Մենք ապրում ենք հասարակությունում, որի շատ անդամներ այլեւս իրենց կյանքն առանց Ֆեյսբուքի ու այնտեղ իրենց կարծիքը հայտնելու չի պատկերացնում: Միգուցե, դա ունի որոշակի առավելություններ: Իսկ թերությունն է այն, որ այս կամ այն բուռն քննարկման մասնակիցները չեն հիշում, կամ էլ ընդհանրապես չգիտեն, թե ինչ է եղել Հայաստանում, օրինակ, 5, 10 կամ 15 տարի առաջ:
Այդ բացը լրացնելու ցանկությամբ Մեդիամաքս-ը վարում է 5/10/15 խորագիրը, որն ամեն շաբաթ ներկայացնում է իրադարձությունները, որոնք տեղի էին ունենում Հայաստանում 5, 10 եւ 15 տարի առաջ:
• 15 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-31
«Հակամարտության լուծումը կպահանջի խաղաղապահների ներկայություն»
Դեկտեմբերի 28-ին Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը հայտարարել էր, որ ԵԱՀԿ Բարձր պլանավորման խմբի ներկայացուցիչների այցերը տարածաշրջան «չեն նշանակում, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը անպայման կկարգավորվի 2006 թվականին»:
Վարդան Օսկանյանն ասել էր, որ խաղաղապահ գործողության պլանավորումը կարող է 8-ից 12 ամիս տեւել: Այդ պատճառով, նշել էր նախարարը, ԵԱՀԿ Բարձր պլանավորման խմբի ներկայացուցիչները որոշեցին սկսել այս աշխատանքը, որպեսզի խուսափեն իրավիճակից, երբ կողմերը կարողանան համաձայնության գալ խնդրի լուծման շուրջ, իսկ խաղաղապահ գործողությունը պատրաստ չի լինի:
Լուսանկարը` Ֆոտոլուր
Պատասխանելով այն հարցին, թե ինչո՞ւ ԵԱՀԿ Բարձր պլանավորման խմբի ներկայացուցիչները տարածաշրջան չէին այցելել 2001-ի գարնանը ՝ Քի Վեսթում կայացած բանակցություններից հետո, երբ կողմերը նույնպես մոտ էին խաղաղության համաձայնագրի ստորագրմանը, Վարդան Օսկանյանն ասել էր.
«Քի Վեսթի սկզբունքները ենթադրում էին հակամարտության այլ տիպի լուծում, սակայն այսօր բոլորը հասկանում են, որ լուծման մոդելը, որի վրա մենք աշխատում ենք, պահանջելու է խաղաղապահների ներկայություն»:
Կողմերը փոխել են վերաբերմունքը տարածքների խնդրի նկատմամբ
Դեկտեմբերի 28-ին Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը հայտարարել էր, որ Հայաստանն ու Ադրբեջանը որոշ չափով փոխել են իրենց վերաբերմունքը Լեռնային Ղարաբաղի շուրջ զբաղեցրած տարածքների խնդրի նկատմամբ:
Լուսանկարը` REUTERS
«Կարծում եմ, որ մենք սխալ ճանապարհով կգնանք, եթե այս տարածքների պահպանումը մեր վերջնական նպատակը դարձնենք: Նույնը կարելի է ասել Ադրբեջանի մասին. երկար ժամանակ մենք գտնվում էինք բանակցային փակուղում այն պատճառով, որ Բաքուն այդ տարածքների հարցը համարում էր առաջնային եւ միակ խնդիր եւ հրաժարվում էր Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ ցանկացած քննարկումներից: Այսօր այս իրավիճակը փոխվել է, եւ այդ պատճառով մենք առաջընթաց ենք գրանցել բանակցություններում», - ասել էր Հայաստանի արտգործնախարարը:
• 10 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-31
Հայաստանի նախագահը մտադիր չէ թաքցնել թերությունները
Դեկտեմբերի 28-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ «մենք մտադիր չենք թաքցնել պետական համակարգում առկա թերությունները»:
Ելույթ ունենալով Նոր տարվա եւ Սուրբ Ծննդյան տոների առթիվ զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների համար ընդունելությանը՝ նախագահը ասել էր.
«Մենք բացարձակապես տրամադրված չենք կոծկելու պետական համակարգում կամ հասարակության մեջ առկա թերությունները, եւ այդ հարցում շարունակում ենք ունենալ ձեր աջակցության կարիքը: Մեզ անհրաժեշտ է ձեր ազնիվ ու անաչառ աշխատանքը, որպեսզի Հայաստանի հասարակությունը, ողջ պետական համակարգը, ամենատարբեր կառույցներն ու գործիչները կարողանան լրատվության հայելու մեջ տեսնել իրենց իրական պատկերը: Շատ կարեւոր է, որ այդ հայելին ծուռ չլինի, իսկ ներկայացված պատկերն էլ` աղճատված»:
Արա Թադեւոսյան
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: