Իրական ԵԼՔը ՊՈԱԿ-ային ճահճից - Mediamax.am

Իրական ԵԼՔը ՊՈԱԿ-ային ճահճից
1130 դիտում

Իրական ԵԼՔը ՊՈԱԿ-ային ճահճից


Ես աշխատում եմ թատրոնում։ Բեմի, կուլիսի հետ չառնչվող մարդուն դժվար կլինի բացատրել այն անսահման սերը, կիրքը, որ ունակ է տածել մարդը արվեստի այդ օջախի հանդեպ։ Երեւի, թատրոնից կախվածությունս ձեզ բացատրելու  ամենահեշտ տարբերակը թմրանյութի հետ համեմատությունը կարող է լինել։

Իմ պատկերացրած սերը չգիտեմ ինչու միշտ կառուցողական է՝ օգնող, առաջխաղացնող, խնդիրներ վերլուծող։ Որքան հեշտ կլիներ կյանքս, եթե բնավորությանս մեջ այս գիծը գոնե այսքան կարծրացած չլիներ ու հարցեր տալը, հարցերին պատասխաններ գտնելը, փնտրելը չհետապնդեին յուրաքանչուր գործում։ Ինչեւէ։ Այսպիսին եմ։

Եվ, աշխատելով թատրոնում, անընդհատ մտքումս լուծումներ եմ փնտրում ՝  պետությունից ստացված գումարը (դոտացիան) էլ ավելի ճիշտ օգտագործելու, մշտական աշխատավարձը անհատի զբաղվածության հետ բոնուսային աճի ենթարկելու, մշակութային տուրիզմը երկրում զարգացնելու, թատրոնի աշխատակիցների (ոչ միայն դերասանների, այլեւ ետնաբեմում աշխատող բազմաթիվ այլ մասնագետների՝ հանրային կապեր, դիմահարդարներ, կոստյումերներ, բեմի բանվորներ, նկարիչներ եւ այլն) փորձի փոխանակման,  զարգացման, առավել դյուրին ու նորարական աշխատելաոճի անցնելու ձեւերի մասին։

Մտածում եմ, որ պետք է հետեւենք զարգացած երկրներից շատերի փորձին՝ արվեստ հովանավորող անհատներին, կազմակերպություններին մոտիվացիա տա, բիզնես արտոնություններ ընձեռի պետությունը։ Նաեւ խնդիր դրվի սկսնակ արվեստագետներին, ոչ հանրահայտ արվեստագետներին, ոչ պոպուլյար արվեստի տեսակներին հնարավորություն տալ հովանավորչությամբ զարգանալու եւ ինքնադրսեւորվելու։

Պետական ոչ առեւտրային կազմակերպություններին, իմ խորին համոզմամբ,  պետք է ղեկավարի անվերապահ կառավարում շնորհել։ Ղեկավար է ընտրվում, նշանակվում, որին պետությունը վստահություն է հայտնում, եւ վերջինս 3 կամ 5 տարի (փոքր ՊՈԱԿ-ները` 3, մեծ աշխատակազմով, մեծ տեսլականով՝ 5) ղեկավարում է հաստատությունը՝ իր ընտրած ուղով, իր ընտրած թիմով, ըստ ցանկության աշխատանքից ազատելով իր ուղուն չհամապատասխանող աշխատակիցներին։

Իհարկե, ղեկավարը կառավարությանն ու հանրությանը հանձնում է տարեկան հաշվետվություններ, բայց ամենակարեւորը վերջնահաշվակն է, որը ղեկավարը տնօրինության իր ժամկետը լրանալուց հետո, բացում է հանրության առջեւ։

Ֆինանսական բոլոր թափանցիկ հաշվետվությունները եւ մշակութային առաջխաղացումները. 

- ղեկավարման տարիներին ուր է գնացել հաստատությունը;
- քանի առաջնախաղ ունեցել;
- որքանով է ավելացել հանդիսատեսը (լոլոներ չէ, այլ հաշվապահական անալիզներ);
- միջազգային հարթակում ինչ քայլեր է արել;
- աշխարհին ինչ է ասել իր գոյությամբ:

Եվ ահա այստեղ է, որ թվերը եւ հաշվետվությունը հանրությանն ու կառավարությանը օգնության են գալիս որոշում կայացնելու՝ շարունակի արդյո՞ք տվյալ անձը ղեկավարումը, թե՝ լքի հաստատությունը՝ տեղը զիջելով նոր ղեկավարին։

Այս ճանապարհով եմ տեսնում ԵԼՔը ՊՈԱԿ-ային ճահճից, որտեղ այսօր ղեկավարները դժվարությամբ են կառավարում անձնակազմին։ Աշխատանքից (շատ հաճախ արդարացիորեն) ազատված աշխատակիցները ծանոթ-բարեկամ են սկսում փնտրել կառավարությունում, բողոք-դիմումներ են գրում մշակույթի նախարարություն՝ վերջինիս ինտրիգների հանգուցալուծում փնտրող-չգտնող դարձնելով։

ՊՈԱԿ-ները չափից ավելի կախվա՞ծ են նախարարությունից, ուրեմն կարելի է լրամշակումներ անել օրենքում, կամ ՊՈԱԿ-ները դարձնել պետական աջակցությամբ հիմնադրամներ։

Վերջին տասնյակում արվեստի օջախներից շատերը դարձել էին պալատական քմահաճույքն եւ ճաշակը գոհացնող կենտրոններ, ինչն աններելի էր, քանի որ
անձերի ճաշակով թելադրվող արվեստը չարվեստ է։ Այնուամենայնիվ «արվեստագետը» գտել էր «գոյատեւման» (ծափերի, լավ խոսքի, վաստակավոր ստանալու, երբեմն բնակարան ստանալու) իր ճանապարհը եւ, որքան էլ միգուցե ոչ գեղեցիկ հնչի, սակայն փաստ է՝ կայունության ու ապահովության գրավականը։

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը մի անգամ հայտարարեց, որ չի միջամտելու որեւէ անձի թատրոնի գեղարվեստական ղեկավար նշանակվելուն, չի ունենալու սիրված դերասաններ, երգիչներ, չի միջամտելու որպեսզի այս կամ այն դերասանը վերականգնվի որեւէ թատրոնում եւ՝ փառք Աստծո։

Հեղափոխությունից հետո հայտարարվեց նաեւ, որ Մշակույթի նախարարությունը կցվում է Կրթության նախարարությանը։ Չէի ասի, թե ես տխրողների ցանկում էի, երեւի, նույնիսկ, հակառակը։ Բայց ուզում էի, սպասում որ կառավարությունը ինձ ճանապարհային քարտեզ ցույց տար եւ մենք լուրջ վերլուծություն կարդայինք կամ այս քայլը հիմնավորող խոսքեր լսեինք։

Մինչ ես սպասում էի կարդալ լուրջ հիմնահարցեր առաջ քաշող, արվեստի առավել ազատականացման եւ առաջխաղացման ծրագիր, որտեղ մշակույթի նախարարության նոր դերը նախագծային մենեջմենթն է, ինչ-որ չափով արվեստագետի ագենտի դերը, հանկարծ յութուբում հանդիպեցի մշակույթի փոխնախարար Նազենի Ղարիբյանի հարցազրույցին, որտեղ վերջինս խոսում է իր վերադասությունից, արվեստագետների աշխատանքային ժամերի բացականերից, «ենթարկվում»-ներից, կարգերից, փաստաթղթաշարժություններից, հսկողությունից, որը խորը հիասթափեցնում է, զարմացնում... ու տխրեցնում։

Արփի Մաղաքյանը ռեժիսոր եւ լրագրող է:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:





Դիմակ հագած Երեւանս
Մեր ընտրանին