Մհեր Արշակյանի «Ուրիշի օրագրերը» գիրքը խոհագրություն է՝ զերծ ավանդական օրագրային ձեւաչափից։ «Օրագրայնությունը մտքերի մեջ է, դրանք իմ կյանքն են, բայց առանց իրադարձությունների»,- Մեդիամաքսի հետ զրույցում ասաց հեղինակը։
Մհեր Արշակյանի առաջին գիրքը՝ «Սիրող մարդը», հրատարակվել է 1997-ին, որին հաջորդել են «Անճառ», «Օրագրեր», «Յանուսի oրագրերը», «Բանաստեղծության փոխարեն», «Փսեւդոստիխներ» գրքերը։
«Ուրիշի օրագրերը» եւ դրան նախորդող երեք գրքերը լույս է ընծայել «Անտարես» հրատարակչությունը։
- Գրական գործի պատառիկները կարող են ինչ-որ բան ասել բուն գործի մասին։ «Ուրիշի օրագրերում» հենց պատառիկներ են, որ թվում է՝ կարող էին դառնալ գրական ստեղծագործություն։ Փոքրածավալ այս «օրագրերը» նախապատմություններ ունե՞ն։
- Մեծ մասը, այո, ունի նախապատմություն։ Դետալներով հազիվ թե հիշեմ, բայց ընդհանուր իրավիճակը հիշում եմ։
- Տողերը դառնում են ուրիշի «օրագրեր», երբ հասնո՞ւմ են ընթերցողին։ Այստեղից էլ վերնագի՞րը։
- Մի քիչ խորամանկ վերնագիր է. նրանում եւ հումոր կա, եւ կա այն, ինչ նկատեցիք։ Կարող է լինել ցանկացածի օրագիր։ Ուրիշը՝ ցանկացածն է։ Իսկ հումորային է այն առումով, որ հեղինակը ես չեմ, վերցրել եմ ուրիշներից։
- Մեր օրերում մի կողմից խոսքը շատ է, մյուս կողմից՝ համացանցային գրառումները, հաղորդագրությունները պահանջում են լակոնիկություն։ Ժամանակի ազդեցությունը կա՞ գրքի ստեղծման վրա։
- Իրականում կա, ես ի վերջո հասկացա, որ երկար խոսել պետք չէ, երկար գրել պետք չէ, իմ բանաստեղծություններն էլ կարճ են։ Նախորդ գրքերիս համեմատ տողերս կամաց-կամաց փոքրացան, քչացան։ Ես, ըստ էության, գնում էի նրան, որ, ի վերջո, էլ չգրեմ։ Չգրելու ու այս տողերի միակ տարբերությունն այն է, որ չգրված տեքստը ոչ ոք չի կարող կարդալ։
-«Բառերը վերջինն էին, որ պետք է ասվեին»։ Աստվածաշունչն էլ ասում է․ «Ի սկզբանե էր բանն»...
- Նաեւ ասում է՝ հող էիր, հող դառնաս։ Բառերը վերջինն են գրողի համար, այն իմաստով, որ ամեն ինչ պետք է տեղի ունեցած, վերջացած լինի, որ բառացվի, ամփոփվի։ Բառը ամփոփողն է, այսինքն՝ ես բառը հանում եմ հարաբերություններից եւ դնում վերջաբանի մեջ։
- Գրում եք նաեւ. «Մարդը ստեղծում է ապագա ավերակները»։ Բառը փրկո՞ւմ է ավերակներից։
- Կարծում եմ՝ չի փրկում, այս միտքը՝ մարդը ստեղծում է ապագա ավերակները, իմ սիրած մտքերից է։ Մեկ-մեկ վախենում եմ, որ մտքերս իրականում ավելի սիրուն են հնչում, քան դրանց բուն բովանդակությունն է։ Միտքը, որ մեջբերեցիք, իմաստով շատ պարզ է. մարդը ինչ էլ ստեղծի, ի վերջո, ավիրվելու է։ Ենթադրենք, Գաուդին Իսպանիայում եկեղեցի ստեղծելով՝ստեղծում է ապագա ավերակը։ Մարդը, որ ի սկզբանե ծնվել է որպես աշխարհի բովանդակություն, ի վերջո դառնում է բնության աղետ։
- «Մարդուց ավելորդ մարդ չգիտեմ»։ «Մարդիկ, հլը մի հատ ձեզ նայեք, տեսեք Աստված կա՞...»։ Կարելի է համաձայնել ձեր այս մտքերի հետ, բայց չէ՞ որ, եթե մարդը գոյություն չունի, աշխարհը գոյություն չունի։
- Իրականում դրանք հակասության մեջ են, գուցե մարդը գոյություն ունի այն պատճառով, որ աշխարհը գոյություն չունենա՞։ Որովհետեւ աշխարհի վերջը ուրիշ ոչ մի ձեւ չի կարող տեղի ունենալ։ Ենթադրենք տիեզերքում ինչ-որ աղետ է լինում, եւ Երկիրը վերանում է։ Դա աշխարհի վերջը չէ, դա տիեզերական երեւույթ է. մի տեղ հայտնվում է, մի տեղ վերանում։ Ոչնչացնել հասկացությունը մարդկային է, մարդը միակն է, որ ոչնչացման մեջ կարող է բովանդակություն դնել։
- Գրել եք այնպիսի բաների մասին, որ մշտակա են՝ սեր, պատերազմ, մահ, Աստված, կյանք, ունայնություն... Այնուամենայնիվ, նկատելի է մեր ժամանակը։ Ի վերջո, գրողի խոսքը իր ներսի՞ց է ծնվում, թե՞ ժամանակի արտացոլումն է։
- «Ուրիշի օրագրերը» արտաժամանակյա գիրք է, դա կարող էր գրվել մ․թ․ա․ 2-րդ դարում եւ կարող էր գրվել 20-րդ դարի առաջին կեսին։

Լուսանկարը` «Անտարես»
Եվ որ հիմա գրվել է, ինչ-որ իմաստով անախրոնիկ է, որովհետեւ այն հարցերը, որոնց մասին գրում եմ, իրականում այլեւս մարտահրավերային չեն։
- «Հայերն ունեն մի բան, որ չունի Հայաստանը։ Նրանք ունեն գնալու տեղ»։ Թեկուզ 100 տարի առաջ էլ կարող էին այսպես գրել, բայց միանշանակ տեսնում եմ մեր ժամանակը։
- Այո, այդ միտքը մեր օրերի հետ կապ ունի... Արցախը մենք կորցրինք, եւ արցախահայերը ունեին գնալու տեղ՝ Հայաստան, եւ եթե վտանգ սպառնա Հայաստանին, հայերը գնալու տեղ կունենան, բայց Հայաստանը գնալու տեղ չի ունենա։ Այսինքն՝ հայ մարդու արժեքը Հայաստանն է։ Ո՞վ ես դու, հայ մարդ, Իսլանդիայում, Մոզամբիկում... Հայաստանը քո ամբողջականությունն է, քո բովանդակությունն է։ Նույնիսկ հայոց լեզուն առանց Հայաստանի հայոց լեզու չէ։ Ուզում ես գրի ամենահանճարեղ ստեղծագործությունները, ենթադրենք՝ Լոնդոնում։ Դու ստիպված կլինես դրանք թարգմանել անգլերեն, որպեսզի աշխարհին քո տեքստը կարդալու հայտ ներկայացնես։ Այդ մտքի թիկունքում՝ հայերն ունեն գնալու տեղ, մինչդեռ Հայաստանը չունի, նաեւ Չարենցը կա։ «Ով հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է». այս միտքը իմ մտքի իրական բնաբանն է։
Բայց օրագրերում բնաբաններ չեմ սիրում գրել։ Ես միշտ վախենում եմ, որ բնաբանը կարող է տեքստից մեծ լինել (ծիծաղում է-Ա․ Ս․):
-Գրում եք․ «21-րդ դարի գրականության մեջ երկինք չկա»։ Ինչո՞ւ, որովհետեւ աշխա՞րհն է այդպիսին։
- Այո, հիմա ցանկացածը կարող է դուրս գալ եւ ասել՝ ահա՛ երկինքը, ինչո՞ւ ես ասում՝ երկինք չկա։ Թումանյանն ասում էր՝ աստղերը գեղեցիկ են, բայց ո՞վ է աչքերը վերեւ բարձրացնում։ «21-րդ դարի գրականության մեջ երկինք չկա»՝ այս մտքի թիկունքում էլ Թումանյանը կա։ Գրականության մեջ, երբ որ երկինքը մեռնում է, ի վերջո, մեռնում է նաեւ իրականում։ Երկինքն արդեն ավելորդ բառ է։ Գնում ենք նրան, որ բառերը դառնում են ավելորդ, սկզբում՝ այն բառերը, որ իրենց մեջ խորը, հիմնավոր ու ընդգրկուն պաթոս են կրել։ Երկինքը այդպիսի բառերից է, հայրենիքը այդպիսի բառերից է, Աստված այդպիսի բառերից է, հայրենասիրությունն՝ առավել եւս, եւ մենք պետք է վախենանք, որ Հայաստանը չդառնա այդպիսի բառից։
- Պաթոսով էլ ասում ենք՝ ո՞ւր է գնում աշխարհը։ 21-րդ դարում երկինք չկա, 22-ում ի՞նչ է լինելու, մտածե՞լ եք այդ մասին։
-Մտածել եմ, դեպքերի հաջորդականություն չեմ կարող ասել, բայց, կարծում եմ, որ մարդը անշեղորեն գնում է դեպի պատմություն։ Եվ ինչ էլ անի, չի կարող գտնել այն մեծամասնությանը, որի հետ ձեռք-ձեռքի տված փորձի փրկել ինքն իրեն կամ ուրիշին։ Հանուն ավելի լավ օրվա։
- Աստծո մասին խոսե՞նք։ «Ինչ իմաստ ունի լինել աթեիստ, եթե Աստված չկա»։ Իսկ եթե վստահ ենք, որ Աստված կա, ինչի՞ ենք անընդհատ ասում՝ Աստված կա։
-Բայց ինչի՞ց է ծնվել այդ փնտրտուքը։ Կյանքի գրեթե բոլոր իրադարձությունները ցույց են տալիս, որ Աստված չկա, բայց ինչ-որ մի տեղ մեր ներսում զգում ենք, որ կա։

Լուսանկարը` անձնական արխիվ
Այսինքն՝ մարդը իր եւ աշխարհի հետ կռվի պատճառով է փնտրում Աստծուն։ Իննսուն-հարյուր տարի հետո այս թեման էլ չի լինի, բոլորը կհասկանան, որ Աստված չկա։ Եվ դա շատ կօգնի, որ մարդը, ի վերջո,ազատվի պաթոսից։
-Բայց Ձեր մտքերը կարդալիս մտածում եմ, որ Աստված կա։
-Ես միշտ գրում եւ ապրում եմ այն կանխավարկածով, որ կա։
-«Երբեմն կարիք է զգացվում քո սերը պաշտպանել նրանից, ում սիրում ես»։ «Չկա ավելի ծանր հարված, քան երբ սերը կա, դու կաս, բայց դուք չկաք»։ Զգացողություններ են, որ երեւի շատերն են ապրել։ Ձեր գրածից դատելով՝ սերը վերացարկված զգացողություն է, մենք լինենք, չլինենք, ինչ էլ անենք, այն կա։
- Կան զրահապատված հասկացություններ՝ սեր, Աստված, ու մարդը ինչքան էլ ընկնի, ինչքան էլ կորցնի իր որակը, ինչքան էլ դառնա վերջին տականքը, այդ բառերի, այդ ընկալումների հետ ոչինչ չի պատահի։ Ինչպես որ մարդը կարող է լինել վերջին անասունը, բայց, միեւնույն է, դա չի խանգարում, որ Աստված լինի։ Մենք կհասկանանք, որ Աստված կա, կհասկանանք, որ չկա, դա բացարձակապես չի սպանում Աստծո ընկալումը։ Դա վերաբերում է նաեւ լռությանը, եթե ամբողջ մարդկությունը չդադարի խոսել, լռության հետ ոչինչ չի պատահի։
-«Սիրո վրա ոչինչ չես կառուցի։ Բայց հլը փորձիր կառուցել առանց դրա...»։ Դաժանությունը ինչի՞ վրա են կառուցում։
-Դաժանությունը կյանքի ամեն դրվագի վրա է կառուցվում, օրինակ, եթե ուշադիր լինեք, կնկատեք, որ սիրելուց դուք չեք ապրում, իսկ դաժանության ժամանակ ամենայն սրությամբ եք զգում ապրելու ամեն ակնթարթը։ Ենթադրենք՝ փող չկա, կոպիտ իրավիճակ եմ վերցնում, այդ պահին դու կյանքը շնչում ես այնպես, ինչպես մարդը, ում թոքերի զգալի մասը ախտահարված է, այսինքն՝ ագահաբար։ Իսկ դաժանությունը ագահության հետ մեծ կապ ունի․ ամեն ինչ անում ես, որպեսզի դու ապրես։ Դաժանության իմաստը հենց դա է, որ հատկապես դո՛ւ ապրես։
- «Մայրս է մահացել, իսկապես չգիտեմ՝ երբ»։ Հիշեցրեց Քամյուի «Օտարը», որտեղ այդ եւ այլ մտքերի պատճառը հասարակությունից օտարացումն է։
- Հիմքում հենց «Օտարի» այդ տողերն են. «Այսօր մահացել է մայրս։ Կամ՝ գուցե երեկ, չգիտեմ»։ Բայց դա ստեղծագործություն է, իսկ իմ դեպքում իրականություն դարձավ։ Օտարությունը իմ դեպքում ի սկզբանե է եղել (ես չեմ տեսել մորս)։ Բարեկամներիցս մեկին պատահաբար հանդիպեցի, հարցրեց՝ դու իմացա՞ր, որ մայրդ մահացավ։ Ասեցի՝ չէ, ե՞րբ է մահացել... ու գրեցի դա՝ հիշելով հենց «Օտարի» առաջին տողերը։ Մայրը... ինքը կարեւոր մարդ է, զուտ նրա համար, որ ինձ ծնել է, չի վերացրել։
- «Ճշմարիտ հուսահատությո՞ւնը՝ երբ ուժերդ չեն հերիքում նույնիսկ հուսահատվելուն»։ Հիշեցրեց «Հույսը վերջում է մեռնում» հայտնի բանաձեւումը։
- Դա հուսահատության առավելագույն վիճակ է, բայց դա նաեւ հույսի զգացումն է։ Ինչքան շատ լինի մարդու մեջ հույսը, այնքան ուժեղ կլինի հուսահատությունը։ Ընդ որում՝ հուսահատությունը սիրում է հարվածել հատկապես նրանց, որոնք հուսավառ են, եւ ի տարբերություն հույսի՝ հուսահատությունը սահմաններ չունի։ Հույսը միշտ կոնկրետ է, որոշակի չափի է, հուսահատությունը երբեք կոնկրետ չէ։ Ինչո՞ւ։ Ինքը անսահման է։ Հույսը կարող է նաեւ չապրեցնել, բայց հուսահատությունը ի վերջո կտապալի մարդուն։
- Գուցե նաեւ ինքնապաշտպանությո՞ւն է։
- Այնքանով, որ պետք է ինքդ քեզ հաշիվ տաս։ Օրինակ՝ հույս ունենալիս դու քեզ անպայման հաշիվ ես տալիս՝ այսօր, չէ, վաղը, դու քեզ ծրագրավորում ես ըստ այդ վաղվա, ըստ քո հույսի։

Հուսահատությունը արդեն փլված ծրագրերն են, ու շատ կարեւոր է, որ հուսահատության պահին մարդը կարողանա ինքն իրեն հաշիվ տալ, ասենք՝ հետո՞ ինչ։ Երբ կարողացավ ինքն իրեն տալ այդ հարցը, հուսահատությունը կարող է լինել «առողջարար»։
- «Որոշեք՝ ում կամ ինչի համար եք արթնանում, որովհետեւ լուսաբացն առանց ձեզ էլ կա»։ Այս տողերը ծանոթ թվացին, հետո հիշեցի, որ ձեր ֆեյսբուքյան էջում եմ կարդացել։ Վտանգ չկա՞, որ ձեր մտքերը կտարածվեն, թեւավոր խոսքեր կդառնան, բայց հեղինակը կմոռացվի։
- Ես դեմ չեմ, որ մոռացվի, ինչո՞ւ իմանան, որ հեղինակը ես եմ։ Բորխեսի պատմվածքնե՞րն են, Շեքսպիրի սոնետնե՞րը, դրանք պարզապես մտքեր են։ Բանաստեղծությունների դեպքում գուցե կարեւոր է իմանալ, որ հեղինակը ես եմ։
- Այսինքն՝ չե՞ք կարեւորում։
- Դրանք ուրիշի մտքերն են, ուրիշի օրագրեր (ծիծաղում է- Ա․ Ս․):
-Ամփոփելով մեր զրույցը՝ ի՞նչ կասեք ընթերցողին։
- Ընթերցողին կասեմ, որ գիրքն իր էությամբ էսթետիկ ձեւակերպումների շտեմարան է, եւ մարդկանց կօգնի՝ եթե ոչ ճանաչելու իրենց այդ տողերում, ապա գոնե գեղեցիկ ձեւակերպելու առաջին անհրաժեշտության մտքերը։ Ահա գրքի թաքուն ուղերձներից մեկը։
- Հաջորդիվ ի՞նչ գիրք է սպասվում։
- Հիմա բանաստեղծություններ եմ գրում, եւ հավանաբար 2-3 տարուց ժողովածու կհրապարակեմ։ Ես ցանկացած գործ գրելուց հետո մի տարի սպասում եմ, որ հասկանամ՝ ընդհանրապես տպագրելո՞ւ բան է։ Հիմնականում տպագրելու պիտանի են լինում, բայց զգալի մասը ոչնչացնում եմ։ Ես սիրում եմ ստերիլ գրքեր (իմ դեպքում), որ եթե անգամ բովանդակությունը կաղի, էսթետիզմը չտուժի։
Արմինե Սարգսյան
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: