«Անտարես» հրատարակչությունը ներկայացնում է Խուլիո Կորտասարի «Դեղին ծաղիկ» պատվածքների ժողովածուն։ Իսպաներենից թարգմանել է Հասմիկ Բաղդասարյանը։ Արգենտինացի գրողի պատմվածքների այս ժողովածուն հայ ընթերցողի ներկայացվում է երկրորդ անգամ (նոր վերնագրով):
Մեդիամաքսը զրուցել է ԵՊՀ ռոմանական բանասիրության ամբիոնի վարիչ, բանասիրական գիտությունների դոկտոր, թարգմանաբան Հասմիկ Բաղդասարյանի հետ։
- Պատմվածաշարում վառ ձեւով դրսեւորվել են Կորտասարի գեղարվեստական մտածողության առանձնահատկությունները՝ ռեալիզմ, էքզիստենցիալիզմ, սյուրռեալիստական տարրեր, լատինամերիկյան եւ եվրոպական գրական ավանդույթների ներդաշնակ միահյուսում, իրականության եւ ֆանտաստիկայի փոխներթափանցումներ, անսպասելի հանգուցալուծումներ, մղձավանջային երազներ եւ այլն: Իհարկե, ինչպես շատ այլ ստեղծագործություններում, այստեղ եւս կորտասարյան գեղագիտական համակարգի կարեւոր տարրը խաղն է. մի կողմից՝ սա խաղ է սեփական երեւակայության հետ, մյուս կողմից՝ ընթերցողի հետ՝ վերջինիս դարձնելով ստեղծագործական ակտի աներեւույթ մասնակից:
- «Դեղին ծաղիկը» ընդգծում է կյանքի անցողիկությո՞ւնը, թե՞ շարունակելիությունը, կամ գուցե այն համոզմունքը, որ ոչինչ չի՞ ավարտվում, անգամ մարդկային կյանքը։
- Այս պատմվածքում նախ եւ առաջ կարելի է առանձնացնել անմահության թեման՝ վերամարմնավորման միջոցով: Պատմվածքի վերջում, հիանալով դեղին ծաղկի գեղեցկությամբ, որում կարծես վերածնվում է Լյուքը, հերոսը հրաժարվում է մահկանացու լինելու գաղափարից եւ սկսում փնտրել որեւէ մեկին, որը «կվերապրեր» իր կյանքը՝ թեկուզեւ թշվառ, լի անհաջողություններով ու հիասթափություններով: Իսկ դեղին ծաղիկը կարելի է դիտել որպես կյանքի մի նոր շրջափուլ սկսելու «ուրիշ» ձեւ: Պատմվածքում Օվիդիոսի «Կերպարանափոխություններ» պոեմի Նարցիսի եւ Էքոյի պատմության մոտիվները նորովի են մեկնաբանվում՝ կորտասարյան ֆանտաստիկ գրականության տեխնիկայի տեսանկյունից:
Առհասարակ, Կորտասարի պատմվածքները բազմաշերտ են եւ բազմապլանային: Այս պատմվածքում կարելի է առանձնացնել նաեւ խաղի թեման ժամանակագրական կարգի խզման հետ, նմանակի, ճակատագրի, անձի երկվության թեմաները եւ այլն:
- Գրքում տեղ գտած պատմվածքները նման են խորհրդավորությամբ, տարբեր՝ թեմաներով, ասելիքով։ Այնուհանդերձ կա՞ ներքին մի գիծ, որ միավորում է պատմվածքները։
- Գրքում ընդգրկված պատմվածքները հիմնականում քաղված են Կորտասարի պատմվածքների երկու ժողովածուներից՝ «Գազանանոց» եւ «Խաղի վերջը», որը մեծ դեր է խաղացել Կորտասարի ստեղծագործական կայացման մեջ: Բոլոր պատմվածքներն էլ Կորտասարի այլաբանական եւ խորհրդանշանային ուրույն համակարգի անքակտելի մասն են կազմում եւ առանձնանում գաղափարափիլիսոփայական խորությամբ, արտահայտչական միջոցների բազմազանությամբ, խորիմաստ ենթատեքստերով, ակնարկներով: Այնուամենայնիվ, այս պատմվածքները միավորող օղակը, կարծում ենք, Կորտասարի խաղարվեստն է, որը յուրովի է դրսեւորվում ամեն մի ստեղծագործության մեջ:
- Գրեթե բոլոր գործերը անսպասելի վերջաբան ունեն։ Սակայն ընթերցողի եզրահանգումները որոշ գործերի դեպքում կարող են տարբեր լինել։ Սա հատո՞ւկ է արված՝ ընթերցողին հորինումի մասնակիցը դարձնելու համար։
- Կորտասարի ստեղծագործությունների ընկալումն ու մեկնաբանությունը ենթադրում է մի բարդ գործընթաց, որտեղ հեղինակ – ընթերցող փոխհարաբերություններն առանձնահատուկ ձեւով են դրսեւորվում. ընթերցողը կարծես թե դառնում է համահեղինակ: Կորտասարի գեղարվեստական տիրույթում ընկալման եւ հասկացման գործընթացները մեզ հիշեցնում են շլայերմախերյան հայտնի հերմենեւտիկ շրջանի մոտեցումները, որտեղ մեկնաբանությունները, հիմնվելով ստեղծագործության մասի եւ ամբողջի սերտ փոխառնչություների վրա, մշտապես ենթադրում են վերաիմաստավորումներ եւ նորովի մեկնաբանություններ: Իրականում այս հերմենեւտիկ շրջանը հերմենեւտիկ պարույր է, որտեղ, ինչպես եւ Կորտասարի որոշ ստեղծագործություններում, հնարավոր չէ խոսել բացարձակ միանման ընկալման մասին, քանի որ պարույրն անվերջ կոր է, որը երբեւիցե չի հատվում որեւէ կետում:

Լուսանկարը` Andrea Di Castro
Կորտասարի ստեղծագործություններում հեղինակ-ընթերցող հարաբերությունները վերածվում են մի խաղի, որտեղ հեղինակն ընթերցողին իր գեղարվեստական հյուսվածքի մասնակիցը դարձնելու համար բաց է թողնում մի պատուհան, որպեսզի ընթերցողն իր երեւակայությամբ կարողանա մուտք գործել հեղինակի ստեղծագործական աշխարհ եւ մասնակցել նրա գեղարվեստական մտահղացման իրագործմանը:
- Կորտասարի արտասովոր գրելաոճը ասելիքը տեղ հասցնելու համա՞ր է, թե՞ ասելիքի խորհրդավորությունն ու բազմաշերտությունն է թելադրում գրվածքը ձեւը, ոճը։
- Կորտասարի պատմվածքներում արտասովոր գրելաոճն ու բազմաշերտ բովանդակությունը օրգանական միասնություն են կազմում: Ձեւը նույնպես կարեւոր դեր է կատարում հեղինակի աշխարհայացքի արտացոլման, նրա հաղորդակցական դիտավորության բացահայտման մեջ: Իր նորարար՝ խաղային տեխնիկաների շնորհիվ Կորտասարը ընթերցողի մոտ խթանում է արթնություն, մտքի թռիչքներ, ստիպում դուրս գալ տաղտկալի առօրյա իրականությունից եւ բացահայտել իր գոյության նոր՝ խորհրդավոր կողմերը: Սա անհատի ստեղծագործական ազատությունն ու վառ երեւակայությունը խթանող խաղարվեստ է, որի «մեղսակիցն» ընթերցողն է:
- Ինքնակենսագրական տարրեր կա՞ն գործերում։
- Պատմվածաշարը պարունակում է որոշ ինքնակենսագրական տարրեր: Այսպես, Կորտասարը տիրապետում էր մի քանի օտար լեզուների եւ ոչ միայն հրաշալի ձեւով թարգմանել է մի շարք գրական ստեղծագործություններ, այլ նաեւ պաշտոնական թարգմանիչ էր միջազգային կառույցներում (ՅՈՒՆԵՍԿՕ եւ այլն): Մի առիթով նշել էր. «Եթե ես չլինեի գրող, կլինեի թարգմանիչ»: Եվ պատահական չէ, որ թարգմանության թեման արտացոլվել է նրա մի քանի պատմվածքներում: «Նամակ Փարիզում գտնվող մի օրիորդի» պատմվածքն ամբողջապես ծավալվում է խորհրդանշանային-այլաբանական տիրույթում, որի ենթատեքստում կարելի է վերծանել թարգմանության վերաբերյալ կորտասարյան մոտեցումները: Պատմվածքի գլխավոր հերոսը թարգմանիչ է, որը ժամանակավորապես ապրում է իր ծանոթուհու՝ Անդրեայի տանը, որը մեկնել է Փարիզ (Անդրեային կարելի է դիտել որպես բնագրի հեղինակ): Հերոսը Անդրեային նամակ է գրում ներողություն խնդրելու այն անկարգությունների համար, որ պատճառում են փոքրիկ ճագարիկները, որ ժամանակ առ ժամանակ նա փսխում է: Ճագարիկները խորհրդանշում են ստեղծագործական արարումները, որոնք կարող են դառնալ անկառավարելի եւ աղավաղել բնագիրը (պատմվածքում՝ Անդրեայի բնակարանի «բծախնդիր կարգուկանոնը»): Ոչնչացնելով իր ստեղծագործական մտքերը՝ թարգմանիչը ոչնչացնում է ինքն իրեն (պատմվածքի վերջում հերոսը ինքնասպան է լինում):

Պատմվածաշարում կան նաեւ այլ ինքնակենսագրական տարրեր: Այսպես, Կորտասարը հատուկ վերաբերմունք ուներ որոշ կենդանիների նկատմամբ, իսկ գրողի որոշ լուսանկարներում կարելի է տեսնել նրա կատուներին: Մի հարցազրույցում նա նշել էր, որ կատուն իր պաշտամունքային առարկան է, եւ ահա պատահական չէ, որ կատուն հայտնվում է «Կիրկե» պատմվածքում: Իսկ «Թույն» պատմվածքում մանկահաս հերոսը նույնականանում է Կորտասարի հետ:
- Կարո՞ղ ենք ասել, որ անցած դարի 50-60 ականերին գրված այս պատմվածաշարը արդիական է նաեւ այսօր։ Մանավանդ, որ գրքում կատարվող իրադարձությունները կարող էին կատարվել ցանկացած երկրում, ցանկացած ժամանակ։
- Մեծ գրողների ստեղծագործությունները պարփակում են համամարդկային արժեքներ եւ չեն ճանաչում տարածաժամանակային սահմաններ: Կարծում ենք, միշտ էլ Կորտասարը կլինի արդիական: Այսպես, «Դոն Կիխոտը», որի առաջին հատորը հրատարակվել է 1605 թվականին, այսօր աշխարհում ամենից շատ թարգմանվող եւ ընթերցվող 10 գրքերից մեկն է:
- Ձեզ համար ո՞ր գործն էր առանձնանում։
- Ես կառանձնացնեի Գիշերի մեջքի վրա՝ երեսնիվեր պատմվածքը: Այստեղ իրականն ու ֆանտաստիկը (գեղարվեստականը) ներդաշնակորեն միաձուլվում են, իսկ որոշ նկարագրություններում (ինչպես օրինակ՝ այն տեսարանը, թե ինչպես են քրմերի սպասավորները հերոսին տանում դեպի զոհասեղան) Կորտասարը փայլում է անգերազանցելի գրական վարպետությամբ:
- Ի՞նչ կտա գիրքը հայ ընթեցերողին։
- Նոր մտածողություն եւ աշխարհազգացողություն, գրականությունն ընկալելու եւ արժեւորելու նոր հեռանկար: Գեղարվեստական թարգմանությունը միջլեզվական եւ միջմշակութային հաղորդակցության ձեւ է, ազգային մշակույթի մաս, նրա զարգացման կարեւոր գործոն: Այս դիտանկյունից՝ Կորտասարի գործերի թարգմանությունը նոր գրական ձեւեր, ժանրեր ներմուծելու մի ձեւ է, որոնք անհայտ են տվյալ ժամանակաշրջանում տվյալ գրական համակարգում իշխող գրական միտումներին:
- Թարգմանչական ընթացքի մասին ի՞նչ կասեք։
- Լինելով հմուտ թարգմանիչ` Կորտասարը ժամանակին իր մտահոգություններ է արտահայտել այն հնարավոր մտաշահարկումների վերաբերյալ, որ կարող են ենթարկվել իր ստեղծագործությունները: Թարգմանական մեր մոտեցումները պայմանավորված են արդի թագմանաբանության զարգացման միտումներով, երբ թարգմանական գործընթացն ընկալվում է որպես կոնկրետ պատմամշակութային եւ սոցիալական համատեքստում տեղի ունեցող հաղորդակցական գործընթաց, իսկ թարգմանաբանության առանցքային հասկացությունը` համարժեքությունը, դիտարկվում է հաղորդակցական-գործաբանական դիտանկյունից: Կորտասարի պատմվածքները թարգմանելիս մեծ խնդիրներ են առաջադրում հեղինակի պատկերավորման ուրույն համակարգը, ազգամշակութային բաղադիրչը պայմանավորող զուտ լեզվական եւ արտալեզվական գործոնները, իրակությունները, դարձվածքները եւ այլն:
Երկար տարիների թարգմանաբանական մեր ուսումնասիրությունները մեզ հանգեցրել են այն մտքին, որ կարելի է համընդհանուրը, ազգայինը եւ անհատականը սահմանել որպես դինամիկ կարգեր, իսկ համընդհանուրի, ազգայինի եւ անհատականի եռամիասնությունը դիտարկել որպես թարգմանական գործընթացի մեթոդաբանական հենք: Հենց այս դիրքորոշումն է մեզ ուղղորդում թարգմանության գործընթացում:
Արմինե Սարգսյան
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: