Անտանտի զորքերի ընդհանուր հարձակումը - Mediamax.am

exclusive
49926 դիտում

Անտանտի զորքերի ընդհանուր հարձակումը


Հինդենբուրգի բնագիծը
Հինդենբուրգի բնագիծը
Բելգիայի թագավոր Ալբերտ Առաջինը ռազմի դաշտում
Բելգիայի թագավոր Ալբերտ Առաջինը ռազմի դաշտում
Պաուլ ֆոն Հինդենբուրգը
Պաուլ ֆոն Հինդենբուրգը

Մեդիամաքսը ներկայացնում է ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանի «Համաշխարհային ռազմի պատմություն` 20-րդ դար» աշխատությունը:

Դաշնակիցները ոգեւորված էին վերջին հարձակման արդյունքներով, ամերիկացիների օգնությամբ եւ նրանց զորքերի մարտունակության աճով, ինչպես նաեւ գերմանական բանակի թուլացման մասին իրենց հասնող հավաստի լուրերով: Պլանավորվում էր մեկ մեծ միասնական հարձակում: Բրուսիլովյան ճեղքման նման հարձակումը պետք է սկսվեր տարբեր տեղամասերում` մեկօրյա հաջորդականությամբ: Համատեղ հարձակումով պետք է շրջապատվեին գերմանական 7-րդ, 1-ին եւ 3-րդ բանակները: Գերմանական բանակի  վերջին պաշտպանական բնագիծը կոչվում էր Հինդենբուրգի բնագիծ: Ըստ էության՝ օգոստոսից սկսված հարձակումները տեղ-տեղ շարունակվում էին տարբեր մասշտաբներով եւ համարվում էին «հարյուրօրյա հարձակումների» մի մասը:

Հինդենբուրգի բնագիծը Հինդենբուրգի բնագիծը


1918թ. սեպտեմբերի 26-ին սկսվեց մեծ հարձակումը: Նախ Հինդենբուրգի բնագծի, ռազմաճակատի հարավային հատվածում հարձակումը սկսեցին դաշնակից ուժերը, որոնք բաղկացած էին ամերիկյան 1-ին, 2-րդ, ֆրանսիական 4-րդ, 5-րդ բանակներից, ինչպես նաեւ օժանդակ այլ ուժերից: Այս հատվածում տեղի ունեցավ մի քանի առանձին ռազմական գործողություն, որոնք բոլորը միասին կոչվեցին Մեց-Արգոնյան ճակատամարտ: Այս հատվածից հարավ կիրառվում էին նաեւ ամերիկյան 1-ին եւ 2-րդ կորպուսները: Հոկտեմբերից ստեղծվեց ամերիկյան 3-րդ բանակը, որը գործում էր հարավային հատվածում: Հարձակումը տեղի ունեցավ երեք փուլով, եւ առաջին նշանակալի հաջողությունն արձանագրվեց հոկտեմբերի 17-ին:
Պաուլ ֆոն Հինդենբուրգը Պաուլ ֆոն Հինդենբուրգը


Սեպտեմբերի 28-ին Հինդենբուրգի գծի հյուսիսային՝ Իպրի հատվածում հարձակումը սկսեց դաշնակիցների բանակախումբը, որի հրամանատարն էր Բելգիայի թագավոր Ալբերտ Առաջինը: Բանակախմբի կազմում էին բելգիական բանակը, բրիտանական 2-րդ եւ ֆրանսիական 6-րդ բանակները: Նրանցից աջ գործում էր բրիտանական 5-րդ բանակը: Այս ճակատամարտը երբեմն անվանում են նաեւ Իպրի հինգերորդ ճակատամարտ:
Բելգիայի թագավոր Ալբերտ Առաջինը ռազմի դաշտում Բելգիայի թագավոր Ալբերտ Առաջինը ռազմի դաշտում


Սեպտեմբերի 29-ին բնագծի կենտրոնական հատվածում հարձակումը սկսեց բրիտանական 4-րդ բանակը, որի կազմի մեջ էին մտնում բրիտանական, ավստրալական եւ ամերիկյան ուժեր եւ ֆրանսիական 1-ին բանակը: Այս ճակատամարտը երբեմն անվանում են Սուրբ Քվենտինի ջրանցքի ճակատամարտ: Այս ուժերից հյուսիս գործում էին բրիտանական 3-րդ եւ 1-ին բանակները:

Ամերիկա-ֆրանսիական ճակատից դեպի հյուսիս, այսինքն՝ գրեթե ռազմաճակատի կենտրոնում, սեպտեմբերյան հիմնական հարձակումների ժամանակ գործում էր ֆրանսիական 10-րդ բանակը, որի հյուսիսային հարեւանը ֆրանսիական 1-ին բանակն էր:

Առաջին նշանակալի հաջողությանը հասան բրիտանական 1-ին, 3-րդ եւ 4-րդ բանակները, որոնք արդեն հոկտեմբերի 8-ին Կամբրեի երկրորդ ճակատամարտում կարողացան ճեղքել Հինդենբուրգի գիծը: Հոկտեմբերի 14-20-ը ձեռնարկված հարձակումը գերմանացիներին ստիպեց նահանջել, բայց նրանց քանդած ճանապարհներով հարձակումը շարունակել չհաջողվեց: Հոկտեմբերի 20-ից նոյեմբերի 5-ը բրիտանական, ֆրանսիական եւ ամերիկյան բանակները նոր ճեղքում իրականացրին:

Սեպտեմբերի 29-ին Անտանտի հետ զինադադար կնքեց Բուլղարիան, հոկտեմբերի 30-ին` Թուրքիան (Բրիտանիայի հետ), նոյեմբերի 3-ին կապիտուլացվեց Ավստրո-Հունգարիան, իսկ նոյեմբերի 11-ին՝ Կոմպյենյան անտառում՝ Ռեդոնտ կայարանում, Գերմանիան:

Առաջին համաշխարհային պատերազմը տեւեց 51 ամիս 2 շաբաթ:

ԱՀՊ-ին մասնակցում էր 33 երկիր, որտեղ ապրում էր 1.5 մլրդ մարդ կամ աշխարհի բնակչության 2/3-ը: Ռազմական գործողությունները տեղի էին ունենում  Եվրոպայում, Ասիայում եւ Աֆրիկայում` մոտավորապես 4 մլն ք/կմ տարածքում: Մոբիլիզացվեց ավելի քան 73 մլն մարդ (Անտանտը` 48 մլն, Քառյակ դաշինքը` 25 մլն): Պատերազմի ժամանակ զոհվեց 10 մլն (չհաշված հայերի Ցեղասպանությունը Թուրքիայում եւ այլ՝ ոչ մարտական զոհերը) եւ վիրավորվեց 20 մլն մարդ: Ռազմական գործողությունները տեղի էին ունենում 2.5-4 հազար կիլոմետր ճակատով:

Ռազմարվեստի մյուս նորությունը ծայրահեղ դաժան քիմիական պատերազմն էր:
ԱՀՊ-ի ընթացքում նոր որակով դրսեւորվեց մարդկային ներուժը: Նոր տեղ տրվեց տնտեսական գործոնին: Անտանտի հաղթանակում կարեւոր դեր ունեցան գաղութները: Պատերազմի տարիներին բանակում ծառայելու եւ գյուղատնտեսությունում աշխատելու համար Ֆրանսիա բերվեց մոտավորապես 1 մլն մարդ:

Սառը զենքը կորցրեց իր նախկին նշանակությունը: Կտրուկ աճեց հրետանու կրակից զոհերի քանակը (կորուստների 75 %-ը): Դա չէր կարելի կանխատեսել նախկին փորձի հիման վրա: Այսպես` ԱՀՊ-ին նախորդած ռուս-ճապոնական պատերազմի ժամանակ հրետանու կրակից զոհերը չէին անցնում 14 %-ից: Եթե մինչեւ ԱՀՊ-ն ավերող ու խոցող միջոցները հրաձգային էին (թնդանոթ, գնդացիր, հրացան), ապա պատերազմի ընթացքում կիրառվում էին նորերը` ինքնաթիռներ, տանկեր, սուզանավեր, զենիթային ու հակատանկային թնդանոթներ, ականանետներ, գազաբալոններ, գազային ու ծխային արկեր, տարբեր այրող միջոցներ, օպտիկական եւ չափիչ սարքեր:

Միլիոնավոր  զորքերի կողմից ծովից ծով կամ ծովից չեզոք երկրի սահման ռազմական գործողությունների վարումը բանակների խմբերի ստեղծման պահանջ առաջ բերեց: Ձեւավորվեցին ռազմաճակատներ կամ այլ կերպ՝ բանակախմբեր:


Գլխավոր զորատեսակ հանդիսացող հետեւակը պայմանավորում էր մարտի եւ ռազմական գործողության արդյունքը: Միաժամանակ գնդերում աճեց գնդացրային վաշտերի ե՛ւ թվակազմը, ե՛ւ քանակը: Հետեւակային զորամասերի կազմում մտցվեցին փոքր տարածությունների վրա մարտ վարելու համար նախատեսված ստորաբաժանումներ, գրոհող խմբեր: Սակայն հետեւակը հարձակվում էր մի բնագծից մյուսը` սպասելով մինչեւ հրետանին առաջ բերի իր կրակադիրքերը, եւ նորից հրետանային պատրաստություն սկսի: Այստեղ շահում էին գումարտակներում սեփական հրետանի ունեցող զորքերը: Հրետանային պատրաստությունն աստիճանաբար դառնում էր կարճատեւ:

Հեծելազորը զիջում էր իր դիրքերը: ԱՀՊ-ի ընթացքում ինժեներական զորքերի տեսակարար կշիռը աճեց 1,5-2 անգամ: 1916թ. վերջին ռուսական բանակում ինժեներական գունդ ստեղծվեց: Այն ուներ երկու գումարտակ` սակրավորական, տեխնիկական, ինչպես նաեւ դաշտային ինժեներական հավաքակայան:

Բարդացավ թիկունքի զորքերի աշխատանքը: Չնայած պատերազմի փորձով ցույց տրվեց մեծ նավերի անարդյունավետությունը, այնուամենայնիվ շարունակվում էր գծային նավերի շինարարությունը: Բերդերը կորցրին իրենց նշանակությունը, նույնը նաեւ զրահագնացքները, քանի որ դրանք օդուժի հզոր հարվածների տակ անիմաստ էին դառնում: Զորքերի բազմաէշելոն նախնական պաշտպանության ճեղքման հարցը, չնայած ճեղքման որոշ դեպքերի, անկատար մնաց նույնիսկ տանկերի պարագայում: Այս պատերազմում տեղ գտած բոլոր նորարարությունները հաջորդ աշխարհամարտում դարձան հիմնական: Ռազմատեսական միտքը կենտրոնացավ այս հարցերի լուծման վրա:


Առաջին համաշխարհային պատերազմն ավարտվեց Անտանտի բլոկի հաղթանակով: Կենտրոնական բլոկը (Քառյակ միություն) պարտություն կրեց: Չնայած գերմանական ռազմական մեքենայի ակնհայտ առավելությանը`չդիմացավ երկարատեւ հյուծիչ պատերազմին: Պատերազմի արդյունքում կործանվեցին ավստրո-հունգարական, ռուսական եւ գերմանական կայսրությունները, մեծապես թուլացավ նաեւ բրիտանական կայսրությունը: Նոր ու ավելի ազդեցիկ դեր ստացավ ԱՄՆ-ը, որը հաստատեց հաղթողի ու փրկողի կարգավիճակը: Ինչպես դիպուկ նկատել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Լլոյդ Զորջը. «Ամերիկյան զորքերի փաստացի քանակը լիովին չէր արտահայտում այն նշանակությունը, որ մեր համար ունեցավ ամերիկյան ներդրումը հաղթանակի գործում: Ամերիկյան քսան դիվիզիայի ներկայությունը մեզ ոչ միայն տալիս էր քանակական առավելություն Գերմանիայի նկատմամբ, այլև գիտակցումն այն բանի, որ մեր թիկունքում կազմավորվում է նույնքան ամերիկյան դիվիզիա, եւ եթե անհրաժեշտ լինի, ԱՄՆ-ից կգան միլիոնավոր զինվորներ: Թույլ տրվեց ֆրանսիացիներին ու անգլիացիներին մարտի նետել վերջին ուժերը եւ հասցնել կացնի վերջին, ջախջախիչ հարվածը»: 

Հիմնականում ամերիկյան բանակի ներգրավելն ու հաղթանակներն էին, որ վերջնական պարտության մատնեցին Գերմանիային եւ թույլ տվեցին անգամ բոլշեւիկյան Ռուսաստանին վերադարձնել բոլշեւիկների կողմից Գերմանիային հանձնած տարածքները: Այս կայսրությունների փլուզումից գաղութներում ու հիմնական տարածքներում ձեւավորվեցին բազում նոր պետություններ, որոնց ազգերը սկսեցին լայնորեն դավանել ազգային գաղափարախոսություններ: Այդ գաղափարախոսությունները հետո դառնալու էին նոր խնդիրներ, սակայն այդ մասին հաջորդիվ:

ԱՀՊ-ն քաղաքական առումով չլուծված խնդիրներ շատ թողեց, որոնք էլ հանգեցրին Երկրորդ աշխարհամարտին: Այդ ամենին գումարվեցին նաեւ Ռուսաստանի խորհրդայնացումը եւ նախկին կայսրությունը վերականգնելու համար բոլշեւիկների սկսած պայքարը: Իրավացի էր դաշնակիցների գերագույն գլխավոր հրամանատար մարշալ Ֆ. Ֆոշը, երբ կարդալով Վերսալյան խաղաղության պայմանագիրը` նշել էր, որ սա ոչ թե խաղաղություն է, այլ հրադադար է  քսան տարով:

Առաջին մասը կարդացեք այս հղումով:

Երկրորդ մասը կարդացեք այս հղումով:

Երրորդ մասը կարդացեք այս հղումով:

Չորրորդ մասը կարդացեք այս հղումով:

Հինգերորդ մասը կարդացեք այս հղումով:

Վեցերորդ մասը կարդացեք այս հղումով:

Յոթերորդ մասը կարդացեք այս հղումով:

Արծրուն Հովհաննիսյան

Շարունակելի




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին