Կավաբատայի «Լեռան ձայնը» եւ զուգահեռները Ճապոնիայի եւ Հայաստանի միջեւ - Mediamax.am

exclusive
2165 դիտում

Կավաբատայի «Լեռան ձայնը» եւ զուգահեռները Ճապոնիայի եւ Հայաստանի միջեւ


Լուսանկարը` Kibayashi

Յասունարի Կավաբատան 1969 թվականին
Յասունարի Կավաբատան 1969 թվականին

Լուսանկարը` Յուսուֆ Քարշ

Լիլիթ Խանսուլյանը
Լիլիթ Խանսուլյանը

Լուսանկարը` անձնական արխիվ

Լուսանկարը` Անտարես


«Անտարես» հրատարակչությունը ներկայացնում է ճապոնացի գրող Յասունարի Կավաբատայի «Լեռան ձայնը» վեպը՝ գրված 1953 թվականին։ Ճապոներենից թարգմանությունը Լիլիթ Խանսուլյանին է։

 

Յասունարի Կավաբատան 1968 թվականին  արժանացել է Գրականության Նոբելյան մրցանակի։ 1974-ից Ճապոնիայում շնորհվում է Կավաբատայի անվան գրական ամենամյա մրցանակ։

 

Մեդիամաքսի զրուցակիցը Լիլիթ Խանսուլյանն է։

 

- «Լեռան ձայնը» վեպն առաջին անգամ հայերեն թարգմանվել էր 1981-ին՝ ռուսերենից։ Ծանո՞թ եք այդ հրատարակությանը, շա՞տ է տարբեր բնագրային թարգմանությունից։

 

- Այո, կարդացել եմ։ Գեղեցիկ եւ  քնքուշ թարգմանություն է, բայց բնագրից որոշակի շեղումներ էլ կան: Նախ տարբերվում է վերնագիրը։ Ռուսերեն թարգմանել էին «Стон горы», այստեղից էլ՝ «Լեռան հառաչանքը»։ Իհարկե, ավելի գեղեցիկ ու քնարական է հնչում, ավելի հրապուրիչ է ընթերցողի համար, բայց ես նախընտրեցի հավատարիմ մնալ գրողին եւ երանգ չհաղորդել վերնագրին, քանի որ չեմ կարող վստահ ասել, թե ինչ ձայն ունի լեռը։ Բացի այդ, Կավաբատայի լեզուն այնքան սիրուն ու դյութիչ է, որ ընթերցողին վերնագրով գրավելու կարիք չկա։ Տարբերություններ կան նաեւ  երկխոսություններում, բայց ես թարգմանչին լավ եմ հասկանում, քանի որ հաճախ իրոք դժվար էր ճիշտ ըմբռնել միտքն ու նրբերանգները: Եթե չլիներ ամուսնուս օգնությունը, որը ճապոնացի է, հնարավոր է, ինձ էլ չհաջողվեր վերլուծել իրավիճակը։

 

- Տպավորություն ունեի, որ կարդում եմ մեր ժամանակների մասին։ Գուցե որովհետեւ  ճապոնական իրականությունն այնքան ծանոթ չէ, որ ժամանակների տարբերությունը նկատելի լիներ։ Իբրեւ օրինակ. արտամուսնական կապից ծնված երեխայի ու նրա մոր դժբախտ լինելը գրքում ներկայացվում է որպես անխուսափելի «դատավճիռ»։ 21-րդ դարում գրված վեպում կլինե՞ր նման մոտեցում։

 

 - Քանի անգամ ճապոնացիներից լսել եմ, որ Հայաստանը կարծես քառասուն-հիսուն տարի առաջվա Ճապոնիան լինի։ Հիմա Ճապոնիան, ինչպես գիտեք, աշխարհի զարգացած երկրներից մեկն է։ Ինչ վերաբերում է արտամուսնական կապից ծնված երեխայի ու նրա մոր դժբախտ լինելու մտածելակերպին, հնարավոր է, հիմա երեւույթի հանդեպ հասարակության մոտեցումը փոխված լինի, բայց դրանից երջանկությունը չի ավելանա կամ պակասի։

Լուսանկարը` Անտարես

Սովորաբար միայնակ մայրը ստիպված է ուժեղ լինել իր համար առանց այն էլ խոցելի շրջանում, միանգամից ստանձնել դերեր, որոնք նախատեսված են առնվազն երկուսի համար։ Երեխան էլ իր հերթին զգալիորեն զրկանքներ է կրում: Օրինակ՝ մայրիկի հետ քիչ ժամանակ է անցկացնում, ավելի քիչ հոգատարություն ու քնքշանք է ստանում, ինչը շատ կարեւոր է երեխայի համար եւ ամուր հիմք է ծառայում հետագա կյանքը կառուցելու գործում։ Շինգոյի դուստրը՝ Ֆուսակոն, հեռացել է ամուսնուց եւ երկու երեխայի հետ հայրական տուն վերադարձել։ Շինգոն նրա համար էլ է մտահոգվում։ Կուզեի մեջբերել այս արտահայտությունը. «Մեծացնելու հոգսը դեռ ոչինչ, բայց Ֆուսակոյիու թոռների հետագա երջանկությունն արդեն իսկ կիսով չափ կորած է։ Եվ այնուամենայնիվ՝ մի՞թե Շինգոն է պատասխանատու լինելու նրանց բախտի համար»։

 

Ցավոք, ժամանակի պակասի պատճառով չեմ հասցնում հետեւել, թե 21-րդ դարի գրականությունում ինչպիսի մոտեցում է ցուցաբերվում, բայց ենթադրում եմ, որ տեսանկյունը փոխված կլինի։

 

Իմ կարծիքով՝ խնդիրը արդիական է բոլոր ժամանակներում, բայց երջանկությունը կախված է ոչ թե իրավիճակից, այլ իրավիճակի հանդեպ մեր մոտեցումից։

 

- Ամուսինների՝ միասին մեռնելու որոշումը (ինչի մասին գրում են թերթերը) խոսում է ամուսնական կյանքը կարեւորելո՞ւ մասին։ Մանավանդ որ այս տեղեկությունը քննարկվում է մի ընտանիքում, ուր ամեն ինչ այնքան էլ հարթ չէ։

 

- Այդ ամուսինների մասին միայն մի փոքրիկ հոդված է տեղադրված թերթում եւ  դժվար է ասել, թե ի՞նչն է դրդել կնոջն ամուսնու հետ վերջ տալ կյանքին։ Եվ այստեղ Շինգոյին հետաքրքրում է ոչ թե միասին մեռնելու փաստը, այլ այն, որ ամուսինը գրություն է թողել երկուսի փոխարեն։ Շինգոյին հետաքրքիր է, թե ինչո՞ւ կինը նամակ չի թողել եւ թույլ է տվել, որ ամուսինը թողնի վերջին խոսքն իր փոխարեն։ Նաեւ այս պատմության ֆոնին տեսնում ենք Շինգոյի կնոջ՝ Յասուկոյի, եւ  հարսի՝ Կիկուկոյի վերաբերմունքը եղելությանը, բացահայտում ենք, թե ինչ է կատարվում Կիկուկոյի ներսում։

 

- Վեպում առկա է «արգելված» սիրո թեման։ Կիկուկոն ասում է ամուսնու հորը՝ Շինգոյին. «Մի՞թե ես ազատ եմ», որը եւ ՛ հարց է, եւ ՛ պատասխան։ Ի՞նչ է ուզում ասել Կավաբատան, որ պետք է ընտրել ազատությո՞ւնը, թե՞ ճանաչել ազատության սահմանը։

 

- Կդժվարանամ պատասխանել այս հարցին, քանի որ պարզ չէ, թե ի՞նչ նկատի ուներ Շյուիչին՝ ասելով Շինգոյին, որ Կիկուկոն ազատ է։ Միգուցե նկատի ուներ, որ Կիկուկոն ազատ է հենց իրենից՝ Շյուիչիից։ Պատերազմից հետո Շյուիչին այլեւս ուրիշ մարդ է, եւ  դա ազդում է ընտանեկան հարաբերությունների վրա։ Կիկուկոն նույնիսկ ասում է Շինգոյին, որ վախենում է Շյուիչիից։ Միգուցե ազատ է, որովհետեւ չի եղել պատերազմի ճիրաններում, եւ պատերազմի հիշողությունները չեն հետապնդում իրեն։ Կամ միգուցե ցանկանում է, որ Կիկուկոն ավելի ազատ ու կայացած լինի, ինչպես իր սիրուհին՝ Կինուկոն։ Ո՞վ գիտի։

 

- «Իսկ միգուցե հիմա էլ է մեզ մի նոր պատերազմ հետապնդում։ Միգուցե մեր ներսում մնացած նախորդ պատերազմը ուրվականի պես հետամտում է մեզ». Շինգոյի որդու՝ Շյուիչիի խոսքերն են։ Անուղղակի ակնարկ է այն մասին, որ անցյալը մշտապես ուղեկցում է մարդուն։ Թեեւ գրքում ուղիղ իմաստով մշտակա են պատերազմն ու դրա հետեւանքները։

 

- Շյուիչին ապրել է պատերազմի ահն ու սարսափը, ու թեպետ տուն է վերադարձել, նրա հոգին վիրավոր է։ Ընտանիքի առաջ նա ցույց չի տալիս իր ապրումները, բայց սփոփանք է փնտրում Կինուկոյի մեջ, նրա տանը հարբում ու վայրագություններ է անում։

Յասունարի Կավաբատան 1969 թվականին Յասունարի Կավաբատան 1969 թվականին

Լուսանկարը` Յուսուֆ Քարշ

Իրադարձությունները տեղի են ունենում հետպատերազմյան Ճապոնիայում, ու թեեւ  գլխավոր թեման Շինգոն ու նրա ընտանիքն են, տարբեր պատմությունների միջոցով բազմիցս հանդիպում ենք պատերազմի թողած ցավին, տառապանքին ու ջարդված ճակատագրերին։

 

- Երազում հերոսը իրականության շարունակությունն է տեսնում։ Շատ բան ասվում է կենցաղի ու բնության մասին պարզ զրույցներում։ Սրանք ոճայի՞ն առանձնահատկություններ են։

 

- Կավաբատայի գործերում մեծ տեղ է գրավում ենթատեքստը, թերասացությունը, շատ բաներ թողնում է անավարտ՝ ստիպելով ընթերցողին աշխատեցնել երեւակայությանը։ Կավաբատան մեծ հմտությամբ այնպիսի մթնոլորտ է հյուսում, որում երկար նկարագրություններ հարկավոր չեն, եւ ընդամենը մի կարճ երկխոսությունն իր մեջ խոր բովանդակություն է պարփակում։

 

- Գրողի կենսագրության հետքերը կարո՞ղ ենք փնտրել գրքում։

 

- Չեմ կարող հստակ ասել, քանի որ նման տեղեկատվության որեւէ տեղ չեմ հանդիպել։ Բայց Կավաբատան չորս տարեկանում կորցրել է ծնողներին, նրան մեծացրել են տատիկն ու պապիկը։ Երբ յոթ տարեկան էր, մահանում է տատիկը, իսկ պապիկին կորցնում է տասնհինգ տարեկանում։ Սա, իհարկե, ազդեցություն է թողել նրա ստեղծագործական կյանքի վրա, եւ մահվան, որբության, մենակության թեման մեծ տեղ է գրավում նրա ստեղծագործություններում։

Լիլիթ Խանսուլյանը Լիլիթ Խանսուլյանը

Լուսանկարը` անձնական արխիվ

Կավաբատան մահացել է 1972-ին։ Հայտնի չէ՝ մահվան պատճառը ինքնասպանությո՞ւնն է, թե՞ դժբախտ պատահարը...

 

- Գիրքը ավարտվում է ու կարծես չլուծված են մնում խնդիրները։

 

- Կավաբատան հաճախ էր իր պատմությունները չհանգուցալուծված թողնում, ինչը երբեմն ջղայնացնում էր ընթերցողներին։ Նա ավելի շատ կարեւորում էր ստեղծված իրավիճակի, նրբերանգների նկարագրումը, քան դրանց լուծումը։ Հեղինակն իր ոճը համեմատում էր ճապոնական պոեզիայի ժանրերից մեկի՝ հայկուի հետ։

 

Արմինե Սարգսյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին