Հայազգի գիտնականը նորից հյուրընկալել է լեգենդար Սթիվեն Հոքինգին - Mediamax.am

exclusive
2346 դիտում

Հայազգի գիտնականը նորից հյուրընկալել է լեգենդար Սթիվեն Հոքինգին


Լուսանկարը` STARMUS


Երեւան: Մեդիամաքս: Հայազգի աստղաֆիզիկոս Գարիկ Իսրայելյանը այս տարվա ընթացքում երկրորդ անգամ Կանարյան կղզիներում հյուրընկալել է լեգենդար գիտնական, ֆիզիկոս-տեսաբան, տիեզերագետ Սթիվեն Հոքինգին:

Այս տարվա հունիսին գիտնականն արդեն այցելել էր Տեներիֆե, որպեսզի ազդարարի 2016 թվականին կայանալիք երրորդ Starmus փառատոնի մասին, որը կրելու է «Հորիզոնից այն կողմ» նշանաբանը եւ նվիրված է լինելու ֆիզիկոս-տեսաբան, տիեզերագետ Սթիվեն Հոքինգին:

 

Սեպտեմբերի 28-ին կրկին այցելելով Տեներիֆե, Սթիվեն Հոքինգն ասել է, որ Starmus-ը միավորում է լավագույն գիտնականներին եւ երաժիշտներին եւ «բացառիկ հարթակ է հանդիսանում մարդկության ապագայի հարցերը քննարկելու համար»:

 

Starmus փառատոնի հիմնադիրը եւ տնօրենը Գարիկ Իսրայելյանն է: Ավելի վաղ նա ասել էր.

 

«Մեզ համար մեծ պատիվ է, որ պրոֆեսոր Հոքինգը համաձայնեց, որպեսզի երրորդ Starmus-ը նվիրենք իրեն ու իր գիտական վաստակին»:

 

2016 թվականի հունիսի 27-ից հուլիսի 2-ը կայանալիք Starmus փառատոնին կմասնակցեն Նոբելյան մրցանակի 12 դափնեկիրներ, որոնց թվում են.

 

Հարոլդ Կրոտո (Քիմիա, 1996 թ.);

Էրիկ Բեցիգ (Քիմիա, 2014 թ.);

Քերոլ Գրեյդեր եւ Էլիզաբեթ Բլեքբորն (Բժշկություն, 2009 թ.);

Ռոբերտ Ուիլսոն (Ֆիզիկա, 1978 թ.);

Դէվիդ Գրոս (Ֆիզիկա, 2004 թ.);

Ադամ Ռիես եւ Բրայան Շմիդտ (Ֆիզիկա, 2011 թ.);

Էվարդ Մոսեր եւ Մեյ-Բրիտ Մոսեր (Բժշկություն, 2014 թ.):

 

Starmus փառատոնին կմասնակցեն նաեւ այլ ճանաչված գիտնականներ, տիեզերագնացներ տարբեր երկրներից:

 

Առաջին անգամ Starmus միջազգային փառատոնն անցկացվել էր 2011թ. Տեներիֆեում: Այն նվիրված էր Յուրի Գագարինի` տիեզերք կատարած առաջին թռիչքի 50-ամյակին եւ դարձել էր գիտական ու երաժշտական վառ իրադարձություն:

 

2014 թ. սեպտեմբերի 22-27-ին Կանարյան կղզիներում կայացել էր Starmus գիտական երկրորդ փառատոնը՝ «Սկիզբը. Ժամանակակից տիեզերքի ձեւավորումը» (Beginnings: The Making of the Modern Cosmos) խորագրի ներքո:

 

Փառատոնի մասին մանրամասն տեղեկատվությունը հասանելի է http://www.starmus.com կայքում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին