Դարձյալ սուրճի մասին, մաս երկրորդ, ոգեւորիչ - Mediamax.am

Դարձյալ սուրճի մասին, մաս երկրորդ, ոգեւորիչ
4535 դիտում

Դարձյալ սուրճի մասին, մաս երկրորդ, ոգեւորիչ


2016 թվականին Արամ Փախչանյանը մեր ընթերցողների համար բացահայտել էր Համով սուրճի գաղտնիքները, այսօր էլ շարունակում է թեման:

 

Այս սյունակը կարդացողները երեւի նկատել են, որ ես ոգեւորության երկու աղբյուր ունեմ (իրականում դրանց քանակը ավելի մեծ է)՝ կրթություն եւ սուրճ։

 

Քանի որ վերջին մի քանի թեմաները կրթությանն էին վերաբերում, այս անգամ որոշեցի գրել սուրճի մասին։

 

 

Ահա դուք պահարանից հանեցիք խանութում աղացած սուրճը, լցրեցիք ջազվեի մեջ, ջուր ավելացրեցիք, դրեցիք կրակի վրա, եւ քանի դեռ այն եփվում է, որոշեցիք ընթերցել այս սյունակը։ Եկեք հասկանանք, թե այդ սուրճը ինչպես է հայտնվել ձեր ջազվեի մեջ։

 

Սուրճը բույս է, որն աճում է տրոպիկական գոտիներում։ Այն լայն տարածում ունի Աֆրիկայի որոշ երկրներում (Եթովպիա, Քենիա, Թանզանիա եւ այլն), Ամերիկայում (Բրազիլիա, Նիկարագուա, Հոնդուրաս, եւ այլն) եւ Ասիայում (Ինդոնեզիա, Ֆիլիպիններ, Վիետնամ, Հնդկաստան եւ այլն)։ Համարվում է, որ սուրճ խմելու մշակույթը ծագել է Եթովպիայում։ Մինչ այսօր էլ այդ երկիրը առանձնանում է սուրճի որակով։

 

Սուրճ բույսի երկու հիմնական տեսակներ են աճեցվում աշխարհում՝ Արաբիկա եւ Ռոբուստա։ Ամեն մեկն ունի իր ենթատեսակները։ Սակայն եթե Արաբիկայի ենթատեսակները շատ տարբեր եւ հետաքրքիր համային հատկանիշներ ունեն, ապա Ռոբուստան սուրճի աշխարհի մոլախոտն է, որը համ չունի։ 

 

Փոխարենը այն կրկնակի քանակի կաֆեին է պարունակում եւ շատ ավելի էժան է, քանի որ ավելի բերքատու է եւ դիմացկուն («ռոբուստա» բառը հենց նշանակում է «դիմացկուն»)։ Համեմատության համար՝ Արաբիկան պարունակում է մոտ 800 համային բաղադրիչ, իսկ Ռոբուստան՝ դրա տասներորդ մասը։ Շատերը ասում են՝ Արաբիկան թթվաշ է։ Այո, սուրճը կարկանդակ չէ, այն պիտի թթվաշ լինի։ Չգիտես ինչու նույն մարդիկ չեն բողոքում նարնջի թթվաշ լինելուց։

 

Մինչ մեզ հասնելը սուրճը մշակման մի քանի փուլ է անցնում։ Այն պինդ պտղի կորիզ է, որը փափուկ մասից առանձնացնելը բավականին աշխատատար է։ Տարբեր երկրներում տարբեր միջոցներով է կատարվում այդ անջատումը։ Կախված է ջրի առկայությունից, արտադրության ծավալներից, առկա ենթակառուցվածքներից։ Երեւի թե այդ առումով առաջադեմ են Քենիան եւ Բրազիլիան, սակայն տարբեր իմաստներով։ Եթե Քենիայում պետության միջամտության շնորհիվ կենտրոնացումը սուրճի որակի եւ համային հատկանիշների վրա է, ապա Բրազիլիայում հակառակը՝ նպատակը ծավալ ապահովելն է։ 

 

Սուրճը մեծ տարածում ունի աշխարհում եւ մեծ ծավալների առեւտրի առարկա է։ Այդ պատճառով սուրճ արտադրող երկրները անընդհատ գտնվում են մեծաքանակ գնորդների գնային ճնշման ներքո, ինչը բերում է ծայրահեղ աղքատության։ Պատկերացրեք՝ որքան աշխատանք է պահանջում մեկ կիլոգրամ սուրճ ստանալու համար անհրաժեշտ հարյուրավոր պտուղները ձեռքով հավաքելը եւ մշակելը։ Բովելուց սուրճը կորցնում է քաշի մոտ 30 տոկոսը։ Այդ սուրճը պետք է անցնի մի քանի առեւտրականների ձեռքերով, որ աշխարհի ծայրից հասներ ձեզ։ Իսկ դուք գնում եք այդ քանակի սուրճը մոտ 4 դոլարի համարժեք գնով։ Դա նշանակում է, որ անմիջական արտադրողը կստանա դրանից մոտ 50 ցենտ, իսկ դաշտում աշխատողը՝ լավագույն դեպքում դրա երրորդ մասը։ Մի քանի ժամվա ծանր աշխատանքի դիմաց՝ ընդամենը մոտ 100 դրամ։

 

Արդյունաբերական քանակներով սուրճ արտադրողների հիմնական հոգսը ապրանքատեսակի համը եւ գինը պահպանելն է։ Տարեցտարի պայմանները փոփոխվում են. ինչ-որ տեղերից ավելի շատ սուրճ է ստացվում, ինչ-որ տեղ պատերազմ կարող է սկսվել կամ համաճարակ։ Այդ պատճառով խոշոր արտադրողները մոտավոր եւ պարզունակ համային հատկանիշներ ունեցող տեսականու զանգվածային գնումներ են անում, իսկ այդ հատկանիշները ապահովում են տարածաշրջանային մատակարարները։ Այդ շղթայում բազմաթիվ մասնակիցներ կան, նուրբ համային հատկանիշները ոչ ոքի չեն հետաքրքրում, միակ պահանջը մոտավոր համային նկարագիրն է, արտաքին տեսքը եւ քանակը։ Այդ սուրճը բովում են մեքենայացված հոսքագծերում, դարձյալ՝ միջինացված, բայց հաստատուն որակ ապահովելով։ Բոված սուրճը իր նուրբ համային հատկանիշները կորցնում է 12 օրվա ընթացքում։ Եթե դուք փաթեթավորված սուրճ եք ըմպում, այն էլ Ռոբուստայի հետ խառնած, եւ ոգեւորված եք դրա համով, նշանակում է՝ համեղ սուրճ երբեք չեք խմել։ Իմացեք, որ լավ  սուրճը լավ գինուց էլ ավելի նուրբ եւ հարուստ համային փունջ ունի։

 

Վերջին տարիներին, համացանցի շնորհիվ, աճում է համեղ սուրճի նկատմամբ հետաքրքրությունը, եւ առաջ են գալիս որակյալ արտադրողներ, որոնցից կարելի է գնել կանաչ սուրճ՝ բարենպաստ պայմաններում աճեցրած, լավ խնամված, ճիշտ ժամանակին հավաքած։ Այդպիսի սուրճը կոչվում է «single origin» - «մեկ ծագում ունեցող»։ Դրա շնորհիվ գնալով ավելի մեծ տարածում են գտնում սուրճ բովող փոքր ընկերությունները, որոնց շնորհիվ աշխարհը ծանոթանում է որակյալ սուրճի հետ։ 

 

Բայց դա միակ արդյունքը չէ։ Այդ գործընթացի շնորհիվ ազնիվ աշխատող եւ որակին տեր կանգնող սուրճ աճեցնողները կարողանում են զգալիորեն ավելի մեծ եկամուտ ունենալ եւ ապրել արժանի կյանքով։ Եվ եթե այդպես շարունակվի, մենք միգուցե դեռ տասնյակ տարիներ կկարողանանք վայելել համեղ սուրճի համային չքնաղ երանգները։ Իհարկե, եթե համեղ սուրճի մշակույթը տարածվի նաեւ Հայաստանում։

 

Արամ Փախչանյանը «Այբ» դպրոցի տնօրենն է եւ ABBYY ընկերության փոխնախագահը: 

 

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին