Տեսական սիրո հայրենիքն իմ - Mediamax.am

Տեսական սիրո հայրենիքն իմ
10384 դիտում

Տեսական սիրո հայրենիքն իմ


Ես սիրում եմ իմ հայրենիքը, անհասկանալի, անչափելի սիրով: Ես սիրում եմ իմ հայրենիքը նրա փոքրության, խեղճության, վեհության, անպատմելի գեղեցկության, 1000 ու մի բարբառի, մուննաթի, անժպիտ մարդկանց, տրամաբանության չտրվող շինարարության, մեր թաղի, ինձ պսակելու մտքով մտահոգ հարեւանների համար: Այստեղ ունեցած սերերի ու նաեւ չունեցածների համար: Ես սիրում եմ իմ հայրենիքը հայերեն խոսքի համար, թարգմանության չտրվող բառերի համար, իմ ընտանիքի, ուրիշների ընտանիքների համար: Այս խելագար շարքի մեջ անգամ ես համարում եմ, որ յուրաքանչյուր սիրո մեջ պետք է տրամաբանություն լինի: 

 

Օրերս զորակոչիկների ավտոբուսի հետ կատարված միջադեպը հստակ բնորոշում է մեր վերաբերմունքը մեր երկրի ու դրա «ամենասուրբ» բաղադրիչի՝ բանակի նկատմամբ: Տեսական սիրո, տեսական նվիրվածության, տեսական հպարտության, տեսական «լավտղության» այս դրսեւորումը ուղղակի ասում է՝ մենք սիրում ենք մեր երկիրը խիստ հատվածաբար, մեր մարդկանց՝ խիստ ընտրովի, մեր սկզբունքները՝ խիստ փոփոխական: 

 

Այդ տղաները, ընդ որում բավականին տարբեր տարիքային խմբերի, հասարակության խտացված պատկերն են ներկայացնում. «թասիբի», «դուխի», տգիտության, ամբարտավանության, ագրեսիայի ու իրենց իմացած սիրո խառնուրդը: Ու հարգանքի լիակատար բացակայության` օրենքի ու «հայ զինվորի» նկատմամբ, որի «բատինկին մեռնենք» բոլորս: Զինվորի բատինկին մեռնելու կարիք չկա, նրան հարգել է պետք, ինչպես ողջ պաշտպանական համակարգը: Օգնելու կարիք էլ չկա, չխանգարել է պետք: 

 

Մեկ հոգու՝ սրտի ուզածին պես հրաժեշտ տալու համար տասնյակ զինվորների առողջությունն ու կյանքը վտանգելը սիրո դրսեւորում չէ, ու ոչ էլ խիզախության: Մեկին սեր խոստովանելն ու կողքինին հայհոյելը կործանարար է: Ու այս տղաների ընկերն ու սիրելին, որի համար արժեր այսքան «խիզախել», այսօր արդեն զորամասում է՝ իր բարքերով, իր գիտակցությամբ, քաջության իր պատկերացումներով: Երեկ մենք բանակ ճանապարհեցինք ՊՆ ավտոբուսի դիմացը կտրած, դռները կոտրող, վարորդին հայհոյող, իրենց ընկերոջ «թասիբին մեռնող» այդ բոլոր ջահելներին: Ուղարկեցինք բանակ՝ ներսից այն քայքայելու: 

 

Ինչո՞ւ այդպես եղավ: Որովհետեւ ոչ ոք իր տեղում չէր: ՃՈ-ն այդպես էլ չտեսավ մեքենայի լուսամուտներից իրենց դուրս գցող այդ տղաներին, ճանապարհային երթեւեկության կանոնները խախտող այդ վարորդներին, մոտ 10 րոպե տեւած միջադեպին իրավապահներից ոչ ոք չմիջամտեց:  Արդեն իսկ ՊՆ պատասխանատվության տակ գտնվող այդ տղաները գործնականում անպաշտպան գտնվեցին սիրո այդ վայրագ դրսեւորման դեմ: Գործն էլի մնաց լրագրողների վրա: 

 

Այսօր, երբ միջադեպի մասնակիցներին գտնելը րոպեների հարց է, մեր բոլորի խնդիրը պետք է լինի իրավապահ մարմիններից նրանց խստագույնս պատժելու արդարացի պահանջը, այն պարզ պատճառով, որ որեւէ մեկը իրավունք չունի վտանգել զինվորի կյանքն ու առողջությունը, փողոցը անցնող հետիոտնի ու մյուս վարորդների անվտանգությունը ու ավտոբուսում ներկա մնացյալ բոլորի արժանապատվությունը: Նրանց, ում վրա դրել ենք երկրի արժանապատվությունը պաշտպանելու այս հսկա բեռը:

 

Սոնա Մարտիրոսյանը լրագրող է:

 

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:





Գերիների ընտրությունը

Փոքր հայրենիքի փոքր տղերքը
Մեր ընտրանին