Կնոջ եւ իմ, կյանքի եւ իմ միջեւ Ոսկե տաճարն էր կանգնում։ Եվ այն ամենը, ինչին ձգտում էին ձեռքերս, անմիջապես մոխրանում էր, իսկ շրջակա աշխարհն անապատի էր վերածվում։
«Անտարես» հրատարակչությունը «Նոբելյանից 5 պակաս» մատենաշարով լույս է ընծայել ճապոնացի նշանավոր գրող Յուկիո Միշիմայի «Ոսկե տաճարը» վեպը։

Լուսանկարը` Անտարես
Այն ճապոներենից թարգմանել է Լիլիթ Խանսուլյանը։ Նրա խոսքով՝ «Ոսկե տաճարը» ճապոնական գրականության գլուխգործոցներից մեկն է եւ ամենահայտնի ճապոնական վեպի համբավն ունի աշխարհում։ Գրքի հիմքում իրական պատմություն է․ 1950-ի հուլիսի 2-ին հանրությանը ցնցում է Կիոտոյի նշանավոր Ոսկե տաճարի հրկիզման լուրը։
-Միշիման հինգ անգամ անընդմեջ ներկայացվել է Նոբելյան մրցանակի։ 1968 թվականին համարվել է գրականության Նոբելյան մրցանակի հավակնորդ, սակայն մրցանակը ստացել է իր հայրենակից Յասունարի Կավաբատան: Ինչո՞վ է պայմանավորված նրա «հինգ պակաս» լինելը՝ քաղաքակա՞ն նկատառումներով։
-Կդժվարանամ հստակ պատասխանել հարցին, քանի որ պատճառները չեն հրապարակվում։ Կան տարբեր ենթադրություններ, վարկածներ եւ ասեկոսեներ։ Շատերը, այդ թվում՝ հայտնի ճապոնագետ եւ թարգմանիչ Դոլանդ Քինը, վստահ էին, որ մրցանակին կարժանանա Միշիման։ Մի տեղ կարդացել եմ, որ նույնիսկ ինքը՝ Կավաբատան էր վստահ դրանում։ Իսկ մրցանակը ստանալուց հետո իր խմբագրին ասել էր. «Նոբելյան մրցանակը ստացողը ես չեմ. պարզապես այն ստանալու հերթը Ճապոնիայինն էր»։
Ասում են՝ մրցանակը շնորհվել է Կավաբատային, քանի որ նա տարիքով մեծ էր, իսկ Միշիման երիտասարդ էր եւ դեռ մրցանակ ստանալու հնարավորություն ուներ։ Բայց մրցանակաբաշխությունից երկու տարի անց Միշիման վերջ տվեց կյանքին, եւ, որքան էլ արժանի լիներ, նրան այդպես էլ բախտ չվիճակվեց հասնելու բաղձալի մրցանակին։ Կա նաեւ քաղաքական նկատառումների վարկածը։

Լուսանկարը` Loana Ibarra
Միշիման Թատե նո քայ (վահանի միություն) կոչվող մասնավոր ռազմական կազմակերպություն էր ստեղծել, որը հիմնված էր կայսեր աստվածացման եւ հայրենիքին անձնազոհ նվիրվածության գաղափարախոսության վրա։ Նոբելյան մրցանակի հանձնաժողովի անդամների շրջանում թյուր կարծիք էր ձեւավորվել, թե նա կոմունիստ է եւ ավելի «անշառ» են համարել տալ մրցանակը Յասունարի Կավաբատային։
Միշիմայի «Ոսկե տաճարից» առաջ ես թարգմանել եմ Կավաբատայի «Լեռան ձայնը» վեպը։ Կավաբատայի լեզուն սիրել եմ առաջին հայացքից եւ, չնայած բոլոր դժվարություններին, հիացած եւ հաճույքով եմ թարգմանել ամեն մի նախադասությունը։ Իմ կարծիքով, երկու գրողներն էլ հանճարեղ են. երկուսն էլ արժանի էին մրցանակին։
- Միշիման փորձել է բացահայտել տաճարական պատանու կյանքը, ապրումները, տաճարն այրելու դրդապատճառնե՞րը, թե՞ տաճարն այրելու պատմությունն ընդամենը միջոց էր փիլիսոփայական այս երկը գրելու համար:
-Գրքի հենքն իրական պատմություն է։ Բայց Միշիման, իհարկե, յուրովի է մեկնաբանել պատանի տաճարականի արարքը, ամենը շաղախել է գեղեցիկի ու տգեղի, կործանման ու հավիտենականության, կյանքի ու մահվան իր փիլիսոփայությունով։ Իրական հրկիզողի անունը Հայաշի Շոկեն է։ Մինչեւ չորրորդ գլուխը նկարագրված շատ մանրամասներ իրական հերոսի կյանքից են։ Բայց գրքի հերոսի՝ Միձոգուչիի ներաշխարհի, ապրումների, ներքին բախումների, արարքի հասունացման եւ այլ նկարագրություններ արդեն Միշիմայի մտաստեղծումն են։
Իրական հերոսին հրկիզումից հետո կծկված՝ կալմոցին խմած եւ սեպպուկու (հարակիրի) արված գտնում են տաճարի հետնամասի Հիդարիդայմոնջի սարում։ Իսկ Միշիմայի հերոսը, ինչպես գիտեք, որոշում է ապրել։
-Միձոգուչին չհասկացված լինելը համարում էր իր միակ պարծանքը։ Իրականում, նա չհասկացվա՞ծ էր, թե՞ մերժված։
-Միգուցե սխալվում եմ, բայց, որպես կանոն, մարդը եւ հասարակությունը մերժում են ամենը, ինչ հասկացված չէ ու տարբերվում է։ Մերժելով, չընդունելով ու անտեսելով` նպաստում են հասարակության մեջ հրեշների ծնվելուն։ Իսկ իրականում ինչքան հանցագործություններ կարող էին կանխվել, եթե մարդիկ մի քիչ բարի, սիրալիր, հանդուրժող եւ հարգալից լինեին ուրիշների հանդեպ, իրենց անտարբերությամբ կամ դաժան ծաղրով չխեղեին այլ մարդկանց հոգիները։ Միձոգուչին, թերեւս, չհասկացված ու մերժված պատանի էր։
-Օտանի համալսարանում սովորող երեք ընկերներից Քաշիվագին փորձում է զենքի վերածել կյանքի անտանելիությունը՝ դիմանալ կյանքին, «միայն լույսի համար ստեղծված» Ցուրուկավան ինքնասպան է լինում։ Միձոգուչին որոշում է ապրե՞լ՝ ազատվելով կապանքներից։
-Եթե հիշում եք, Միձոգուչին ամեն կերպ փորձում էր Քուկյոչո մտնել՝ ցանկանալով այրվել Ոսկե տաճարի հետ։ Բայց դուռը փակ էր, եւ նրան հերթական անգամ մերժում է տաճարը։ Տաճարից հույսը կտրած դուրս է փախչում եւ ինքնամոռաց վազելով՝ լեռան գագաթն է բարձրանում։ Հավանաբար, քանի որ տաճարը, կարելի է ասել նաեւ մահը մերժում են իրեն, նա որոշում է ապրել։
- Միշիմայի հերոսի նախատիպի արարքն ի՞նչ արձագանք է գտել հանրության շրջանում։ Ի՞նչ պատիժ է սահմանվել նրա համար։
-Արարքը, իհարկե, ցնցել էր հասարակությանը։ Այրվել էր Ճապոնիայի ամենահայտնի եւ ամենագեղեցիկ տաճարներից մեկը։ Հայաշի Շոկենին ձերբակալում են։ Պարզվում է, որ նա տառապում է շիզոֆրենիայով։ Մայրը վերջ է տալիս կյանքին՝ գնացքից նետվելով Հոձու կիրճը։ 1950 թ․ դեկտեմբերի 28-ին Կիոտոյի շրջանային դատարանը Հայաշի Շոկենին դատապարտում է յոթ տարվա ազատազրկման, բայց բանտում տուբերկուլյոզը եւ շիզոֆրենիան խորանում են, նրան տեղափոխում են հիվանդանոց, որտեղ էլ 1956 թ․ մարտի յոթին 26 տարեկան հասակում կնքում է իր մահկանացուն։
Մոր եւ որդու գերեզմանները գտնվում են Մաիձուրու քաղաքում՝ Յասուոկայում, եւ նրանց շիրիմներն այժմ էլ պատվում են թարմ ծաղիկներով։
-«Քո ներսում լինի, թե դրսում, ում որ պատահես՝ սպանիր իսկույն։ ...Հանդիպես Բուդդային՝ սպանիր Բուդդային, հանդիպես նահապետին՝ սպանիր նահապետին...»։ Այս մտքերը նրան օգնում են ավարտին հասցնել իր երազանքը՝ այրել տաճարը։ Գիրքը նաեւ կրոնակա՞ն ենթատեքստ ունի։
-Իրադարձությունները տեղի են ունենում Կիոտոյի Ոսկե տաճարում՝ Քինկակուջիում։ Բնականաբար, վեպում արտացոլվում են նաեւ բուդդայական ուսմունքը, աշխարհայացքն ու մշակույթը։ «Հանդիպես Բուդդային՝ սպանիր Բուդդային»․ խոսքն այստեղ, իհարկե, մարդասպանության մասին չէ, այլ բաց թողնելու։ Թողնել կապվածությունը, համոզմունքները, հեղինակություններին, այն ամենը, ինչ մարդը սովորել է, ինչին հավատում է, ինչը կաշկանդում է իրեն, կապանքների մեջ է պահում եւ դրանով տառապանք պատճառում։ Դժվար է հրաժարվել կամ բաց թողնել այն, ինչը կյանքի ընթացքում ձեւավորել է մարդուն, նրա բնավորությունը, արժեհամակարգն ու աշխարհայացքը։ Բայց կապվածությունը տառապանքի պատճառն է։ Դրա համար էլ կտրուկ ասվում է՝ «սպանի՛ր», եւ այնժամ ազատություն ձեռք կբերես, կդառնաս անկախ եւ ինքնաբավ, կձերբազատվես նյութականից եւ լուսավորության կհասնես։
-Ի՞նչ կասեք «Ոսկե տաճարը» վեպի լեզվի, ոճի, գեղարվեստական առանձնահատկության, նաեւ թարգմանության ընթացքի մասին։
-Իմ կարծիքով, «Ոսկե տաճարի» լեզուն անթերի է ու կատարյալ։ Կարդալիս գեղագիտական հաճույք ես ստանում, սուզվում Ճապոնիայի պատմության, կրոնի, ճարտարապետության, արվեստի, մշակույթի, փիլիսոփայության խոր եւ բազմաշերտ աշխարհը։ «Ոսկե տաճարը» դժվարըմբռնելի է հենց իրենց՝ ճապոնացիների համար։ Այնպես որ, այս վեպը հատկապես դժվար էր թարգմանել։

Լուսանկարը` անձնական արխիվ
Նախ՝առանձնահատկություններից մեկն այն է, որ Միշիմայի նախադասությունները բարդ են ու երկար։ Մինչեւ հասնում էի նախադասության վերջին, խճճվում էի, մոռանում, թե ինչ էր գրված սկզբում։ Բայց համառորեն հավատարիմ մնացի հեղինակի ոճին, հնարավորինս չկտրեցի եւ չպարզեցրի նախադասությունները։ Վեպը, ինչպես ասացի, բազմաշերտ է։ Այստեղ ներկայացված են նաեւ մեր մշակույթին խորթ ու անծանոթ տարրեր։ Սա դժվարացնում էր թարգմանությունը, քանի որ չունենք դրանց համարժեքը մեր լեզվում։ Թարգմանելիս հասկացա նաեւ, որ այս գիրքը խորապես հասկանալու համար գիտելիքի որոշակի պաշար է պետք։ Ես ինքս զուգահեռ ուսումնասիրում էի, շատ էի կարդում ու նոր բաներ հայտնաբերում ինձ համար։ Ցավոք, հնարավոր չէր այդ ամենը ներառել գրքում, այլապես ծանոթագրությունները վեպի էջերի չափ շատ կլինեին։ Ինչեւէ, «Ոսկե տաճարը» չի կորցնում իր գրավչությունը՝ անկախ նրանից՝ ընթերցողն ունի՞այդ պաշարը, թե՞ոչ։ Բացի դրանից, հիմա համացանցով կարելի է գտնել ցանկացած տեղեկություն, այնպես որ, եթե որեւէ մեկի մտքում հարց առաջանա, կարող է ինքն էլ փորփրել եւ գտնել իրեն հուզող հարցերի պատասխանները։
Ինչպես ասացի, «Ոսկե տաճարը» դժվար վեպ է, կարող եմ նաեւ վստահորեն հավելել, որ այն հայերենացնելու աշխատանքը չէր հաղթահարվի, եթե խմբագիրը Զավեն Բոյաջյանը չլիներ։
Արմինե Սարգսյան
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: