Նախիջեւանի մշակութասպանդն ու եղբորս սրտի բացը - Mediamax.am

Նախիջեւանի մշակութասպանդն ու եղբորս սրտի բացը
3764 դիտում

Նախիջեւանի մշակութասպանդն ու եղբորս սրտի բացը


Նյու Յորքում լույս տեսնող հեղինակավոր Hyperallergic (Հայպերալերգիկ) մշակութային ամսագիրը տպագրեց եղբորս՝ Սիմոն Մաղաքյանի եւ արմատներով հրեա Սարահ Փիքմանի կողմից գրված “A Regime Conceals Its Erasure of Indigenous Armenian Culture” («Ռեժիմը թաքցնում է Հայկական մշակույթի բնաջնջումը»)  ծավալուն, փաստավերլուծական, հետաքննական աշխատությունը:
 
Այս հոդվածը շոկային է լինելու Ալիեւի եւ նրա ռեժիմի համար։ Եղբայրս, Յեյլ համալսարանի պատմական գիտությունների թեկնածու Սարահ Փիքմանի հետ համատեղ, այս հոդվածի վրա աշխատել են 13 ամիս:



Սիմոն Մաղաքյանն ու Սարահ Փիքմանը Ջուղայի խաչքարի մոտ (Նյու Յորք, Մետրոպոլիտեն թանգարան)


Ըստ հոդվածում բերված փաստերի` ադրբեջանական իշխանությունները 1997-2006 թվականներին ոչնչացրել են Նախիջեւանի բոլոր հայկական հոգեւոր հետքերը` 89 միջնադարյան եկեղեցի, 5 840 խաչքար եւ 22 000 տապանաքար։

Ապա, գործի դնելով Ալիեւների կարողությունը, միլիոնավոր դոլարներ ծախսել՝ ոչ միայն քողարկելու այս մշակութային ցեղասպանությունը, այլեւ արժանանալու միջազգային գովասանքների՝ իբրեւ հանդուրժողական երկիր:

Եղբայրս մոտ 15 տարի է բնակվում է ԱՄՆ-ում, դասավանդում է Կոլորադոյի համալսարանում քաղաքագիտություն առարկան։ Նրա անսահման սերը եւ հետաքրքրությունը հայկականությամբ այնքան փոքր հասակից է սկսվել, որ դժվարանում եմ հիշել՝ երբ ու ինչից սկսվեց։ Միայն հիշում եմ, որ դպրոցի դասերը պատրաստելուց հետո բակ դուրս գալու փոխարեն Հայոց պատմության, ցեղասպանությունների, պատմաքաղաքական թեմաներով գրքեր էր կարդում, եւ երբ փորձում էինք համոզել, որ մաքուր օդ շնչելու համար գոնե դուրս գա, զայրանում էր, ասելով որ իրեն հանգիստ թողենք՝ ինքն այդպես է հանգստանում։

Մինչ օրս ես պահում եմ նրա պատանեկան տարիների բանաստեղծությունների տետրը, որտեղ մեր պապերի քաղաք Ուրֆայի մասին բանաստեղծություններ կան (ենթադրում եմ, ինքը մոռացել է այս տետրի գոյության մասին)։

Թերևս, հայրս է, որ վարակել էր իրեն ու մեզ խելագար սիրով մեր հողին, մեր արմատներին, մեր խաչքարերին, մեր մշակույթին։

Ջուղայի խաչքարերի բնաջնջման ընթացքում եղբորս հետ խոսել չէր լինում։ 19 տարեկանից Սիմոնը որոշում կայացրեց աշխարհին պատմել այս ոճրագործության մասին։ 2006 թվականին նա ֆիլմ պատրաստեց «Արաքսի նոր արտասուքը», 2007-ին հայտնի History today պարբերականում «Սուրբ քարերի լռությունը Ադրբեջանում» հոդվածը գրեց մեկ տարի անց հիմնադրեց https://www.djulfa.com/the_Story/ կայքը։



Տարբեր հոդվածներին հաջորդեց Ջուղայի խաչքարերից մեկի կրկնօրինակի տեղափոխումը Հայաստանից Կոլորադո նահանգի խորհրդարանի բակում գտնվող հայկական անկյուն: Նման բան չկա ամբողջ ԱՄՆ-ում, որ օրենսդիր մարմնի շենքին կից գտնվի որեւէ բնաջնջված մշակութային հիշատակություն: Ես մտածում էի, որ եղբայրս հանգստացավ՝ այդ գեղեցիկ խաչքարը իր բնակության քաղաք հասցնելով, կանգնեցնելով ամենապատվավոր վայրում, բայց չէ՝ ամեն ինչ դեռ առջեւում էր։

Իմիջիայլոց, մեր միջնեկ եղբոր՝ Սարգսի թեւին էլ դաջվածք կա, ի՞նչ եք կարծում, այո՝ Ջուղայի խաչքարերից մեկի նախշով է։ 

Եղբորս եւ Փիքմանի մանրակրկիտ աշխատությունն ընդգրկում է ադրբեջանական վանդալիզմի մինչ այժմ չհրապարակված մի շարք փաստեր, ներառյալ ադրբեջանական իշխանությունների 2005 թվականի դեկտեմբերի 6-ին ընդունած 5-03/Ս հրամանագիրը, որն, ըստ էության, Ջուղայի եւ այլ մնացած հայկական բեկորների վերջանական ոչնչացման կարգադրումն էր։ Եվ 1997 թվականին հեղինակավոր Ադրբեջանցի գրող Աքրամ Այլիլսու կողմից Հեյդար Ալիեւին հղված հեռագիրը, որում Այլիսլին հորդորում է Ադրբեջանի նախագահին անհապաղ կասեցնել Նախիջեւանում սկսված «հրեշավոր վանդալիզմը»։

Բացահայտումների շարքում է նաեւ Հեյդար Ալիեւի 1997 թվականի ապրիլի 20-ին ստորագրած հրամանագիրն, ըստ որի Ադրբեջանի աշխարհագրությունն ու պատմական ժառանգությունը պետք է ներկայացվի որպես միջնադարյան թյուրքական «Դեդե Քորքութ» էպոսի թատերաբեմ եւ ժառանգորդ, մի որոշում, որի չարտաբերված հրամանն է ավիրել Նախիջեւանի հայկական կերպարը, քանի որ էպոսում գործողությունները կատարվում են Նախիջեւանի տարածքում:

Հոդվածին կից լուսանկարները, ներառյալ երկու նոր լուսանկար Նախիջեւանից, փաստում են ոչ միայն հայկական անցյալի բնաջնջումը, այլեւ Աբրակունիսի Սբ. Կարապետ եւ Ագուլիսի Սբ. Թովմա եկեղեցիներին փոխարինած մզկիթները, որոնք կառուցվել են մոտավորապես 5 տարի առաջ:

Պատմվում է, որ Ադրբեջանի լոբբիստական գործունեությունը լուսաբանող փաստերի մեջ կան սահմռկեցուցիչ օրինակներ: Օրինակ, ՄԱԿ-ի կրթական, գիտական եւ մշակութային կազմակերպության՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի նախկին ղեկավար Իրինա Բոկովայի ընտանիքը Ադրբեջանից ստացել է գումարներ՝ Բոկովայի ամուսնու հաշվեհամարին։ 

Իսկ ՅՈՒՆԵՍԿՕ-ի մեկ այլ նախկին ղեկավար, Կոիչիրո Մածուրան, այսօր աշխատում է որպես Ադրբեջանի պրոպագանդիստական «Բաքվի բազմամշակութայնության կենտրոնի» հոգաբարձուների խորհրդի անդամ:

Սառայի եւ Սիմոնի հոդվածում ընդգրկված են հարցազրույցներ հանրահայտ մասնագետների, այդ թվում՝ Նախիջեւան այցելած Արգամ Այվազյանի, Շուռա Բուրտինի, Սթիվըն Սիմի, միջազգային մշակութապահպանման առաջադեմ մասնագետներ Բրայըն Դենիելսի եւ Հերոլդ Շորթի հետ։ Նաեւ առկա է բացառիկ հարցազրույց ադրբեջանցի պատմաբան Արիֆ Յունուսի եւ մեկ ուրիշ ադրբեջանցի պատմաբանի հետ, որը չի ցանկացել ներկայանալ:

Շատ խորհրդանշական է, որ այս հոդվածը նախապես պետք է լույս տեսներ History Today լոնդոնյան ամսագրում, որն ակադեմիական շրջանակներում համարվում է աշխարհի առաջնային գիտահանրամատչելի պատմաքաղաքական պարբերականը:

«Անհասկանալի» պատճառներով, լոնդոնյան պարբերականը երկար ժամանակ (1 տարի) աշխատելով հեղինակների հետ, խմբագրելով եւ հավանություն տալով հոդվածի թեմաները, հետեւելով հետաքննական պրոցեսին, ի վերջո մերժել է այն տպագրել։ Պատկերացնում ենք, չէ՞։

Ես առաջարկում էի եղբորս դատի տալ այս պարբերականին. դատի օգնությամբ այս հարցը շատ ավելի կլուսաբանվեր, սակայն եղբայրս ընտրեց հոդվածի տպագրման ուղին. «Պատկերացնու՞մ ես, ինչքան երկար ենք աշխատել, ես չեմ ուզում մեր աշխատանքը այլեւս մնա իմ համակարգչում, ուզում եմ մարդիկ կարդան…»,-ասում էր ինձ Սիմոնը, բացատրելով, որ հասկանում է ինչու եմ նման բան առաջարկում, բայց նաեւ հանգստացնում էր ինձ՝ «Հայպերալերգիկ» մշակութային ամսագիրը նույնպես շատ հեղինակավոր է եւ ամսական մեկ միլիոն ընթերցող ունի։

Սիմոնը հոդվածում պատմում է իր 2013 թվականի Իրան-Նախիջեւան սահման այցելության մասին: Նկարագրելով՝ թե ինչ է տեսել այն տարածքում, որտեղ ժամանակին Հին Ջուղայի գերեզմանոցն էր, գրում է. «Եթե այս ժայռոտ տիրույթում լանդշաֆտի անբնական հարթությունը տարօրինակ չթվար, այնպիսի տպավորություն էր ստեղծվելու, որ այդ մոլախոտային հողին ոչ ոք երբեւէ ոտք չէր դրել` ճիշտ այնպիսի տպավորություն, ինչպիսին նախատեսել էին ստեղծել Ադրբեջանի իշխանությունները՝ Ջուղայի հազարավոր խաչքարերի ոչնչացմամբ»։

Ադրբեջանցի պատմաբան, մարդու իրավունքների պաշտպան Արիֆ Յունուսի խոսքերից ամենահատկանշականը, սենսացիոնը հետեւյալ ցիտատն է. «Ալիեւների բռնապետության ուժային հնարավորությունների բացարձակ ցուցադրումն ընդդեմ ադրբեջանցի քննադատների եղավ այն ժամանակ, երբ Նախիջեւանում մշակութային ցեղասպանություն իրականացնելիս հետո՝ Ադրբեջանը հանդուրժողականության միջազգային գովասանքների արժանացավ»։

Եղբայրս շատ է կարեւորում այն, որ Նախիջեւանի մշակութային ցեղասպանությունը պատճառ է հանդիսացել բողոքի բազմաթիվ ադրբեջանցիների կողմից: Օրինակներից մեկը հոդվածում այն է, որ ադրբեջանցի գրող Աքրամ Այլիսլիի (Ագուլեցու) պատմելով, Ագուլիսի Սուրբ Թովմա վանքի տեղանքում իշխանությունների կողմից վերջերս կառուցված մզկիթ տեղացի մահմեդականները ոտք չեն դնում` որպես լուռ, բայց խոսուն բողոքի նշան ընդդեմ Ագուլիսի եկեղեցիների ավերման:

Չգիտեմ, արդյո՞ք այս հոդվածի աղմուկը այնքան բարձր կհնչի, որ կկարողանա փակել եղբորս սրտի բացը, որն առաջացավ Նախիջեւանի հայկական մշակույթի բնաջնջմամբ։ Հուսով եմ, այնուամենայնիվ, որ այն բաց կառաջացնի Ալիեւների հեղինակությունում համաշխարհային թատերաբեմում։

Հ.Գ. Հա, ու  հպարտ եմ, որ Սիմոն Մաղաքյանի քույրն եմ։

Արփի Մաղաքյանը ռեժիսոր եւ լրագրող է:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին