«Մեծ Հայք»՝ ինչ էլ որ դա արժենա - Mediamax.am

«Մեծ Հայք»՝ ինչ էլ որ դա արժենա
12112 դիտում

«Մեծ Հայք»՝ ինչ էլ որ դա արժենա


Մեր համայնքային ֆինանսական էլիտաների անեծքի մասին

«Մեզ ստիպում են լվացվել արյան արցունքներով, իսկ մենք ձգտում ենք, որ մեր արցունքներն ուրիշները սրբեն, ընդ որում՝ հայտարարելով, որ այդ ուրիշները խաբեբա են, սրիկա եւ ստոր ու երբեք էլ չեն մաքրի մեր արցունքները»

                                                                                              Շահան Նաթալի

Նախորդ սյունակում շոշափվեց անկախ Հայաստանի ղեկավարների թեման: Վերլուծության առարկա դարձան հիմնական մենթալ եւ հոգեբանական խնդիրները, որոնք խոչընդոտ դարձան արդյունավետ պետականաշինության եւ ազգաշինության ճանապարհին: Սակայն մեր իրականության մեջ հայկական աշխարհը տրոհված է ահռելի քանակությամբ մասնիկների եւ տարրերի: Դրանցից առավել էական նշանակություն ունեն ամբողջ աշխարհով սփռված բազմամիլիոնանոց համայնքները: Այս նյութում խոսքը կգնա հենց այդ պայմանական  «համայնքային ֆինանսական էլիտաների» մասին:

Սակայն նախքան անցնելն անմիջապես այդ խումբը դիտարկելուն, հարկավոր է հասկանալ մեզ հաճախ սխալ ուղղությամբ տանող տերմինաբանությունը: Գլխավոր եւ առավել վտանգավոր մոլորությունը հայերին որպես «սփյուռքային ազգ» սահմանելն է: Սկսենք նրանից, որ ազգը պետության տարր է, եւ այն անքակտելիորեն կախված է տվյալ պետության հասունացման եւ ամենօրյա գործունեության հետ: Ազգը արարվում է պետության հետ միասին եւ նրա վախճանի հետ կամ դադարում է գոյություն ունենալ, կամ փոխակերպվում է մեկ այլ օբյեկտի (ժողովուրդ կամ համայնք): ԱՄՆ-ում, Ռուսաստանում, Ֆրանսիայում ապրող հայերի բացարձակ մեծամասնությունը հիմնական պետական ատրիբուտների (քաղաքացիություն եւ սահմանադրական պարտավորություններ)  տեսանկյունից հանդիսանում է ամերիկյան, ռուսաստանյան եւ ֆրանսիական ազգի ներկայացուցիչ: Ընդ որում, նրանք կարող են մշակութային մտերմություն չզգալ այս կամ այն երկրի կորիզային ազգի հանդեպ եւ սեփական կենցաղը կառուցել հայկական մշակութային կոդի հիմքի վրա:

Սակայն պատմությունը ցույց է տալիս, որ այդ տարրն էլ ժամանակի հետ ոչնչանում է, եւ նոր սերունդները օժտված չեն բավականաչափ դիմադրողականությամբ՝ բնական ասիմիլացիոն գործընթացներին դիմադրելու համար (Արեւելյան Եվրոպայի, Իսպանիայի, Հոլանդիայի, Ֆրանսիայի եւ Մեծ Բրիտանիայի միջնադարյան հայ համայնքների ճակատագիրը դրա վառ ապացույցն է): Հայ ազգի տեղակայման միակ վայրն իր ծննդյան եւ հասունացման տարածքն է: Ցավոք, այսօրվա դրությամբ հայոց եռագույնը՝ պետականության գլխավոր խորհրդանիշը գերիշխում է այդ տարածքների միայն փոքր հատվածում: Այս իրողությունը տարբեր ժամանակաշրջաններում մեր արիստոկրատիայի կողմից իր վատագույն որակները դրսեւորելու օրինաչափ հետեւանքն է: Հայոց ապոկալիպսիսի չորս ձիավորներն են քաղաքական միամտությունն ու կարճատեսությունը, «սեփականը» արժեզրկելու հետ մեկտեղ «օտարի» իդեալականացումը, «մեր» ոչ նյութական արժեքների նկատմամբ գերռացիոնալ «ես»-ի գերիշխումը եւ «օտարների» մեջ  «յուրային» դառնալու անզուսպ ձգտումը: Այս նարատիվների դրսեւորումը միշտ հանգեցրել է ողբերգական հետեւանքների, եւ պայմանական «էլիտար խմբերի» ձախողման դիմաց միշտ վճարել է ամբողջ ազգը (գագաթնակետը սեփական հողում տեղի ունեցած ցեղասպանությունն է): Պարադոքս է այն, որ պատմությունն ամեն անգամ մեզ հնարավորություն է տալիս ինքներս մեզ եւ այլ խաղացողներին ապացուցել սեփական գոյության եւ կենսագործունեության անհրաժեշտությունը: Ըստ իս, դրա բացատրությունը հետեւյալն է. ճակատագիրը սիրում է երկարատեւ պարտիա խաղալ նրանց հետ, ովքեր իրեն առավել հաճախ են մարտահրավեր նետում եւ փորձում:
 
Մենք հպարտանում ենք, որ ունենք բազմադարյան պատմություն եւ համարվում ենք ամենահին քաղաքակրթություններից մեկը: Գլոբալ հայ ժառանգությունը ահռելի մեծ է, եւ այս փաստը վիճարկելն անիմաստ է: Սակայն խորքային ազգային շահերի տեսանկյունից նշանակալի են միայն այն ձեռքբերումները, որոնք կապիտալիզացվել եւ փոխակերպվել կոնկրետ դիվիդենտների: Վերցնենք այդ տարրերից մեկը եւ փորձենք այն վերլուծել: Ֆինանսական բարեկեցություն եւ կապիտալի հավաքագրում՝ արժեքներ, որոնք խորը նստած են մեր համազգային ենթագիտակցության մեջ: Հանուն այդ նպատակների մեր էլիտաների բազում սերունդներ զոհաբերել են ամեն բան ՝ պետությունը, ազգը եւ ապագան: Թվում էր, թե այդ հարթության մեջ պետք է լինեին ինչ-որ շոշափելի արդյունքներ՝ գլոբալ հայկական ֆինանսական էլիտաների տեսքով: Սակայն արդյո՞ք դրանք գոյություն ունեն: Եվրոպական բանկային համակարգի ձեւավորման ակունքներում կանգնած Տարյենների ընտանիքի մասին չի պահպանվել նույնիսկ հասարակ հավաքական հիշողություն: Նավթային բիզնեսի հսկաներ Գյուլբենկյանն ու Մանթաշեւը իրենցից հետո թողել են ոչ մեծ հիմնադրամներ եւ թանգարաններ: Գալուստ Գյուլբենկյանի կարողության զգալի մասն օգնել է զարգացնել հեռավոր Պորտուգալիայի ենթակառուցվածքային նախագծերը եւ հարստացրել է Մեծ Բրիտանիայի բարձրագույն կրթության համակարգը: Որքան էլ պարադոքսալ հնչի, իրենց իսկ ստեղծած էներգետիկ հենարանը դարձավ Թուրքիայի (Գյուլբենկյանի «Թրքիշ Պետրոլեումը») եւ Ադրբեջանի (Մանթաշեւի «Բաքվի նավթը») ապագա տնտեսական հաջողությունների պատճառներից մեկը:

Մենք հազվադեպ ենք հարցնում ինքներս մեզ՝ ինչո՞ւ մյուս ժողովուրդներին հաջողվեց ձեւավորել սեփական էթնիկ կապիտալը, որը միջազգային ասպարեզում նպաստեց անկախ պետությունների ստեղծմանը եւ ազգային դիրքերի ամրապնդմանը: Լորդ Լայոնել Ռոթշիլդի կապիտալը մասնկացում էր Պաղեստինում հրեական պետություն ստեղծելու վերաբերյալ Մեծ Բրիտանիայի դրական որոշումն առաջ մղելու գործին («Բալֆուրի հռչակագիրը»), Քենեդիների եւ Թոմսոնների կլանների փողերը հանգեցրեցին իռլանդական անկախության հաստատմանը, Վան Ռենսելաերների ֆինանսներն օգնեցին վերականգնել Հոլանդիայի տնտեսությունը, եւ այլն: Այդյո՞ք առավել հարուստ հայերի կապիտալները ներգրավված են եղել հետպատերազմյան կոնֆերանսների ժամանակ (Առաջին համաշխարհային) հայկական հարցն առաջ մղելու գործում եւ արդյո՞ք դրանք սատարել են հանուն անկախ հայկական պետականության մղվող ազգային-ազատագրական շարժումներին: Ցավոք, հայկական ուղղությամբ այդ էլիտաների գործունեությունը սահմանափակվել է եկեղեցիներ կառուցելով, պատկերասրահներ ձեռք բերելով եւ իրենց իսկ պատվին հուշարձան կանգնեցնելով: Հրեաներն ու իռլանդացիները մեզնից լավ են սերտել երկրների եւ ժողովուրդների միջազգային մրցակցության խիստ կանոնները: Ըստ երեւույթին, Ցեղասպանության դասը մեր համար պակաս ուսանելի է եղել, քան Հոլոքոստը՝ հրեաների եւ Մեծ սովը՝ իռլանդացիների համար: Հետաքրքիր է, էլ ի՞նչ պետք է տեղի ունենա, որպեսզի պայմանական «էլիտաները», որոնք հպարտանում են իրենց «սփուռքային» լինելով, հասկանան, որ հայկական քաղաքական, տնտեսական, ֆիզիկական եւ հոգեւոր անվտանգության միակ երաշխավորն ուժեղ ազգային պետությունն է:

Հատկանշական է, որ այդ ժամանակ պետականամետ այնպիսի գործիչներ են եղել, ում մենք մոռացության ենք մատնել: Օրինակ, փաստաբան Վահան Քարդաշյանը, որն իր կարողության մեծ մասը վաճառել է՝ Անկախ Հայաստանի ճանաչման հարցը առաջ մղելու եւ Թուրքիայի հետ կնքված Լոզանի համաձայնագրերի վավերացումը Կոնգրեսում արգելափակելու նպատակով: Տարօրինակ կերպով այսօրվա Հայաստանում այդ մարդուն նվիրված ոչ մի հուշարձան չկա, իսկ նրա մեծ ժառանգությունը լայն հետաքրքրության առարկա չի հանդիսանում: Նման անհատների մենք անարդարացիորեն մոռացել ենք, իսկ համայնքային գործարարներին մեզ սովորեցրել են սիրել եւ հարգել՝ կասկածի չենթարկելով նրանց արարքները:

Այլ կերպ ասած, հարկավոր է մեր ներսում արմատախիլ անել բոլոր «սփյուռքային եւ համայնքային» տարրերը եւ վերադառնալ մեր իրական արմատներին՝ պետականամետ գործիչներին: Հայ ազգը ձեւավորվել է «կայսերական» հենքի վրա, եւ այս իրողությունից հեռանալն անհնար է: Արդյո՞ք շատ են այն ժողովուրդները, որոնք նման ծավալի տարածքային եւ քաղաքակրթական կազմություններ են ձեւավորել՝ առանց համընդհանուր ստրկացման եւ «օտարներին» ոչնչացնելու դասական մոտեցումներ որդեգրելու: Մեծ Հայքը որպես ֆիզիկական միավոր վախճանվել է, սակայն այն, ինչպես եւ նախկինում, մագնիսի պես ձգում է տրոհված հայկական աշխարհի մտքերը: Մի՞թե սա ուղիղ ապացույց չէ այն մտքի, որ պետականամետ մարդը քնած է յուրաքանչյուր հայի մեջ՝ անկախ նրա սոցիալական, քաղաքական կամ այլ կարգավիճակի: Մոտ հեռանկարում կայսրության վերակենդանացումը պետք է մեր կողմից ընկալվի բացառապես մետաֆիզիկական, այլ ոչ թե տարածքային տեսանկյունից:

Քայլ առաջին՝ վերադարձ դեպի Մեծ Հայք որպես մեր գոյության իմաստ, հայեցակարգային գերնպատակ, որի շուրջ պետք է համախմբել մեր քանակական եւ որակական ռեսուրսները: Կայսերական կրակից ծնունդ առած եւ հազարավոր մանր կտորների տրոհված ազգին անհնար է հիմնավոր կերպով համախմբել ողբի (ցեղասպանություն) կամ հասարակ մատերիալիզմի (ներդրումների, բարեգործության) մտքի շուրջ: Կենսականորեն կարեւոր է հասկանալ սեփական գոյության խորքային իմաստը եւ այն առաքելությունը, որը մեզ նոր լիցքեր կհաղորդի:

Քայլ երկրորդ՝ պետության հովանու ներքո հայկական կապիտալի հավաքագրման մեկնարկ՝ համազգային նշանակություն ունեցող առաջնահերթ մի շարք խնդիրների լուծման նպատակով:

Առաջին՝ ռազմավարական եւ մասնագիտական հայրենադարձություն: Պետությունը մարդկային ռեսուրսի սուր կարիք ունի: Այս կապակցությամբ մենք չպետք է ուրախանանք, որ ամերիկյան Գլենդեյլի կամ ֆրանսիական Մարսելի բնակչությունն ամեն տարի աճում է տասնյակ հազարավոր հայերով, քանի որ սա ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի դեմոգրաֆիկ ուժեղացման գործընթաց է, որը տեղի է ունենում Գյումրիի, Գորիսի, Տաշիրի եւ Շուշիի դատարկվելու հաշվին: Այս ուղղությամբ առանցքային առաջնահերթություններից է Արցախի քաղաքների եւ գյուղերի բնակեցումը, հատկապես այն յոթ շրջաններում, որոնք մեր իսկ թույլտվությամբ հանցավոր կերպով անվանում են «անվտանգության գոտի»:

Հարկավոր է նաեւ շրջանառության մեջ դնել հայրենադարձության նոր ձեւ՝ վերադարձ զինվորական ծառայություն անցնելու նպատակով: Դրա համար համայնքներում ապրող յուրաքանչյուր հայ պետք է գիտակցի, որ ոչ միայն գնում է հեռավոր երկրում գտնվող հողերը պաշտպանելու, այլ դառնում է ազգի զինվոր, ումից կախված է երեւանցի գրողի, գյումրեցի մարզիկի, կապանցի իրավաբանի եւ ստեփանակերտցի ինժեների անվտանգությունը: Ազգի զինվորները հայկական պետականության առաջնագիծն են, եւ հենց այդ առաջնագծի որպիսությունից է կախված մոլորակի տարբեր հատվածներում գտնվող ամեն հայի անվտանգությունն ու համբավը:

Մյուս կողմից, մեր պետությունն օբյեկտիվորեն բարձրագույն որակավորում ունեցող մասնագետների, ճգնաժամային մենեջերների, կառավարիչների, մարտավարների եւ ռազմագետների կարիք ունի: Հայերի գիտելիքները, փորձն ու հմտությունները պետք է նախ եւ առաջ ծառայեն ի շահ Հայաստանի: Սա կարող է քիչ վարձատրվող եւ պակաս գրավիչ լինել, սակայն հայոց ազգային օջախի ամրապնդման գործընթացին մասնակցելն անգին արժեք է:

Երկրորդ՝ կրթական համակարգի բարեփոխում: Նույնիսկ այս փորք երկրում թաքնված է հսկայական ներուժ, եւ մեր խնդիրն է այն բացահայտելու, խթանելու մեխանիզմներ ստեղծել եւ օգտագործել ի նպաստ պետական շահերի: Կիրթ եւ քննադատական մտածողությամբ օժտված պետականամետ գործիչների սերունդն ապագայի միակ հույսն է:

Երրորդ՝ ռազմատեխնիկական առաջընթաց եւ պաշտպանական ոլորտի ամրապնդում: «Ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» կարգավիճակը ստեղծում է ոչ միայն տնտեսական խնդիրներ (ներդրումների բացակայություն, ռիսկեր կապիտալի համար, եւ այլն), այլեւ առաջացնում է մշտական սթրեսի մթնոլորտ, երբ քաղաքացիները քնում եւ արթնանում են «իսկ եթե վաղը պատերազմ լինի» մտքով: Ընդ որում, պետականամետ հայն իրեն թույլ չի տա մտածել տարածքներ հանձնելու կամ այլ զիջումների մասին, որոնք երկարաժամկետ կտրվածքով տանում են դեպի համազգային ինքնասպանության: Հետեւաբար , «սփյուռքային» ռեսուրսի մեծ մասը պետք է ուղղվի մեր բանակի ամրապնդմանը եւ հայկական սահմաններն անառիկ բերդի վերածելուն: Մի՞թե մենք չենք ամաչում, որ ռազմավարական բնույթի խնդիրներ լուծելու համար մեր պետությունը ստիպված է վարկեր վերցնել արտաքին ուժերից: Կամ արդյո՞ք որեւէ մեկը կասկածում է, որ մեր գլոբալ հայկական ռեսուրսները թույլ են տալիս նման նպատակի իրագործման համար հավաքագրել առնվազն մեկ միլիարդ դոլար: Եթե դա այդպես է, ապա արդեն այսօր պետք է ազգովի ստորագրենք մեր սեփական անօգնականության դիմաց:

Կարեւոր է, որպեսզի մեր համայնքային (հատկապես՝ ֆինանսական) էլիտաները հասկանան նաեւ այլ ճշմարտություն. որքան գումար էլ վաստակեն եւ ինչպիսի միջազգային կապեր էլ ունենան, նրանք ամերիկյան, բրիտանական, ռուսական կամ ֆրանսիական ազգային արիստոկրատիաների մաս չեն կազմի, իսկ իրենց հանդեպ լավ վերաբերմունքն ունի բացառապես ժամանակավոր բնույթ: Առաջին իսկ հարմար պահին նրանց կզոհաբերեն, ինչպես դա բազմիցս եղել է այն հայերի հետ, որոնք տարբեր ժամանակաշրջաններում հպարտացել են արքունիքներում այս կամ այն թագավորների եւ սուլթանների օրոք իրենց զբաղեցրած դիրքով: Որտե՞ղ են նրանց կարգավիճակն ու կարողությունը: Ամեն ինչ ոչնչացվել է, իսկ նրանց ժառանգությունը փտում է պատմության ճահճի մեջ: Այդ դասերը պետք է ուսանելի դառնան հայ «սփյուռքային» գործարարների ներկա սերնդի համար, բայց նրանք չեն սիրում պատմությունից դասեր քաղել: Այդ դեպքում նրանք չպետք է զարմանան արագընթաց եւ անողոք փոթորիկների վրա: Հայկական պետությունը կլինի այն միակ վայրը, որտեղ նրանք կկարողանան ապաստանել: Սակայն այն չի կարող պաշտպանել յուրայիններին՝ չունենալով բավականաչափ ռեսուրս եւ հզորություն: Ընդ որում, մեր պետության վերաբերմունքը «համայնքային էլիտաների» հանդեպ պետք է լինի համամասնական այն վերաբերմունքի, որն իր հանդեպ տածում են այդ էլիտաները:

Արեգ Գալստյանը պատմական գիտությունների թեկնածու է, The National Interest, Forbes, The Hill եւ American Thinker պարբերականների մշտական հեղինակն ու փորձագետը:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին