Օձաձկներն ու աստղերը Կորտասարի «առեղծվածային» վիպակում - Mediamax.am

exclusive
1945 դիտում

Օձաձկներն ու աստղերը Կորտասարի «առեղծվածային» վիպակում


Խուլիո Կորտասարը
Խուլիո Կորտասարը
Ալիս Տեր- Ղեւոնդյանը
Ալիս Տեր- Ղեւոնդյանը

Լուսանկարը` Նարեկացի արվեստի միություն

Խուլիո Կորտասարը
Խուլիո Կորտասարը

«Ակտուալ արվեստ» հրատարակչությունը լույս է ընծայել աշխարհահռչակ արգենտինացի գրող Խուլիո Կորտասարի (1914-1984) «Աստղադիտարանի արձակ» վիպակը։ Գրքում տեղ գտած լուսանկարները՝ Խուլիո Կորտասարինն են՝ Անտոնիո Գալվեսի համագործակցությամբ։ Իսապաներենից թարգմանել է Ալիս Տեր- Ղեւոնդյանը։ Նրա բանաձեւմամբ՝ «Աստղադիտարանի արձակը» առեղծվածային գողտրիկ մի գործ է, որի մեկնաբանությունը մեծապես կախված է ընթերցողից։

 

- «Աստղադիտարանի արձակը» ենթադրում է գիտական, առեղծվածային, գեղարվեստական ուղղվածությո՞ւն։ Առհասարակ, ի՞նչ ժանրում է գործը։

 

- Այս վիպակը դժվար է դասել որեւէ ժանրերի, քանի որ այն միավորում է պոեզիան, էսսեն, հետազոտությունը, փիլիսոփայությունն ու լուսանկարը։ Միեւնույն ժամանակ, ինչպես հուշում է անվանումը, սա արձակ է՝ Աստղադիտարանում ծնված մտքերի անկաշկանդ շարադրանք։

 

- Կորտասարն իր ասելիքը տեղ հասցնելու համար նոր, չգործածված ձեւե՞ր է փնտրում։ Կամ գուցե ասելիքի բովանդակությունն է թելադրում այդ ձեւերը։

 

- Կորտասարի պարագայում միշտ բովանդակությունն է թելադրում ձեւը։ Նրա վեպերն ու վիպակները միշտ «բաց» տիպի ստեղծագործություններ են։ Հեղինակը հանձնում է ընթերցողին ավարտուն մի տեքստ, եւ զգուշացնում, որ գոյություն ունի ընթերցման մի քանի տարբերակ։ Ընթերցողն էլ ազատ է ընտրելու իրեն հարմար կարդալու ձեւը։

 

Սակայն այս վիպակի դեպքում չկա եւ ոչ մի ուղեցույց։ Նախաբանի մի քանի տողերում Կորտասարը շեշտում է, որ տեքստը որեւէ ձեւով չի թիրախավորում մեջբերված գիտնականների աշխատանքը եւ որ իր կողմից ստեղծված պատկերը (օձաձկները, աստղերը, սուլթան Ջայ Սինգհն ու լուսանկարները), ուղղված է միայն ընթերցողին։ Այս ակնարկը բնորոշ է արձակագրին, որը միշտ ակնկալել է ունենալ իրեն «մեղսակից», ասել է թե՝ համախոհ ընթերցող, որը պատրաստ է առաջարկվող փոխաբերությունների ու գրավիչ պատկերների մեջ ինքնուրույն կերպով կողմնորոշվել։

Ալիս Տեր- Ղեւոնդյանը Ալիս Տեր- Ղեւոնդյանը

Լուսանկարը` Նարեկացի արվեստի միություն

Հնդկաստանում եղած ժամանակ նրան շատ են տպավորել աստղադիտարանները, դրանց հզոր, զարմանահրաշ դիտակառույցներն ու գործիքները։ Հեղինակը բազմաթիվ լուսանկարներ է արել սեւ-սպիտակ ժապավենի վրա, որոնք էլ ավելի են ընդգծել կառույցների սյուրռեալիստական լինելը։ Միաժամանակ նրան շատ է տպավորել հնդիկների վերաբերմունքը կյանքի հանդեպ՝ անխուսափելիորեն հանգեցնելով Արեւելք-Արեւմուտք տարբերությունների մասին մտորումներին։

 

Վերջապես, Կորտասարը մշտապես շատ ուշադիր հետեւել է գիտական նորություններին, եւ օձաձկների մասին հետազոտությունը եւս արժանացել է նրա ուշադրությանը։ Այս ամենը արձակագիրը դարձրել է պոետիկ մի ամբողջականություն, որից անհնար է տարանջատել այս կամ այն բաղադրիչը։

 

- Գրողի հղումները պետք է փնտրել նաեւ գրքում տեղ գտած լուսանկարներո՞ւմ։  Մանավանդ որ, դրանք զուտ փաստագրությունը ընդգծելու համար չեն։

 

- Լուսանկարները գրքի անբաժան մասն են կազմում։ Դրանք՝վիրտուալ կերպով տեղափոխելով ընթերցողին այն վայրը, որտեղ ծնվել են վիպակում տեղ գտած բոլոր մտորումները, միանգամից ստեղծում են անհրաժեշտ տրամադրություն ու «միջավայր»՝ավելի դյուրընկալելի դարձնելով բովանդակությունը։ Համացանցում հեշտությամբ կարելի է գտնել մինչ օրս պահպանված աստղադիտարանների գունեղ պատկերները։

 

Այդ մեծածավալ կառույցները պատրաստված են բրոնզից, մետաղից, տեղական գույնզգույն քարերից։ Բայց չէ՞ որ գիշերը անգամ ամենավառ գույները արտահայտվում են սեւ-սպիտակի երանգներով, երկինքն ու օվկիանոսը իրենց արծաթափայլի ճառագումներով էլ ավելի առեղծվածային են դառնում ու երեւի թե միայն սեւ-սպիտակ լուսանկարները կարող էին փոխանցել այդ մոգական պահը, երբ հեղինակը ի մի է բերել իր մտորումները։

 

- Օձաձկերը, Ջայ Սինգհը, աստղերը եւ ինքը՝ հեղինակը մեկ ընդհանուր պատկեր են կազմում։  Սա «բանաձեւ» է, որ պետք է «լուծի՞» ընթերցողը։ Կամ երբ ասում է, որ փոխկապակցված է ամեն ինչ, այդ տիեզերական ամբողջության մասնիկին է նաեւ մա՞րդը, թե ինչպես գրքի վերջում է ասվում, մարդը իր տեղը պետք է գտնի այդ ցնծալից պարի մեջ, որ մենք ինչ-որ պահի կանվանենք իրականություն:

 

-Սա ոչ թե լուծելու ենթակաբանաձեւ է, այլ, ավելի շուտ, հրավեր է վերաբացահայտելու աշխարհը ճանաչելու բազմակողմանիությունը։ Անշուշտ, մարդիկ հնարավորինս մանրամասն պետք է ուսումնասիրեն տարբեր երեւույթների խորքային էությունը, հասկանան դրանց առաջացման եւ զարգացման մեխանիզմները։ Բայց անվերջ խորանալով մանրամասների մեջ, մարդ չպետք է բաց թողնի ընդհանուր պատկերը։ Այդպես, ճշգրիտ նկարագրելով օձաձկների կյանքի ցիկլը, հասկանալով, թե ինչպես են ազդում երկնային մարմինները երկրագնդի վրա, մարդ երեւի թե ինչ-որ մի պահ պետք է մի կողմ դնի ամեն ինչ աղյուսակների մեջ տեղավորելու իր մարմաջը եւ բոլոր այդ երեւույթները տեսնի իրենց ամբողջականության մեջ։

 

Հակառակ դեպքում, ինչպես ասում է հեղինակը, մի կողմից նորածին երեխային այլեւս չենք կապկպում, մյուս կողմից մեծահասակ մարդուն կապանքների մեջ ենք առնում, որովհետեւ նա հաճախ զրկվում է ինքնուրույն մտածելու ունակությունից, դառնում է գիտության ձեռքբերումների պարզ սպառողը։ Բացի այդ, կան բաներ, որոնք մարդը պարզապես զգում է «երաժշտության, սիրային պայքարի ու տարվա եղանակի ռիթմի միջոցով» եւ դա գիտական եզրույթների կարիքը չունի, բայց կարող է մարդուն օգնել պարզելու իր իրական ցանկությունները, իր տեղն ու դերն այս աշխարհում։ Հավանաբար հընթացս նա ստիպված լինի պատասխանել մի քանի կարեւորագույն փիլիսոփայական ու էթիկական հարցերի, որոնք, չի բացառվում, իրենց ազդեցությունը կունենան մարդկության ճակատագրի վրա։

Խուլիո Կորտասարը Խուլիո Կորտասարը

 

Ուշադիր ընթերցողին այս փոքրածավալ, բայց հագեցած վիպակը կարող է դրդել ուրիշ տեսանկյունից դիտարկել սովորական երեւույթները, կարող է օգնել բացահայտելու նոր «անիմանալի տարածքներ»։

 

- Թարգմանական դժվարությունների մասին ի՞նչ կասեք՝ Կորտասարի ոճը, գիտական եզրույթները փոխադրելու առումով։

 

- Նախ պետք է ասեմ, որ այս ստեղծագործությունը, ի տարբերություն Կորտասարի մյուս գործերի, որոնք անմիջապես ուսումնասիրվում ու թարգմանվում էին տարբեր լեզուների, ամենաքիչ ուսումնասիրվածն ու քիչ թարգմանվածն է։ Անգլերենը, օրինակ, լույս է տեսել շատ ուշ՝ 2011թ․-ին, իսկ ռուսերենը գոյություն ունի միայն համացանցային տարբերակով։ Թերևս, պատճառն այն է, որ այս վիպակը թե՛ մասնագետների եւ թե՛ ընթերցողների կողմից բնութագրվում է որպես «առեղծվածային»։

 

Ինչպես ցանկացած պոետիկ ստեղծագործության դեպքում այստեղ եւս պետք էր պահպանել շարադրանքի յուրահատուկ ռիթմը՝ հնարավորինս խուսափելով երկարաշունչ, բացատրողական շրջասույթներից։ Վիպակը հագեցած է տարատեսակ հղումներով ու եզրույթներով, որոնք անհրաժեշտ էր ճիշտ մեկնաբանել։ Ինչպես միշտ, պետք եղավ բավական շատ նյութ ուսումնասիրել. պատմական ակնարկներ XVIIIդ․ զորավար, մաթեմատիկոս Ջայ Սինգհի մասին, փիլիսոփայությանը, աստղագիտությանը եւ օձաձկներին վերաբերող նյութեր, աստղադիտարանները պատկերող լուսանկարներ, հեղինակի նամակներն ու հարցազրույցները, ինչպես նաեւ վիպակին նվիրված սակավաթիվ ուսումնասիրությունները։

 

Անհրաժեշտ էր նաեւ խորհրդակցել մասնագետների հետ՝ եզրույթները ճշգրտելու նպատակով։ Օգտվելով առիթից, կցանկանայի շնորհակալություն հայտնել փիլիսոփա Դավիթ Մոսինյանին, ֆիզիկոս, աստղագետ Ավետիք Գրիգորյանին եւ գրքի խմբագիր Գայանե Վարդազարյանին, որոնց դիտարկումները չափազանց կարեւոր էին ինձ համար։

 

Արմինե Սարգսյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին