Սոնա Վանյան. Նամակ «Ավրորայի» հերոսին - Mediamax.am

862 դիտում

Սոնա Վանյան. Նամակ «Ավրորայի» հերոսին


Լուսանկարը`


Նամակ համամայր Մարգարիտ Բարանկիցեին

ապագա մայր՝ Սոնա Վանյանից

 

Մարդիկ  ձգտում են հրաշքների, բնավ չգիտակցելով, որ մեծագույն հրաշքն արդեն արարված է՝ այն նոր կյանքի ծնունդն է, մանկան ճիչը: Օրհնված է  այն կինը,  ով վայելել է մայրության բերկրանքը, քնքուշ ձեռքերի մեջ գուրգուրել է մանկանը, կամացուկ ծածկել և մտովի հյուսել ապագայի ոսկեթև երազը: Ո՜վ է մարդը, որ խառնվի Աստծո գործերին, ո՜վ է տվել մարդուն իր նմանի կյանքը խլելու, պղտորելու անասնական բնազդը և մեղքը դառնում է առավել սրախողող, երբ անուշ մանկությունից զրկում են երեխային, երբ ծնողի գերեզմանն են թողնում հուշ, աչքերում՝ վրեժ ու արցունքափուշ:

 

Հոգիս է ճչում, արյունը սառում երակներիս մեջ, երբ տեսնում եմ որբի, երբ տեսնում եմ խեղված մանկություն, կոտրված հեքիաթ և հույսի ոչ մի կտոր:  Դուք տեսե՞լ եք լճացած արցունք, դուք տեսե՞լ եք դողից համրացած շուրթեր, տեսե՞լ եք՝ ինչպե՜ս են չմանկացած մեծանում և ծնող են դառնալու ծնողից չստացած անլցնելի դատարկության դառնությունը կուլ տալով: Հիմա կասեք, թե սա ողբերգությունների կիզակետն է, բայց կա ավելի, կամ առավել մեծ անաստվածություն՝  մանկան դիակը:  Ինչպե՜ս կարելի է  արևի նոր ծագած շողերը ջնջել, ինչպե՜ս կարելի է արշալույսները փակել և ինքնակամ մխրճվել մթության սատանայական ճահճում, բայց արի ու տես, որ այնքան ենք հեռացել մեզ ստեղծողի սուրբ պատգամներից, որ դրա դիմաց պարզում են սուր և պատգարակ: Որբացնում են, ծնողազրկում, արցունքների անտակ հուներ բացում,  սևասևում և սուգը դարձնում կյանքընկեր:  Տերը տեսնում է, Տերը գիտի, նրա անաչառ պատիժը չի ուշանա, բայց  նա  նաև երկրի վրա իր սպասավորներն ունի, որոնք մի-մի փրկիչ են, մի-մի բալասան, թեև Աստծո պես հարվածված ու հալածված են, բայց մնում են անչար ու անաչառ, դառնում են որբին մայր, ողբին՝ սպեղանի, հիվանդին՝ բժիշկ, քաղցածին՝ հաց: Նրանք ընտրյալներ են, նրանք ծնվել են, որ ընկածին թև տան, ընճվածին՝ հույսաղբույր, նրանք կան, որ ապրեցնեն Աստծո լույսը,  բարությունը, անշահ նվիրումը դարձնեն արժեք, դառնան վեհավսեմ առաքինությունների ծնողը, տարածողը…

 

Մեր համամայր՝ Մարգարիտ Բարանկիցե, խոնարհումս ձեզ, որ կաղ ոտքով վազեցիք, անձեռ՝ գրկեցիք և անձեռակերտ բարձունք դարձաք, դուք, որ Աստծո ընտրյալը լինելու կոչումն ստացաք և կանաչ ճանապարհների տեղը ցույց տվիք, որ կարողացաք որբին մայր դառնալ, փրկել հուսալքումից, քաղցից, ստորացումից , նորաթուխ կյանք ձոնել, պարուրել հավատով, բարուրել ջերմությամբ: Հավասար կրթության իրավունքը վեր պարզեցիք,  որ անկրթությունը չբերի նոր զոհեր, չարմատացնի չարությունը, չկամությունը: Ապասատան ու հաց տվեցիք,  բացեցիք «խաղաղության տունը», որ խաղաղությունը տնավորվի ցուրտ ու շվայտ սրտերում: Դավաճան էլ հորջորջվեցիք, որ անդավաճան մնացիք Աստծուն.

 

Մարգարիտ Բարանկիցե՛,

Հրեշտակ ու համամայր,

Ձեր օրինակը պատգամ է՝

Եկող սերնդի համար…       

 

Հարգելի՛ Բարանկիցե ավարտում եմ կոչ նամակս լիահույս լինելով, որ մարդը դարձի կգա, կշենացնի իրեն ժառանգված հայրենիքը և բնությանը կդառնա աջակից, ոչ թե կվիժեցնի լույսի ծնունդը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին