Ծնվող բառի մենությունը Շուշանիկ Թամրազյանի նոր գրքում - Mediamax.am

exclusive
3376 դիտում

Ծնվող բառի մենությունը Շուշանիկ Թամրազյանի նոր գրքում


Շուշանիկ Թամրազյանը
Շուշանիկ Թամրազյանը

Լուսանկարը` Inknagir.org

Շուշանիկ Թամրազյանը
Շուշանիկ Թամրազյանը

Լուսանկարը` Շ․ Թամրազյանի անձնական արխիվից

«Մի թխկենու մոլորակ» գիրքը
«Մի թխկենու մոլորակ» գիրքը

Լուսանկարը` Շ․ Թամրազյանի անձնական արխիվից


Ընթերցողի սեղանին է գրող, թարգմանիչ Շուշանիկ Թամրազյանի «Մի թխկենու մոլորակ» գիրքը: Պատմվածքների ու բանաստեղծությունների այս ժողովածուն բաղկացած է «Երեքի ճանապարհը», «Խլահավերը», «Դեկտեմբերը», «Առլեկինը» եւ «Բարձր խոտերի միջով» շարքերից: Գիրքը լույս է ընծայել «Նաիրի» հրատարակչությունը:

 

-Շարքերը գրվել են տարբեր ժամանակահատվածներում եւ վայրերում: «Երեքի ճանապարհը» գրվել է Ծաղկաձորում՝ 2013-ի հուլիսին, «Խլահավերը»՝ Աչաջուր գյուղում, օգոստոսին, «Դեկտեմբերը»՝ 2013-ին, Երեւանում:

 

Բայց գիրքն ամբողջացավ 2015թ. ամռանը: Երեք ամսով հայտնվել էի Փարիզի «Ռեկոլե» ստեղծագործական տանը: Ինձ հատկացված արվեստանոցի պատուհանի առջեւ մի մեծ թխկենի կար, որ գրկում էր ողջ տեսադաշտս: Ավելի մեծ, քան պատուհանս: Ավելի մեծ, քան ողջ տեսարանը: Հարազատ, բայց շատ փոխված Փարիզում ամբողջ աշխարհն այդ մի թխկենին էր ու աստիճանաբար գունատվող նրա ուրվագիծը: Հատող մի քնքշանք՝ ամենից վեր, ամենից բարձր, որին դեռ հաջողվում էր աշխարհը գրկել, փարատել, վերանյութել, այնպես անել, որ աշխարհը լինի: Եվ այդ պատկերի շուրջ պտտվող մի շարք մտքեր. թռչունը կամ աննշան ստվերը, որ գուցե հորինվածք է, իր համար նոր օրացույց գնած մի կին: Կամ այն միտքը, որ սահմաններն ի սկզբանե մարդուն պարտադրված ճակատագիրն են, բայց մենք շարունակում ենք վստահել մի թռչունի... Խոհական-հուզական այս խտացումից էլ ծնվեցին «Առլեկին» եւ «Բարձր խոտերի միջով» շարքերը:

 

-«Մի թխկենու մոլորակ» գիրքը ինչո՞վ է առանձնանում եւ ի՞նչ «օրգանական» կապ ունի ձեր նախորդ գրքերի հետ:

 

-Չգիտեմ՝ որտեղից սկսել: Ինձ թվում է՝ կապն այն է, որ բոլոր գրքերում նույն ձեռագիրն է: Նույն հայացքը: Առաջին ժողովածուս՝ «Ոսկեվանդակը», լույս է տեսել 2001-ին: Այդտեղ բանաստեղծություններ ու արձակ տեքստեր կային: Արձակ, որ տատանվում էր պատմվածքի եւ արձակ բանաստեղծության միջեւ: Դրան հաջորդած գրքերը՝  «Չկախարդվողը», «Կարծրերկիրը», «Մոգ արքաները», «Թռչնագիրը», «Մի թխկենու մոլորակը», ժանրային առումով հավատարիմ են մնում այդ ընտրությանը:

 

Ճիշտ է, «Կարծրերկրի» հետ գրվածքը մի տեսակ բացվեց, դարձավ դեպի պատումը. գրվեցին իսկական պատմվածքներ՝ հերոսներով, դիպաշարով: Նույնը հատուկ է նաեւ «Թռչնագրին»: Բայց ինձ միշտ թվում է, որ իմ պատմվածքների հիմնանյութը բանաստեղծությունն է, այսինքն՝ դրանց հիմքում այն նույն մղումն է, որով պայմանավորված է բանաստեղծական արարը: Ո՞րն է այդ մղումը. ոչ թե պատմել ինչ-որ պատմություն կամ գաղափար, ստեղծել որեւէ կառուցվածք՝ իր հերոսներով, զարգացումով, այլ փորձել արտահայտել ներաշխարհի եւ արտաքին իրականության հազվագյուտ հանդիպման ակնթարթները, երբ բառերն իսկապես թվում են իրականության խտացում. «մարջանագույն». այն ծաղիկը դանդաղ հեռացող քաղաքում, որ տեսաք փողոցով անցնելիս, «խլահավեր». այն զգացումը, որ ձեզ համակեց մշուշոտ մի օր՝ հեռագրալարերին նստած գունավոր թռչուններին նայելիս... Բնականաբար, գրելու ընթացքում այդ մղումը կարող է ծնունդ տալ ամենատարբեր պատումային եւ գաղափարական շերտերի, բայց էականը նախնական ազդակն է, որ գալիս է ներսի եւ դրսի հանդիպումն արտահայտելու ցանկությունից:

«Մի թխկենու մոլորակ» գիրքը «Մի թխկենու մոլորակ» գիրքը

Լուսանկարը` Շ․ Թամրազյանի անձնական արխիվից

Մի այլ ընդհանրություն. ես գրում եմ համազարկերով, օրինակ՝ երկու շաբաթ, ամեն օր, եւ հետո՝ դադար, որ կարող է ձգվել մի քանի շաբաթ կամ ամիս... Դրա համար ներքին շարունակություն կա շարքի՝ իրար հաջորդող գործերի միջեւ՝ անկախ դրանց արծարծած թեմաներից: Խոսքը ընկել է ճանապարհ ու կանգ է առնելու ինչ-որ պահի: Ինձ համար շարքի գործերը նման են ներքին օրագրության կամ խոսքի օրագրության, եւ ակամա միշտ նշում եմ թե՛ բանաստեղծությունների, թե՛ պատմվածքների ստեղծման ամսաթիվը: Ու պատահական չէ, որ կան կրկնվող մոտիվներ, կերպարներ, որ սահում են մի ստեղծագործության հյուսվածքից մյուսը:

 

Բայց դա ստացվում է ինքնաբերաբար: Օրինակ՝ «Մի թխկենու մոլորակում» ինձ համար կարեւոր մի մոտիվ կա. «Մեր կարմիր աստղը ընկել էր ճանապարհ», որ մի ուրիշ տեղ դառնում է. «Մեր կարմիր տողը ընկել էր ճանապարհ»: Շատ պարզ պատմություն է թաքնված այս տողի տակ. շատ մռայլ մի օր Օպերա Գարնյեի բեմի վրա անսպասելիորեն հայտնված փխրուն մի կերպարանք, որ իր շարժումներով ճեղքեց բոլոր թաղանթները, սահմանները: Իսկապես չափազանց շնորհագեղ էին այդ շարժումները, իսկապես այդ թռիչքները բացարձակի երերուն շեմքն էին փնտրում: Հետո ներկայացման ծրագիրն ընթերցելիս իմացա, որ այդ երեկո փոփոխություն էր եղել պարողների կազմի մեջ, եւ փխրուն այդ կերպարանքն իսկապես բալետի «աստղ» էր, որ ֆրանսիական դասական բալետում շնորհվող բարձրագույն աստիճանն է: Մեր կարմիր աստղը ընկել էր ճանապարհ. այդ զգացումը՝ շատ փխրուն մի բան, գեղեցիկի կամ թռիչքի ստվերը, որին վստահում ես ոչ միայն ճակատագիրդ, այլ՝ գոյություն ունեցող ամեն ինչ: Հետո, անկախ ինձնից, մարմին առավ ինձ շատ սիրելի լարախաղացի կերպարը, որ անմիջապես կապվեց Փարիզի կրպակներից մեկում գնածս բացիկի վրա պատկերված Առլեկինի հետ: Հետո՝ իսկապես կյանքի սահմանը հատած սիրելի մարդկանց խոհը, որ այդպես էլ չի դառնում հիշողություն: Եվ ակամա այս մոտիվի շուրջ շաղկապվեց գրքի ողջ ներքին բովանդակությունը, կամ առնվազն՝ բովանդակային բաղադրիչներից մեկը:

 

Երկար կարելի է խոսել գրքերի միջեւ եղած կապի մասին: Բայց կա նաեւ մի էական տարբերություն. ներքին շարժման փոփոխությունը: «Թռչնագիրը» գրելիս նախադասությունները հոսում էին՝ ներդաշնակ, շարունակական: «Մի թխկենու մոլորակի» դեպքում ֆրազներն ընդհատ էին, պատկերները կտրտվում էին: Շարունակությունը դարձել էր դժվար: Դա այդպես էր, եւ ես դիմադրելու ոչ մի ցանկություն չունեի: Ընդամենը պետք էր հետեւել գրվածքի ներքին շարժմանը:

 

Գիրքը տպագրության հանձնելուց առաջ բանաստեղծությունները վերընթերցելիս նաեւ մի ուրիշ բան նկատեցի. բանաստեղծական շարքերում գրեթե բացակայում են մարդիկ, նույնիսկ քաղաքային պատկերներում հայացքն արձանագրում է լապտերներ, ծղրիդներ, փակվող ճաղաշար, ծառեր, փողոցի փոշին, հղում մանկության այգիների խրտվիլակներին...

 

-Ձեր ժողովածուները ստեղծվել են երկու տարածությունների միջեւ՝Երեւան եւ Փարիզ: Այդ սահմանները` տարածությունը, միջակայքը տեսանելի՞ են ընթերցողին:

 

-Գրքերս իսկապես ստեղծվել են երկու կամ մի քանի տարածությունների միջեւ: «Կարծրերկրում» տեղ գտած տեքստերն, օրինակ, գրվել են Լիոնում, Փարիզում, խմբագրվել ու տպագրության են հանձնվել Երեւանում: «Թռչնագրի» աշխարհագրությունը. Փարիզ, Առլ, Ծաղկաձոր, Դիլիջան, Երեւան: Սա կարող էր լինել զուտ արտաքին փաստ, որ որեւէ կերպ չի ազդում գրվածքի ներքին տարածության վրա:

 

Բայց այս դեպքում տարածական այդ սահանքը էական դեր է խաղում ստեղծագործությունների ռիթմականության, ներքին շարժման մեջ, որ անընդհատ անցնում է սահմանից սահման: Պար սահմանների եզրագծին. մի բան, որ մշտապես արբեցրել է ինձ եւ հավանաբար չէր կարող իր արտահայտությունը չգտնել իմ գործերում:  Չգիտեմ՝ որքանով է դա տեսանելի ընթերցողի համար: Բայց կա ներքին մի ապրում. երբ Առլում գրված հայերեն գործերը (օրինակ՝ «Մոգ արքաները») տպվում են Երեւանում, իսկապես իմ մեջ տարածական այդ զգացումն է. ասես հաջողվել է Երեւանի եւ Առլի մայթերի միջեւ ստեղծել թրթռուն մի միջտարածություն: Ի դեպ՝ հաճախ այդ վայրերն ուղղակիորեն հիշատակվում են գործողության մեջ: Այդ իսկ պատճառով ինձ թվում է, որ սահմանային այդ ճոճքի առնվազն արտաշերտը տեսանելի է, այո, ընթերցողի համար:

Շուշանիկ Թամրազյանը Շուշանիկ Թամրազյանը

Լուսանկարը` Շ․ Թամրազյանի անձնական արխիվից

- Ժամանակը ի՞նչ տեղ ունի ձեր գործերում, կարծես անժամանակությո՞ւն է...

 

- Յուրաքանչյուր տող հյուսում է իր ժամանակն ու տարածությունը, տեղափոխում մեզ իր աշխարհ: Այլ հարց է, թե այդ «հյուսածո» ժամանակը ինչ փոխհարաբերության մեջ է արդիականության հետ: Հնարավոր է, որ անժամանակայնության զգացում առաջանա գործերս ընթերցելիս, որովհետեւ հատկապես այս գրքում գործողությունը կարծես տեղափոխվել է հերոսների ներաշխարհ, երբեմն՝ մարմին ու խոսում է այդ մարմնի ներսից: Հաճախ դրանք ներքին աշխարհագրությունից պոկված աբստրակտ պատկերներ են, եւ ժամանակն էլ ներքին է, «անժամանակյա», ինչպես ասում եք: Բայց ինձ թվում է, որ ուշադիր ընթերցելու դեպքում կարելի է գտնել ահազանգեր, մտավախություններ, որ, այնուամենայնիվ, հենց մեր ժամանակի ծնունդն են. օրինակ՝ ներաշխարհի անձեռնմխելիության բացարձակ անհրաժեշտությունը, ներքին տիրույթի կողոպուտը եւ մտքի ընդվզումը, անհավասար ցատկերը լարերն ի վեր, լարերն ի վար՝ ի պատասխան չլռող այդ տագնապի:

 

-Կարելի՞ է ասել, որ ձեր նոր գիրքը նման է բնանկարի, որտեղ ամեն մեկը կարող է տեսնել իր թխկենու մոլորակը, թե՞ դա միմիայն գրողի մոլորակն է:

 

-Ինձ թվում է՝ այս հարցի լավագույն պատասխանն ընթերցողին է պատկանում: Ըստ իս՝ ցանկացած ստեղծագործություն ծնվում է ներսուզման արդյունքում, որի տարածայնությունը տեղակայված է միաժամանակ ներսում եւ դրսում: Այդտեղ դու լրիվ մենակ ես ու պետք է իջնես մինչեւ հատակ, անքթիթ նայես ծնվող բառի մենությանը ճերմակ էջին: Բայց միեւնույն ժամանակ յուրաքանչյուր տող, որ ծնվում է քո ներսում, արդեն իսկ դադարել է քեզ պատկանել: Փնտրում է ելք՝ դեպի դուրս: Ուղղված է արտաքին աշխարհին: Ես դա միշտ համեմատում եմ Ավանի իմ ննջասենյակի պատի ճեղքերից մեկում գիշերող ծիծեռնակների հետ, որ երբեմն արթնանում են գիշերով ու սկսում խոսել: Որտեղի՞ց է գալիս այդ ձայնը. ներսի՞ց, դրսի՞ց: Որոշ գիշերների ինձ թվում է, որ հենց իմ ներսից: Ինչեւէ, ձայնը հնչում է փակ տարածությունից՝ բետոնե պատի միջից, բայց իր անասելի լարումով ճեղքում է կարծես պատը, հյուսում գրկախառնվող մի տարածություն, որ միաժամանակ ներս է եւ դուրս:

 

-Ընթերցողն այստեղ կգտնի՞ իր մոլորակը:

 

- Գրելիս երբեւէ չեմ մտածում ընթերցողի մասին. ինչպե՞ս կհասկացվի այս կամ այն տողը, ինչպե՞ս գրավել ընթերցողին: Ինձ թվում է, որ եթե այդ մեխանիզմը սկսեր աշխատել իմ մեջ, ուղղակի կդադարեի գրել: Ստեղծագործության ազդակները գալիս են ոչ թե դրսից, այլ՝ ներսից, ներքին անհրաժեշտությունից: Յուրաքանչյուր գործ առաջին հերթին հեղինակի մոլորակն է: Բայց երբ գիրքն արդեն լույս է տեսել, իսկապես անսահման երջանկություն է, երբ ընթերցողներից մեկից իմանում եմ, որ պատմվածքներիցս մեկում վերագտել է իր մանկության Դիլիջանի դիմագիծը, կամ որ գրածս նախադասություններից մեկն արդեն դարձել է ինչ-որ մեկի ներքին կյանքի կամ թեկուզ առօրյայի մի մասը:

 

-Շուշանիկ, կթարգմանվի՞ գիրքը, ենթադրում եմ, որ Ֆրանսիայում կներկայացնեք այն:

 

-Չգիտեմ: Ինքս մի շարք ֆրանսերեն տեքստեր եմ գրել, որոնցից մի քանիսը տեղ են գտել ֆրանսիական գրական ամսագրերում (L’Europe, Encres Vives, L’ARPA), ընթերցվել են Մաաստրիխտի եւ Ռոթերդամի պոեզիայի փառատոններին՝ ֆրանսերեն եւ հոլանդերեն: Ֆրանսերեն գրելը, լեզվական սահմանը հատելու փորձը նոր չափում, նոր որակ ներմուծեց լեզվի հետ ունեցած իմ փոխհարաբերության մեջ:

 

Ինքս ինձ թարգմանելու փորձ արել եմ երկու անգամ, կարելի է ասել՝ պարտադրանքով. գործերս պետք է ներկայացվեին ֆրանսիական գրական միջոցառումների ժամանակ: Ինքս ինձ թարգմանելու ցանկություն չունեմ: Հյուծող զբաղմունք է, նման է ինքնազննման կամ ասենք սելֆիի. մի բան, որ երբեք չեմ անում: Մինչդեռ ուրիշներին թարգմանելը մեծ ազատություն է, խնդություն: Աչքիդ առջեւ կենդանություն առնող միջակայքի խնդությունը, թրթիռը՝ օտարի եւ քո տարածության միջեւ:

 

Շուշանիկ Թամրազյանի հետ զրուցել էինք նաեւ ս.թ. հունվարին՝ Իվ Բոնֆուայի «Ժամը ներկա» բանաստեղծական ժողովածուի մասին եւ 2015թ. դեկտեմբերին՝ Միլան Կունդերայի «Կեցության անտանելի թեթեւությունը» վեպի մասին:

 

Արմինե Սարգսյան

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին