Ինչպե՞ս նվազեցնել պլաստիկի եւ տոպրակների օգտագործումը - Mediamax.am

Ինչպե՞ս նվազեցնել պլաստիկի եւ տոպրակների օգտագործումը
2717 դիտում

Ինչպե՞ս նվազեցնել պլաստիկի եւ տոպրակների օգտագործումը


Երբ գրեցի աղբի վերամշակման մասին այս նյութը, պարզվեց, որ թեման շատ մարդկանց է հետաքրքրում ու մտահոգում։ Նյութը բավականին տարածվեց, շատ մարդիկ ինձ գրեցին, որ սկսել են սորտավորել ու հանձնել աղբը, հավելյալ հարցեր տվեցին թեմայի շուրջ։ Իհարկե, սա ինձ շատ ոգեւորեց։ Նյութում խոստացել էի անդրադառնալ նաեւ այն հարցին, թե ինչպես նվազեցնել առօրյայում օգտագործվող թափոնները։ Ահա խոստացածս սյունակը։

 

Ես սկսել եմ մտածել այս ուղղությամբ շատ վաղուց եւ մինչեւ օրս փորձում եմ էլ ավելի նվազեցնել պլաստիկի, ապակու, թղթի կամ այլ թափոնների օգտագործումը։ Ամենակարեւոր բանն, ինչ հասկացել եմ՝ ամեն ինչ հեշտ է, եթե դա դարձնել սովորություն։

 

Կպատմեմ այն պլաստիկ իրերի մասին, որոնց օգտագործումը ինքս նվազեցրել կամ դադարեցրել եմ։ Մինչ այդ նկարագրեմ երկու շատ պարզ գործողություն, որ պետք է կատարել հասկանալու համար, թե ինչ պետք է ինքներդ անեք, որպեսզի ձեր գործը իմաստ ունենա.

 

1. Վերլուծել առօրյան, հասկանալ ինչ թափոններ ամենից շատ ունեք, ինչը կարելի է նվազեցնել:

 

2. Գտնել այլընտրանք, լուծում։

 

Իսկ հիմա իմ օրինակը։

 

Գրիչ

 

Երեւի մտածում եք, որ գրիչ չօգտագործելը անհնար է։ Բայց դա այդպես չէ։ Արդեն 5 տարուց ավել է, ինչ առհասարակ գրիչով չեմ գրում։

 

2013 թվականին ընդունվեցի աշխատանքի մի կազմակերպություն, որում բոլոր աշխատակիցները գրում էին մատիտով։ Ասացին՝ սովորություն է, այդպես է տարիներով եկել։ Ես էլ, բոլորի պես, սկսեցի մատիտով գրել։ Բայց ինձ համար սա իմաստ ստացավ միայն այն ժամանակ, երբ հասկացա, որ այդպես դադարեցի օգտագործել պլաստիկ եւ ամսական առնվազն 2 գրիչ դեն նետել։

 

Հիմա գրիչով միայն ստորագրություն եմ թողնում պաշտոնական փաստաթղթերի վրա կամ բանկերում /այլ վայրերում, որտեղ դա պարտադիր է։ Ինքս գրիչ չեմ գնել 2013 թվականից։

 

Պլաստիկ շշեր

 

Արդեն 2-3 տարի է, ինչ ունեմ մշտական բազմանգամյա օգտագործման ջրի շիշ, որն ինձ հետ է գրեթե ամեն օր. աշխատավայրում, դասընթացների, միջոցառումների ընթացքում։ Ի սկզբանե այս տիպի շշի ձեռքբերումը ինձ համար ուներ երկու նպատակ՝ նվազեցնել պլաստիկի օգտագործումը եւ սկսել ավելի շատ ջուր խմել։ 0,5 լիտր տարողություն ունեցող իմ շիշը ունի իր պատյանը, ինչն ավելի հեշտ է դարձնում այն տեղափոխել, եթե շիշը չի տեղավորվում կանացի պայուսակում։ Եվ ես ավելի հեշտ եմ կողմնորոշվում խմած ջրի հարցում, քանի որ գիտեմ, որ օրվա ընթացքում պետք է խմեմ 4 շշի չափով։

 

Իհարկե, բազմակի անգամ կարելի է օգտագործել անգամ սովորական ջրի շիշը, բայց նկատել եմ, որ մարդիկ հիմնականում 1 շշի պարունակությունը խմելուց հետո այն նետում են աղբարկղը։

 

Իհարկե, շատ մարդկանց դեպքում բազմանգամյա օգտագործման շիշը չի կարող պլաստիկ շշերի քանակը հասցնել 0-ի, քանի որ շատերը տան համար հյութեր կամ այլ խմիչք են գնում։ Բայց այս դեպքում գործում է վերամշակման համակարգը։ Այնպես որ, գործնականում հնարավոր է անել այնպես, որ ձեր կողմից ոչ մի պլաստիկ շիշ չնետվի ընդհանուր աղբաման։

 

Սննդի տարաներ

 

Ունեմ բազմանգամյա օգտագործման սննդի տարա, ինչպես հիմա ընդունված է ասել՝ լանչբոքս։ Այն մի քանի հատվածի է բաժանված, ինչը շատ հարմար է տանից աշխատավայր սնունդ տեղափոխելու համար։ 

 

Եթե պատվիրում եմ որեւէ սնունդ, որը պլաստիկ տարայով է առաքվում, տարան լվանում եւ.

 

1. Օգտագործում եմ կենցաղում, ինչը ինքնին նվազեցնում է սննդի փաթեթավորման համար նախատեսված տոպրակների եւ պոլիէթիլենային թաղանթի օգտագործումը:

2. Հանձնում եմ վերամշակման։

 

Պոլիէթիլենային տոպրակներ

 

Այո, Հայաստանում չափազանց բարդ է պայքարել տոպրակների դեմ, մանավանդ՝ խանութներում։ Բայց հնարավոր է։ Միրգ/բանջարեղեն գնելուց միշտ խնդրում եմ մի քանի տեսակ մրգեր կամ բանջարեղեն տեղավորել 1 տոպրակում, այլ ոչ թե ամեն մի տեսակը առանձին տոպրակով։ Սուպերմարկետներում մերժում են, ասելով, որ տնօրինությունը թույլ չի տալիս։ Բայց փոքր խանութներում կամ շուկաներում համաձայնում են։ 

 

Զարմանում եմ, որ երբ տոպրակները որոշ խանութներում դարձան վճարովի, «Երեւան սիթի» սուպերմարկետներում «Ալեքս» տեքստիլի փոքր անվճար տոպրակներ հայտնվեցին։ Եվ վաճառողները «տոպրակ պետք չի» արտահայտությանը ի պատասխան փորձում են համոզել գոնե այդ փոքր տոպրակներում տեղավորել ապրանքը։ Մի տրվեք այդ գայթակղությանը, շարունակեք հրաժարվել։

 

Ունեմ մի քանի կտորե պայուսակ, որոնք օգտագործում եմ գնումների համար։ Սա իսկապես շատ հարմար է եւ քիչ տեղ է զբաղեցնում պայուսակում։ Այդ տոպրակ-պայուսակներից շատերը բավականին նորաձեւ եւ գեղեցիկ են։ Դրանք հաճելի է կրել անգամ կանացի պայուսակի փոխարեն։

 

Սովորաբար, այն տոպրակները, որոնցից խուսափել չի ստացվում, պահում եւ շարունակում եմ օգտագործել կենցաղում կամ հանձնում եմ վերամշակման (այո, տոպրակները եւս վերամշակմանը ենթակա են Հայաստանում)։

 

Այս չորս իրերն են, որ իմ առօրյայում ամենաշատն են օգտագործվում, եւ ես ձգտում եմ նվազեցնել դրանք։ Իսկ այն ամենը, ինչի այլընտրանքը դեռ չեմ գտել, բարեբախտաբար, հնարավոր է վերամշակման հանձնել հայաստանյան մի շարք կազմակերպություններ, որոնց կարող եք ծանոթանալ այս սյունակում։ 

 

Ասում էի, չէ՞, ամեն ինչ շատ հեշտ է, պետք է ընդամենը սկսել եւ հաճույք ստանալ այն մտքից, որ դուք նպաստում եք բնության պահպանմանը եւ մաքրությանը։

 

Շարմաղ Սաքունցը «Այբ» կրթական հիմնադրամի ֆոնդահայթայթման մասնագետն է։

 

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին: 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին