«Նահապետի աշունը»՝ պոեմ բռնակալի եւ նրա մենության մասին - Mediamax.am

exclusive
10173 դիտում

«Նահապետի աշունը»՝ պոեմ բռնակալի եւ նրա մենության մասին


Գաբրիել Գարսիա Մարկեսը
Գաբրիել Գարսիա Մարկեսը
Կառա Չոբանյանը
Կառա Չոբանյանը

Լուսանկարը` անձնական արխիվից

Լուսանկարը` Անտարես

Գաբրիել Գարսիա Մարկեսը
Գաբրիել Գարսիա Մարկեսը

«Անտարես» հրատարակչությունը լույս է ընծայել Գաբրիել Գարսիա Մարկեսի «Նահապետի աշունը» վեպը: Իսպաներենից գիրքը թարգմանել է Կառա Չոբանյանը:

 

Ինչպես նշվում է գրքի անոտացիայում`մոգական ռեալիզմի շնչով հագեցած այս կոթողային գործը ասք է, արձակ պոեմ, բազմաձայն մենախոսություն բռնակալի եւ նրա մենության մասին:

 

2000 թվականին «Նահապետի աշունը»  հայերեն հրատարակվել էր Ռուբեն Հովսեփյանի թարգմանությամբ: Թարգմանությունն արվել էր ռուսերենից:

 

- Ինքս առաջին անգամ շատերի նման կարդացել եւ հիացել եմ վեպով լուսահոգի Ռուբեն Հովսեփյանի թարգմանությամբ, հետո նոր միայն բնագրով,- ասում է Կառա Չոբանյանը,- եւ պատասխանատվությունս շատ մեծ էր նրա առաջ: Այնպես պիտի թարգմանեի, որ Ռուբեն Հովսեփյանը ինձ չասեր՝ եթե սա պիտի լիներ արածդ գործը, ի՞նչ կարիք կար բնագրից թարգմանել, եթե ես արդեն մի փայլուն թարգմանություն արել էի, թող որ ռուսերենից: Ափսոս, որ չհասցրեց տեսնել:

 

- Ինչո՞վ է առանձնանում  նոր թարգմանությունը, ի՞նչ տարբերություններ է տեսնելու ընթերցողը:

 

- Տարբերությունները շատ-շատ են: Ես իմ թարգմանությունը նախադասություն առ նախադասություն  համեմատել եմ հայերեն եւ ռուսերեն թարգմանությունների հետ:

 

Ռուբեն Հովսեփյանը շատ բարեխիղճ, տեքստին հավատարիմ, փայլուն թարգմանություն է արել ռուսերենից: Չկա ոչ մի շեղում տեքստից՝ ավելացնել, պակասեցնել, նախադասությունը շրջել եւ այլն: Միակ տարբերությունն այն է, որ, բնագրին ծանոթ չլինելով, Ռուբեն Հովսեփյանը գրողական հոտառությամբ զգացել է, որ վեպի միջավայրին ավելի համահունչ են խոսակցական, բարբառային, հնաոճ բառերը, եւ շատ հաճախ ռուսերեն  հասարակ բառերի փոխարեն նման հոմանիշների է ընտրել: Այն, ինչ ասելու եմ, չի վերաբերում Ռուբեն Հովսեփյանի կատարած աշխատանքին, այլ միմիայն ռուսերեն թարգմանությանը:

Լուսանկարը` Անտարես

Ռուս թարգմանիչը ուղղակի խեղդել է Մարկեսին: Կան բաց թողնված հատվածներ,  գռեհկաբանությունները մեղմացվել են,  էրոտիկ տեսարանները` հանվել: Հասկանում եմ, որ խորհրդային շրջան էր, եւ նման բաներն անթույլատրելի էին գրականության մեջ, բայց դրանք չեն ամենագլխավորը թերությունը: Մարկեսն իր այս գործը գրել է այնպիսի մի ոճով, որը նման չէ նույնիսկ իր մյուս ստեղծագործությունների ոճին, եւ որին շատ դժվար է, որեւէ անուն տալ: Վեպում նախադասությունները սկսվում եւ չեն ավարտվում, երբեմն անցնելով 20 էջի սահմանները: Ամբողջ ստեղծագործությունը ունի մի քանի պարբերություն եւ ընդամենը 126 նախադասություն: Ռուսերեն թարգմանության մեջ դա չեք տեսնի: Ընդհանուր առմամբ նախադասությունները երկար են, բայց հազվադեպ է վերջակետը դրված այնտեղ, որտեղ Մարկեսն է դրել: Այսինքն` չի պահպանվել այս ստեղծագործության ամենաակնառու եւ գլխավոր յուրահատկություններից մեկը`սկսվող եւ չավարտվող նախադասությունները, որ շատ սահուն շաղկապված են եւ մինչեւ վերջակետը ոչ մի տեղ չեն տրոհվում:

 

Չեմ հասկանում` ռուս թարգմանիչը չի՞ կարողացել սահուն իրար միացնել նախադասությունները, թե՞ չի ցանկացել, թե՞ միտումնավոր է արել պարզապես այս բարդ ստեղծագործությունը ընթերցողի համար հեշտացնելու նպատակով, համենայն դեպս կամայական տեղերում վերջակետեր է դրել, իսկ նոր նախադասություն սկսելու համար հարկ է եղել նոր բառեր ներմուծել, որոնք բացակայում են բնագրում:

 

Կամ շատ հաճախ թարգմանիչը սկսում է բացատրություններ տալ, որոնց կարիքը բնավ չկա: Օրինակ՝ մի տեղ Մարկեսը շատ հակիրճ ասում է «հետագայում զորանոցի վերածված եկեղեցու պատի տակ»: Թարգմանության մեջ կարդում ենք. « ...զորանոցի պատի տակ: Այդտեղ մի ժամանակ եկեղեցի էր եղել, որը հետագայում զորանոցի էր վերածվել»: Մարկեսն օգտագործում է բարբառային, հնացած բառեր, որոնք հավանաբար իր տատից է լսել, եւ որոնք այժմ գործածությունից դուրս են եկել, չկան բառարաններում եւ անծանոթ են նույնիսկ կոլումբիացիներին: Ինքս մեծ դժվարությամբ, ֆորումներում հարց ու պատասխանների արդյունքում եմ գտել այդ բառերի բացատրությունը:

 

-Ի՞նչ դժվարություններ եք հաղթահարել երկարաշունչ նախադասությունները, տեքստում առկա հայհոյախոսությունները փոխանցելու համար:

 

- Հեշտ չի եղել, որովհետեւ հայերենի եւ իսպաներենի շարադասությունները տարբեր են գոյական-ածական, հատկացուցիչ-հատկացյալ դեպքում, եւ թարգմանելիս հաճախ կտրվում էր կապը հաջորդ նախադասության հետ: Իմ խնդիրն էր միաժամանակ պահպանել Մարկեսի ոճը, խոսքի տեմպը, ռիթմն ու հանգը՝ չկորցնելով նախադասությունների միջեւ եղած կապը: Իմ ստորակետն ու վերջակետը դրված են նույն տեղում, որտեղ դրել է Մարկեսը:

 

Երկար եմ կանգ առել այն հատվածում, երբ գեներալը այբուբենն է սովորում: Բնագրում տարբեր տառերի համար մանկական ոտանավորներից հատվածներ կամ առանձին նախադասություններ են բերված, որտեղ համապատասխան տառը հաճախ է կրկնվում: Բառացի թարգմանելու դեպքում անհասկանալի,անհեթեթ բան պիտի ստացվեր: Ի դեպ, ռուս թարգմանիչը բառացի է թարգմանել, եւ իրոք, անհասկանալի է, օրինակ, թե ինչու է ս տառը սովորելիս գեներալը այլ տառերով սկսվող մրգերի ու բանջարեղենների անուններ թվարկում: Ստիպված եմ եղել հանգավորված նախադասություններ հորինել, որտեղ հաճախ կրկնվի նույն տառը, բայց եւ միտքը շատ հեռու չլինի բնագրից, թեեւ այդ նախադասությունները ամենեւին կարեւոր չէին բուն տեքստի համար, ընդամենը պատկեր են ստեղծում, թե ինչպես է գեներալը մանկան պես կարդալ սովորում:

Կառա Չոբանյանը Կառա Չոբանյանը

Լուսանկարը` անձնական արխիվից

Ինչ վերաբերում է հայհոյանքներին, ոչ միայն այս վեպում, այլ առհասարակ իսպանալեզու գրականության մեջ սովորական են հայհոյանքը, գռեհկաբանությունը, բայց խնդիրն այն է, որ իսպաներենում բոլոր հայհոյանքները կարելի է գտնել բոլոր բառարաններում, իսկ հայերեն հայհոյանքները շատ գռեհիկ են եւ բառարանային չեն: Պետք էր գտնել ոսկե միջինը՝ մի բան, որը շատ մոտ լիներ բնագրին, բայց եւ չհասներ փողոցի մակարդակի:

 

-«Հարյուր տարվա մենությունը» համաշխարհային գրականության գլուխգործոցներից էր, ամենակարդացվող եւ թարգմանվող ստեղծագործություններից մեկը: Ի՞նչ արձագանք գտավ «Նահապետի աշունը»:

 

- Մարկեսն իր ամենակարեւոր ստեղծագործությունը համարել է «Նահապետի աշունը»: Բայց վեպի առաջին տպաքանակը նույն թափով չի սպառվել, ինչ «Հարյուր տարվա մենությունը», եւ դա Մարկեսին ցավ է պատճառել: 1982-ին գրականության ոլորտում Նոբելյան մրցանակը նրան տրվել է վեպերի եւ պատմվածքների համար, որոնցում երեւակայությունը եւ իրականությունը միախառնվելով՝ արտացոլում են մի ամբողջ մայրցամաքի կյանքը եւ կոնֆլիկտները։ Նոբելյան մրցանակը կոնկրետ ստեղծագործության համար չի տրվում, բայց բնորոշումից հասկացվում է, որ մրցանակը տրվել է «Հարյուր տարվա մենության» համար, եւ Մարկեսն այնքան է զայրացել դրանից, որ ցանկացել է ոչնչացնել «Հարյուր տարվա մենությունը», ինչը, իհարկե, անհնար էր:

 

Ինքս էլ վեպն առաջին անգամ կարդալուց հետո այնքան տպավորված եմ եղել, որ զարմացել եմ, թե ինչո՞ւ է «Հարյուր տարվա մենության» անունը թնդում ամբողջ աշխարհում, եթե Մարկեսն այսպիսի վեպ էլ է գրել, որ շատ ավելի հանճարեղ է ու հզոր թե՛ թեմայով, թե՛ մոգական ռեալիզմից էլ հեռուն գնացող գրական արժանիքներով, եւ այս գործն այնքան եմ կարեւորում, որ երբ մտածում եմ, եթե որեւէ մեկն ինձ երբեւէ հարցնի, թե ընթերցողին ի՞նչ խորհուրդ կտաս կարդալ, բայց միայն մի գրքի անուն կարող ես տալ, ես առանց տատանվելու հենց այս վեպի անունը կտամ:

 

-Բայց մի՞թե «Նահապետի աշունը» չի արտացոլում մի ամբողջ մայրցամաքի կյանքը եւ կոնֆլիկտները:

 

-Արտացոլում է, բայց ոչ այն համայնապատկերով եւ ընդգրկմամբ, ինչ «Հարյուր տարվա մենությունը»: «Հարյուր տարվա մենությունը», որքան էլ վերնագրում առկա է «մենություն» բառը, ավելի շատ արտացոլում է կյանքը, իսկ «Նահապետի աշունը» վեպում մենության գաղափարը շատ ավելի խորն է: Մարկեսը բռնակալի միջոցով խոսում է անհատի մենության մասին, եւ նրա բնորոշմամբ այս վեպը պոեմ է բռնակալի եւ նրա մենության մասին:

 

-Նահապետը մարմնավորում է Լատինական Ամերիկայի երբեւէ գոյություն ունեցած բռնակալների՞ն, թե՞ կոնկրետ կերպար կա հիմքում:

 

- Կոնկրետ կերպար չկա: Լատինական Ամերիկայի պատմությունը կարելի է ընդհանրացնել, որովհետեւ երկրների մեծ մասն անցել է նույն ուղիով: Եվրոպացիները գաղութացրել են, հետո սկսվել են ազատագրական շարժումներ, եւ արդյունքում իշխանության են եկել ազատագրողները`զինվորականները` հաստատելով ռազմական դիկտատուրա: Վեպում ոչ մի կոնկրետ երկիր չի նշվում: Նահապետին մարմնավորելիս Մարկեսը մի կերպարի մեջ խտացրել է ոչ միայն Լատինական Ամերիկայի գրեթե բոլոր երկրների բռնակալներին, այլեւ բռնակալներին առհասարակ, քանի որ բռնակալներն ամենուր եւ միշտ նույնն են:

Գաբրիել Գարսիա Մարկեսը Գաբրիել Գարսիա Մարկեսը

 

- Ի՞նչ կտա գիրքը հայ ընթերցողին:

 

- Վեպում արտացոլված իրականությունը անծանոթ չէ մեզ: Մեր տատերն ու պապերը, ծնողներն ապրել են ստալինյան բռնապետության օրոք: Մենք ինքներս այսօր ապրում ենք ժողովրդավարության շղարշով սքողված ավտորիտար երկրում: Մենք գիտենք, թե ինչ բան է բռնապետությունը, բայց մենք ամեն ինչ տեսնում ենք դրսից: Մարկեսը մեզ հնարավորություն է տալիս տեսնելու իրականությունը նաեւ ներսից, որի մասին մենք միայն ենթադրություններ կարող ենք անել: Մարկեսը մեզ ցույց է տալիս, որ բռնակալներն իրականում ողորմելի, վախկոտ, միայնակ մարդիկ են: Վեպն իր ամբողջ դաժանությամբ հանդերձ, ավարտվում է լավատեսությամբ: Նկատի չունեմ նահապետի մահը, որովհետեւ այն ընկալում եմ որպես բռնակալական մի ամբողջ դարաշրջանի ավարտ:  Մարկեսը հույս է տալիս, որ ինչ բռնապետություն էլ լինի, որքան էլ աշունը ձգվի, միեւնույն է, ցանկացած բռնապետություն ունենալու է իր վախճանը:

 

Արմինե Սարգսյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին