5/10/15. Քոչարյանի գնահատականը, Էշթոնի կոչը, Սարգսյանի ցանկությունը - Mediamax.am

exclusive
12824 դիտում

5/10/15. Քոչարյանի գնահատականը, Էշթոնի կոչը, Սարգսյանի ցանկությունը


Քեթրին Էշթոնը
Քեթրին Էշթոնը

Լուսանկարը` REUTERS

Հրայր Թովմասյանը 2012թ. հունիսի 28-ին
Հրայր Թովմասյանը 2012թ. հունիսի 28-ին

Լուսանկարը` Ֆոտոլուր

Ռոբերտ Քոչարյանը եւ Կառլոս Պապուլիասը 2007թ. հունիսի 26-ին
Ռոբերտ Քոչարյանը եւ Կառլոս Պապուլիասը 2007թ. հունիսի 26-ին

Լուսանկարը` Ֆոտոլուր

Վիգեն Սարգսյանը 2017թ. հունիսի 28-ին
Վիգեն Սարգսյանը 2017թ. հունիսի 28-ին

Լուսանկարը` Ֆոտոլուր


Մենք ապրում ենք հասարակությունում, որի շատ անդամներ այլեւս իրենց կյանքն առանց Ֆեյսբուքի ու այնտեղ իրենց կարծիքը հայտնելու չի պատկերացնում: Միգուցե, դա ունի որոշակի առավելություններ: Իսկ թերությունն է այն, որ այս կամ այն բուռն քննարկման մասնակիցները չեն հիշում, կամ էլ ընդհանրապես չգիտեն, թե ինչ է եղել Հայաստանում, օրինակ, 5, 10 կամ 15 տարի առաջ:

 

Այդ բացը լրացնելու ցանկությամբ Մեդիամաքս-ը վարում է 5/10/15 խորագիրը, որն ամեն շաբաթ ներկայացնում է իրադարձությունները, որոնք տեղի էին ունենում Հայաստանում 5, 10 եւ 15 տարի առաջ:

 

•    15 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 27-ՀՈՒԼԻՍԻ 3

 

«Լրացուցիչ խնդիրներ կստեղծի»

 

Հունիսի 26-ին ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել էր, որ ՆԱՏՕ-ին անդամակցելը «հավելյալ խնդիրներ կստեղծի Հայաստանի համար եւ կնվազեցնի նրա անվտանգության մակարդակը»։

 

«Հայաստանը հաստատակամ է ընդլայնել հարաբերությունները ՆԱՏՕ-ի հետ եւ աշխատում է Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի շրջանակներում», - ասել էր Հայաստանի նախագահը՝ Հունաստանի նախագահ Կառլոս Պապուլիասի հետ համատեղ ասուլիսում:

 

Ռոբերտ Քոչարյանը եւ Կառլոս Պապուլիասը 2007թ. հունիսի 26-ին Ռոբերտ Քոչարյանը եւ Կառլոս Պապուլիասը 2007թ. հունիսի 26-ին

Լուսանկարը` Ֆոտոլուր

 

Նա նշել էր, որ «ցանկացած ռազմական դաշինքին միանալը պետք է պատասխանի այն հարցին, թե արդյո՞ք դա կբարձրացնի երկրի անվտանգության աստիճանը»։

 

«Մեր գնահատականներով՝ ՆԱՏՕ-ին անդամակցելը լրացուցիչ խնդիրներ կստեղծի Հայաստանի համար եւ կնվազեցնի նրա անվտանգության մակարդակը»,- ասել էր Ռոբերտ Քոչարյանը։

 

•    10 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 27-ՀՈՒԼԻՍԻ 3

 

«Կենսական» նշանակություն»

 

Հունիսի 27-ին ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր Ներկայացուցիչ Քեթրին Էշթոնն ասել էր, որ առաջընթացը ԼՂ հակամարտության կարգավորման «կենսական նշանակություն ունի Եվրամիության հետ Հայաստանի քաղաքական ասոցացման եւ տնտեսական ինտեգրման ներուժի լիարժեք օգտագործման համար»:

 

Քեթրին Էշթոնը Քեթրին Էշթոնը

Լուսանկարը` REUTERS

 

Ելույթ ունենալով Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման արդյունքներով, Քեթրին Էշթոնը մտահոգություն էր հայտնել հայ-ադրբեջանական սահմանին եւ շփման գծում տեղի ունեցած լուրջ միջադեպերի վերաբերյալ: Նա կոչ է արել Հայաստանին եւ Ադրբեջանին ավելացնել ջանքերը համաձայնության հասնելու ուղղությամբ` Մադրիդյան սկզբունքների հիման վրա եւ լիարժեքորեն իրագործել պարտավորությունները, որոնք նախագահները ստանձնել են ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում:

 

«Կունենանք ավելի արդար դատաիրավական համակարգ»

 

Հունիսի 28-ին Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն հայտարարել էր, որ մի քանի տարուց Հայաստանն ունենալու է ավելի արդար եւ վստահելի դատաիրավական համակարգ:

 

Հրայր Թովմասյանը 2012թ. հունիսի 28-ին Հրայր Թովմասյանը 2012թ. հունիսի 28-ին

Լուսանկարը` Ֆոտոլուր

 

Նա նշել էր, որ արդեն մշակվել է 2012-2016 թթ. դատաիրավական բարեփոխումների ծրագիրը, որի արդյունավետ իրականացման պարագայում «մենք ունենալու ենք միանգամայն այլ դատաիրավական համակարգ»:

 

•    5 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 27-ՀՈՒԼԻՍԻ 3

 

Վիգեն Սարգսյանը չի ցանկանում դառնալ վարչապետ

 

Հունիսի 28-ին Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ասել է, որ 2018-ից հետո ցանկանում է մնալ իր պաշտոնում եւ կատարել այն աշխատանքը, որը սկսել է:

 

Պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք ՀՀ վարչապետ դառնալու ցանկություն ունի, Վիգեն Սարգսյանն ասել էր.

 

«Բազմիցս ասել եմˋցանկություն ունեմ պաշտպանության նախարարությունում սկսած աշխատանքը հասցնել այն փուլին, որն ինձ թույլ կտա ասել, որ մենք իրական փոփոխություն ենք կատարել այս ոլորտում: Որպես Հայաստանի քաղաքացի՝ դա իմ համար մեծ պատիվ կլինի»։

 

Վիգեն Սարգսյանը 2017թ. հունիսի 28-ին Վիգեն Սարգսյանը 2017թ. հունիսի 28-ին

Լուսանկարը` Ֆոտոլուր

 

«Այս տարվա ընտրությունների արդյունքում մենք լավ թիմով ձեւավորել ենք գործադիր իշխանություն եւ մեր թիմի յուրաքանչյուր անդամի հաջողությունը կարեւոր է բոլորիս համար: Շատ երջանիկ եմ, որ մեր կառավարությունը  ղեկավարում է փորձառու եւ արդյունավետ կառավարիչ, իմ վաղեմի ընկեր Կարեն Կարապետյանը, ում որեւէ կերպ չեմ կարող տարանջատել մեր ողջ թիմից: Չկա իր կամ իմ հաջողություն, մենք միասին մի գործ ենք անում եւ, վստահ եմ, որ լավ արդյունք ենք ունենալու», - շեշտել էր Վիգեն Սարգսյանը:

 

Անդրադառնալով Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ռազմական գործողությունների վերսկսման հավանականությանըˋ նախարարն ասել էր.

 

«Գրեթե համոզված եմ, որ լայնածավալ պատերազմ չպետք է սկսվի, որովհետեւ դրանով Ղարաբաղի հարցը չի կարող լուծվել։ Պատերազմ հրահրելը Ադրբեջանի ղեկավարության կողմից անմտություն կլինի»:

 

«Բեռնաթափել դատարանները»

 

Հունիսի 29-ին Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը խոսել էր «դատարանները բեռնաթափելու» անհրաժեշտության մասին։

 

«Դատարանների գործունեության վերաբերյալ մի շարք բողոքներ վերաբերում են դատական գործերի տեւողությանը, թեեւ պետք է արձանագրել, որ այն պայմանավորված է նաեւ օբյեկտիվ պատճառներով»,- նշել էր Կարեն Կարապետյանը:

 

Վարչապետի խոսքով՝ 2016թ. դատարաններում եղել է 133 հազար քաղաքացիական գործ:

 

«Դատարանների նման գերծանրաբեռնվածությունը լուրջ ռիսկեր է առաջացնում արդարադատության արդյունավետության եւ մատչելիության տեսակետից»,- նկատել էր կառավարության ղեկավարը:

 

Արա Թադեւոսյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին