Կապույտ ու դեղին թիթեռների, հացի կամ ոսկերիչների մեր փողոցը «նվիրեցին» Չարենցի սիրուհուն - Mediamax.am

Կապույտ ու դեղին թիթեռների, հացի կամ ոսկերիչների մեր փողոցը «նվիրեցին» Չարենցի սիրուհուն
2161 դիտում

Կապույտ ու դեղին թիթեռների, հացի կամ ոսկերիչների մեր փողոցը «նվիրեցին» Չարենցի սիրուհուն



Երկու օր է տուն եմ ուզում գալ՝ չեմ կարողանում։ Տաքսի հավելվածներում չեմ կարողանում գտնել-նշել իմ փողոցը։

Արաբկիր 41…

Սա էն փողոցն ա, որտեղ ես ծնվել-մեծացել եմ։

Փոքր ժամանակ սկի չգիտեի ես աղջիկ եմ թե տղա, չէ կարծես գիտեի՝ տղա էի։ Ամբողջ օրը մեր թաղի ամենաբարձր ծառերին էի, ամենավտանգավոր պատերին…

Ցեխագնդիկներ էինք սարքում ու ճակատամարտեր մղում տակի թաղի տղաների հետ։ Հետո բանակցում էինք. բանակցության վայրը բարձր ու բարակ պատ էր։

Մեր բակով առու էր հոսում ու տասնյակ բարդիներ կային տնկված ողջ թաղի սեփական տների երկայնքով։ Առվում փոքրիկ ձկներ էին լինում…

Իմ դեդեն (պապիկի հայրը) Ցեղասպանությունից փրկվելով (ծառայել էր թուրքական բանակում, վերջացնելով բանակը ուրախ-ուրախ տուն էր եկել ու հայտնաբերել մորթված հարազատներին տան մեջ) հաստատվել էր Հալեպում։

Էստեղ սիրահարվել էր մի ուժեղ կնոջ, որին ցեղասպանությունից թուրք կին էր փրկել ու տարիներ պահել-մեծացրել, մինչև մայրը կարողացել էր գնալ հետ իրենց կորցրած տուն, գտնել աղջկան ու զոռով, լացուկոցով պոկելով թուրք մորից՝ վերցրել իր երեխային։

Եթե ծանոթանանք այս տարիների փաստաթղթերին, կտեսնենք, որ  Թուրքիայում օրենք կար՝ կախաղան էին բարձրացնում այն թուրք մարդկանց, ովքեր տանը թաքուն հայ կպահեին։ Ու էս դեպքում կգնահատենք այս թուրք կնոջը՝ Ամինեին, որը պահել էր նենեիս (պապիկիս մորը)։ Ամինե անունը ես օգտագործել եմ «Երևանյան հեքիաթներ» գրքիս հեքիաթներից մեկում, որպես շնորհակալության տուրք թուրք կնոջը, որը փրկեց մեծ տատիս, որը պետք է Հալեպում ամուսնանար, չորս որդի ունենար ու որդիների հետ 1947-ին հայրենադարձվեր Հայաստան… Արաբկիր 41 փողոց։

Արաբկիր 41 փողոցում պապս հողատարածք էր ստացել, իր եղբայրներին ասել՝ եկեք միասին տուն մը կառուցենք ու իրար քով ապրենք։

Էդպես էլ արել էին։

Տունն իրենց ձեռքով են սարքել։

Մեծ պապս` դեդեն (Հակոբ Մաղաքյանը), ողնաշարի խնդիր ուներ՝ կքված էր քայլում, այդ ողնաշարի խնդիրով հանդերձ նա սիրու՜ն, մեկիկ-մեկիկ տաշել էր երկհարկանի տան կարմիր տուֆ քարերը։ Տուն, որը կառուցվել էր Արաբկիր 41 փողոցում…

Դրանից շա՜տ ուշ պիտի ծնվեի ես։ Ու սիրեի էս փողոցը։ Սիրահարվեի էս փողոցին ու երբեք չհեռանայի… մինչ օրս՝ արդեն իմ ընտանիքի հետ, ապրում եմ այս փողոցում՝ պապերիս սարքած տանը։

Երկու ամիս առաջ ամուսինս ու երեխաներս համոզում էին գնալ մեր նոր բնակարանում ապրել։ Երկու ոտքս դրեցի մի կոշիկի մեջ ու պնդեցի, որ չենք տեղափոխվելու…

Հասկանում եմ, որ նոր բնակարան է, նոր վերանորոգում, ավելի մեծ ու ավելի հարմար… երեխաներիս լավ կլինի այնտեղ…

Բայց էս պատմություններով, հուշերով, հոգիներով տունը ո՞նց թողնեմ։ Ինձ թվում է՝ ես պապերիս տան պահապանն եմ, մաքրում եմ պատի բորբոսը, պոկում բետոնի միջից բարձրացող մոլախոտը, գիշերը քնելիս առաջ խոհանոցի սեղանին մի համով բան թողնում… Երբ փոքր էի՝ տեսել էի նման բան մեր տանը ու մեծերից լսել՝ տան սեղանին գիշերը մի համով բան կթողնեն տան ոգու համար։

Էս երկհարկանի տան բակում չորս եղբայրները՝ շրջապատված արդեն իրենց մեծ ընտանիքներով, ի՜նչ սեղաններ էին գցում… աշխարհի ամենահամով խորովածն ու ուրֆա-քեբաբը, լահմաջուն, մա՜նր կտրտած թաբուլեն, բյորեքը, ղազան քեբաբին ու.. ու… էս համովությունները էլ ավելի համով էին դառնում հայրենասիրական երգերով, որ երգում էին խրոխտ ու բամփ ձայներով։

Չորս եղբայրները ոսկերիչներ էին։ Ոսկերիչ էր նաև հայրս՝ մեծ եղբոր որդին։ Իմ հայրական տունը պապիս տնից մի տուն այն կողմ էր՝ երկհարկանի, մեծ առանձնատուն, որը հայրս իր ձեռքերով էր կառուցել։ Երկրորդ հարկում մի տարածք ունեինք՝ որդան կարմրագույն ներկած, այդտեղ նստում էինք ու վայելում Արարատ լեռի յուրաքանչյուր թյունե ծալքն ու ակոսը։

Մեր փողոցին Ոսկերիչների փողոց էին ասում։

Հարցնում էին բալիկ ջան, գիտե՞ս որն է Ոսկերիչների փողոցը, ասում էինք՝ ա՜յ էն, ասում էին՝ ի՞սկ ոսկերիչների տունը, հպարտ ասում էի՝ ոսկերիչներն իմ պապիկներն են։ Ու հաճախ հարցնողները թաղի ծայրից ինձ համոզում հետները բերում հասցնում էին պապիկիս տուն՝ իբր եթե երեխայի հետ ներս մտնեն ոսկերիչները կհուզվեն ու մի քիչ ավելի էժան կհաշվեն գործը… ա՜խ եթե տեսնեք՝ ինչպես էին կարողանում այդ ոսկերիչները ոսկին հյուսել, ասեղնագործել ու պտտել թանկարժեք քարերով… Կարծում եմ Հալեպի ոսկերչական դպրոցն է։  

Հայրս էր ոսկու վրա ասեղնագործողը։ Մի անգամ մեր եկեղեցին Էրմիտաժին ինչ-որ հնամենի զարդ էր նվիրում, զարդը բերեցին, որ հայրս վերականգնի։ Հիշում եմ՝ պապիկս ասում էր հորս թե անունդ գրել կտաս, որ թանգարանի արխիվներում մնա վերականգնողը, բայց ի պատասխան հայրս ձեռքով էն հայտնի շարժումն արեց, որը նշանակում է՝ մոռացի։  

Հայրս մեր փողոցին ոչ թե Ոսկերիչներ այլ՝ Մարգարաշեն էր ասում։

Մարգարը Ցեղասպանությունից փրկված երեխա էր՝ Վանեցի, որբանոցում մեծացած։ Ա՜խ, եթե տեսնեք ի՜նչ ճաշակով տուն է կառուցել Արաբկիր 41-ում, պապերիս տան հենց կողքին։ Երկհարկանի առանձնատան առաջին հարկում հյուրասենյակն ու խոհանոցն է, պտտվող աստիճանները տանում են վեր՝ դեպի ննջարաններ, որտեղ երկնագույն մեծ պատշգամբը երիզված է սպիտակ սյուներով։

Վանեցի Մարգարն ամուսնացած էր Վանեցի Հերմինի հետ։ Հերմինը Ցեղասպանությունից հետո մի շրջան նույնպես որբանոցում էր մեծացել ու էնտեղ սովորել ասեղ ու թելով երկինք ու աստղաբույրեր արարել։ Ամուսինների տունը Արաբկիր 41-ի առաջին շինությունն էր, առաջին օջախը։ Մարգարն էր թաղի բնակիչներին համոզել բոլոր տների առջևի երկայնքով բարդիներ տնկել։ Նա էր սովորեցրել բոլորին համակեցության ու հարևաններով իրար օգնել-սիրել կարողանալու գաղտնիքները։

Հերմինի ու Մարգարի կախարդական պարտեզում աճող նուռ ու նուշին, սերկևիլ ու դեղձին, թուզ ու ծիրանին միախառվում էին հարյուրավոր ծաղկած ծաղիկներ՝ եռագույն մանուշակներ, պիոններ, վարդեր, յասամանաններ, հասմիկ…

Իրենց պարտեզը մի հետաքրքիր ու գաղտնիքներով լի տեղ էր, որտեղից ծաղիկ թռցնելը ամբողջ մանկությանս ամենասիրած գործն է եղել։ Ա՜խ, եթե Հերմինը տեսներ մեզ այս «գործի» պահին։ Սա մի ամբողջ արարողակարգ էր… վերցնում էր հսկա (1,5 մետրանոց, երկար կարմիր պոչով) մկրատը ու ընկնում էր հետևներիցս ամբողջ փողոցով։ Ադրենալինից գլխիս մեջ սրտիս տկտկոցն էի լսում։

Հիշում եմ ինչպես էինք փախնում թաղի երեխաներով… Հերմինն էլ հսկա մկրատը ձեռքին՝ հետևներիցս… էլ նկուղ ու ավտոտնակ, էլ տակի թաղ, էլ հարևանի տուն։

Հիշում եմ, մի անգամ, առանձնացա ընկերներիցս ու վազեցի մեր տուն, բարձրացա իմ սենյակ, մտա անկողնուս տակ։ Մեկ էլ լսեմ Հերմիկը մտել մեր տուն ու տեղս է հարցնում մորիցս։ Վստահ էի, թե մամաս պիտի ասի տեղս ու սա ականջներս կտրի իր հսկա մկրատով։

Միայն նրա մահից հետո հասկացա, որ այս ամենն իրականում խաղ էր, որ հորինել էր Հերմին տատին՝ մեզ հետ շփվելու, ուրախանալու համար։ Չէ՞ որ իր այգու ամենահամով մրգերը ինքն իր ձեռքով էր հավաքում ու գոգնոցի մեջ լցրած բերում մեզ ոսկեգույն աշուններին։

90-ականներին հացը տալոնով էր։ Իսկ մեր թաղում բացվեց մեր սեփական հացի փուռը… Սերոժ ձաձյայի փուռն էր։ Աշխարհի ամենահամով բույրը ողջ թաղով մեկ ընկնում էր ամեն առավոտ ու պատուհաններից ներս մտնելով արթնացնում բոլորիս։ Մենք հացի հերթ չէինք կանգնում։ Հացի փուռի թաղի երեխաներն էինք։ Բոլո՜ր ծանոթ ու անծանոթների համար հաց էինք «դասավորում»։

Մեր Արաբկիր 41-ին սկսեցին անվանել Հացի թաղ։ Ի՜նչ հպարտություն ու երանություն էր հացի բույրով արթնանալը։

Մարգարաշեն
Ոսկերիչներների փողոց
Հացի փողոց

Ահա այն անունները, որն ուներ մեր՝ Արաբկիր 41-ը։

Իսկ հիմա… երկու օր է չեմ հասկանում ինչպես նշեմ մեր փողոցը տաքսիի հավելվածում։

… Էս ի՞նչ Արմենուհի Տիգրանյան է

Ո՞ւր է կորել իմ Արաբկիր 41-ը…

Երևանի քաղաքապետարանը որոշել է անվանակոչել մեր թաղը այս տիկնոջ անունով։ Ինչի՞ չեն եկել ավագանու անդամները մեր թաղ։ Միթե կարելի՞ է էսպես նստել գրասենյակում՝ ոտքը ոտքին գցել, ու անուն կպցնել մի թաղին, որտեղ սկի չես էլ եղել։ Որի պատմությունը չգիտես… որը չես սիրել…

Միթե հնարավոր չի գալ թաղ, ծանոթանալ հին բնակիչների հետ…

Մենք ընդամենը 12 տուն ունենք թաղում։ Երբ փոքր էի ու շատ չէր հետաքրքրում ինձ՝ աղջիկ եմ թե տղա, մեր թաղ մտնող անծանոթ յուրաքանչյուր մարդու կանգնեցնում էինք երեխաներով, առաջը ձեռքերով փակում ու ասում՝ անուն, ազգանուն, հայրանուն, մայրանուն… ու՞մ տուն եք գնում։ Միայն ճշտելուց հետո էինք թաղ ներս թողնում անծանոթի։

Հիմա քաղաքապետարանի ավագանու անդամներին թվաց, թե կարո՞ղ են առանց այս ստուգումների ոմն Տիգրանուհի Արմենյանի (կամ՝ հակառակը) անունը դաջել այս ուրույն պատմությամբ թաղին… ինչու՞

Էսպես սուտ պատմություն հորինել կլինի՞։ Մեր թաղն իր անունն ունի։ Չարենցի սիրուհին է եղել՝ է հետո ինչ։ Խելացի ու հմայիչ կին է եղել… Աստված իր հետ։

Ուր ուզում էր թող հիշվեր անունը… բայց ոչ մեր թաղում, որտեղ կապույտ ու դեղին թիթեռներ են թռվռում ողջ ամառ ու փողոցը նույնիսկ նրանց անունով կարող էր կոչվել

Կապույտ ու դեղին թիթեռների փողոց
Բարդիների փողոց
Հացի կամ ոսկերիչների փողոց
Մարգարաշեն

Սրանց թվում է պատմությունն իրենք են հորինում, պատմությունը չեն կպցնում, պատմությունը գտնում են, պահում ու փայփայում…

Արփի Մաղաքյանը ռեժիսոր եւ լրագրող է: Հեղինակել է Երեւանի մասին «Հին ու նոր քաղաք» հաղորդաշարը, «Երեւանյան հեքիաթներ» գրքի հեղինակն է։

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին