Խաղաղաշինության սիմվոլիզմը - Mediamax.am

Խաղաղաշինության սիմվոլիզմը
3597 դիտում

Խաղաղաշինության սիմվոլիզմը


Հունիսի 25-ին  Կազանում տեղի է ունենալու Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը՝  Նախագահ Մեդվեդևի հովանու ներքո: Կարծիք կա, թե այդ հանդիպման ընթացքում իրականում որոշվելու է Մինսկի խմբի, որպես ինստիտուտի, հետագա ճակատագիրը, և ոչ թե քննարկվելու է Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը: Ես կփորձեմ վերլուծել այս տեսակետը՝ աշխատելով պարզաբանել, թե որոնք են, ըստ իս, առաջիկա հանդիպման վայրի և ժամանակի ընտրություն խորհրդանիշերը: 

Ի՞նչ  է խորհրդանշում բանակցությունների վայրը. 

Կազանը Թաթարստանի մայրաքաղաքն է, որը Ռուսաստանի Դաշնության վարչական միավորներից է և բավականին հետաքրքիր քաղաքական պատմություն ունի: Խորհրդային Միության փլուզման նախօրեին խորհրդային ղեկավարությունը մի քանի անգամ նշել էր, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրը հղի է լուրջ վտանգով. այն անկախության շարժումներ կարող է հրահրել նմանատիպ այլ իրավիճակներում, իսկ նման իրավիճակների թվում  նշվել էր Թաթարստանի անունը՝ ի թիվս Չեչնիայի և այլոց:  Սակայն, հենց այդ ժամանակ Բորիս Ելցինն արեց իր հայտնի հայտարարությունը, որն ընդհանուր առմամբ կարելի է մեկնաբանել այսպես. վերցրեք այնքան ինքնավարություն, որքան կարող եք օգտագործել: Թաթարստանն այս քաղաքական խորհրդից օգտվեց յուրովի. այն առ այսօր այն եզակի միավորներից է, որոնք ըստ սահմանադրության շնորհված լինելով բավականին բարձր ինքնավարության աստիճանով, երբեք չեն փորձել օգտվել դրանից: 

Այսպիսով, ո՞րն է հունիսյան հանդիպումը Թաթարստանում անցկացնելու խորհրդանիշը, մի հանդիպում, որը ներկայացվում է որպես Ղարաբաղյան հիմնահարցի համար վճռորոշ: Պատմությունը վկայում է, որ աշխարհում խաղաղության հաստատման վերաբերյալ համաձայնագրեր կնքվել են մի քանի վայրերում, որոնց անունով էլ ի վերջո կոչվել է տվյալ գործընթացը: Ահա թե ինչ է նշանակում խորհրդանիշ: Այս դեպքում հարց է առաջանում. արդյո՞ք մեզ պետք է Կազանի խորհրդանիշը, մի ինքնավար միավորի, որը գտնվում է Ռուսաստանի Դաշնության տարածքային ամբողջականության մեջ, և որը հետագայում հանդիսանալու է իր անկախության համար պայքարող Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի լուծման խորհրդանիշը: Ես վստահաբար կարծում եմ, որ հենց այս պահին մենք պետք է ամենայն լրջությամբ վերաբերվենք այն հավանականությանը, որ հետագայում այն կարող է ներկայացվել որպես Մինսկի խմբի հայտնի «Մադրիդյան սկզբունքների» արտացոլում: 

Ի՞նչ  է խորհրդանշում բանակցությունների ժամանակահատվածը. 

2012 թվականը նշանակալի տարի է Մինսկի խմբի համանախագահող երկրների՝ ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ֆրանսիայի համար: Երեք երկրներում պիտի անցկացվեն նախագահական ընտրություններ, և երեք նախագահներն էլ, ովքեր մտադիր են մասնակցել այդ ընտրություններին, ստիպված են լինելու արձագանքել լրջագույն մի մարտահրավերի. ներկայացնել, թե ինչպիսի հաջողություններ են գրանցվել միջազգայինի ասպարեզում: Վրացական պատերազմից հետո Մեդվեդևն անընդհատ ճնշման տակ է եղել՝ ապացուցելու, որ ինքը նաև խաղաղության ջատագով է և կարող է հաջողությամբ իրականացնել խաղաղաշինական նախաձեռնություններ: Օբաման իշխանության անցավ, երբ նրա հանդեպ վստահության մակարդակը բավականին բարձր էր. նրան վստահում էին, թե նա կարող է նշանակալի ներքին և արտաքին փոփոխություններ իրականացնել, սակայն ներկա իրավիճակը կարելի է նկարագրել ավելի շուտ որպես քաոսային, քան պարզորոշ փոխակերպումների հանգեցնող: Այս առումով նա ևս ստիպված է լինելու հանրությանը ներկայանալ հաջողված պատմությամբ: Առաջիկա ընտրարշավի ժամանակ նա պիտի կարողանա պատասխանել, թե ինչու է ինքն արժանացել խաղաղության Նոբելյան մրցանակի: 

Ֆրանսիան ևս բացառություն չէ: Ամեն հաջորդ օր ավելի ու ավելի են ուժգնանում այն ձայները, որոնք պահանջում են, որպեսզի Մինսկի խմբում Ֆրանսիան փոխարինվի Եվրոպական Միությամբ: Ոմանք կարող են պնդել, թե սա այնքան էլ չի վնասում Ֆրանսիային, սակայն պիտի համաձայնվել, որ այն, այնուամենայնիվ, աղճատում է նրա դրական իմիջը և ի վերջո, Լիբիայից հետո Սարկոզին չի կարողանալու աշխարհին ներկայանալ որպես գերազանց խաղաղաշինարար: Ամփոփելով պիտի նշել, որ 2012 թվականը մոտենում է բավականին արագ և արդեն ամռան ավարտին ընտրարշավները կծավալվեն ողջ հզորությամբ, իսկ երեք նախագահները ստիպված են լինելու ներկայանալ իրենց ընտրազանգվածներին հաջողված որևէ պատմությամբ: 

Այսպիսով, առաջին խորհրդանիշն ուղղակիորեն վերաբերում է հակամարտության երեք կողմերին. նժարին է դրված Լեռնային Ղարաբաղի ինքնավարությունը և անհավանական է, որ Կազանի խորհրդանիշն ընդունելի համարվի Լեռնային Ղարաբաղի կամ Հայաստանի կողմից: Այս առումով երեք կողմերն էլ կարող են ստեղծել այնպիսի մի իրավիճակ, երբ, օրինակ, կարող է ավելանալ սահմանային կրակոցների թիվը, կամ Ադրբեջանը կարող է փորձ անել նորից ձևացնել, թե քաղաքացիական մահ է արձանագրվել, և արդյունքում բանակցված դրույթները կարող են անընդունելի համարվել: Հետևաբար, այս հանդիպումն էլ դառնալու է հերթական, այլ ոչ թե վճռական մի իրադարձություն, ինչպես ակնկալվում է: 

Ժամանակահատվածի խորհրդանիշը սերտորեն առնչվում է համանախագահների ցանկությանը՝ այս հանդիպման ընթացքում արձանագրելու շոշափելի արդյունքներ: Այդ իսկ պատճառով թվում է, թե Կազանի հանդիպումը տեղի է ունենալու Մինսկի խումբը փրկելու համար, ինչպես նաև հիմք է հանդիսանալու երեք նախագահների համար՝ ներկայանալու միջազգային հանրությանը որպես խաղաղաշինարարներ: 

Իրականում Ղարաբաղյան հիմնահարցի լուծումը միանգամայն պարզորոշ է: Այս խնդիրն, ըստ էության, կարգավիճակի խնդիր է, իսկ Ադրբեջանի դիրքորոշումը կարող է բավարարվել միայն այն դեպքում, երբ նա վերսկսի պատերազմը և մաքրի ողջ Լեռնային Ղարաբաղը հայերից: Եվ թերևս նրանք այնքան էլ հոգ չեն տանելու այն մասին, թե դա ինչպես է արվելու՝ մարդկանց սպանությամբ, թե տեղահանմամբ: Կարծում եմ, բոլորն են հասկանում, որ 1988թ. իրավիճակն այլևս չի կարող կրկնվել, և եթե Ադրբեջանը պատերազմ սկսի, նրանք կաշխատեն գնալ մինչև վերջ: Հայերը, բնականաբար, նման բան թույլ տալ չեն կարող և շարունակելու են կռվել մինչև վերջնական հաղթանակ: Անկախ Ղարաբաղն այլևս իրականություն է, իսկ թե ինչպես է լուծվելու նրա կարգավիճակի հարցը՝ արդյո՞ք այն միջանկյալ կարգավիճակ է ստանալու, այնուհետև ևս մեկ հանրաքվեի միջոցով հռչակվի անկախ, թե այդպիսին պիտի ճանաչվի միանգամից, միայն ժամանակ խնդիր է. այս կերպ, թե այն Ղարաբաղը ճանաչվելու է որպես անկախ պետություն: Մնացյալը բանակցությունների ընթացքում վերաբերում է միայն մանրամասներին՝ ինչ, որտեղ, երբ և այլն: Այո, ինչպես ասում են, սատանան մանրամասների մեջ է, իսկ բանակցությունների գործընթացը հենց այդ սատանայից խուսափելու համար է: 

Արդյո՞ք Կազանը ևս այդ մանրամասների մասին է լինելու, թե՞ խաղաղաշինության խորհրդանիշների: Այս հարցի պատասխանը հայտնի կլինի հունիսի 25-ի երեկոյան: 

Թեւան Պողոսյանը Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի գործադիր տնօրենն է 

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին