Դպրոցը, արժեքները եւ տարատեսակ «ազատությունները» - Mediamax.am

Դպրոցը, արժեքները եւ տարատեսակ «ազատությունները»
10804 դիտում

Դպրոցը, արժեքները եւ տարատեսակ «ազատությունները»


Երեխաների կրթության մասին խոսելիս՝ մենք հաճախ օգտագործում ենք «արժեքներ» հասկացությունը։ Բոլորս կարեւորում ենք արժեքների ձեւավորումը գալիք սերնդի մոտ եւ միգուցե այդ բառին ինչ-որ ենթագիտակցական իմաստ ենք հաղորդում։ Փորձենք ձեւակերպել, թե ինչ է ի վերջո «արժեք» ասածը։

Արժեքն երեւույթ է մեր կյանքում, որի դիմաց մենք գին ենք վճարել։ Վճարի «արժույթը» կարող է տարբեր լինել՝ տվայտանքներ, հույզեր, այլ արժեքների զոհաբերություն, հարազատների, հայրենակիցների կամ նախնիների կորուստ, կորցրած հող, հայրենիք եւ այլն։ Արժեքը հնարավոր չէ ստանալ հեշտությամբ, այն պետք է վերապրել, անցկացնել քո միջով, զգալ ու գիտակցել։ Այդ ամենի դիմաց մենք ստանում ենք իմաստներ, քանի որ արժեքներն են իմաստավորում կյանքը։ Առանց արժեքների կյանքը դատարկ է։ Հեշտ, առանց կորուստների եւ հաղթահարումների ապրելն երբեք չի երջանկացնում հենց այն պատճառով, որ չի բերում արժեքների ձեւավորման։

Արժեքների մեծ մասը սնվում է էթիկական նորմերից, ձեւավորվում է դրանց շնորհիվ։ Էթիկական նորմերը անհրաժեշտ են մարդկանց համակեցությունը ապահովելու համար՝ դրանք պարտադրում են հրաժարվել ցանկալիից հանուն ընդհանուր շահի։ Դրանք տարբեր են ոչ միայն տարբեր հասարակություններում, այլեւ անգամ հասարակության տարբեր շրջանակներում, նույն երկրի տարբեր տարածքներում։

Նորմերը տարբեր են քաղաքում եւ գյուղում։ Էթիկական նորմերը մեզ թելադրում են վարքագիծ, եւ որքան դրանք ավելի պահանջկոտ են, այնքան ավելի լուրջ արժեհամակարգ է պետք ձեւավորել, որպեսզի մարդը բնականորեն դրանց համապատասխանի։ Զարգացած մշակույթները ունեն զարգացած էթիկական նորմեր։ Երբ դրանք քայքայվում են, պահանջները նվազում են, առաջանում են արժեհամակարգային խնդիրներ։ Ահա թե ինչու առաջին հայացքից անվտանգ թվացող տարատեսակ «ազատությունները» իրենց հետ մեծ վտանգներ են բերում։

Հիմա անդրադառնանք բարոյականությանը։ Եթե էթիկական նորմերը ծառի արմատներն են, իսկ արժեքները՝ բույնը, ապա բարոյականությունը դրա սաղարթն է։ Բարոյական է այն ամենը, ինչը նպաստում է արժեքների պահպանմանը եւ չի հակասում դրանց։ Անբարոյական է ամենը, ինչը դեմ է արժեքներին եւ բերում է դրանց քայքայման։ Օրինակ, ցանկացած հասարակության մեջ անբարոյական է դավաճանությունը միայն այն պատճառով, որ այն արժեզրկում է խոստումը։ Եթե խոստումն արժեք չլինի, մարդկանց համակեցությունը կվերածվի մղձավանջի, քանի որ կվերանա փոխադարձ վստահությունը։ Հենց դրանով է վտանգավոր, օրինակ, կոռուպցիան, քանի որ այն դավաճանություն է հանրությանը տված խոստմանը։

Երբ փլուզվում են արժեքները, խախտվում է համակեցությունը եւ տարածվում անբարոյականությունը։ Մարդիկ դժբախտանում են, տնտեսությունն անկում է ապրում, հանցագործությունները դառնում են համատարած, կյանքը կորցնում է իմաստի զգալի մասը, մարդիկ սկսում են հեշտությամբ իրար կոտորել։

Հենց այս պատճառով է, որ կրթության հենքը եւ գլխավոր իմաստը պետք է դառնա արժեհամակարգի ձեւավորումը։ Դպրոցը պետք է լինի օրինակելի տարածք, ուր հաստատուն են էթիկական նորմեր, ուր աշակերտները սովորում են դրանց համապատասխանել։ Հաճախ դպրոցը ստիպված է պայքարել հանրության մեջ տարածված արատների դեմ եւ այդ պայքարում պարտավոր է հաղթել։ Դպրոցում կյանքը չի կարող հեշտ լինել երեխայի համար՝ նա պետք է զգա ե՛ւ ցավ, ե՛ւ ուրախություն, ունենա թե դժվարություններ, թե հաղթանակներ։ Դպրոցում աշակերտը պետք է ընկալի համակեցության նորմերի իմաստը եւ ընդունի դրանք։ Այդ ամենի պտուղը կլինեն իրական արժեքները, այլ ոչ թե թելադրված, անգիր արած, բայց աշակերտի համար ոչինչ չնշանակող ճշմարտությունները։ Եթե մենք կարողանանք կառուցել դպրոցներ, որոնք կձեւավորեն արժեքներ աճող սերնդի համար, կունենանք աշխարհի ամենալավ եւ ամենաիմաստալից կրթական համակարգը։

Արամ Փախչանյանը «Այբ» դպրոցի տնօրենն է եւ ABBYY ընկերության փոխնախագահը:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին