Իվ Բոնֆուա` բառերին վերադարձնել շողալու իրավունքը - Mediamax.am

exclusive
3338 դիտում

Իվ Բոնֆուա` բառերին վերադարձնել շողալու իրավունքը


Իվ Բոնֆուան
Իվ Բոնֆուան

Լուսանկարը` George McClintock

Շուշանիկ Թամրազյանը
Շուշանիկ Թամրազյանը

Լուսանկարը` Inknagir.org

Իվ Բոնֆուան
Իվ Բոնֆուան

Լուսանկարը` Indacoage.it

Իվ Բոնֆուան
Իվ Բոնֆուան

Լուսանկարը` Indacoage.it


«Նաիրի» հրատարակչություն լույս է ընծայել Իվ Բոնֆուայի «Ժամը ներկա» բանաստեղծական ժողովածուն` Շուշանիկ Թամրազյանի թարգմանությամբ: Ժողովածուն տպագրվել է Ֆրանսիայի Գրքի ազգային կենտրոնի աջակցությամբ:

 

Գրքի մասին զրուցել ենք Շուշանիկ Թամրազյանի հետ:

 

-2000-ից Իվ Բոնֆուայի գրքերը ներկայացնում եք հայ ընթերցողին: Եվ այսօր ընթերցողի սեղանին է «Ժամը ներկան»:

 

-Այո, 2000 թվականին լույս տեսավ «Անկարելիի» հայերեն թարգմանությունը, որ անսպասելի ջերմ արձագանքներ ունեցավ: Դրան հետեւեցին «Արտ-երկիրն» ու «Թափառող կյանքը» (2001), իսկ 2007-ին՝ «Հռոմ, 1630» մենագրությունը՝ «Հայաստանի իմ հիշողությունները» առաջաբանով, որ գրվել է հատուկ հայ ընթերցողի համար:

 

2012-ին ծավալուն հատորով լույս տեսան «Երկու տեսարան եւ ծանոթագրություններ», «Հայելու մի բեկորի մեջ» եւ «Գեղեցկությունը առաջին օրից» ժողովածուները՝ նորից հեղինակի առաջաբանով: Եվ վերջապես 2015-ին՝ «Ժամը ներկան», որին սպասել էի շատ երկար:

 

Կարեւոր է «Նաիրի» հրատարակչության դերը, որն, ըստ էության, հայ ընթերցողի համար բացահայտեց հեղինակին եւ տարիների հետեւողական, խստապահանջ աշխատանքի շնորհիվ՝ մտցրեց հայ գրական դաշտ, ներհյուսեց այն հայերենի լեզվամտածողության տիրույթին: Մինչ այդ Իվ Բոնֆուան երբեւէ չէր տպագրվել հայերեն:

 

Սա իսկական ընտրություն է. հրատարակչությունը թարգմանչի միջոցով իսկապես ընտրում է մի հեղինակի՝ անկախ գրքի շուկայի պայմանականություններից եւ առաջնահերթություններից: Իսկ մերօրյա գրահրատարակչական դաշտում նման խիզախումներն էական են: 

 

-Իսկ ինչու՞ ընտրել Իվ Բոնֆուային:

 

- Ինքս ուղղակի հայտնագործել եմ այս հեղինակին 90-ականների վերջին, թեեւ այդ տարիներին Ֆրանսիայում Իվ Բոնֆուան արդեն համարվում էր ֆրանսիական հետսյուրռեալիստական պոեզիայի մեծագույն բանաստեղծներից եւ Շեքսպիրի լավագույն թարգմանիչներից մեկը:

 

1997-ին էր, Մոնպելյեի Պոլ Վալերիի  համալսարանում, որտեղ ժամանակակից գրականության դասընթացի շրջանակներում մի ամբողջ կիսամյակ երկու հեղինակ էինք ուսումնասիրում. Իվ Բոնֆուա եւ Կլոդ Սիմոն: Հրաշալի դասախոսներ ունեի, եւ հիշում եմ՝ մի օր դասախոսս դասի «լուսանցքներից» մեկում ասաց. «Իվ Բոնֆուան ինձ օգնում է ապրել»: Յուրաքանչյուրը յուրովի է արտահայտում բարձր պոեզիայի իր ընկալումը: Անձամբ ինձ Իվ Բոնֆուան օգնել է վերագտնել իմ վայրը: Ներքին վայրը: Այն, ինչին մենք ասում ենք Հայրենիք: Ամուր մի հող, կենսապրումի զարմանալի խտություն. դրանք էին առաջին զգացողությունները, որ ունեցա Մոնպելյեի ուսանողական հանրակացարանի սենյակում՝ հեղինակի տողերն ընթերցելիս, իսկ առաջին զգացողությունները, ներընկալումները չեն խաբում: Կարծում եմ՝ արվեստի ճշմարիտ գործերի առանձնահատկությունն է՝ դառնալ հայրենիք՝ անկախ դրանց արծարծած թեմաներից եւ աշխարհագրական տիրույթից...

 

-Դուք հիշատակեցիք  «Հայաստանի իմ հիշողությունները» տեքստը, որ հատուկ գրված է հայ ընթերցողի համար: Իվ Բոնֆուան եղե՞լ է Հայաստանում:

 

-Ո՛չ: Բայց մեր առաջին հանդիպման ժամանակ պարզվեց, որ Հայաստանը եղել է բանաստեղծի ներքին աշխարհագրության եզերքներից մեկը. երազային մտապատկեր, որի հիմքում մի քանի սեւ-սպիտակ լուսանկարներ են: Հայկական եկեղեցիների մի քանի լուսանկար, որ վաղ հասակում նա տեսել է արվեստի պատմության ձեռնարկներում... Տարիներ անց՝ 2007-ին, գրվեց «Հայաստանի իմ հիշողությունները»՝ որպես «Հռոմ, 1630» գրքի հայերեն թարգմանության առաջաբան, որտեղ հեղինակը խորհրդածում է ներքին եզերքի մասին՝ երազի, հիշողության եւ իրականության սահմանեզրին: Զարմանալին այն է, որ մի քանի մտապատկերով Բոնֆուային հաջողվում է ստեղծել ներքին Հայաստանի նրբին, խոր մի պատկեր, որ ես կդնեի      եւ Չարենցի «Կապուտաչյա հայրենիքի» կողքին: Իսկապես հազվագյուտ են Հայաստանի եւ հայ արվեստի ընկալման այդքան խոր եւ ճշգրիտ վկայությունները, որ դիտարկում են այն իր բացառիկ գեղեցկությամբ՝ միաժամանակ հանգուցելով համաշխարհային արվեստի փոխներթափանցումների շարունակական շղթային: Սա բացառիկ ընծա էր հայ ընթերցողին:

Շուշանիկ Թամրազյանը Շուշանիկ Թամրազյանը

Լուսանկարը` Inknagir.org

-Ինչո՞վ է առանձնանում «Ժամը ներկա» ժողովածուն:

 

-«Ժամը ներկան» բանաստեղծի որոնումների եւ հարցադրումների խտացումն է. այլուրի կանչը եւ մեզ վիճակված այժմ/ներկան ընդունելու անհրաժեշտությունը, բացարձակի ինտուիցիան եւ դրա բախումը առօրյա իրականության հետ, հոգու խարխափող ճամփան՝ ենթագիտակցության կույր միջանցքներով, ժամանակակից աշխարհի ամայությունը ու հույսի սխրանքը՝ որպես մարդու ճակատագիր: Գրքի առանցքային ստեղծագործությունը «Ժամը ներկա» ծավալուն պոեմն է, որն էլ դարձել է գրքի վերնագիրը: Այստեղ բանաստեղծական խոսքը տենդագին պտտվում է երկու բեւեռների՝ անէության եւ հույսի միջեւ, որ ծագում է՝ որպես խոսքի արար: «Ժա՛մ ներկա, մի՛ հրաժարվիր, /Հետ առ բառերդ դեգերող ափերից շանթի/ Լսիր՝ ինչպես են նրանք խոսք հյուսում ոչնչից, խիզախի՛ր/ մինչեւ սահմանը վստահության, որը չունի ապացույց:/ Կտակի՛ր մեզ չմեռնել հուսահատ». սա է բանաստեղծի ուղերձը:    

 

-Գրքի առաջաբանում նշել եք, որ Իվ Բոնֆուան ամենադասական եւ միաժամանակ ամենաժամանակակից բանաստեղծներից է: Նաեւ հավելել եք. «Դժվար է մերօրյա արեւմտաեվրոպական բանաստեղծության դաշտում նման խոր մտածողից ակնկալել այդքան զգայուն եւ կենսաթրթիռ պոեզիա»: «Զգայուն եւ կենսաթրթիռ պոեզիան» ունի՞ արդյոք ընթերցող մեր օրերում:

 

-Այո, ճշմարիտ պոեզիան ունի իր ընթերցողները: Դրանք փոքրաթիվ են եւ խստապահանջ, ինչպես միշտ... Ներեցեք, բայց այս հարցին պատասխանելիս միշտ հիշում եմ մի այլ ֆրանսիացի բանաստեղծի՝ Իվ Բոնֆուայի մեծ բարեկամ Անդրե դյու Բուշեի պատասխանը՝ Հյոլդերլինի հայտնի հարցին. «Եվ ինչու՞ պոետներ աղետալի մեր ժամանակներում». «Ժամանակները միշտ էլ եղել են աղետալի, եւ երբեմն լինում են պոետներ»,-պատասխանում է Անդրե դյու Բուշեն հարցազրույցներից մեկում: Ճշմարիտ պոեզիան ենթադրում է խոսքի արար, այսինքն՝ խոսքի՝ որպես բարձրագույն արարի ընկալում, որ փորձում է վերանյութել վնասված, սակաված, նվազած իրականությունը: Իսկ իրականությունն այսօր հաճախ է տառապում սակավարյունությամբ: Ինձ համար բանաստեղծությունը ոչ թե փիլիսոփայական, բարոյախոսական կամ գաղափարախոսական որեւէ տրակտատի գեղարվեստական նյութականացումն է, քաղաքական պամֆլետ կամ ինտելեկտուալ խաղերի շտեմարան, այլ անասելի ուժով շատրվանող այն տողը, որ չէր կարող չծնվել, եւ որի ներքին ազդակները հաճախ առեղծված են հենց իր՝ բանաստեղծի համար: Զարմանալիորեն ամենաբարձր պոեզիան երբեմն ամենավճիտ պոեզիան է: Իր վերջին ժողովածուներում Իվ Բոնֆուային հաջողվել է հասնել այնպիսի զուլալ պարզության, որ նրա սոնետներն ընկալելի են ամենատարբեր մակարդակի եւ ինտելեկտուալ պաշարի տեր մարդկանց: Ինքս առիթ եմ ունեցել դա արձանագրելու գրական ընթերցումների ժամանակ: Գուցե բավական է այն հնչեցնել ընթերցողի համար... Չգիտեմ...    

Իվ Բոնֆուան Իվ Բոնֆուան

Լուսանկարը` Indacoage.it

- Իսկ եթե խոսենք պոեզիայի անհրաժեշտության մասի՞ն: Մանավանդ, նշում եք, որ  «Ժամը ներկան» այն գրքերից է, որ  պետք է «ամեն օր կարդալ, արտասանել՝ արտաքին աշխարհի, ծառերի, թռչունների, ծաղիկների համար»:

 

-Բանաստեղծության հետ իմ շփումը մանկուց եղել է շատ օրգանական: Ինձ համար բանաստեղծությունն այն ակնթարթն է, երբ լեզուն դառնում է խոսք-մարմին: Դա նաեւ երջանիկ մի հանդիպման ակնթարթ է՝ բանաստեղծի ներաշխարհի եւ արտաքին իրականության միջեւ: Բանաստեղծությունը մեր ներաշխարհն ընձյուղում է արտաքին աշխարհին: Ուրեմն, այո, ինձ համար գոյություն ունի օրգանական այդ կապը՝ գրված տողի եւ ծաղկի ցողունի միջեւ, եւ թարգմանելիս կամ պարզապես հաճույքի համար բարձրաձայն կարդալիս երբեք չեմ մոռանում ծաղիկների, ծառերի այդ վճիտ հայացքը:

 

-Թարգմանության մասին խոսելիս նշում եք, որ  բանաստեղծության ամենապարզ բառերը մեզ սովորեցնում են լինել աչալուրջ: Նկատում եք նաեւ, որ «Ժամը ներկա»-ում առանձնապես թե' ոճական, թե' բանաստեղծական պատկերների առումով բառերը «շողշողուն են եւ անպաճույճ»: Թարգմանելիս հայերենը տալի՞ս է բառի այդ նրբերանգները պահպանելու հնարավորություն:

 

-Հայերենը անհավատալիորեն հարուստ լեզու է: Հարուստ եւ շնորհալի: Այն օժտված է ամենաթաքուն նրբերանգներն արտահայտելու կարողությամբ: Իվ Բոնֆուայի պոեզիայի առանձնահատկությունն է. վերադարձնել բառերին շողալու իրենց իրավունքը, այսինքն՝ գիտակցել բառի կենդանությունը, ունկնդրել հնչյունի թրթիռը յուրաքանչյուր բառի մեջ: Որպեսզի հայերեն տարբերակում բառերը մնան շողշողուն, բավական է պահպանել այդ վճիտ, զուլալ ներկայությունը, չսքողել դրանք կեղծ բանաստեղծականության հնարանքներով, ոչ էլ արհեստականորեն մերկացնել: 

 

-Եթե բանաստեղծության բառերը եզակի են, անփոխարինելի, ուրեմն թարգմանիչը նաեւ նոր կյանք է տալիս թարգմանված ստեղծագործությանը: Ավելի ընդհանրական բանաձեւ կա` ասում են` համաշխարհային գրականությունը ստեղծում են թարգմանիչները:

 

-Համաձայն եմ, առնվազն՝ Ձեր առաջին դիտարկման հետ: Թարգմանել ինձ համար նշանակում է վերստեղծել, նորից ապրեցնել գործը նոր լեզվամշակութային տիրույթում, այսինքն՝ գիտակցել, որ գործը պետք է լիաթոք շնչի, տրոփի: Թարգմանիչներն ինձ համար այն լարախաղացներն են, որ բարակ մի գծով շարժվում են առաջ մինչեւ վերջին սահման եւ չեն վարանում: Վերջին սահմանը յուրաքանչյուր լեզվական համակարգի հնարավորությունների, կանոնների, արգելքների սահմանագիծն է, որ թարգմանիչն ամեն անգամ փորձում է վերասահմանել, տեղաշարժել: Յուրօրինակ այդ ճոճքը սահմանների ողնաշարին, սահքը սահմանից սահման թարգմանչի առօրյա հավասարակշռությունն է: Այն կերտում է որակապես նոր տիրույթ՝ միջակայքը կամ երրորդ տարածությունը, որ հաջողված թարգմանությունների կենսական տիրույթն է:

Իվ Բոնֆուան Իվ Բոնֆուան

Լուսանկարը` Indacoage.it

- «Ժամը ներկան» ընթերցելիս ակամա տպավորվել են այս տողերը. «Խոսքը չի փրկում, երբեմն երազում է...»: Հետաքրքիր է՝ Ձեզ համար կարեւո՞ր են այս տողերը եւ ինչու՞:

 

-Այո, այդ տողով է ավարտվում իմ ամենասիրելի գործերից մեկը՝ «Ոչ մի Աստված» սոնետը: Իվ Բոնֆուայի բանաստեղծական եզերքը հրաշագործ, ամենափրկիչ խոսքի ոչ մի ուտուպիա չի փայփայում: Խոսքը՝ անգամ որպես արար, անէությունից կորզում է ընդամենը կենդանության մի ակնթարթ, մի պահ հավասարվում ծիծեռնակի ճիչին, փարվում նրան, բայց դատապարտված է լեզվական համակարգի կապանքներին, արգելքներին, վերացարկումներին: Նույն այդ խոսքերը երբեմն անընդունակ են ամոքել ամենապարզ վիշտը, կորուստը: Նույն այդ խոսքերը հաճախ ունայնություն են, մեծ, անհատակ մի լռություն՝ չնայած հնչյունների խրախճահանդեսին: Բայց քանի որ այս բոլոր հարցերը բացառիկ խորությամբ արծարծվում են Իվ Բոնֆուայի պոեզիայում, անձամբ ես կարծում եմ, որ ամենապարզ ընթերցողը նրա խոսքից քաղում է մտերիմ ու խոր մի ներկայության թանկ զգացողություն, որ թերեւս ավելին է, քան երազը:

 

Արմինե Սարգսյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին