 

Վեցերորդ մասը կարդացեք այս հղումով:

 

Յոթերորդ մասը կարդացեք այս հղումով:

 

Ութերորդ մասը կարդացեք այս հղումով:

 

Իններորդ մասը կարդացեք այս հղումով:

 

Տասներորդ մասը կարդացեք այս հղումով:

 

Արծրուն Հովհաննիսյան

 

Շարունակելի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին