Մոտ 5 արի է աշխատում եմ Օպերայի եւ Բալետի թատրոնում։ Երեք տարի է՝ ինչ դերասանական օժանդակ կազմի ղեկավարն եմ։ Այս փոփոխության ընթացքում, չնայած նրան, որ պարտականություններս տասնապատկվեցին, սակայն աշխատավարձս 35%-ով իջավ, ինչ-ինչ բյուրոկրատական խնդիրների պատճառով (մի հաստիքից մյուսին անցնել)։ Խնդրեցին սպասել՝ շուտով կբարձրացնենք։
Անցավ ժամանակ։ Ես անընդհատ որոշում էի, սակայն այդպես էլ չմոտեցա մաեստրո Օրբելյանին եւ այս խնդրի մասին չասացի նրան. ամաչեցի։
Ամաչեցի խոսել այս մարդու հետ փողի մասին։ Մտածում էի` ինչեր է անում նա մեր հայրենիքի համար, ինչպես է համոզում մեծահարուստներին թատրոնին նվիրատվություններ անել, ինչպես է պրոֆեսիոնալ մասնագետների համոզում գալ Հայաստան եւ վարպետության դասեր տալ կոլեգաներիս։ Արդյո՞ք կարող եմ ինձ թույլ տալ խոսել նման թեմայով։ Գիտեի, որ բողոքս արդար է, բայց ամաչեցի։
Այսօր մշակույթի նախարարի պաշտոնակատարն արհամարհական տոնով, առանց գրամ իսկ ամոթի հայտարարում է մաեստրո Օրբելյանին տնօրենի պաշտոնից հեռացնելու մասին։ Եվ հավելում՝ երկուշաբթի կտեղեկանաք` ով է նոր տնօրենը։
Ես շատ հարցեր ունեմ.
Մի՞թե բարոյական է արարող մարդու հետ այսպես վարվել։ (Տնօրենի պաշտոնից ազատման մասին միայն չեմ խոսում, այլ վերջին ամիսների նրա հանդեպ նախարարների վերաբերմունքի)։
Մի՞թե թույլատրելի է այսպես վարվել արվեստի օջախի հետ։ (Ինչպես իմացանք այս ամիսների ընթացքում, պաշտոնակատարը գեթ մեկ առաջնախաղի ներկա չի եղել)։
Մի՞թե ընդունելի է նոր տնօրենի անձը չքննարկել թատրոնի գեղարվեստական ղեկավարի ու անձնակազմի հետ։ (Չէ՞ որ այդ համագործակցության արդյունքում արվեստ է ծնվելու)։
Մի՞թե հնարավոր չէր այդքան ահազանգող հարցի մասին ուսումնասիրություն կազմել, թվեր համեմատել, եթե կան չարաշահումներ, անհասկանալի հարցեր՝ մատնացույց անել եւ արվեստասերներին ներկայացնել խնդիրը՝ քաղաքակիրթ լուծման ճանապարհային քարտեզով։
Մի՞թե Օրբելյանի ղեկավարման արդյունքում չեն ծնվել մի շարք ներկայացումներ` գունեղ «Մանոն»-ը, խորհրդավոր «Կախարդական սրինգ»-ը, հեքիաթային «Չիպոլինո»-ն, «Ռեքվիեմ», «Տոսկա», «Դիմակահանդես», «Կարմեն», «Կարինե», վերաբեմադրվել «Պողիկտոս»-ը։
Այս ղեկավարման արդյունքում թատրոնը հյուրախաղերի մեկնեց երեք երկիր։ Հյուրախաղեր չէին մեկնել՝ անհիշելի ժամանակներից։
Խնդրում եմ, վերցրեք չոր թվերն ու համեմատեք Օրբելյանի 3,5 տարվա աշխատանքի արդյունքը թատրոնի անցած 10 տարիների հետ։
Այս ընթացքում արտիստները հնարավորություն ունեցան վոկալի դասընթացներ ստանալ աշխարհահռչակ մասնագետի մոտ, թատրոնում հյուրընկալեցինք արտասահմանից ժամանած հայտնի ու պրոֆեսիոնալ ռեժիսորների, լույսի ու ձայնի մասնագետների, բեմանկարիչների, դիրիժորների, Բոլշոյ թատրոնի, Նեմիրովիչ-Դանչենկոյի եւ Ստանիսլավսկու անվան երաժշտական թատրոնի մասնագետների, երջանկահիշատակ, օպերային արվեստի գիտակ, ռեժիսոր Անդրեյս Ժագարսին։ Այս շփումները մեր ճահճացած իրականությունում թթվածին էին, որն ագահորեն շնչում էին Օպերային թատրոնի այն աշխատակիցները, որոնք երազում են կատարելագործվել։
Մարտի 30-ին թատրոնի անձնակազմը ժողովի էր ի պաշտպանություն Մաեստրոյի տնօրինության։ Ես ուրախ էի դահլիճում նստած մարդկանց մեջ տեսնել ոչ միայն իմ կոլեգաներին, այլեւ կրթյալ մարդկանց, արվեստասերների, այլ թատրոնների արտիստների եւ ղեկավարների, Թատերական գործիչների միության նախագահին, որոնք եկել էին սատարելու Օրբելյանին։
Մաեստրոյին սատարում են մեր թատրոնի առաջատար արտիստները, որոնք միաժամանակ աշխատում են աշխարհի առաջատար թատրոններում՝ Հասմիկ Թորոսյանը, Դավիթ Բաբայանցը, Գեւորգ Հակոբյանը, Հովհաննես Այվազյանը, Լիպարիտ Ավետիսյանը։
Ելույթների ժամանակ ասվեց, որ պատմության ընթացքում թատրոնը հաջողություններ է ունեցել այն ժամանակ, երբ թատրոնի գեղարվեստական ղեկավարի եւ տնօրենի պաշտոնները մեկտեղված են եղել։
Կարծում եմ` պետք է լրջորեն մտածենք, թե ինչպես ենք վարվում մարդկանց հետ, ի վերջո` կարողանանք շնորհակալ լինել, գնահատել։ Նույնիսկ այն ժամանակ, երբ աշխատանքից ենք ազատում։ Կարծում եմ` ունեցել ենք արժանավոր արվեստագետներ, որոնց պետք էր հոտնկայս ծափերով ճանապարհեինք թատրոնից։
Այն համախմբվածությունը, որն այսօր առկա է հասարակության մեջ ի աջակցություն մաեստրո Օրբելյանի, գովելի է, նշանակում է`դեռ անտարբեր չենք մշակութային օջախների զարգացման համար։ Եվ սա հրաշալի առիթ է խորհելու նաեւ այն բոլոր անարդարությունների մասին, որոնք տեղի են ունենում արվեստի օջախներում։ Եվ ի վերջո խորհելու նաեւ մեր լռության մասին։ Խնդրում եմ, մեկնաբանությունում պատմեք Ձեր իմացած անարդարության մասին։
Ես մոտ 5 տարի է` ինչ աշխատում եմ Օպերային թատրոնում. մարդկանց հետ, ովքեր դեռեւս իմ աշխարհ գալուց առաջ աշխատում էին այս նույն պատերի մեջ։ Պատկերացնու՞մ եք` քանի գեղարվեստական ղեկավար, նախարար ու տնօրեն են տեսել նրանք։ Նրանց իմաստուն աչքերից հորդում է մի պարզ ճշմարտություն՝ մնալու է լավ գործը, բոլորն էլ անցողիկ են։
Անցողիկ է նաեւ մաեստրո Օրբելյանը. դեռ շատ ղեկավարներ կգան Թատրոնին ծառայելու, որոնք, տա Աստված, կունենան ավելի լայն հնարավորություններ, կստեղծեն ավելի լավ ներկայացումներ, կհասնեն ավելի զուլալ հնչողության, կբերեն ավելի կիրթ, ազատ ու անինտրիգ մշակույթ։ Սակայն այսօր պետք է ճախրել փորձող կոլեկտիվին տալ հնարավորություն բացելու թեւերը։ Աբորտը վատ հետեւանքներ է ունենում։ Միշտ։
Հ.Գ. Խնդրում եմ կարդալ այս թեմայով նախորդ հոդվածս։
Արփի Մաղաքյանը ռեժիսոր եւ լրագրող է:
Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: