“Իշխանությունները սովորել են, թե ինչպես կարելի է բարեփոխումներ նմանակել” - Mediamax.am

“Իշխանությունները սովորել են, թե ինչպես կարելի է բարեփոխումներ նմանակել”
14636 դիտում

“Իշխանությունները սովորել են, թե ինչպես կարելի է բարեփոխումներ նմանակել”


 

Միասնական ԵՄ մոտեցման գոյությունն այսօր հարցականի տակ է դրված, քանի որ վեց հարեւան երկրներ եվրոպական ինտեգրման գործընթացը մեկնաբանում են միանգամայն տարբեր կերպ: Նրանցից ոչ բոլորն են ընկալում այդ գործընթացն այնպես, ինչպես այն սահմանում է ԵՄ-ն: Փոխարենը նրանք փորձում են այդ սահմանումը համադրել իրենց իսկ տնտեսական եւ քաղաքական բարեփոխումների տրամաբանությանը եւ համապատասխան քաղաքականությանը: Նման իրավիճակի արդյունքում այս երկրների կողմից իրականացվող քաղաքականության «արագությունն ու ուղղությունը» միանգամայն տարբեր են: Այդ իսկ պատճառով այն գործիքները, որոնք ԵՄ-ն առաջարկում է երկկողմանի ձեւաչափով հարաբերություններ կառուցելու համար, թերեւս կարող են համարվել լավագույն հավանական փաթեթ մի երկրի կողմից, մինչդեռ բոլորովին անիրատեսական, չափազանց ուռճացված եւ անհարկի մեկ այլ երկրի կողմից: Իսկ երրորդ երկիրն այն կարող է դիտարկել որպես հավանական Պրոկրուստյան մահիճ, որտեղ սահմանափակվում են երկրի բարեփոխումների հնարավորությունները: 

Կարո՞ղ է արդյոք եվրոպական ինտեգրման հեռանկարը խթան հանդիսանալ երկրում բարեփոխումներ իրականացնելու համար: Ի՞նչ է անհրաժեշտ սրա համար: Ինչպե՞ս կարելի է փոփոխել առկա ԵՄ գործիքները Արեւելյան գործակցության երկրներում բարեփոխումների գործընթացի վրա առավել մեծ ազդեցություն ունենալու համար: 

Այս տիրույթում առկա հիմնական խնդիրներից մեկն այն է, որ գոյություն ունեցող գործիքները միտված են իշխանություններին եւ  հաշվի չեն առնում քաղաքացիական հասարակության դիրքորոշումները, շահերն ու ներուժը: Սա, մասնավորապես, բացատրվում  է ԵՄ-ի ներքին նախապաշարմունքներով եւ քաղաքականությամբ, մասամբ էլ` քաղաքական գործընթացների թյուրըմբռնմամբ այնպիսի երկրներում, ինչպիսիք են Ուկրաինան, Հայաստանը, Մոլդովան կամ Վրաստանը: Որպեսզի Եվրոպական ինտեգրման գործընթացն առավել հաջողությամբ խթանի բարեփոխումներն այս երկրներում, Եվրոպական միությանն անհրաժեշտ է սովորել աշխատել ոչ միայն իշխանությունների հետ, որոնք ոչ միշտ է, որ հանդես են գալիս ակտիվ բարեփոխողի դերում, այլեւ քաղաքացիական հասարակության հետ, որը կարող է անհրաժեշտ ճնշում կիրառել: Սա հնարավոր է այն դեպքում, եթե վեջինս կարողանա իր ուղղակի շահը տեսնել բարեփոխումների գործընթացում: Մեկ այլ  խնդիր է առկա ԵՄ գործիքներին հարիր ոչ-համապարփակ halfway քաղաքականությունը: 

Ավելին, թվում է, թե շատ երկրներում Գործողությունների ծրագրերը փակ փաստաթղթեր են, որոնք Եվրոպական հանձնաժողովն անմիջականորեն տրամադրում է տվյալ երկրի կառավարությանը: Ի տարբերություն այդ երկրների, Հայաստանում այս փաստաթուղթը բաց է, սակայն, այդուհանդերձ, լայն հասարակությանն այն այնքան էլ հասանելի չի: Սա նշանակում է, որ քաղաքացիական հասարակության կազմակերպությունները, վերլուծական կենտրոնները, որոնք ուղղակիորեն ներգրավված են բարեփոխումների գործընթացում, օրինակ՝ իրենց երկրներում վիզայի հեշտացման գործընթացում, չեն կարողանալու մասնակցել այդ գործընթացին առնչվող մասնագիտական քննարկումներին կամ դիտարկել նմանատիպ գործընթացների ընթացքը: Եթե քաղաքացիական հասարակությանը չհաջողվի քննարկել եւ դիտարկել Գործողությունների ծրագրերի իրականացման գործընթացը, ապա դրանց արագ եւ արդյունավետ իրականացման հավանականությունը կնվազի: 

Եզրափակելով՝ պիտի նշեմ, որ մեր արտաքին գործընկերների ներուժը՝ խթանելու ներքին բարեփոխումները, բավականին սահմանափակ է: Մեր իշխանությունները սովորել են, թե ինչպես կարելի է  բարեփոխումներ՝նմանակել` միաժամանակ արձանագրելով նվազագույն արդյունքներ: Այդուհանդերձ, ԵՄ-ն կարող է աջակցել բարեփոխումների գործընթացին՝ կիրառելով առկա գործիքները եւ արդյունքում ստեղծելով փոփոխությունների անհրաժեշտության գիտակցում եւ ներքին պահանջ, որը կձեւավորի հենց քաղաքացիական հասարակությունը: Նման արդյունքի հասնելու համար անհրաժեշտ է, որպեսզի ներկա ԱԳ գործիքները համահունչ դարձվեն թե՛ իշխանությունների, թե՛ քաղաքացիական հասարակության դիրքորոշումներին եւ շահերին:

Թեւան Պողոսյանը Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի գործադիր տնօրենն է 

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին