5/10/15. Զուրաբյանի հայտարարությունը, Սիրադեղյանի նամակը - Mediamax.am

exclusive
18528 դիտում

5/10/15. Զուրաբյանի հայտարարությունը, Սիրադեղյանի նամակը


Արարատ Զուրաբյանը եւ Լեւոն Տեր-Պետրոսյանը
Արարատ Զուրաբյանը եւ Լեւոն Տեր-Պետրոսյանը

Լուսանկարը` Ֆոտոլուր

Վանո Սիրադեղյանը
Վանո Սիրադեղյանը

Մենք ապրում ենք հասարակությունում, որի շատ անդամներ այլեւս իրենց կյանքն առանց Ֆեյսբուքի ու այնտեղ իրենց կարծիքը հայտնելու չի պատկերացնում: Միգուցե, դա ունի որոշակի առավելություններ: Իսկ թերությունն է այն, որ այս կամ այն բուռն քննարկման մասնակիցները չեն հիշում, կամ էլ ընդհանրապես չգիտեն, թե ինչ է եղել Հայաստանում, օրինակ, 5, 10 կամ 15 տարի առաջ:

 

Այդ բացը լրացնելու ցանկությամբ Մեդիամաքս-ը վարում է 5/10/15 խորագիրը, որն ամեն շաբաթ ներկայացնում է իրադարձությունները, որոնք տեղի էին ունենում Հայաստանում 5, 10 եւ 15 տարի առաջ:

 

•    15 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2007 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 15-21

 

«Ոչ թե ասեկոսեներ, այլ իրական գործընթաց»

 

Օգոստոսի 17-ին Հայոց Համազգային Շարժման (ՀՀՇ) վարչության նախագահ Արարատ Զուրաբյանը հայտարարել էր, որ «Սերժ Սարգսյանը չի համարձակվի առաջադրվել 2008 թվականի նախագահական ընտրություններում»։

 

Արարատ Զուրաբյանն ասել էր, որ «Սերժ Սարգսյանը համարձակություն չունի նայելու Լեւոն Տեր-Պետրոսյանի աչքերին»։

 

Մեկնաբանելով հայտարարությունները, թե ընտրություններին Լեւոն Տեր-Պետրոսյանի մասնակցության հարցը քննարկվում է միայն ասեկոսեների մակարդակով, Արարատ Զուրաբյանն ասել էր, որ «սրանք խոսակցություններ չեն, այլ իրական գործընթաց»։

Արարատ Զուրաբյանը եւ Լեւոն Տեր-Պետրոսյանը Արարատ Զուրաբյանը եւ Լեւոն Տեր-Պետրոսյանը

Լուսանկարը` Ֆոտոլուր

ՀՀՇ վարչության նախագահն ասել էր, որ նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի թեկնածությունն առաջադրելու հարցը կուսակցության վարչության անդամներն արդեն որոշել են, եւ «երբ ժամանակը գա, բոլորը կտեսնեն, թե որքան լուրջ է տրամադրված ինքն՝ առաջին նախագահը»։

 

•    10 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2012 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 15-21

 

Սիրադեղյանի նամակը

 

Օգոստոսի 16-ին «Հրապարակ» օրաթերթն հրապարակել էր Հայաստանի նախկին ՆԳ նախարար, Երեւանի նախկին քաղաքապետ Վանո Սիրադեղյանի նամակը:

 

Օգոստոսի 2-ին «Հրապարակ» օրաթերթը գրել էր, որ Վանո Սիրադեղյանը մի քանի ամիս առաջ մահացել է արտասահմանում, սակայն այդ փաստը գաղտնի է պահվում:

 

Թերթի գլխավոր խմբագրին ուղղված նամակում, որի բնօրինակի պատճեն ներկայացրել էր «Հրապարակը», Վանո Սիրադեղյանը նշել էր, որ Հայաստան վերադառնալու մասին 8 տարի առաջ «մի բան էի մտածում, հիմա` պարզապես չեմ մտածում»:

 

«Այսպես թե այնպես ես կվերադառնամ Հայաստան, բայց հույս ունեմ` այնպես, որ չտեսնեմ քաղաքական, սոցիալական, բարոյական այն ավերվածությունները, որոնց ենթարկվել է մեր երկիրը իմ բացակայության ընթացքում», - ասված էր նամակում:

Վանո Սիրադեղյանը Վանո Սիրադեղյանը

 

Վանո Սիրադեղյանը գրել էր նաեւ այն ստորագրահավաքի մասին, որի հեղինակները ցանկանում են նրա վերադարձը:

 

«Առաջին մղումով տեքստ գրեցի` «Դադարեցրեք դա» վերնագրով, բայց հետո ճղեցի թուղթը` հասկանալով, որ նման արձագանքը ոչ միայն արդար չէ մերձավորներիս նկատմամբ, այլեւ կոպիտ ու անշնորհակալ կեցվածք է թեկուզ մեկ ստորագրողի հանդեպ», - ասված էր նամակում։

 

Վանո Սիրադեղյանը մահացավ 2021 թվականի աշնանը։

 

•    5 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2017 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 15-21

 

Այց Մատաղիս եւ Թալիշ

 

Օգոստոսի 17-ին Հայաստանի եւ Արցախի վարչապետներ Կարեն Կարապետյանն ու Արայիկ Հարությունյանն այցելել էին Ասկերանի, Մարտունու եւ Մարտակերտի շրջաններ, եղել Մատաղիս եւ Թալիշ համայնքներում:

 

«Թալիշի վերականգնման ծրագիրը մեր ամենօրյա ուշադրության կենտրոնում է: Անցած տարվա ապրիլին, Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների հետեւանքով, գյուղի բնակչությունը ստիպված է եղել լքել սեփական տունն ու տեղը: Այսօր մեր խնդիրն է անվտանգության բավարար եւ սոցիալ-տնտեսական գրավիչ պայմաններ ապահովել, որպեսզի ապագայում թալիշցիներն այլեւս հարազատ օջախը լքելու խնդիր չունենան»,- ասել էր Արայիկ Հարությունյանը:

 

2020 թվականի պատերազմի արդյունքներով Թալիշը եւ Մատաղիսը անցան Ադրբեջանի վերահսկողության տակ։

 

Արա Թադեւոսյան

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին