Վերջին երկու ամիսները հարուստ էին Արցախի շուրջ ընթացող գործընթացների վերաբերող տարբեր լուրերով: Ներկայիս բարդ եւ ոչ ամբողջությամբ հասկանալի ներքին կոնֆիգուրացիայի պայմաններում թեման սկսում է բոլորովին այլ բնույթ ձեռք բերել:
Ներքին եւ արտաքին տարբեր ուժեր ձգտում են արցախյան թեման օգտագործել դիվիդենտներ ստանալու նպատակով: Շատ փորձագետներ հատուկ օգտագործում են մանիպուլյատիվ տեխնոլոգիաներ՝ հասարակության մեջ ձեւավորելով վտանգավոր տրամադրություններ: Այն, որ արցախյան գործոնը կդառնար տարաբնույթ դիմակայությունների հիմնական կետերից մեկը, որեւէ կասկած չէր հարուցում, քանի որ դա հայկական քաղաքական իրականությունում նոր երեւույթ չէ: Այսօր մեր հասարակությունում ձեւավորվել են անհանգստության երկու պայմանական գծեր՝ արհեստական եւ իրական: Նրանցից յուրաքանչյուրն ունի սեփական հասկացութային ապարատը, փաստարկման հիմքը (իրականություն եւ առասպելներ պարունակող) եւ լայն լոբբիստական ներուժ: Գլխավոր վտանգն այդ գծերի լղոզվածությունն է, ինչը թույլ չի տալիս սովորական քաղաքացուն սահմանազատող գծեր սահմանել: Ցանկանում եմ ներկայացնել մի շարք գաղափարներ, որոնք կարող են օգնել տարանջատել առասպելներն իրականությունից:
Ամենագլխավոր առասպելն այն է, որ Երեւանի կողմից Արցախի անկախության ճանաչումը կբերի բանակցային գործընթացի ձախողման եւ կարող է հանգեցնել լայնամասշտաբ պատերազմի: Առաջին, կարեւոր է գիտակցել եւ ընդունել, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը չի զբաղվում հակամարտության կարգավորմամբ: ԵԱՀԿ-ն ստեղծվել է Սառը պատերազմի շրջանում եւ նրա ֆունկցիոնալն ուներ անհրաժեշտ գործիքակազմ փոխհարաբերությունների կոնկրետ կոնֆիգուրացիայի շրջանակում (միջազգային հարաբերությունների Յալթա-Պոտսդամյան համակարգի ձեւն ու կանոնները): Այսօր ԵԱՀԿ Մինսկի խումբն առաջարկում է բացառապես կազմակերպչական եւ խորհրդատվական ծառայություններ, իսկ «ագրեսորին զսպելու» խնդիրը (հենց սա է մեզ ամենից շատ հետաքրքրում) նրա իրավասության շրջանակում չէ:
Պաշտոնական Բաքուն բացահայտորեն ասում է միջազգային հանրությանը, որ պատրաստ է հակամարտությունը լուծել ուժային մեթոդներով եւ ժամանակ առ ժամանակ ցուցադրում է դա տարբեր ձեւերով, տարբեր ինտենսիվությամբ՝ հրադադարի ռեժիմի խախտումից մինչեւ դիվերսիաներ: Նման գործողությունները վերացնում են այն հիմնական սկզբունքը, որի վրա կառուցվում է կարգավորման բանակցային գործընթացը, այն է՝ ուժի եւ ուժի սպառնալիքի չկիրառումը:
Հարց է առաջանում՝ ինչո՞ւ միջազգային հանրությունն Ադրբեջանի նկատմամբ համապատասխան պատժամիջոցներ չի կիրառում եւ չի ճանաչում հայկական կողմի՝ բանակցություններից դուրս գալու օբյեկտիվ իրավունքը: Փաստացի ադրբեջանական կողմն ամեն անգամ ջրից չոր է դուրս գալիս՝ ստիպելով մյուս դերակատարներին ճնշում գործադրել հենց մեզ վրա: Քառօրյա պատերազմը կործանեց բազմաթիվ պատրանքներ եւ հույսեր՝ ցույց տալով, որ Ադրբեջանի կողմից ագրեսիան որեւէ կերպ կապված չէ Արցախը ճանաչելու կամ չճանաչելու հետ: Դրանից հետո Երեւանն իրեն բավականին զուսպ է պահել՝ ձգտելով աշխարհի ուժեղագույնների մոտ օրինապաշտ պետության տպավորություն ստեղծել: Արդյոք դա գնահատվե՞ց: Իհարկե ոչ, քանի որ հռետորական հարգանքը, երբ գլուխդ շոյում են եւ բարձրաձայն հաճելի բաներ ասում, մեկ բան է, իսկ իրական հարգանքը, որը դրսեւորվում է բացառապես ուժեղների եւ սանձարձակների հանդեպ՝ բոլորովին այլ: Հրաժարվելով ճանաչել Արցախի անկախությունը 2016թ. ապրիլից հետո՝ մենք մեծ ծառայություն մատուցեցինք մեր հակառակորդին. Բաքուն հասկացավ, որ հայկական կողմն արագ եւ ինքնուրույն որոշումներ կայացնելու համարձակություն չունի: Առասպելը մեռած է, մենք ավելի քան քսան տարի ասել ենք, որ ճանաչում չկա պատերազմի սպառնալիքի պատճառով, որն ամեն դեպքում եղավ: Ցավոք, հնարավորությունը բաց է թողնված, եւ հիմա նոր ռազմավարություն է անհրաժեշտ:
Իրավիճակից դուրս գալու միջանկյալ լուծումը Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության միջեւ ռազմավարական դաշինքի վերաբերյալ պայմանագրի ստորագրումն է: Ի՞նչ կտա դա: Նախ՝ ստեղծվում է նորմատիվ-իրավական հենք, որը ճգնաժամային պահին Երեւանին թույլ կտա սեղմ ժամկետներում անհրաժեշտ որոշումներ կայացնել (ժամանակ չկորցնելով բյուրոկրատական ընթացակարգերի վրա):
Երկրորդ՝ դա հնարավորություն կընձեռի հստակեցնել Երեւանի դիրքորոշումն առ այն, որ ինքը հանդիսանում է Ստեփանակերտի անվտանգության երաշխավորը: Անհրաժեշտ է սեւով սպիտակի վրա ամրագրել կողմերի կոնկրետ գործողությունները հերթական ագրեսիայի դեպքում: Ավելին, այդ հենքի բացակայությունը Ադրբեջանին թույլ է տալիս ամրապնդել այն պնդումը, որ ԼՂՀ-ում գտնվում են հայկական օկուպացիոն ուժերը: Համաձայնագրի առկայության պարագայում մենք կկարողանանք աշխարհին ասել, որ զինվորականներն այնտեղ են պայմանագրի հիման վրա՝ Հայաստանի կողմից իր՝ որպես անվտանգության երաշխավորի պարտականությունների իրականացման շրջանակում:
Երրորդ՝ դա գլոբալ եւ տարածաշրջանային առաջատար դերակատարներին ի ցույց կդնի հայկական կողմի կոնկրետ շահը եւ այն հնարավոր բոլոր միջոցներով իրացնելու վճռականությունը: Չորրորդ՝ արցախյան կողմին գործնական սուբյեկտայնություն կտրվի:
Անհրաժեշտ է ամրագրել, որ մի շարք սկզբունքային հարցերում (տարածքներ, կարգավիճակ) Երեւանը բանակցություններին ներկա կգտնվի բացառապես Ստեփանակերտի հետ միասին: Եթե այդ տարբերակն ընդունելի չէ միջնորդների եւ Բաքվի համար, ապա հայկական կողմի համար բանակցությունները շարունակելու որեւէ գործնական իմաստ չկա:
Եվ վերջապես, մենք հայկական աշխարհի ներսում կրքերը կկարողանանք հանդարտեցնել՝ մեկընդմիշտ փակելով տարածքներ հանձնելու մասին խոսակցությունները: Փաստաթղթում պետք է հստակորեն ամրագրվի, որ Արցախի Հանրապետության անկախությունը նրա սահմանադրական սահմաններում չի կարող լինել որեւէ սակարկության առարկա: Ընդհակառակը, անհրաժեշտ է երկխոսություն վարել այն հիմքի վրա, որ արցախյան վերահսկողության տակ գտնվող յոթ շրջաններն Ադրբեջանի ագրեսիայի արդյունք են, ինչն ուղղակիորեն կամ անուղղակիորեն ճանաչվել է առաջատար տերությունների կողմից: Հենց այն փաստը, որ Բաքուն ագրեսիա է գործել եւ ապօրինաբար շրջափակել է հայկական սահմանները, դրվել էր ամերիկյան «Ազատության աջակցման ակտի» 907-րդ բաժնի ընդունման հիմքում: Անգամ, եթե մեր «բանակցային գործընկերոջ» համար կարեւոր է տարածքային ամբողջականությունը, եկեք հասկանանք, թե ինչու է այն «խախտվել» (ներառյալ հայ բնակչության էթնիկ զտումները Բաքվում, Սումգայիթում, Մարաղայում): Ցավոք, միջազգային մակարդակում դիսկուրս պարտադրելու հարցում նրանք առաջ են անցել, չնայած նրան, որ ի սկզբանե մեր մեկնարկային դիրքերը շատ ավելի ծանրակշիռ էին: Մեր բոլոր արտաքին քաղաքական, Սփյուռքի եւ լոբբիստական ռեսուրսները պետք է ուղղվեն այդ խնդրի լուծմանը, հակառակ դեպքում՝ մեր քաղաքական պարտությունն անխուսափելի է արդեն միջնաժամկետ հեռանկարում:
Երկրորդ առասպելը՝ խաղաղություն հողերի դիմաց: Նման գեղեցիկ ձեւակերպումները հեռու են քաղաքական անողոք իրողություններից: Հանձնելով գոնե մեկ շրջան՝ մենք գործի կդնենք հայկական պետականության ամբողջական կործանման մեխանիզմը, քանի որ ո՛չ Երեւանը, ո՛չ Ստեփանակերտը չեն կարողանա խաղաղություն հաստատել մի երկրի հետ, որի պետական եւ ազգային ինքնությունը կառուցված է խաղաղ համագոյակցության ամբողջական օտարման վրա: Անգամ այլ երկրների հայկական ազգանուն ունեցող քաղաքացիները հանդիսանում են Բաքվի մշտական սպառնալիքների օբյեկտ, չէ՞ որ նրանց առաջնորդը հստակ եւ հետեւողականորեն հետեւում է հաստատված գծին առ այն, որ համաշխարհային հայությունը Ադրբեջանի թշնամին է: Նախագահ Ալիեւը նաեւ նախանշել է իր երկրի «տարածական նկրտումների» պարագիծը, որոնք ներառում են ոչ միայն Արցախը, այլեւ Սյունիքը, Սեւանը եւ Երեւանը: Անգամ Հայաստանի՝ միջազգային հարաբերությունների սուբյեկտի նկատմամբ տարածքային պահանջների նման հռետորաբանությունն անտարբեր կերպով է ընդունվել ինչպես Մինսկի խմբի միջնորդների, այնպես էլ միջազգային հանրության կողմից (էլ չասենք Սաֆարովի գործի մասին): Էլ որքան ազդանշաններ ու քայլեր են պետք, որ մենք վերջապես գիտակցենք, որ Հայաստանի, Արցախի եւ հայերի հետ խաղաղությունը որեւէ կերպ չի հետաքրքրում ադրբեջանական կողմին: Երեւանն ու Ստեփանակերտն օրենսդրական մակարդակում պետք է հայկական երկու պետությունների տարածքային ամբողջականության դեմ ուղղված ցանկացած հռետորաբանություն եւ գործողություն հավասարեցնեն պետական դավաճանության՝ դրանից բխող բոլոր հետեւանքներով:
Բացի նրանից, որ Արցախի ճանաչումը եւ հետագայում նրա ընդգրկումը Հայաստանի կազմում մեր բարոյական պարտքն է, կարեւոր է հասկանալ անորոշության պրագմատիկ բացասական հետեւանքները: Օրինակ, տնտեսական զարգացումը, որն անհնար է առանց լուրջ ներդրումների: Շատ քաղաքական գործիչներ, որոնց հետ ես հանդիպել եմ Երեւանում եւ Ստեփանակերտում, միշտ ընդգծել են հենց այդ խնդիրը: Սակայն, ինչո՞ւ խոշոր հայ գործարարը գումար ներդնի Արցախի շրջաններում, եթե կա անգամ փոքր հավանականություն, որ այդ հողերը մի օր կտրվեն հակառակորդին: Ինչո՞ւ ծրագրեր իրագործի Շուշիում եւ Ստեփանակերտում, եթե գոնե 0,1% հավանականություն կա, որ ներկա կարգավիճակը կփոխարինվի ավելի ցածր կարգավիճակով: Այդ հարցերը սերտորեն կապված են նաեւ անմիջականորեն Հայաստանի հետ, չէ՞ որ բոլորը հիանալի հասկանում են, որ պետականության անկումը կսկսի ինչ-որ տարածքային զիջումից: Ոչ ոք (առավել եւս գործարար աշխարհի մարդը) այլեւս չի վստահի ծեծված եւ ամպագոռգոռ «մերն է, չենք հանձնի» բնույթի արտահայտություններին:
Երրորդ առասպելը՝ ժողովուրդներին խաղաղության պատրաստելը: Խաղաղությունը չափազանց առաձգական հասկացություն է եւ բաղկացած է շատ փոփոխականներից, ուստի նման ձեւակերպումներն անհրաժեշտ է հստակեցնել: Եթե խաղաղություն նշանակում է մեր փաստացի կապիտուլյացիան անխուսափելի պատերազմի հետաձգման փոխարեն տարածքներ հանձնելու ճանապարհով, ապա դա մեծագույն հիմարության դրսեւորում է: Նման խաղաղությունը բացառապես կարճաժամկետ բնույթ կունենա, քանի որ մեր հակառակորդն իրադարձությունների զարգացման բոլորովին այլ սցենարներ է տեսնում: Նրանց ընկալմամբ՝ խաղաղություն նշանակում է ադրբեջանական քաղաքական, տնտեսական եւ քաղաքակրթական գործոնի բացարձակ գերակայություն հայկականի նկատմամբ՝ վերջինիս իրեն ենթարկելով եւ ստրկացնելով: Անգամ հարեւան Վրաստանը, որը գտնվում է այնպիսի գլոբալ ուժի հովանավորության ներքո, ինչպիսին ԱՄՆ-ն է, արդեն այսօր ստիպված է Բաքվի ազդեցությունը թուլացնելու այլ մեխանիզմներ գտնել: Հիմա եկեք պատկերացնենք, թե ինչ է մեզ սպասում (ամեն դեպքում հայերին դիրքավորում են որպես թշնամիների) նման խաղաղության դեպքում:
Ամենաանմեղ հետեւանքներից մեկը կլինի Ադրբեջանի կողմից հայկական ողջ տնտեսական տարածության ամբողջական կլանումը: Իրական խաղաղություն հնարավոր կլինի միայն այն պահին, երբ մենք կկարողանանք ամրապնդել մեր պետական եւ ազգային իմունիտետը՝ բնակչության թվաքանակը, տնտեսական չափորոշիչները, ռազմա-տեխնիկական ներուժը, լոբբիստական հնարավորությունները: Այդ նպատակին հասնելու համար անհրաժեշտ է փոխել հոգեբանական մթնոլորտը. իրական սպառնալիքի առջեւ պատասխանատվության զգացումը պետք է գերակայի ներքին տարաձայնությունների նկատմամբ:
Խոսքերի ժամանակն անցել է: Հիմա անհրաժեշտ են կոնկրետ երաշխիքներ (վերջնական նպատակը վերամիավորումն է, «Միացում»): Չի կարելի մոռանալ նաեւ այն մասին, որ այսօր մեր պետականությունը գտնվում է ճամփաբաժանի առջեւ, եւ սխալվելու իրավունք այլեւս չունենք: Աշխարհն ընկղմվում է աշխարհաքաղաքական ջունգլիի մեջ: Նախկին սկզբունքներն ու մեխանիզմներն արդեն չեն աշխատի, իսկ գոյության համար պայքարը կդառնա ավելի կոշտ: Կգործի միայն մեկ կանոն՝ «ոչ մի կանոն», եւ մեկ իրավունք՝ «ուժեղի իրավունքը»: Այդ իսկ պատճառով մենք չենք կարող մեզ թույլ, իներցիոն եւ պասիվ լինելու ճոխությունը թույլ տալ: Եկել է ոչ ստանդարտ եւ համարձակ որոշումների ժամանակը: Այլընտրանքը կործանումն է եւ անհետացումը:
Արեգ Գալստյանը պատմական գիտությունների թեկնածու է, The National Interest, Forbes, The Hill եւ American Thinker պարբերականների մշտական հեղինակն ու փորձագետը:
Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: