«Պարոն Նախագահ». բռնապետի նախատիպն ու դաժանության սահմանը - Mediamax.am

1710 դիտում

«Պարոն Նախագահ». բռնապետի նախատիպն ու դաժանության սահմանը


Միգել Անխել Աստուրիասի կիսանդրին
Միգել Անխել Աստուրիասի կիսանդրին
Միգել Անխել Աստուրիասի արձանը Գվատեմալայում
Միգել Անխել Աստուրիասի արձանը Գվատեմալայում
Կառա Չոբանյանը
Կառա Չոբանյանը

Լուսանկարը` անձնական արխիվ


«Զարկի՜ր, զարկա՜ն, զա՜նգը, զարհո՜ւր ահազանգը։ Ականջի խշշոցի նման աղոթքի մեջ երկար հնչում էր զարկերի ղողանջը՝լույսի կրկնակի խռովք ստվերում, ստվերի կրկնակի խռովք լույսի մեջ»։ Այս տողերով է սկսվում գվատեմալացի գրող, Նոբելյան մրցանակի դափնեկիր Միգել Անխել Աստուրիասի «Պարոն Նախագահ» վեպը, որը հայ ընթերցողին ներկայացնում է «Անտարես» հրատարակչությունը՝ Կառա Չոբանյանի բնագրային թարգմանությամբ։

 

Մեդիամաքսի զրուցակիցը Կառա Չոբանյանն է։

 

- «Պարոն Նախագահը», ով Աստուրիասի վեպում ներկայացվում է որպես անհայտ երկրի անանուն բռնապետ, իրականում, նախատիպ ունի։ Ի՞նչ ճանապարհ է անցել վեպը, ե՞րբ է հրատարակվել, արդյոք արգելքներ չե՞ն եղել։ Եվ, ո՞վ է իրականում բռնապետը։

 

- Վեպի իրադարձություններն իսկապես տեղի են ունենում անհայտ մի երկրում, նույնիսկ ակնարկ չկա, թե որտեղ է գտնվում այդ երկիրը, ի տարբերություն իմ թարգմանած բռնապետի մասին մյուս վեպի՝ Գարսիա Մարկեսի «Նահապետի աշնան», որտեղ նույնպես չի տրվում ոչ մի երկրի անուն, բայց գոնե ակնարկվում է, որ Նահապետը Կարիբյան ծովի ավազանի երկրներից մեկի բռնապետն է:

Աստուրիասն անհայտ է թողնում երկիրը, անուն չի տալիս Նախագահին, քանի որ վեպում նկարագրված դեպքերը կարող էին տեղի ունենալ ցանկացած բռնապետական երկրում, բայց բազմաթիվ ակնարկներ մատնացույց են անում, որ նախատիպը 1889-1920 թվականներին Գվատեմալան ղեկավարած բռնապետ Մանուել Էստրադա Կաբրերան է: Նա է իշխանության գալուն պես սկսել վերացնել, բանտերում տանջամահ անել իր բոլոր ընդդիմադիրներին: Էստրադա Կաբրերան է եղել կնամոլ. տարբեր կանանցից ունեցել է 14 երեխա՝ 7 աղջիկ, 7 տղա, որոնց բոլորի հայրությունն ընդունել է, բայց միայն երկուսն են օրինական կապից ծնվել: Էստրադա Կաբրերային են իշխանության օրոք մեծարել «Հայրենիքի Երախտավոր», «Ուսումնատենչ երիտասարդության Հովանավոր», «Անփոխարինելի» անուններով, ինչպես մեծարում են պարոն Նախագահին վեպում տեղ գտած մի ժողովի ընթացքում («կեցցե՜ Հանրապետության սահմանադրական պարոն Նախագահը, Հայրենիքի Երախտավորը, Ազատական մեծ կուսակցության Առաջնորդը, Հոգով Ազատականը եւ ուսումնատենչ երիտասարդության Հովանավորը…»): Այս ավելի քան պարզ ակնարկները չէի կարող վրիպել ոչ մի գվատեմալացու աչքից:

Կառա Չոբանյանը Կառա Չոբանյանը

Լուսանկարը` անձնական արխիվ

Աստուրիասն ուսանողական տարիքում վկա է եղել, թե ինչպես է տանջամահ արվել Նախագահի քաղաքական հակառակորդներից մեկը՝ հավատացած, թե կինն անհավատարիմ է եղել իրեն, եւ դեպքից ազդված 1920-ին գրել է անտիպ մի պատմվածք, որը հետագայում դարձել է այս ծավալուն վեպը: Վեպը գրել է 1923-1933 թվականներին, երբ Էստրադա Կաբրերան վաղուց պաշտոնանկ էր արվել, բանտարկվել եւ մահացել բանտում, բայց նրան հաջորդել էին այլ բռնապետներ, իսկ Աստուրիասն իր քաղաքական ընդդիմադիր հայացքների պատճառով վտարվել էր երկրից եւ 13 տարի չի կարողացել հրատարակել վեպը: Եվ միայն 1946-ին Մեխիկոյում վերջապես լույս է տեսնում վեպը:

 

- Չափազանցվա՞ծ, թե՞ ռեալիստական է պատումը։

 

- Գրական բոլոր ստեղծագործությունների հիմքում էլ իրական դեպքեր են ընկած, ինչպես այս վեպի դեպքում է: Պարզապես գրողն իր երեւակայությամբ կարող է գունազարդել դեպքերը, ավելի ընդգծված հատկություններ հաղորդել հերոսներին, իրականում իրար հետ ոչ մի առնչություն չունեցած իրողությունները հմտորեն միահյուսել մի պատմության մեջ: Այս վեպում ոչ միայն չափազանցված չէ պատումը, այլ ներկայացված է շատ փոքր մասն այն անմարդկային դաժանությունների, ինչին ունակ են բռնապետները:

 

- Գրքի սեղմագրում նշվում է, որ «Պարոն Նախագահը» բռնապետների թեմայով գրված լատինաամերիկյան կարեւորագույն վեպերից է, համաշխարհային գրականության առանցքային գործերից մեկը։ Այս եւ նման վեպերը կարո՞ղ են ինչ- որ բան փոխել քաղաքական դաշտում, հասարակության կյանքում։

 

- Գրականությունն, իհարկե, կրթում է անհատին, ավելի լայնախոհ դարձնում: Գրականության միջոցով անհատը կարող է նաեւ փորձ ձեռք բերել, դասեր քաղել այլոց օրինակներից չկրկնելու համար նույն սխալները, բայց, ցավոք, միայն անհատը: Ամբողջ հասարակությունը չէ, որ գրականություն է կարդում, որպեսզի այդ գրականությունն ի զորու լիներ փոխելու կյանքը եւ քաղաքական դաշտը: Եթե ի զորու լիներ, վաղուց արդեն բռնապետներ չէին լինի աշխարհում, բայց բոլորս էլ գիտենք, որ հենց հիմա՝ մեր օրերում էլ կան բռնապետներ ու բռնապետություններ եւ ոչ միայն Լատինական Ամերիկայում:

 

- Վեպի առանցքում պարոն Նախագահն է, իշխանության ավերիչ ուժն ու անհատի ողբերգությունը, բայց մշտակա է նաեւ ամեն բան վերափոխող սերն ու հավատարմությունը։ Պատահական չէ, որ մի ողբերգությունը հաջորդում է մյուսին, բայց կարծես ամենահուզիչը բանտարկված տղամարդն է, ով մեռնում է գիտակցմամբ, որ կինն անհավատարիմ է եղել իրեն։

 

- Այնքան ողբերգություններ, դաժան ճակատագրեր են նկարագրված վեպում, որ տարբեր ընթերցողների տարբեր ողբերգություններ կարող են ցնցել: Ընթերցողներից մեկը, օրինակ, ինձ ասել է, որ իրեն ամենաշատը ցնցել էր իր առաջնեկ մանկան դիակից բաժանվել չցանկացող մոր պատմությունը: Հետաքրքիր է, որ ձեզ ամենաշատը հուզել է հենց այն դրվագը, ինչն ամենաշատը հուզել է նաեւ ինձ: Կարծում եմ, պատճառը ոչ միայն այն է, որ հերոսը, հանուն սիրո դիմանալով մարմնական բոլոր խոշտանգումներին, ի վերջո մեռնում է հոգեկան տառապանքներից, երբ կարծում է, թե փլուզվել է այդ սերը, այլեւ այն, որ Աստուրիասին անձամբ խորապես հուզել է հենց այդ իրական պատմությունը, եւ նա ամբողջ պատումը հյուսել է հենց այդ դրվագի շուրջը: Իր վարպետ գրչով նրան հաջողվել է ընթերցողին փոխանցել հոգեկան այն նույն հուզմունքնը, ինչ ինքն է թերեւս ապրել, երբ վկա է եղել հերոսի տառապանքներին:

 

- «Իդեալներին, երկրին, ժողովրդին անհավատարիմ վարչակարգը» իշխանության է գալիս «ժողովրդի անունից»։  Գերմարդը ստեղծում է «գերժողովրդականություն»… Ո՞րն է ելքը՝ «ամբողջական հեղափոխությո՞ւնը», ինչի մասին ասում է գեներալ Կանալեսը՝ բռնապետի զոհերից մեկը։

 

- Իր հազարամյակների պատմության ընթացքում մարդկությունը ժողովրդավարական համակարգից բացի այլ բան չի հորինել ի հակակշիռ բռնապետության: Սովորաբար, երբ իշխանությունը կենտրոնանում է անհատի ձեռքում, ինչպիսին էլ նախկինում եղած լինի այդ անհատը, ի վերջո դառնում է բռնապետ կամ բռնապետական հակումներ ունեցող ղեկավար: Բոլորս էլ գիտենք, որ իշխանությունը հաճախ կուրացնում է մարդուն, իսկ երբ չկան հակակշռող, զսպող մեխանիզմներ, իշխանական բոլոր լծակներին տիրող անհատի ձեռքում այդ իշխանությունը դառնում է չարիքի գործիք:

Միգել Անխել Աստուրիասի արձանը Գվատեմալայում Միգել Անխել Աստուրիասի արձանը Գվատեմալայում

 

Աշխարհին հայտնի չեն նաեւ բռնապետությունը տապալելու այլ դեպքեր, քան ապստամբությունը կամ ժողովրդի զանգվածային ընդվզումը: Ի դեպ՝ Էստրադա Կաբրերան նույնպես տապալվել է երկար տարիների վախը թոթափած, ի վերջո արթնացած ժողովրդի ընդվզման արդյունքում, որի մասնակիցն է եղել նաեւ ուսանող Աստուրիասը:

 

- Ի՞նչ զգացողություն ունեիք վեպը թարգմանելիս։

 

- Չգիտեմ նույնիսկ՝ հեղինակների ընտրած լեզուն եւ ո՞ճն է եղել պատճառը, թե՞ թեման, թե՞ երկուսը միասին, բայց իմ թարգմանած բոլոր գրքերի մեջ ամենաբարդն ինձ համար եղել են բռնապետների մասին երկու գործերը՝ Գարսիա Մարկեսի «Նահապետի աշունը» եւ Աստուրիասի «Պարոն Նախագահը» թե՛ հոգեբանական, թե՛ թարգմանական առումներով: Եթե ընթերցելու գործընթացն ավելի արագ է տեղի ունենում, թող լինի օրեր կամ առավելագույնը շաբաթներ, բայց ընթերցողի վրա խորապես ազդում են ողբերգական պատմությունները, ճնշող տեսարանները, պատկերացրեք թարգմանչի հոգեվիճակը, երբ ամիսներով մնում ես այդ ճնշող պատմությունների մեջ, ներսովդ անցկացնում ամեն ինչ, որպեսզի ճիշտ կարողանաս փոխանցել այն տպավորությունը, որն ինքդ ես ստացել բնօրինակն ընթերցելիս:

 

Բազմաթիվ են Աստուրիասի կերտած հերոսները եւ նրանք ընդգրկում են հասարակության բոլոր խավերը՝ հետնախորշերի մուրացկաններից, հասարակ գյուղացիներից, անգրագետ հնդկացիներից մինչեւ միջին խավի պատկանող անհատներ եւ կրթված գեներալներ, դատախազներ ու փաստաբաններ: Այդ բոլոր հերոսները խոսում են տարբեր լեզուներով, բարբառային կամ ժարգոնային արտահայտություններով, երբեմն նաեւ՝ սխալ: Հարկ էր այնպես թարգմանել, այնպես խոսեցնել բոլոր հերոսներին, որ նրանց խոսքից պարզ լիներ, թե հասարակության որ խավին են պատկանում: Իսկ թե որքանով է դա ինձ հաջողվել, կդատի ընթերցողը: Ի դեպ՝ այդ առումով այնքան բարդ է Աստուրիասի բառապաշարը, որ որոշ հրատարակություններում բնօրինակի վերջում հատուկ բառարան կա հեղինակի օգտագործած գվատեմալական բարբառային եւ ժարգոնային բառերի բացատրությամբ:

 

Արմինե Սարգսյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին