Հանրահայտ բրիտանացի ֆիզիկոս-տեսաբան, տիեզերագետ Սթիվեն Հոքինգն ասել է, որ գիտական փայլուն կարիերայով պարտական է իր հայազգի ուսուցիչ Տիգրան Տահտային (Dikran Tahta):
Տիգրան Տահտան Սթիվեն Հոքինգի մաթեմատիկայի ուսուցիչն էր Սբ Ալբանսի դպրոցում:
«Ուսուցիչներից շատերը ձանձրալի էին, բայց ոչ պարոն Տահտան», - ասել է ֆիզիկոս-տեսաբանը:
BBC-ն հաղորդում է, որ Սթիվեն Հոքինգն այդ խոստովանությունն արել է Գլոբալ ուսուցիչների մրցանակի շնորհման կապակցությամբ:
Սթիվեն Հոքինգը հատուկ ուղերձ է ձայնագրել՝ նվիրված իր ուսուցչին, որը մահացել է 2006 թվականին.
«Նրա դասերը շատ կենդանի եւ գրավիչ էին: Կարելի էր բանավիճել ամեն ինչի մասին: Միասին մենք կառուցեցինք իմ առաջին համակարգիչը», - հիշել է Սթիվեն Հոքինգը:
«Պարոն Տահտայի շնորհիվ է, որ ես մաթեմատիկայի պրոֆեսոր դարձա Քեմբրիջում, զբաղեցնելով մի պաշտոն, որը ժամանակին Իսահակ Նյութոնինն էր», - ասել է բրիտանացի գիտնականը:

Լուսանկարը` BBC
Տիգրան Տահտայի ծնողները փրկվել էին Հայոց Ցեղասպանությունից եւ բնակություն հաստատել Մանչեսթերում: Ararat Associations գրքում նա պատմել է, որ ծնողները ցանկանում էին, որպեսզի ինքը լավ անգլիական կրթություն ստանա, սակայն տանը պարտադիր հայերեն էին խոսում:
Տիգրան Տահտայի մահից հետո The Guardian թերթը գրեց, որ նա «իր սերնդի մաթեմատիկայի ուսուցիչների ակնառու ներկայացուցիչներից էր»:
Մեդիամաքսը զրուցել է Իսպանիայում աշխատող հայազգի աստղաֆիզիկոս Գարիկ Իսրայելյանի հետ: Նա պատմել է, որ 2015թ. դեկտեմբերին, երբ Լոնդոնում կայացել էր Սթիվեն Հոքինգի անվան մեդալի շնորհանդեսը, անվանի գիտնականն իրեն ասել էր, որ շատ է պարտական Տիգրան Տահտային: Սթիվեն Հոքինգը նաեւ ասել էր, որ մի քանի տարի առաջ իրեն այցելել էր Տիգրան Տահտայի դուստրը:
2015 թվականին Գարիկ Իսրայելյանի նախաձեռնությամբ հիմնադրված Սթիվեն Հոքինգի անվան մեդալը կշնորհվի նրանց, ովքեր ներդրում են ունեցել երաժշտության, արվեստի, կինոյի եւ այլ ոլորտներում գիտությունը եւ գիտական բացահայտումները ներկայացնելու եւ տարածելու գործում:
Մեդալի շնորհման արարողությունը տեղի կունենա Տեներիֆեում անցկացվող STARMUS միջազգային փառատոնի ընթացքում, որը միավորում է լավագույն գիտնականներին եւ երաժիշտներին եւ «բացառիկ հարթակ է հանդիսանում մարդկության ապագայի հարցերը քննարկելու համար»:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: