«Գեներալն իր լաբիրինթոսում». Բոլիվարի անհայտ եւ ողբերգական 14 օրերը - Mediamax.am

exclusive
2260 դիտում

«Գեներալն իր լաբիրինթոսում». Բոլիվարի անհայտ եւ ողբերգական 14 օրերը


Գեներալն իր լաբիրինթոսում, Գրքի կազմը
Գեներալն իր լաբիրինթոսում, Գրքի կազմը

Լուսանկարը` Անտարես

Կառա Չոբանյանը
Կառա Չոբանյանը

Լուսանկարը` անձնական արխիվից


Գաբրիել Գարսիա Մարկեսի «Գեներալն իր լաբիրինթոսում» վեպը լատինամերիկյան զինվորական եւ պետական գործիչ Սիմոն Բոլիվարի Մագդալենա գետով վերջին ուղեւորության մասին է։ Լույս է ընծայել «Անտարես» հրատարակչությունը։

 

Մեդիամաքսը զրուցել է գրքի թարգմանչի՝ Կառա Չոբանյանի հետ։

 

- Մարկեսը հսկայածավալ աշխատանք է արել՝ Բոլիվարի մասին բազմապիսի տեղեկություններ հավաքելու համար։ Վեպն առավել հետաքրքրաշարժ է դարձնում հենց պատմակա՞ն հիմքը։

 

- Այն, որ վեպի հեղինակը Մարկեսն է, XX դարի ամենաշատ ընթերցվող ու քննարկվող մեծագույն գրողը, արդեն իսկ հետաքրքրաշարժ է: Իսկ երբ այդ գրողն անդրադառնում է Նապոլեոնից հետո եղած ամենամեծ զորավարին եւ առաջնորդին՝ Սիմոն Բոլիվարին, առավել հետաքրքրաշարժ է: Ուզում եմ ասել, որ ավելի շատ ոչ թե պատմական հիմքն է կարեւոր, այլ հենց Բոլիվարի կերպարը:

 

- Գեներալը Մանուելային գրում է․ «Ապագայում դու մենակ կլինես, թեեւ ամուսնուդ կողքին, իսկ ես մենակ կլինեմ ամբողջ աշխարհում»։ Մարկեսի «Նահապետի աշունը» վեպը բնորոշել եք՝ պոեմ բռնակալի եւ նրա մենության մասին։ Այս գրքում նո՞ւյնպես առկա է մենության թեման։

 

- Մարկեսն ինքն է իր հարցազրույցներից մեկում ասել, որ իր բոլոր գործերը մենության մասին են, քանզի մարդը միշտ է մենակ: Բայց եթե նույնիսկ հեղինակը դա ասած էլ չլիներ, կամ ընթերցողը չիմանա դրա մասին, միեւնույն է, անպայման կզգա Բոլիվարի մենությունը: Որքան էլ, որ գեներալը շրջապատված է հավատարիմ բարեկամների փոքրաթիվ շքախմբով եւ իրեն անմնացորդ նվիրված Խոսե Պալասիոսի հոգատարությամբ, նա միայնակ է: Միայնակ է, քանի որ մտերիմներից ոչ ոք նույն խորությամբ չի զգում մեծ ու հզոր Ամերիկա ստեղծելու նրա փլված երազանքների ցավը: Նրանք կարծես ոչ թե փայփայել են նույն երազանքը, այլ պարզապես վստահում են Բոլիվարին եւ նվիրված են նրան: Միայնակ է, քանի որ դավաճանել են նախկին զինակիցները եւ դավադրություն կազմակերպել նրա դեմ: Ամենասիրելի եւ վստահելի գեներալը՝ Սուկրեն, որի վրա դրել էր վերջին հույսը, մերժել է նախագահի թեկնածության առաջարկը հանուն իր նորաստեղծ ընտանիքի, իսկ հետո սպանվել:

 

Միայնակ է, քանի որ կողքին չէ Մանուելա Սաենսը, որին որքան էլ որ նվիրված չէր, համենայն դեպս միակ կինն է եղել նրա կյանքում, որի հետ տեւական հարաբերություններ է ունեցել: Միայնակ է ի վերջո իր տկարության եւ օր օրի սաստկացող մարմնական ցավերի մեջ:

 

- «Չորս անգամ կտրել էր Ատլանտյան օվկիանոսը եւ ձիով ավելի շատ ազատագրված տարածքներ անցել, քան որեւէ մեկը կանի երբեւէ, եւ երբեք կտակ չէր գրել՝ շատ արտասովոր բան այդ դարաշրջանի համար։ «Ես որեւէ բան չունեմ որեւէ մեկին թողնելու»,- ասում էր»։ Շատ են նման հետաքրքիր պատմությունները, ու կարծես դժվար է զանազանել առասպելի, պատմական փաստի ու գրական հորինվածքի սահմանը։

 

- Մարկեսն ինքն է իր «Երախտիքի խոսք»-ի մեջ նշում, որ սկզբում պատմական փաստերը քիչ են հետաքրքրել նրան, եւ քանի որ քիչ բան էր հայտնի Բոլիվարի վերջին ուղեւորության 14 օրերի մասին, նա ազատ էր հորինելու, բայց, այնուամենայնիվ, ստիպված է եղել ուսումնասիրելու գեներալի ապրելակերպը եւ աստիճանաբար խորացել է ուսումնասիրությունների մեջ, որը տեւել է երկու տարի: Իսկապես դժվար է զանազանել առասպելի եւ իրականության սահմանները, բայց այդ երկար ուսումնասիրություններից, ճշգրտումներից հետո Մարկեսը չէր կարող աղավաղել պատմական հայտնի փաստերը: Ինքս շատ բան չգիտեմ Բոլիվարի մասին, քան Վիքիպեդիայի իսպաներեն հոդվածը, որը բավականին ծավալուն է, եւ համեմատել եմ փաստերը վեպի հետ: Հարուստ ընտանիքի զավակը, իր ազատագրած Կոլումբիայի նախագահ, Պերուի դիկտատոր դարձած գեներալն իսկապես շատ քիչ բան ուներ հարազատներին՝ քույրերին, եղբոր որդուն եւ Խոսե Պալասիոսին թողնելու, պետությունից երբեք փող չէր վերցրել, իր ունեցածը վատնել էր ազատագրական պատերազմներում:

Կառա Չոբանյանը Կառա Չոբանյանը

Լուսանկարը` անձնական արխիվից

Բոգոտայից հեռանալիս նա իսկապես ունեցել է ընդամենը 17000 պեսո, ինչպես պատմում է Մարկեսը, որն իր արծաթե ճամպրուկի, հրաշալի ձիերի եւ մի քանի զարդերի վաճառքի արդյունքում էր հավաքվել: Թերեւս հորինված լինեն առանձին խոսակցություններ, երկրորդական դրվագներ ու կերպարներ, ոչ ավելին, քանի որ Բոլիվարն իրոք առասպելական կերպար է եղել, եւ իզուր չէ, որ Լատինական Ամերիկայի շատ երկրներում է համարվում ազգային հերոս:

 

- Խոսե Պալասիոսը հաճախ կրկնում է. «Թե ինչ է մտածում տերս, միայն տերս գիտի»։ Բոլիվարի առասպելական կերպարը բացահայտելուն զուգընթաց Մարկեսը գուցե փոխանցում է նաեւ ա՞յդ համոզմունքը։

 

- Խոսե Պալասիոսը անուսում եւ հասարակ մարդ էր՝ անչափ նվիրված գեներալին, բայց շատ հեռու նրա քաղաքական ծրագրերից ու մտադրություններից: Նա կարող էր հաճախ կրկնել այդ միտքը, բայց չեմ կարծում, թե Մարկեսը դրանով որեւէ բան է ավելացնում գեներալի կերպարին: Որքան էլ հակասական է եղել Բոլիվարի կերպարը, իր ազատագրական պայքարը սկսելու պահից նա միշտ հստակ իմացել է, թե ինչ է մտածում եւ ինչ է ցանկանում՝ ազատագրել ամբողջ իսպանական Ամերիկան, ստեղծել ԱՄՆ-ի նման մեծ, միացյալ, հզոր ու ամուր դաշնային պետություն: Պարզապես մենք հանդիպում ենք նրան իր կյանքի ամենաողբերգական պահին՝ երազանքը փլված, հիվանդ ու լքված, խճճված մի լաբիրինթոսում, երբ դեռ լիովին չի կորցրել հույսը, բայց առողջական վիճակը թույլ չի տալիս որեւէ բան անել, երբ չգիտի՝ հեռանա՞ իր ազատագրած հայրենիքից, թե՞ մնա:

 

- Գեներալն ընդունում է իր հասցեին արված մեղադրանքները եւ ասում, որ այդ ամենն արել է միասնական ու անկախ երկիր ստեղծելու համար։ Նրա նույնիսկ կյանքի վերջում գրած նամակը մեկ նպատակ ունի՝ փրկել երկիրը անարխիայի սարսափներից։ Վեպի առանցքում մեծ առաջնորդն է, նրա երազանքն ու նրա ժամանա՞կը՝ չնայած «Բոլիվարի իրական քաղաքական մտածելակերպի վերաբերյալ նրա ամբողջ աղաղակող հակասություններին»։

 

- Մի հարցազրույցում Մարկեսն ասում է, որ հաճախ զարմանում է իր գործերի վերլուծությունների վրա, որովհետեւ հաճախ ասվում են այնպիսի բաներ, որ ինքն ամենեւին նկատի չի ունեցել կամ այլ բան է ցանկացել ասել, բայց ինքը երբեք չի ճշգրտում, չի հակադարձում, իր համար հետաքրքիր է դա, եւ թողնում է, որ ամեն մեկն իր ցանկացած ձեւով ընկալի դրվագը կամ գործն ամբողջությամբ: Եթե Դուք այդպես եք ընկալել վեպը, Մարկեսը Ձեզ լիովին տվել է այդ ազատությունը:

Գեներալն իր լաբիրինթոսում, Գրքի կազմը Գեներալն իր լաբիրինթոսում, Գրքի կազմը

Լուսանկարը` Անտարես

Իմ ընկալածն այն է, որ Բոլիվարն այնքան մեծ կերպար է, որ շատ գրողներ կցանկանային գրել եւ գրել են նրա մասին, եւ ինչպես խոստովանում է Մարկեսն իր «Երախտիքի խոսք»-ում՝ Ալվարո Մուտիսն է հղացել միտքը՝ գրել Մագդալենա գետով Սիմոն Բոլիվարի վերջին ուղեւորության մասին, իսկ երբ տասը տարի անց չի իրագործել իր մտադրությունը, Մարկեսը խնդրել է իրեն նվիրել այդ միտքը: Կարծում եմ, որ նրան գրավել է ոչ թե մեծ առաջնորդին ներկայացնելու միտքը, քանի որ իրենից առաջ արդեն շատերն էին դա արել, այլ բացահայտելը այն անհայտ, ողբերգական, մենավոր տասնչորս օրերը եւ Բոլիվարին ներկայացնել հենց այդ օրերին միջոցով:

 

- Պատմեք թարգմանության ընթացքի մասին:

 

- «Նահապետի աշունը» վեպից հետո չեմ կարող ասել, թե գործը բարդ էր թարգմանության առումով, բայց թերեւս ոչ մի գործ այնքան ծանր ապրումներով չեմ թարգմանել, ինչպես այս մեկը: Մյուս վեպերում ծանր, ողբերգական իրավիճակներն ընդմիջվում են ուրախ ու զվարճալի իրավիճակներով կամ գեղեցիկ նկարագրություններով, եւ հասցնում եմ շունչ քաշել: Նույնիսկ «Նահապետի աշուն»-ն ու Աստուրիասի «Պարոն Նախագահ»-ը թարգմանելիս, որոնք, ըստ էության, շատ ծանր ու դաժան գործեր են, երբեմն չեզոք դրվագներ են եղել, հաջողվել է շունչ քաշել:

 

 

Այստեղ չի հաջողվել եւ ոչ մի ակնթարթ, քանի որ նույնիսկ գեղեցիկ հուշերն էին ցավ պատճառում, երբ գիտակցում էի, որ դրանք հուշեր են լոկ, իսկ ներկան բոլորովին այլ է: Իսկ ամենագլխավոր պատճառն այն է, որ ինչքան էլ ես հերոսներին իրական եմ պատկերացնում, համենայն դեպս ենթագիտակցությանս մեջ գիտեմ, որ դրանք հավաքական կերպարներ են, իսկ այս վեպի հերոսը չափազանց իրական է, պատմական, հայտնի, փառքի գագաթնակետին հասած հզորագույն այր՝ հայտնված ողբերգական վիճակում:

 

Արմինե Սարգսյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին