Հայկական կորպուսը եւ ամերիկյան բանակի առաջին ինքնուրույն հարձակումը - Mediamax.am

exclusive
46399 դիտում

Հայկական կորպուսը եւ ամերիկյան բանակի առաջին ինքնուրույն հարձակումը


Թովմաս Նազարբեկյանը
Թովմաս Նազարբեկյանը
Անդրանիկը (մեջտեղում)
Անդրանիկը (մեջտեղում)
Գեներալ Փերշինգն այցելում է «Սիտրոեն» գործարանը
Գեներալ Փերշինգն այցելում է «Սիտրոեն» գործարանը
Գեներալ Յուդենիչը
Գեներալ Յուդենիչը

Մեդիամաքսը ներկայացնում է ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանի «Համաշխարհային ռազմի պատմություն` 20-րդ դար» աշխատությունը:

 

1916թ. օգոստոսին Մուստաֆա Քեմալը վերանվաճեց Մուշը եւ Բիթլիսը: Դրանից մեկ տարի առաջ, մինչ քաղաքների` ռուսների ձեռքն ընկնելը, օսմանցիների պատերազմի նախարարը խնդրել էր Մուստաֆա Քեմալին կազմակերպել տարածաշրջանի պաշտպանությունը: Տարածաշրջանը վերահսկում էր 2-րդ բանակը: Երբ Մուստաֆա Քեմալը նշանակվեց այդ պաշտոնին, թշնամու զորքերն անընդհատ հարձակվում էին: Կռիվները Վանա լճի արեւելյան մասում շարունակվեցին ամբողջ ամառ, սակայն անարդյունք: Ահմեդ Իզեթ փաշան որոշեց հարձակվել ռուսների գրոհից մեկ շաբաթ հետո: Երեք կորպուսի զորքերը միավորվեցին եւ ուղարկվեցին ծովափով: Երկրորդ բանակը մոտեցավ օգոստոսի 2-ին:

Գեներալ Յուդենիչը Գեներալ Յուդենիչը

 

Մինչդեռ Յուդենիչը զբաղված էր հյուսիսում՝ դիմակայելով օսմանյան 3-րդ եւ 2-րդ բանակներին: Հարավային մասում ռուսական զորքերը գլխավորում էր գեներալ Թովմաս Նազարբեկյանը, իսկ հայ կամավորական ջոկատներին ղեկավարում էր Անդրանիկ Օզանյանը: Սակայն նախնական հաջողությունը հաղթանակի չբերեց: Օսմանյան 2-րդ բանակը ուներ մատակարարման ու մարտունակության խնդիրներ: Ռուս-հայկական զորքերը օսմանցիներին կանգնեցրին Գեւաշի մոտակայքում` թույլ չտալով ներխուժել Վան:

 

Սեպտեմբերի վերջին օսմանցիների գրոհներն ավարտվեցին: 2-րդ բանակը կորցրեց 30.000 սպանված կամ անհետ կորած: Ռուսները ամրապնդեցին իրենց դիրքերը: Նրանք բավական ուժեղ էին, որպեսզի պատասխանեին հակահարձակմամբ թուրքերի գրոհներից ընդամենը երկու շաբաթ հետո:

 

1916թ. տարվա մյուս կեսը թուրքերի կողմից օգտագործվեց վերակազմավորման համար: Ռուսները նույնպես լայնամասշտաբ գործողություններ չիրականացրին: 1916-1917թթ. ձմեռն ահավոր խստաշունչ էր, ինչի պատճառով ռազմական գործողություններ տեղի չունեցան:

 

1917թ. գարնան ընթացքում ռազմական դրությունը չփոխվեց: Ռուսները պլանավորում էին վերսկսել հարձակումները, մինչդեռ Ռուսաստանը գտնվում էր սոցիալական ու քաղաքական անկայունության մեջ, ինչն էլ իր ազդեցությունն էր ունենում նաեւ բանակի վրա: Ռուսական հեղափոխության հետ կապված իրարանցումը կանգնեցրեց ռուսական բանակի ռազմական գործողությունները, ռազմաճակատի համալրումը գրեթե դադարեցված էր: Ռուսական զորքերը սկսեցին հեռանալ տարածաշրջանից: Ո՛չ ռուս զինվորները եւ ոչ էլ ռուս ժողովուրդը չէին ցանկանում շարունակել պատերազմը: Ռուսական զորքը դանդաղորեն կազմալուծվեց: 1917թ. գարնանից սկսած տարածվեցին տիֆը եւ այլ սուր վարակիչ հիվանդություններ, ինչը ռուսական զորքերում թերմատակարարման, սանիտարական ծառայությունների թուլացման եւ հիգիենայի նորմերի չպահպանման հետեւանք էր:

 

Մինչեւ 1917թ. Ռուսական հեղափոխությունը, Օսմանյան կայսրությունը համարում էր իրեն պարտված կովկասյան ճակատում: Սարիղամիշի ճակատամարտից եւ հատկապես 1916թ. ամառ-աշուն մարտերից հետո թուրքական զորքերը կորցրել էին իրենց մարտունակությունը եւ համարյա անընդհատ նահանջում էին: 1917թ. այս դրությունից օսմանյան զորքերը չէին կարող չօգտվել: Էնվերը տարածաշրջանից տեղափոխեց 5 դիվիզիա, քանի որ բրիտանացիներն անդադար ճնշում էին թուրքերին Պաղեստինում եւ Միջագետքում: Սա նորից մեծ հնարավորություն էր, որից սակայն կովկասյան ճակատի հրամանատարությունը չկարողացավ օգտվել:

Անդրանիկը (մեջտեղում) Անդրանիկը (մեջտեղում)

 

1917թ. ամռան ընթացքում Արեւմտյան Հայաստանում դիրքերը պահպանելու համար Կոմիտեի կողմից ձեւավորվեց 20.000-անոց զորախումբ Անդրանիկի գլխավորությամբ: Քաղաքական կոմիսար Հակոբ Զավրիեւը Անդրանիկին տվեց գեներալի կոչում: Անդրանիկի զորախմբի 1-ին ջոկատը դիրքավորվեց Երզնկայում ու Էրզրումում, 2-րդ ջոկատը` Խնուսում ու Ալաշկերտում, երրորդը` Վանում ու Զեյթունի լեռներում:

 

1917թ. սեպտեմբերի 14-ին տարածաշրջանի ռուսական բանակը գրեթե ամբողջությամբ լուծարվեց, հրամանատարները կորցրին իրենց իշխանությունը, եւ կողոպուտներն ավելացան բնակչության հատվածում: Աշնան վերջին կովկասյան ճակատի հրամանատար Պրժեւալսկին հրամայեց հայերից ու վրացիներից ստեղծել զինված խմբավորումներ: Ռուսական զորքերի լուծարումը հանգեցրեց Ռուսաստանի կառավարության տապալմանը եւ օգնեց բոլշեւիկներին ավելի հեշտ իշխանության գալ: 1917թ. անկախ Անդրկովկասը Թբիլիսիում ստեղծեց Անդրկովկասի կոմիսարիատը:

 

Անդրկովկասյան սեյմը գլխավորեց մենշեւիկ Նիկոլայ Չխեիձեն: Սակայն Անդրկովկասյան սեյմը չկանգնեցրեց բանակի վերածումը փոքր զինված խմբավորումների:

 

Մինչդեռ հայերը ներկայացուցիչներ էին ուղարկում Անդրկովկասյան սեյմ, Արեւելյան Հայաստանի իշխանությունները Երեւանում փորձում էին ստեղծել հայկական բանակի կորպուս: Հայերը նախատեսում էին պահպանել իրենց տարածքները` աջակցություն ստանալով Անտանտից ու Ռուսաստանից, եւ հիմնադրել իրենց ազգային բանակը: Մեծ հաշվով հայ սպաների ու կամավորականների քանակը թույլ էր տալիս արագ ձեւավորել մեկ-երկու հայկական զորամիավորում: Գեներալ Թովմաս Նազարբեկյանը ընտրվեց նորաստեղծ հայկական զորքերի հրամանատար:

Թովմաս Նազարբեկյանը Թովմաս Նազարբեկյանը

 

Այն դեռ միասնական անուն եւ կազմ չուներ: Երեւանում կազմավորվեց առաջին դիվիզիան գեներալ Քրիստափոր Արարատյանի գլխավորությամբ, որի մեջ մտնում էին 1-ին՝ Էրզրումի ու Երզնկայի գնդերը, 2-րդ՝ Խնուսի գունդը, 3-րդ՝ Երեւանի գունդը եւ 4-րդ՝ Երզնկայի ու Երեւանի գնդերը: Երեւանում նաեւ կազմավորվեց գնդապետ Մովսես Սիլիկյանի 2-րդ դիվիզիան, որի մեջ մտնում էին Վանի 5-րդ գունդը, Երեւանի 6-րդ գունդը, Ալեքսանդրապոլի 7-րդ ու 8-րդ գնդերը: Ամեն դիվիզիայի կազմում կար չորսական գունդ: Նաեւ առանձին գործում էին երեք կանոնավոր եւ մեկ պահեստային գնդեր: Զորքի ընդհանուր թիվը կազմում էր 32.000 մարդ: Բացի այս կանոնավոր զորաջոկատներից, կային նաեւ զինված կամավորական զորաջոկատներ: Մոտավորապես 40-50 հազար զորք կազմվել էր զինված քաղաքացիական բնակչությունից:

 

1917թ. դեկտեմբերի 5-ին Ռուսաստանի եւ Օսմանյան կայսրության միջեւ Երզնկայում կնքվեց զինադադարի պայմանագիր: Դեկտեմբերից մինչեւ փետրվարի 7-ը հայկական զորաջոկատներն անմիջապես ուղարկվեցին ռազմաճակատ: Ռուսական զորքերի մի մասը նահանջելիս թողեց հագուստն ու զենքը, որով զինվեցին հայ զինվորները:

 

1917թ. դեկտեմբերի 13-ին կովկասյան բանակի գլխավոր հրամանատարի 136 հրամանով արտոնվում էր հայկական կորպուսի ստեղծումը: Դա, ըստ էության, փաստացի կայացած զորք էր, որը սակայն ուներ մատակարարման եւ համալրման խնդիրներ:

 

1918թ. մարտի վերջին հայկական կորպուսի մարտական անձնակազմի թվաքանակը կազմում էր շուրջ 20.000 մարտիկ, որից մոտավորապես 800-ը` սպա: 1918թ. ամռանը հայկական կորպուսը վերակազմավորվեց մեկ հետեւակային դիվիզիայի, որի հրամանատար նշանակվեց գեներալ Մովսես Սիլիկյանը (1862-1937թթ.)։ Դիվիզիայի  թվակազմը մոտավորապես 16.000 էր ։ 1919թ. հունվարի դրությամբ այդ քանակը գրեթե անփոփոխ էր: Նույն թվականի վերջին արդեն հայկական բանակի թվաքանակը կազմում էր ավելի քան 30.000:

 

1918թ. դեկտեմբերի 11-ին սկսվեց հայ-վրացական պատերազմը, որի ժամանակ հայկական բանակը որպես ռազմավար էր վերցրել 400 վագոն, 25 շոգեքարշ, 39 գնդացիր եւ 3 զրահագնացք: Այս պատերազմին դեռ մանրամասն կանդրադառնանք:

 

Արդեն 1920թ. հունվարին հանրապետության բանակի թվաքանակը հասնում էր 25.000-ի, իսկ աշնանը` թուրք-հայկական պատերազմի շրջանում` շուրջ 40.000-ի։

 

Մարտական գործողություններն Արեւմտյան ճակատում 1918-ին

 

1918թ. մարտ-հուլիսյան հարձակման ընթացքը

 

Երկու կողմերն էլ հյուծված էին, սակայն դաշնակիցների բանակում ամերիկյան կողմի հայտնվելը հույս էր ներշնչում: Այնուամենայնիվ, որքան ցույց տվեցին առաջին մարտերը, ամերիկյան բանակը դեռ փորձի խնդիր ուներ: Գերմանական հերթական հարձակման համար նախատեսվեց երեք գերմանական բանակ, որոնք 70 կմ ճակատում ունեին 62 դիվիզիա, միջին խտությունը` 1 դիվիզիա 1.5 կմ-ի վրա: Նման խտություն հետո կտեսնենք Երկրորդ աշխարհամարտի ժամանակ, սակայն այս դիվիզիաներն իրենց ներուժով զիջում էին Ստալինգրադի դիվիզիաներին: Օդուժը հարվածներ էր հասցնելու Փարիզի ուղղությամբ:

 

Երկու ժամ տեւած հրետանային պատրաստությունից հետո հարձակումն ընթացավ ընդհանուր առմամբ անհաջող. հետեւակը կտրվեց կրակապատնեշից: Միայն 18-րդ բանակն առաջին օրը խորացավ 6-7 կմ, երկրորդ օրը` եւս 7 կմ եւ մարտ էր վարում օպերատիվ խորություն դուրս գալու համար:

 

Ֆրանսիացիները գիտեին ոչ միայն գերմանացիների հարձակման օրն ու ժամը, այլեւ պլանը եւ գերմանացիների հարձակումից մեկ ժամ առաջ նախազգուշական կրակ բացեցին: Պարզվեց, որ տեղամասերից մեկում ֆրանսիացիները հրետանային պատրաստության ժամանակ ուժերը հետ են տարել, եւ այն, փաստորեն, իզուր է եղել: Հուլիսի 18-ի հակահարվածից բացի, նախատեսվում էին նաեւ շեղող փոքր հարձակումներ: Հարձակման ընթացքում ֆրանսիացիներն օգտագործում էին Ռենոյի թեթեւ տանկերը:

 

Հուլիսի 18-ին ֆրանսիական բանակները խորացան մինչեւ 9 կմ (19-ին` եւս 2 կմ): Հուլիսի 20-ին հասցվեցին շեղող հարվածներ, որով հարձակումն ընդգրկեց Մառնի ամբողջ ելուստը: Թեւային հարվածի տակ ընկած գերմանացիների զորքերը նահանջեցին: Օգոստոսի 4-ին «Երկրորդ Մառնը» ավարտվեց: Այն հզոր հարված հասցրեց գերմանական զորքերի բարոյահոգեբանական վիճակին: Գերմանացիներն անցան պաշտպանության: Հյուծման պատերազմը եւ ամերիկյան բանակի թարմությունն իր գործն էր անում: Անիվը վերջնականապես թեքվում էր դեպի Անտանտը:

 

Ամյենի ռազմական գործողությունը

 

Մարտին ձեւավորված Ամյենի ելուստը եւ Ամյեն-Փարիզ երկաթուղու վրա սպառնալիքը վերացնելու համար դաշնակիցների երեք բանակ հարձակում սկսեց: Հարձակմանն աջակցում էր 415 տանկ (անգլիական նոր «Whippet» տանկերը): Այստեղ գերմանական յոթ դիվիզիայի գումարտակների մի մասը կորցրել էր անձնակազմի կեսը: Գերմանիան լիովին հյուծված էր:

 

Այս ռազմական գործողությանը մասնակցեց նաեւ առաջին ամերիկյան` 33-րդ դիվիզիան: Հարձակման հանկարծակիությունն ապահովելու համար հրետանային պատրաստությունը տեւեց մեկ ժամից քիչ: Հարձակման առաջին օրը` օգոստոսի 8-ին, դաշնակիցները խորացան 11կմ: Գերմանական օդուժը եւս կորուստներ էր կրում: Սակայն հաջորդ օրն արդեն հարձակման թափն անկում ապրեց, գերմանական հրամանատարությունը հրետանին սկսեց կիրառել որպես հակատանկային միջոցներ: Դաշնակիցները կորցրին տանկերի զգալի մասը: Ամենից ավելի առաջացել էին ավստրալական դիվիզիաները` 13 կմ: Արդեն օգոստոսի 13-ին հարձակումը կասեցվեց:

 

Ոչ մեծ ռազմական գործողություն էր, սակայն վկայեց գերմանական բանակի մարտունակության անկման եւ դաշնակիցների թարմության մասին: Դրանից հետո սկսվեցին առանձին հարձակումներ: Այս գործողությունները երբեմն անվանում են «հարյուրօրյա հարձակումների սկիզբ», որով էլ ավարտվեց ԱՀՊ-ը:

 

Ամերիկյան բանակի առաջին ինքնուրույն հարձակումը

 

Ճիշտ է, ամերիկյան բանակն արդեն տեւական ժամանակ է՝ օգնում էր դաշնակիցներին, սակայն դեռ ամերիկյան զորքերի քանակը մեկ ռազմական գործողության ժամանակ չէր գերազանցում հարյուր հազարը, ինչպես նաեւ դեռ երբեք ոչ մի ռազմական գործողության ժամանակ ամերիկյան զորքերը գլխավոր դերում չէին եղել:

Գեներալ Փերշինգն այցելում է «Սիտրոեն» գործարանը Գեներալ Փերշինգն այցելում է «Սիտրոեն» գործարանը

 

Գեներալ Փերշինգը դեմ էր, որպեսզի ամերիկյան դիվիզիաներն առանձին-առանձին օգտագործվեն տարբեր ճակատներում: Ամյենի գործողությունից հետո դաշնակիցները պլանավորում էին մեծ հարձակում, որի նախապատրաստման համար հարկավոր էր վերացնել, այսպես կոչված, Սեն-Միելյան ելուստը: Այս ռազմական գործողությունը վստահված էր ամերիկյան 1-ին բանակին՝ երեք կորպուսներով, որոնց կազմում կար 14 դիվիզիա: Նրանց` որպես օգնություն, տրված էր ընդամենը երեք ֆրանսիական դիվիզիա: Ամերիկյան բանակի հրամանատարն էր լեգենդար գեներալ Զոն Փերշինգը, որն իր ենթակայության տակ ուներ նաեւ մոտ 1400 ինքնաթիռ եւ մոտ 400 միավոր տանկ: Ամերիկյան հարձակումը սկսվեց սեպտեմբերի 12-ին՝ ֆրանսիական հրետանու նախապատրաստությունից հետո: Ամերիկյան հարձակմամբ գերմանական զորքերն առանց լուրջ դիմադրության նահանջեցին հաջորդ բնագիծ, որտեղ հասնելով` ամերիկյան զորքերը դադարեցրին հարձակումը: Ամերիկյան բանակը չուներ այն մարտունակությունը, ինչ փորձառու դաշնակիցները, սակայն ամեն դեպքում տեղի ունեցավ մարտ, որի ընթացքում գերմանական զորքերը կրեցին նշանակալի կորուստներ` մոտ 25.000 մարտիկ, եւ նահանջեցին, ըստ էության, թողնելով ելուստը:

 

Առաջին մասը կարդացեք այս հղումով:

 

Երկրորդ մասը կարդացեք այս հղումով:

 

Երրորդ մասը կարդացեք այս հղումով:

 

Չորրորդ մասը կարդացեք այս հղումով:

 

Հինգերորդ մասը կարդացեք այս հղումով:

 

Վեցերորդ մասը կարդացեք այս հղումով:

 

Արծրուն Հովհաննիսյան

 

Շարունակելի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին