5/10/15. Շվիմեր vs. Քոչարյան, Սաակաշվիլին ընդդեմ «հայկականացման» - Mediamax.am

exclusive
10349 դիտում

5/10/15. Շվիմեր vs. Քոչարյան, Սաակաշվիլին ընդդեմ «հայկականացման»


Միխայիլ Սաակաշվիլին
Միխայիլ Սաակաշվիլին
Պլանավորման կոնֆերանսի մասնակիցները
Պլանավորման կոնֆերանսի մասնակիցները

Լուսանկարը` Մեդիամաքս

Հեյդար Ալիեւը, Վալտեր Շվիմերը եւ Ռոբերտ Քոչարյանը 2001թ. հունվարին
Հեյդար Ալիեւը, Վալտեր Շվիմերը եւ Ռոբերտ Քոչարյանը 2001թ. հունվարին

Լուսանկարը` REUTERS


Մենք ապրում ենք հասարակությունում, որի շատ անդամներ այլեւս իրենց կյանքն առանց Ֆեյսբուքի ու այնտեղ իրենց կարծիքը հայտնելու չի պատկերացնում: Միգուցե, դա ունի որոշակի առավելություններ: Իսկ թերությունն է այն, որ այս կամ այն բուռն քննարկման մասնակիցները չեն հիշում, կամ էլ ընդհանրապես չգիտեն, թե ինչ է եղել Հայաստանում, օրինակ, 5, 10 կամ 15 տարի առաջ:

 

Այդ բացը լրացնելու ցանկությամբ Մեդիամաքսը վարում է 5/10/15 խորագիրը, որն ամեն շաբաթ ներկայացնում է իրադարձությունները, որոնք տեղի էին ունենում Հայաստանում 5, 10 եւ 15 տարի առաջ:

 

•    15 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 29-ՓԵՏՐՎԱՐԻ 4

 

Շվիմերն ընդդեմ Քոչարյանի

 

Հունվարի 31-ին Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղար Վալտեր Շվիմերը ափսոսանք էր հայտնել ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ «հայերի եւ ադրբեջանցիների էթնիկ անհամատեղելիության» մասին արտահայտության կապակցությամբ:

 

Շվիմերն ասել էր, որ «վերադարձը եվրոպական պատմության մութ էջերին չի կարող դառնալ հաջող նախընտրական ռազմավարություն»:

 

«Եվրոպան, որին պատկանում են նաեւ Հայաստանն ու Ադրբեջանը, սկսվում է էթնիկ, մշակութային, կրոնական եւ լեզվական բազմազանության իրողության ընդունումից»,- ասել էր ԵԽ գլխավոր քարտուղարը:

Հեյդար Ալիեւը, Վալտեր Շվիմերը եւ Ռոբերտ Քոչարյանը 2001թ. հունվարին Հեյդար Ալիեւը, Վալտեր Շվիմերը եւ Ռոբերտ Քոչարյանը 2001թ. հունվարին

Լուսանկարը` REUTERS

Շվիմերի կողմից քննադատված արտահայտությունը Քոչարյանը հնչեցրել էր 2004թ. հունվարի 16-ին Մոսկվայում: Ելույթ ունենալով Ռուսաստանի ԱԳՆ Դիվանագիտական ակադեմիայում՝ ՀՀ նախագահն ասել էր.

 

«Հայկական ջարդերը Սումգայիթում եւ Բաքվում, 1991-92 թվերին Ղարաբաղից հայերի զանգվածային ռազմական բռնագաղթի փորձը խոսում են Ադրբեջանում հայերի բնակության անհնարինության մասին ընդհանրապես: Խոսքը ինչ-որ էթնիկ անհամատեղելիության մասին է: Հաճելի չէ, իհարկե, այդ մասին խոսելը, բայց դա փաստ է: Նման մի երեւույթ նկատվում էր նաեւ Բալկաններում: Սրանով է պայմանավորված մեր հայտարարությունն այն մասին, որ Հայաստանը պատասխանատու է  Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգության համար: Ցեղասպանություն ապրած ժողովուրդը չի կարող թույլ տալ դրա կրկնությունը: Այսպիսին է իրականությունը»:

 

Բաբուխանյանը վիրավոր է

 

Փետրվարի 4-ին Արտաշատի մարզում ընտրողների հետ հանդիպման ժամանակ դանակի հարված էր ստացել ՀՀ նախագահի թեկնածու Արամ Կարապետյանի նախընտրական շտաբի պետ Հայկ Բաբուխանյանը:

 

Կարապետյանի շտաբը հանդես եկավ հայտարարությամբ այն մասին, որ «երկրի իշխանություններն անցել են բացահայտ տեռորի»:

 

Արտաշատում տեղի ունեցած դեպքի հետ կապված ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը եւս հանդես եկավ հայտարարությամբ եւ դատապարտեց նախընտրական պայքարում բռնության կիրառման փորձերը:

 

«Այս միջադեպը պատիվ չի բերում մեզ, եւ մենք թույլ չենք տա որեւէ մեկին կասկածի տակ դնել մեր ազգի պատրաստակամությունը՝ կառուցել քաղաքակիրթ, ժողովրդավարական եւ հանդուրժողական հասարակություն»,- ասված էր Քոչարյանի հայտարարությունում:

 

•    10 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 29-ՓԵՏՐՎԱՐԻ 4

 

ՆԱՏՕ-ի վարժանքի նախապատրաստումը

 

Հունվարի 29-ին Երեւանում մեկնարկել էր ՆԱՏՕ-ի «Համագործակցություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում 2008 թվականի աշնանը Հայաստանում կայանալիք Cooperative Longbrow/Lancer հրամանատարաշտաբային եւ դաշտային զորավարժությունների պլանավորման նախնական կոնֆերանսը:

Պլանավորման կոնֆերանսի մասնակիցները Պլանավորման կոնֆերանսի մասնակիցները

Լուսանկարը` Մեդիամաքս

Ելույթ ունենալով համաժողովի բացմանը՝ ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանը նշել էր, որ «սեպտեմբերին կայանալիք զորավարժությունները կդառնան Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի կողմից երբեւէ անցկացված զորավարժություններից ամենախոշորը»:

 

Սեյրան Օհանյանը հայտարարել էր, որ Հայաստանը բարձր է գնահատում ՆԱՏՕ-ի դերը Եվրոպայում անվտանգության ապահովման գործում, ինչպես նաեւ Հարավային Կովկասի տարածաշրջանում կայունության ապահովմանն ուղղված դաշինքի ջանքերը:

 

•    5 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 29-ՓԵՏՐՎԱՐԻ 4

 

Հայրիկյանի դեմ մահափորձը

 

Հունվարի 31-ի լույս փետրվարի 1-ի գիշերը ուսի հատվածում հրազենային վիրավորում էր ստացել ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանը:

 

Փետրվարի 1-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ասել էր, որ Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձի հեղինակները «նպատակ են ունեցել ազդել

ընտրությունների բնականոն ընթացքի վրա»:

 

«Այդ զազրելի հանցագործությունն ուղղված է ոչ միայն Հայրիկյան նախագահի թեկնածուի, ոչ միայն պետական գործչի, այլ նաեւ մեր պետականության դեմ»,- ասել էր Սերժ Սարգսյանը:

 

Սաակաշվիլին ընդդեմ «հայակականացման»

 

Փետրվարի 1-ին Վրաստանի նախագահ Միխայիլ Սաակաշվիլին հանդես էր եկել ընդդեմ իր երկրի արտաքին քաղաքականության «հայկականացման»:

Միխայիլ Սաակաշվիլին Միխայիլ Սաակաշվիլին

 

«Խորհրդարանական ընտրությունների արդյունքում Վրաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո նոր կառավարության կողմից էական հայտարարություններ են արվել: Դրանցից ամենագլխավորը երկրի արտաքին քաղաքականության «հայկականացման» մասին հայտարարությունն էր, մասնավորապես, այն մասին, որ մենք պետք է հավասար հեռավորություն պահպանենք ՆԱՏՕ-ի եւ Ռուսաստանի հետ: Նախկինում դա Վրաստանի արտաքին քաղաքականության ուղղություն չի եղել»,- ասել էր Սաակաշվիլին:

 

Արա Թադեւոսյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին