Սթիվեն Հոքինգ. Արհեստական բանականությունը մեզ կխորամանկի՞ - Mediamax.am

exclusive
2586 դիտում

Սթիվեն Հոքինգ. Արհեստական բանականությունը մեզ կխորամանկի՞


Լուսանկարը` Ars Electronica/Robert Bauernhansl

Լուսանկարը` Nina Chaquet

Լուսանկարը` Vog.photo

Լուսանկարը` Projecting Particles/OMAi


«Անտարես» հրատարակչությունը լույս է ընծայել Սթիվեն Հոքինգի «Համառոտ պատասխաններ՝ կարեւոր հարցերին» գրքի հայերեն թարգմանությունը:  Թարգմանությունն անգլերենից՝ Սիրանուշ Եսայանի, խմբագիրն է Գոհար Քալաշյանը:

 

Գրքի շնորհանդեսի կկայանա Տիեզերագնացության եւ ավիացիայի միջազգային օրը՝ ապրիլի 12-ին, ժամը 18:30 Պլանետարիում 1-ում (հասցեն՝ Անգլիական այգի, Խորենացի 22/2):

 

Սթիվեն Հոքինգը մեր ժամանակի մեծագույն մտածողներից մեկն է։ 21 տարեկանում կողային ամիոտրոֆիկ սկլերոզ ախտորոշմանը մարտահրավեր նետելուց հետո նա ներշնչանքի աղբյուր էր դարձել շատերի համար։ Հոքինգը հայտնի է թե՛ տեսական ֆիզիկայում իր ձեռքբերումներով, թե՛ բարդ գաղափարները հանրամատչելի դարձնելու ունակությամբ։ Նրան սիրում էին իր չարաճճի հումորի համար։ Մահը վրա հասավ այն ժամանակ, երբ Հոքինգն աշխատում էր իր վերջին նախագծի վրա՝ այն գրքի, որում հավաքել էր իրեն ամենից հաճախ տրվող «մեծ» հարցերի պատասխանները։ Այնպիսի հարցերի, որոնք դուրս էին իր ակադեմիական ոլորտի շրջանակներից։

 

Այս հատվածում, որի ներկայացման բացառիկ իրավունքը «Անտարես»-ը տրամադրել է Մեդիամաքսին, Հոքինգը խորհում է «Արհեստական բանականությունը մեզ կխորամանկի՞» թեմայի շուրջ:

 

***

 

Բանականությունը մարդ լինելու հիմնական պայմանն է: Քաղաքակրթության առաջարկած ամեն բան մարդկային բանականության արգասիք է: ԴՆԹ-ն կյանքի պատճենները սերնդեսերունդ փոխանցում է: Կյանքի է՛լ ավելի բարդ տեսակները ներմուծում են աչքերի եւ ականջների պես զգայարաններից ստացված տեղեկատվությունը եւ դա վերամշակում ուղեղում կամ այլ համակարգերում՝ հասկանալու համար, թե ինչպես է պետք գործել, որից հետո տեղեկատվությունը փոխանցում են աշխարհին, օրինակ, մկանների միջոցով: Մեր 13,8 միլիարդ տարվա տիեզերական պատմության ընթացքում, ինչ-որ մի պահի, սիրուն մի բան է պատահել: Տեղեկատվության այս մշակումն այնքան բանական է դարձել, որ կենսատեսակները գիտակից են դարձել: Մեր տիեզերքն այժմ զարթնել է, գիտակից է դարձել: Ես դա ցնծություն եմ համարում, որ մենք՝ աստղափոշիներս, սկսել ենք մանրակրկիտ ըմբռնել այն տիեզերքը, որում ապրում ենք:

 

Կարծում եմ՝ նշանակալի տարբերություն չկա անձրեւորդի ուղեղի աշխատանքի ու համակարգչի հաշվարկի միջեւ: Նաեւ վստահ եմ, որ էվոլյուցիան ենթադրում է, թե որակական տարբերություն չի կարող լինել անձրեւորդի եւ մարդու ուղեղի միջեւ: Դրանից բխում է, որ համակարգիչները, ըստ էության, կարող են կրկնօրինակել մարդկային բանականությունը կամ, նույնիսկ, գերազանցել այն: Միանգամայն հնարավոր է, որ որեւէ բան ավելի բարձր բանականություն ունենա, քան դրա նախնիները. էվոլյուցիայի արդյունքում մենք մեր կապկանման նախնիներից ավելի խելացի ենք, իսկ Այնշտայնը՝ իր ծնողներից:

 

Եթե համակարգիչները շարունակեն ենթարկվել Մուրի օրենքին՝ կրկնապատկելով իրենց արագությունն ու հիշողության ծավալը յուրաքանչյուր տասնութ ամիսը մեկ, արդյունքում  կարող են հաջորդ հարյուրամյակի ընթացքում բանականության հարցում գերազանցել մարդուն: Երբ արհեստական բանականությունն (ԱԲ) ավելի կատարյալ լինի, քան մարդկանց՝ ԱԲ նախագծելու կարողությունը, այնպես, որ այն ռեկուրսիվ կերպով կարողանա բարելավվել առանց մարդկային օգնության, մենք կբախվենք բանականության պայթյունի, որի արդյունքում մեքենաների բանականությունը կգերազանցի մերն ավելի շատ, քան մերը գերազանցում է խխունջներինը: Երբ դա պատահի՝ պետք է համոզված լինենք, որ համակարգիչները նույն նպատակներն ունեն, ինչ մենք: Շատ գայթակղիչ է բանական մեքենաները համարել գիտաֆանտաստիկա ու անտեսել, սակայն դա սխալ, հնարավոր է, մեր կոպտագույն սխալը կլինի:

 

Վերջին քսան տարիներին ԱԲ-ն կենտրոնացել է բանական ծրագրեր կազմելու, որոշակի միջավայրում ընկալող ու գործող համակարգերին առնչվող խնդիրների վրա: Այս համատեքստում, բանականությունը կապված է ռացիոնալության վիճակագրական եւ տնտեսական հասկացություններին, այսինքն, պարզ ասած, լավ որոշումներ, ծրագրեր կամ եզրահանգումներ անելու ունակությանը: Վերջին հետազոտությունների արդյունքում՝ ԱԲ-ն, մեքենայական ուսուցումը, վիճակագրությունը, ավտոմատ կառավարման տեսությունը, նյարդակենսաբանությունն ու այլ դաշտեր միավորվել ու փոխադարձաբար հարստացվել են: Համատեղ տեսական կառույցների հիմնումը  տվյալների հասանելիությամբ եւ հաշվողական հզորությամբ համակցված, զանազան բաղադրիչներում նշանակալի պտուղներ է տվել, օրինակ՝ խոսքի ճանաչումը, պատկերների դասակարգումը, ինքնավար փոխադրամիջոցները, ավտոմատ թարգմանությունը, քայլող մեխանիզմները եւ հարց-պատասխան համակարգերը:

Լուսանկարը` Nina Chaquet

Քանի որ այս եւ այլ ոլորտների զարգացումը լաբորատոր հետազոտության շրջանակներից անցնում է տնտեսապես արժեքավոր տեխնոլոգիաներին՝ զարգանում է արդյունավետ շրջան, որի օգնությամբ նույնիսկ փոքր առաջխաղացումները մեծ գումար են արժենում՝ նպաստելով հետազոտության մեջ արվելիք հետագա եւ ավելի մեծ ներդրումներին: Հիմա, ըստ լայն փոխհամաձայնության, ԱԲ հետազոտությունը կայուն կերպով առաջընթաց է ապրում, եւ դրա ազդեցությունը հասարակության վրա, կարծես, աճում է: Հավանական օգուտն ահռելի է. մենք չենք կարող կանխատեսել, թե ինչի կհասնենք, երբ այս բանականությունն ավելի զարգանա ԱԲ-ի տրամադրած գործիքների օգնությամբ: Հնարավոր է արմատախիլ անել հիվանդություններն ու աղքատությունը: ԱԲ-ի մեծ ներուժի շնորհիվ՝ կարեւոր է ուսումնասիրել դրանից օգուտ քաղելու ուղիները՝ խուսափելով հավանական ծուղակներից: ԱԲ ստեղծելու հարցում հաջողությունը մարդկության պատմության մեծագույն իրադարձությունը կլինի:

 

Դժբախտաբար, դա կարող է նաեւ վերջինը լինել, եթե չիմանանք՝ ինչպես է պետք խուսափել վտանգներից: Օգտագործվելով որպես գործիքակազմ՝ ԱԲ-ն կարող է մեծացնել գոյություն ունեցող մեր բանականությունը՝ նոր առաջընթաց ապահովելով գիտության եւ հասարակության յուրաքանչյուր ոլորտում: Այնուամենայնիվ, այն նաեւ վտանգներ կպարունակի: Չնայած մինչ այսօր մշակված արհեստական բանականության պարզունակ տեսակները շատ օգտակար են եղել՝ վախենում եմ, որ կստեղծվի մի բան, որը կարող է մարդկանց համարժեք լինել կամ գերազանցել: Մտահոգությունն այն է, որ ԱԲ-ն կարող է ինքնուրույն գործել ու արագ աճող տեմպերով վերանախագծել ինքն իրեն: Մարդիկ, որոնց հատուկ է կենսաբանական դանդաղ էվոլյուցիան, չեն կարող մրցել ու դուրս կմղվեն: Իսկ ապագայում ԱԲ-ն կարող է սեփական կամքը զարգացնել, որը մերի հետ հակամարտության մեջ կլինի: Ոմանք հավատում են, որ մարդիկ կարող են բավական երկար ժամանակ կառավարել տեխնոլոգիաների տեմպը, եւ աշխարհի շատ խնդիրներ լուծելու ԱԲ ներուժը իրականություն կդառնա: Նույնիսկ ես, որ հայտնի եմ որպես մարդկային ցեղը բարձր գնահատող լավատես, այնքան էլ վստահ չեմ:

 

Մոտ ժամանակներում, օրինակ, աշխարհի զինուժը մտադրված է անկախ զենքի համակարգերում սպառազինությունների մրցավազք սկսել, որը կարող է ընտրել եւ ոչնչացնել իր թիրախները: Թեեւ ՄԱԿ-ը քննարկում է նման զենքերն արգելող պայմանագրի ընդունումը՝ անկախ զենքերի կողմնակիցները սովորաբար մոռանում են ամենակարեւոր հարցադրումը. ո՞րն է սպառազինությունների մրցավազքի հավանական վերջնակետը, ու արդյոք դա ցանկալի՞ է մարդկային ցեղի համար: Իսկապես ուզո՞ւմ ենք էժան ԱԲ զենքեր, որոնք վաղվա Կալաշնիկովներ կդառնան, սեւ շուկայում կվաճառվեն հանցագործներին ու ահաբեկիչներին: Հաշվի առնելով ավելի զարգացած ԱԲ համակարգերի նկատմամբ երկարաժամկետ վերահսկողություն սահմանելու մեր կարողությունը՝ արդյոք պե՞տք է զինենք դրանք ու մեր պաշտպանությունը հանձնենք դրանց: 2010-ին համակարգիչներով հագեցած առեւտրային համակարգերն առաջացրին ֆոնդային բորսայի Flash Crash գնանկումը. ինչպիսի՞ն կլինի համակարգչի խթանած սնանկացումը պաշտպանության թատերաբեմում: Անկախ զենքերի սպառազինությունների մրցավազքը կասեցնելու լավագույն պահը հիմա է:

 

Միջին ժամկետներում ԱԲ-ն կարող է ավտոմատացնել մեր աշխատանքները՝ հանգեցնելով թե՛ բարգավաճման, թե՛ հավասարության հաստատման: Ավելի առաջ նայելնք.՝ չկան դրա կատարելագործման հիմնարար հստակ սահմաններ: Ո՛չ մի ֆիզիկական օրինաչափություն չկա, որը թույլ չի տա մասնիկներին դասավորվել այնպես, որ արվեն է՛լ ավելի առաջադեմ հաշվարկներ, քան արվում են մարդու ուղեղի մասնիկների դասավորվածության պայմաններում: Պայթուցիկ անցումը հնարավոր է, թեեւ դա կարող է բոլորովին այլ կերպ գործել, քան ֆիլմերում: Ինչպես մաթեմատիկոս Իրվինգ Գուդն էր հասկացել 1965-ին, գերմարդկային բանականությամբ մեքենաները կարող են շարունակաբար կատարելագործել իրենք իրենց, որն էլ ֆանտաստ գրող Վերնոր Վինջը կոչել է տեխնոլոգիական եզակիություն: Պատկերացրեք տեխնոլոգիա, որը խորամանկում է ֆինանսական շուկան, հետազոտողներին գերազանցում է հայտնագործությունների հարցում, հմտորեն կառավարում է առաջնորդներին ու մեզ հնազանդեցնում է զենքերով, որոնցից նույնիսկ գլուխ չենք հանում: ԱԲ-ի կարճաժամկետ ազդեցությունը կախված է նրանից, թե ով է այն վերահսկում, մինչդեռ երկարաժամկետը՝ թե առհասարակ այն վերահսկելի՞ է:

 

Կարճ ասած, գերբանական ԱԲ մուտքը կդառնա մարդկությանը պատահած լավագույն կամ վատագույն բանը: ԱԲ-ի իրական վտանգը ոչ թե չարակամությունն է, այլ ձեռնհասությունը: Գերբանական ԱԲ-ն հիանալի կիրագործի իր առջեւ դրված նպատակները, ու եթե այդ նպատակները մերի հետ չեն համընկնում՝ կրակը կընկնենք: Դուք, հավանաբար, ոխակալ մրջնատյաց չեք, որը, չարությունից դրդված, ոտքը դնում է մրջյունների վրա, բայց եթե պատասխանատու եք էկոլոգիապես մաքուր էներգիայի համար, ու տարածքում կա մրջնանոց, որը պետք է մաքրել, ապա շատ ցավալի կլինի մրջյունների համար: Եկեք մարդկությանը մրջյունների վիճակին չհասցնենք: Պետք է նախօրոք ծրագրենք: Եթե ավելի կատարյալ այլմոլորակային քաղաքակրթություն մեզ հաղորդագրություն ուղարկի, որտեղ ասվում է՝ «Մի քանի տասնամյակ հետո կգանք», այսպե՞ս պատասխանենք. «Լավ, հենց հասնեք՝ ձեն հանեք, լույսերը վառ կթողնենք»: Գուցեեւ՝ չէ, բայց սա քիչ թե շատ այն է, ինչ պատահել է ԱԲ-ի դեպքում: Շատ քիչ լուրջ հետազոտություններ են արվել այս խնդիրների վերաբերյալ, այն էլ՝ մի քանի փոքր ոչ-առեւտրային կազմակերպությունների կողմից:  

Լուսանկարը` Projecting Particles/OMAi

Բարեբախտաբար, հիմա ամեն ինչ փոխվում է: Տեխնոլոգիայի ռահվիրաներ Բիլ Գեյթսը, Սթիվ Վոզնյակը եւ Իլոն Մասքն արձագանքել են իմ մտահոգություններին, եւ ԱԲ ոլորտում սկիզբ է առել ռիսկերի գնահատման ու հասարակական ներգրավվածության տեղեկացվածության բարձրացման առողջ մշակույթը: 2015-ի հունվարին ես, ԱԲ շատ փորձագետներ բաց նամակ ստորագրեցինք արհեստական բանականության վերաբերյալ՝ կոչ անելով հաշվի առնել հասարակության վրա դրա ազդեցությունը լրջորեն հետազոտելու անհրաժեշտությունը: Ավելի վաղ Իլոն Մասքը զգուշացրել էր, որ գերմարդկային արհեստական բանականությունն ունակ է անհաշվելի օգուտներ տալ, սակայն եթե անզգուշորեն գործարկվի՝ կարող է հակառակ ազդեցությունն ունենալ մարդկային ցեղի վրա: Ես եւ նա անդամակցում ենք Future of life («Կյանքի ապագա») ինստիտուտի խորհրդատվական հանձնաժողովին. այս կազմակերպությունը, որն էլ կազմել էր բաց նամակը, աշխատում է մեղմել մարդկությանը սպառնացող իրական վտանգները: Սա որոշակի հետազոտության անհրաժեշտություն առաջացրեց, թե ինչպես կարող ենք կանխել հավանական խնդիրները՝ միաժամանակ ԱԲ առաջարկած հավանական օգուտները քաղելով, եւ կոչ արեց ԱԲ բոլոր հետազոտողներին ու մշակողներին ավելի մեծ ուշադրություն դարձնել ԱԲ անվտանգությանը: Քաղաքականությունը մշակողների եւ լայն հանրության համար նամակը պետք է տեղեկատվական, ոչ թե ահազանգող լիներ: Կարծում ենք՝ շատ կարեւոր է, որ բոլորն իմանան. ԱԲ հետազոտողները լրջորեն զբաղվում են այս մտահոգություններով ու էթիկայի խնդիրներով: Օրինակ՝ ԱԲ-ն ունի հիվանդություններն ու աղքատությունը վերացնելու ներուժ, բայց հետազոտողները պետք է աշխատեն՝ վերահսկելի ԱԲ ստեղծելու ուղղությամբ:

 

2016-ի հոկտեմբերին Քեմբրիջում մի նոր կենտրոն բացեցի, որը փորձելու է անդրադառնալ ԱԲ հետազոտության արագընթաց զարգացմանն առնչվող որոշ հարցերի: Բանականության ապագայի լեւերհուլմյան կենտրոնը բազմապրոֆիլ ինստիտուտ է, որն զբաղվում է մեր քաղաքակրթության եւ մեր տեսակի առնչությամբ բանականության ապագայի հետազոտությամբ: Շատ ժամանակ ենք վատնում պատմությունն ուսումնասիրելու վրա, որն, անկեղծ ասած, հիմնականում հիմարության պատմություն է: Ողջունելի փոփոխություն է, որ մարդիկ, փոխարենը, ուսումնասիրում են բանականության ապագան: Մենք տեղյակ ենք հավանական վտանգներից, բայց հնարավոր է, որ նոր տեխնոլոգիական հեղափոխության գործիքներով նույնիսկ կարողանանք շտկել բնաշխարհին հասցված արդյունաբերականացման վնասները:

Լուսանկարը` Vog.photo

ԱԲ առաջխաղացման վերջին զարգացումները ներառում են Եվրոխորհրդարանի կոչը՝ մշակել մի շարք կանոնակարգումներ՝ ռոբոտների ու ԱԲ ստեղծումը վերահսկելու համար: Զարմանալիորեն, սա ներառում է էլեկտրոնային անհատականության տեսակ՝ ամենաունակ եւ առաջադեմ ԱԲ իրավունքներն ու պատասխանատվությունն ապահովելու համար: Եվրոխորհրդարանի խոսնակը նշել է՝ քանի որ մեր առօրյա կյանքում գնալով ավելի շատ ոլորտներ են ռոբոտացվում, մենք պետք է հավաստիանանք, որ ռոբոտները ծառայում են եւ կծառայեն մարդկությանը: Խորհրդարանին ներկայացված հաշվետվությունում ասվում է, որ աշխարհը գտնվում է արդյունաբերական, ռոբոտային նոր հեղափոխության նախաշեմին: Քննարկվում է՝ թույլատրելի՞ է ռոբոտներին՝ որպես էլեկտրոնային անձանց, տրամադրել իրավունք, որը համարժեք է «իրավաբանական անձ» իրավական սահմանմանը: Սակայն շեշտվում է, թե հետազոտողներն ու նախագծողները պետք է միշտ հավաստիանան, որ բոլոր ռոբոտներն ունենան վթարային անջատիչներ:

 

Սթենլի Կուբրիկի «2001 թվականի տիեզերական ոդիսականը» ֆիլմի՝ խափանումներով գործող ռոբոտ-համակարգիչ ՀԱԼ-ի դեպքում անջատիչը չօգնեց տիեզերանավում գտնվող գիտնականներին։ Բայց դա ֆանտաստիկա էր: Մենք փաստի հետ գործ ունենք: Լորնա Բրազելը՝ «Օսբորն Կլարկ» միջազգային փաստաբանական ընկերության խորհրդատուն, հաշվետվությունում ասում է, որ մենք կետերին ու գորիլաներին անհատականություն չենք տալիս, հետեւաբար, կարիք չկա կառչելու ռոբոտի անհատականությունից: Բայց շրջահայացությունը չի խանգարի: Հաշվետվությունում խոսվում է այն հնարավորության մասին, որ մի քանի տասնամյակ հետո ԱԲ-ն կարող է գերազանցել մարդու բանականությունն ու մարտահրավեր դառնալ մարդ-ռոբոտ հարաբերություններում:

 

2025-ի դրությամբ՝ կլինեն շուրջ երեսուն մեգա-քաղաքներ՝ յուրաքանչյուրն ավելի քան տասը միլիոն բնակչով: Բոլոր այս մարդիկ ապրանքներ ու ծառայություններ են պահանջում իրենց ուզած պահին. կարո՞ղ է արդյոք տեխնոլոգիան օգնել  այդ պահանջի հետ համաքայլ ընթանալու հարցում: Ռոբոտները միանշանակ կարագացնեն առցանց մեծածախ առեւտուրը: Սակայն գնումների քաղաքականության մեջ հեղափոխություն անելու համար նրանք պետք է բավականաչափ արագ լինեն՝ յուրաքանչյուր պատվերը հենց նույն օրը մատակարարելու համար:

 

Առանց ֆիզիկական ներկայության՝ աշխարհի հետ առնչվելու հնարավորություններն օր օրի աճում են: Ես դա գրավիչ եմ համարում, մասնավորապես, որովհետեւ քաղաքային կյանքը բոլորիս համար միշտ եռում է: Քանի՞ անգամ եք երազել կրկնակ ունենալու մասին, որը կկիսեր ձեր աշխատանքային բեռը: Մեր կերպարանքով իրատեսական թվային սուրոգատներ ստեղծելը հավակնոտ երազանք է, բայց տեխնոլոգիական վերջին զարգացումները հուշում են, որ դա այնքան էլ անիրական չէ, որքան թվում է:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին