Բոտեքսոտ Հյուսիսային պողոտան եւ Մատենադարանի բանալիները - Mediamax.am

Բոտեքսոտ Հյուսիսային պողոտան եւ Մատենադարանի բանալիները
3397 դիտում

Բոտեքսոտ Հյուսիսային պողոտան եւ Մատենադարանի բանալիները


«Երեւանը մենք ենք»` կրկնվում է երգում։ Մտածելու բառեր են։

Ինչպիսի՞ն կլիներ Երեւանն առանց մեզ։ Իսկ մե՞նք առանց Երեւանի։ Իսկ Երեւանն առա՞նց Մատենադարանի։

Շենքեր կան, որ շնչում են։ Կենդանի են։ Ապրեցնում են ու կարծիք թելադրում։ Հնարավորություն են ընձեռում։ Ազատության զգացում պարգեւում։ Շիտակ լինել պարտադրում։

Հանրապետության հրապարակը մեծ երազանքներ ու պլաններ ունեցող ազգ է կառուցել։ Եվրոպացու հետ քայլելով հասիր հրապարակ եւ նայիր դեմքին։ Հիացմունք է։ Շնչելու տարածք է։ Կայացած, ինքնաբավ, իր արժեքը գիտակցած ազգի հրապարակ է։

Օպերայի շենք։ Մարդը դրեց հրապարակին անուն, թե՞ շենքը մեկտեղեց միանման մտածող մարդկանց շուրջը եւ շշնջաց իր անունը՝ Ազատության հրապարակ։

Ազատ մտածող, ազատությունը արժեք սահմանած հայեր, որոնք գիտակցում էին իրենց ժառանգություն հասած մշակույթի կարեւորությունը, դրան տեր լինելու հաստատակամությամբ։

Ասում են՝ Օպերայի շենքը Զվարթնոցի տաճարն է Երեւանի սրտում։ Ու Հրեշտականոցը, որպես նաեւ Տիր աստծո տաճարի իմաստության կրող, վերհառել է մայրաքաղաքի սրտում։ Եվ թելադրում է։

Հզոր, ազատ, մշակութահեն, խորք ունեցող, ապագա կերտող ճարտարապետություն։

Իսկ ի՞նչ կառուցեցինք անցած երեսուն տարիներին… Հյուսիսային պողոտա։ Հյուսիսում սառն է։ Քայլել-անցնելու տարածք է… ոչ թե հյուսիսը, այլ պողոտան։ Պոդիումի է նման, որը տեղին օգտագործում են շուրթները լցրած աղջիկները՝ գեղեցիկ շպարված ու պճնված։

Թերթերունքները, ունքերն ու մազերը աճեցրած՝ ճեմում են պողոտայով։

Շրջապատում նկարիչներ կան, որոնք առաջարկում են դիմանկար։ Երբեւէ՞ նայել եք այդ դիմանկարներին… որքան սառն են դրանք. անկյանք, բոտեքսոտ, hightlighter-ով, consiler-ով, անկամք, առանց զգացմունքի, անհոգի։

Երբ գալիս է խորը գիշերը եւ Երեւանը փակում է հոգնած աչքերը, վերջին սրճարաններն ու փաբերն անջատում են լույսերը՝ պողոտան դառնում է անկենդան տարածք… անհոգի, անդեմ, անշունչ, բոտեքսոտ, ինքնասիրահարված, լքված, օգտագործված…
 
… Ահա այն ինչ կառուցեցինք Օպերայի շենքի, Հանրապետության հրապարակի կողքին։
 
Մատենադարանը բարձունքում է, այնտեղից ամեն ինչ չէ, որ երեւում է։ Լավ է կամ վատ… չգիտեմ, գիտեմ միայն, որ այնտեղ կան բանալիներ, որոնք ունակ են հողը հաց սարքել, տարածքը՝ հայրենիք։

Արփի Մաղաքյանը ռեժիսոր եւ լրագրող է: Հեղինակել է Երեւանի մասին «Հին ու նոր քաղաք» հաղորդաշարը, «Երեւանյան հեքիաթներ» գրքի հեղինակն է։

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին