Մենք ապրում ենք հասարակությունում, որի շատ անդամներ այլեւս իրենց կյանքն առանց Ֆեյսբուքի ու այնտեղ իրենց կարծիքը հայտնելու չի պատկերացնում: Միգուցե, դա ունի որոշակի առավելություններ: Իսկ թերությունն է այն, որ այս կամ այն բուռն քննարկման մասնակիցները չեն հիշում, կամ էլ ընդհանրապես չգիտեն, թե ինչ է եղել Հայաստանում, օրինակ, 5, 10 կամ 15 տարի առաջ:
Այդ բացը լրացնելու ցանկությամբ Մեդիամաքսը վարում է 5/10/15 խորագիրը, որն ամեն շաբաթ ներկայացնում է իրադարձությունները, որոնք տեղի էին ունենում Հայաստանում 5, 10 եւ 15 տարի առաջ:
• 15 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 9-15
Հայաստանի եւ Ուկրաինայի չկայացած ռազմական համագործակցությունը
Հոկտեմբերի 10-ին՝ Ուկրաինայի նախագահ Լեոնիդ Կուչմայի Հայաստան կատարած պաշտոնական այցի շրջանակներում երկու երկրների պաշտպանության նախարարությունների միջեւ ստորագրվեց «Ռազմական համագործակցության մասին» համաձայնագիրը:
Լուսանկարը` Photolur
Լեոնիդ Կուչման հայտարարել էր, որ այս փաստաթուղթը «առաջին քայլն է ռազմական ոլորտում համագործակցություն սկսելու ճանապարհին»: «Սակայն ես համոզված եմ, որ այն վերջինը չի լինի», - հավելել էր Ուկրաինայի նախագահը:
Իրականում այդ քայլը դարձավ վերջինը. հայ-ուկրաինական ռազմական համագործակցությունն այդպես էլ մնաց թղթի վրա: Փոխարենը վերջին 15 տարվա ընթացքում Ուկրաինան մեծ քանակով զենք եւ ռազմական տեխնիկա վաճառեց Ադրբեջանին:
Գեղամյանը համոզված է, որ կհաղթի
«Ազգային Միաբանություն» կուսակցության առաջնորդ Արտաշես Գեղամյանը հոկտեմբերի 10-ին համոզմունք էր հայտնել, որ կհաղթի 2003 թվականին կայանալիք նախագահական ընտրություններում: Գեղամյանը նշում էր, որ Ռոբերտ Քոչարյանին «լավագույն դեպքում կհաջողվի հավաքել ձայների 15 տոկոսը, որից 10-12 տոկոսը՝ բացառապես վարչական ռեսուրսի շնորհիվ»:
Ելցինը Հայաստանում
Հոկտեմբերի 14-ին Ռոբերտ Քոչարյանի հրավերով Ռուսաստանի առաջին նախագահ Բորիս Ելցինը կնոջ՝ Նատալյա Ելցինայի հետ, վեցօրյա այցով ժամանեց Հայաստան:
Լուսանկարը` Photolur
Այցի շրջանակներում Բորիս Ելցինը այցելեց Ռուսաստանի Դաշնային սահմանապահ ծառայության Արտաշատի սահմանային ջոկատի տեղամաս, որտեղ նրան շնորհեցին «Պատվավոր սահմանապահի» կոչում եւ հանձնեցին սահմանապահի գլխարկ:
• 10 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 9-15
«Վստահության եւ կայունության մթնոլորտում»
Ելույթ ունենալով հոկտեմբերի 9-ին հայ-բելգիական գործարար համաժողովում, ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը համոզմունք էր հայտնել, որ 2008 թվականի նախագահական ընտրությունները «կանցնեն վստահության եւ կայունության մթնոլորտում»: Նա հիշեցրել էր, որ 2007 թվականի խորհրդարանական ընտրությունները համապատասխանում էին միջազգային ստանդարտներին: ՀՀ նախագահի խոսքով, այդ ընտրություններում «ընտրողները վստահություն հայտնեցին կառավարության վարած քաղաքականությանը եւ մերժեցին արմատական ուժերի Ազգային Ժողովում ներկայացված լինելու իրավունքը»:
2008 թվականի նախագահական ընտրությունները ոչ միայն չանցան Քոչարյանի նշած մթնոլորտում, այլ հանգեցրեցին անկախացումից ի վեր հասարակության ամենալուրջ պառակտմանը:
• 5 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 9-15
Իլհամ Ալիեւը Սաֆարովի եւ «մարդասիրության» մասին
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն հոկտեմբերի 9-ին ասել էր, որ ճիշտ է համարում Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելու մասին իր որոշումը.
«Դա շատ ճիշտ որոշում էր, եւ եթե ես նույնիսկ այդ ժամանակ իմանայի, որ հայերը եւ նրանց հովանավորները նման աղմուկ կբարձրացնեն, միեւնույն է ներում կշնորհեի Ռամիլ Սաֆարովին:
Լուսանկարը` REUTERS
Ադրբեջանը հայրենիք է վերադարձրել իր սպային: Ամենագլխավորը դա է: Ինչ էլ չասեն հայերը, դա ինձ բոլորովին չի հետաքրքրում: Ինչ էլ չասեն նրանց հովանավորները, դա ինձ բոլորովին չի հետաքրքրում, ես նշանակություն չեմ տալիս այդ հայտարարություններին, եւ Ադրբեջանի հասցեին այդ անհիմն մեղադրանքներից եւ ոչ մեկն անպատասխան չի մնացել: Եվրախորհրդարանը, ցավոք, երկրորդ անգամ հակաադրբեջանական բանաձեւ ընդունեց: Ադրբեջանի Միլի Մեջլիսն արժանի պատասխան տվեց նրանց: Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղարը մի մարդ է, որը պետք է պաշտպան հանդիսանա մարդասիրության եւ մարդու իրավունքների համար: Նախորդ տարիներին Եվրոպայի Խորհուրդը, հումանիտար սկզբունքների պատրվակով, ստիպում էր մեր պետությանը ներում շնորհել հանցագործություններ գործած մարդկանց: Ռամիլ Սաֆարովը մոտ ինը տարի մնաց կալանքի տակ, այսինքն, նրա ներումը լիովին հիմնավորված է բարոյական, քաղաքական եւ իրավական տեսանկյուններից: Բայց ի՞նչ ենք մենք տեսնում: Մենք կրկին տեսնում ենք երկակի ստանդարտների քաղաքականություն: Ամենայն վստահությամբ ասում եմ, որ եթե հայ սպան սպաներ ադրբեջանցի սպային, երբեք նման աղմուկ չէր լինի», - հայտարարել էր Իլհամ Ալիեւը:
Արա Թադեւոսյան
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: