5/10/15. Պիկետ Բաքվում, Ասադը Երեւանում, սկանդալ Աստանայում - Mediamax.am

exclusive
4204 դիտում

5/10/15. Պիկետ Բաքվում, Ասադը Երեւանում, սկանդալ Աստանայում


«Եվրոպա» հյուրանոցը Բաքվում
«Եվրոպա» հյուրանոցը Բաքվում
Նուրսուլթան Նազարբաեւը եւ Իլհամ Ալիեւը
Նուրսուլթան Նազարբաեւը եւ Իլհամ Ալիեւը
Բաշար ալ-Ասադը եւ Սերժ Սարգսյանը Երեւանում
Բաշար ալ-Ասադը եւ Սերժ Սարգսյանը Երեւանում

Լուսանկարը` Ֆոտոլուր


Մենք ապրում ենք հասարակությունում, որի շատ անդամներ այլեւս իրենց կյանքն առանց Ֆեյսբուքի ու այնտեղ իրենց կարծիքը հայտնելու չի պատկերացնում: Միգուցե, դա ունի որոշակի առավելություններ: Իսկ թերությունն է այն, որ այս կամ այն բուռն քննարկման մասնակիցները չեն հիշում, կամ էլ ընդհանրապես չգիտեն, թե ինչ է եղել Հայաստանում, օրինակ, 5, 10 կամ 15 տարի առաջ:

 

Այդ բացը լրացնելու ցանկությամբ Մեդիամաքս-ը վարում է 5/10/15 խորագիրը, որն ամեն շաբաթ ներկայացնում է իրադարձությունները, որոնք տեղի էին ունենում Հայաստանում 5, 10 եւ 15 տարի առաջ:

 

•    15 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 17-23

 

Հայ զինծառայողների դեմ պիկետը

 

Հունիսի 21-ին «Ղարաբաղի ազատագրման կազմակերպության» (ՂԱԿ) ակտիվիստները փորձել էին խափանել Բաքվում մեկնարկած Cooperative Best Effort-2004 զորավարժությունների պլանավորման եզրափակիչ կոնֆերանսը:

 

ՂԱԿ-ը, բողոքելով հայ զինծառայողների Բաքու ժամանելու դեմ, պիկետ էր կազմակերպել «Եվրոպա» հյուրանոցի դիմաց, որտեղ անց էր կացվում կոնֆերանսը: Ակտիվիստներից ոմանց հաջողվել էր մուտք գործել հյուրանոց եւ մոտենալ նիստի դահլիճի դռներին: Տեսնելով, որ դրանք փակ են, ակտիվիստները կոտրել էին դռները եւ ներխուժել էին դահլիճ, որտեղից դուրս էին բերվել:

«Եվրոպա» հյուրանոցը Բաքվում «Եվրոպա» հյուրանոցը Բաքվում

 

Կոնֆերանսին մասնակցում էին Հայաստանի Զինված ուժերի գնդապետ Մուրադ Իսախանյանը եւ ավագ լեյտենանտ Արամ Հովհաննիսյանը:

 

•    10 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2009  ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 17-23

 

Ասադը Երեւանում

 

Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը հունիսի 17-ին Երեւանում հայտարարել էր, որ Սիրիան ողջունում է Հայաստանի կողմից ձեռնարկվող քայլերը՝ Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու համար:

 

Ելույթ ունենալով Հայաստանի նախագահի հետ համատեղ մամուլի ասուլիսում,  Բաշար ալ-Ասադն ասել էր, որ Սիրիան պատրաստ է նպաստել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման առաջընթացին՝ հաշվի առնելով Դամասկոսի լավ հարաբերությունները երկու երկրների հետ:

 

Բաշար ալ-Ասադը նշել էր, որ ծանոթացել է ԼՂ խնդրի վերաբերյալ Հայաստանի նախագահի կարծիքին, ինչը հատկապես կարեւոր է իր Ադրբեջան կատարելիք առաջիկա այցի նախօրեին: Նա հույս էր հայտնել, որ ղարաբաղյան կարգավորման գործընթացում հնարավոր կլինի խուսափել բարդություններից:

Բաշար ալ-Ասադը եւ Սերժ Սարգսյանը Երեւանում Բաշար ալ-Ասադը եւ Սերժ Սարգսյանը Երեւանում

Լուսանկարը` Ֆոտոլուր

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը «պատմական» էր անվանել Սիրիայի նախագահի պաշտոնական այցը եւ ընդգծել հայ-սիրիական հարաբերությունների բազմադարյա պատմությունը: Նա հատկապես շեշտել էր այն փաստը, որ ХХ–րդ դարի սկզբին սիրիացի ժողովուրդն օգնության ձեռք էր մեկնել Ցեղասպանությունը վերապրած հազարավոր հայերին:

 

«Սիրիան հայերի երկրորդ հայրենիքն է»,- Սիրիայի նախկին նախագահ Հաֆեզ ալ-Ասադի այս խոսքերը մեջբերել էր Սերժ Սարգսյանը:

 

•    5 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 17-23

 

«Արցախը ինձնից մի պաշտպանեք»

 

Հունիսի 17-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Հանրային հեռուստաընկերության եթերում մեկնաբանել էր այն փաստը, որ Մաքսային միության երկրների առաջնորդների հանդիպմանը Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը ընթերցել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի նամակը եւ հայտարարել, որ Հայաստանը պետք է անդամակցի Մաքսային միությանն իր միջազգայնորեն ճանաչված սահմաններում:

 

«Իսկապես զարմանում եմ շատերի զարմանքի վրա, թե ինչու Աստանայում այդպիսի կարծիք հնչեց: Ո՞ւմ համար է գաղտնիք, որ Ադրբեջանը, բացի նրանից, որ լարվածություն է ստեղծում սահմանին եւ խախտում է հրադադարը, նաեւ դիվանագիտական ճակատում է պատերազմ մղում: Ես չեմ կիսում այն կարծիքը, որ դա անակնկալ էր: Մեր պատվիրակության կազմում 10-ից ավելին մարդ կար, եւ նախորդ երեկոյան մենք խորհրդակցություն ենք անցկացրել, ու բոլորը գիտեին, որ Ադրբեջանի նախագահը նամակ է հղել երեք նախագահներին:

Նուրսուլթան Նազարբաեւը եւ Իլհամ Ալիեւը Նուրսուլթան Նազարբաեւը եւ Իլհամ Ալիեւը

 

Բացի այդ, մենք ունենք անցյալի փորձը՝ Մինսկում Ղազախստանի նախագահն այդ հարցերը բարձրացրեց: Այստեղ անակնկալի գալու ի՞նչ խնդիր կա: Հարցը նպատակահարմարության մասին է՝ թե որտեղ եւ ինչ կարելի է ասել: Երբ ես ասում էի, որ իրոք տհաճ էր, նկատի ունեի ոչ թե բովանդակային մասը, այլ այն, որ Մաքսային միության անդամ երկրներից մեկի նախագահը հղում է կատարում Ադրբեջանի նախագահի նամակին»,- ասել էր Սերժ Սարգսյանը: 

 

Դիմելով իր քննադատներին՝ Սերժ Սարգսյանը հորդորել էր նրանց չպաշտպանել Արցախը իրենից: «Սա ոչ միայն վիրավորական է, այլեւ անհեթեթ»,- շեշտել էր երկրի ղեկավարը:

 

Արա Թադեւոսյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին