Ոչ ֆուտբոլային մտքեր Ֆուտբոլի մասին - Mediamax.am

Ոչ ֆուտբոլային մտքեր Ֆուտբոլի մասին
10436 դիտում

Ոչ ֆուտբոլային մտքեր Ֆուտբոլի մասին


1)  Առաջնությունն ավարտվեց Ֆրանսիայի հավաքականի հաղթանակով: Արժանի հաղթանակով: Սա թիմ է, որը կարողանում է կասեցնել մրցակցի կառուցողական գործողությունները: Միաժամանակ, սա մի թիմ է, որն ունակ է վայրկյանական ժայթքել եւ խոցել հակառակորդին իր Մբապե-նիզակով: Ժամանակակից աշխարհում առավել հզոր երկրներն ունեն նույն առաջնահերթությունները. սեփական սահմանների հուսալի պաշտպանություն եւ հանկարծակի հարձակման ներուժ՝ հարվածների հնարավոր ուղղությունների առավելագույն անկանխատեսելիությամբ եւ մրցակցի առավելագույն խոցմամբ: 

 

2) Փոքր երկրները՝ սեփական իդեալների հանդեպ անկոտրում հավատի եւ նպատակասլաց աշխատանքի շնորհիվ կարող են հանդես գալ սեփական օրակարգով, աշխարհն իրենց հարմարեցնել, ստիպել ընդունել սեփական գոյի իրավունքը: Հերոսական Խորվաթիան իր փայլուն նախագահի հետ, անկասկած, օրինակ է մեզ համար: Ոչ թե ֆուտբոլում՝ այնտեղ դեռ հույս չկա, բայց մնացած բոլոր բնագավառներում՝ հաստատ:

 

3) Մարզչի ճիշտ ընտրությունը անհրաժեշտ պայման է ծանրակշիռ հաղթանակների համար: Բելգիան իր ներուժով եւ անուններով ամենաուժեղ թիմն էր աշխարհի առաջնությունում: Սակայն իսպանացի Մարտինեսը ակնհայտորեն ինքն իրեն չգտավ բելգիական համատեքստում, եւ թիմը ստիպված եղավ բավարարվել բրոնզե մեդալներով: Թեեւ բելգիացիներին տանը ընդունեցին որպես հերոսներ, չեմպիոն դառնալու հազվագյուտ հնարավորությունը բաց թողնվեց: Նորից դառնամ փորք երկրների թեզին. Խորվաթիան երբեք այսքան հեռուն չէր գնա, եթե ունենար օտարազգի մարզիչ, այլ ոչ թե հրաշալի Դալիչին: Սակայն միշտ պետք է աչքի տակ ունենալ հակառակ օրինակը. ծաղրածու Սանպաուլին խայտառակվեց եւ տապալեց Արգենտինայի թիմը: Չի կարելի ազգային ռազմավարությունը հարմարեցնել օտար կաղապարներին: Ընդ որում՝ ազգային առաջնորդի անձի դերը չափազանց մեծ է:

 

4) Շատ կարեւոր է «տնային աշխատանքը»: Տուգանայիններն իրացնելիս Անգլիայի, Ուրուգվայի եւ պորտուգալացի Ռոնալդուի առավելագույն կենտրոնացումը այդ թիմերի գլխավոր ուժն էր: Մենք պետք է միշտ նման պատրաստի տարբերակներ ունենանք միջազգային քաղաքականության մեջ, հատկապես, ապրելով ասպիսի բարդ տարածաշրջանում:

 

5) Երկաթե կարգապահությունը, թիմի յուրաքանչյուր անդամի կողմից իր պարտականությունների անվերապահ կատարումը, Գաղափարով զինված հավաքական նպատակասլացություն դեպի վերջնական արդյունք՝ ահա ռուսական ֆուտբոլային հրաշքի բաղադրիչները: Տվյալ դեպքում գաղափարն էր վերադարձնել երկրին աշխարհակալության կարգավիճակը, եւ ոչ միայն ֆուտբոլային: Սա բացարձակապես կիրառելի է ցանկացած երկրի համար, որը հավակնում է իրագործել ցանկացած հրաշք, հատկապես՝ տնտեսական:

 

6)  Բացառիկ մենակատարների առկայությունը, որը չի ուղեկցվում թիմային կարգապահությամբ, այսօր, տեխնոլոգիաների դարում, այլեւս չի կարող արդյունք ապահովել: Մարադոնայի «աստվածային ձեռքի» եւ նույնիսկ Մեսսիի «սուրբ ոտքի» ժամանակներն այլեւս անցյալում են: Նույնիսկ Ռոնալդուի անկոտրում բնավորությունը չօգնեց հասցնել Պորտուգալիային առաջատարների շարք: Իսկ կամազուրկ Սալահը չկարողացավ փրկել Եգիպտոսի հավաքականին լիակատար ջախջախումից: Եվ, ընդհակառակը, Մոդրիչը դարձավ առաջնության լավագույն  խաղացող, այդ թվում՝ հստակ թիմային ռազմավարության եւ խորվաթների կարգապահության շնորհիվ: Վարչապետ Փաշինյանի թիմի երիտասարդ կառավարիչները պետք է օրինակ վերցնեն խորվաթներից:

 

7) Հաջողությունը ժպտում է նրանց, ովքեր ճիշտ են բաշխում փորձի եւ երիտասարդության հավասարակշռությունը թիմում: Առաջնության բացահայտումներից էր երիտասարդ Կուտեպովի երեւան գալը ամենափորձառու Իգնաշեւիչի երաշխավորության ներքո: Ուշադրություն դարձրեք ոչ միայն պաշտպանությունում գործող այս զույգի գործողություններին, այլեւ նրանց հանճարեղ 50-մետրանոց փոխանցումներին Ֆերնանդեսին՝ դա ուղղակի հրաշալի էր: Համեմատել կարելի է միայն Պոգբայի եւ Մբապեի՝ պաշտպանների թիկունք արվող փոխանցումների հետ: Երիտասարդ հայ բարեփոխիչների թիմը այդքան էլ հակված չէ նախորդների փորձը ներգրավել եւ օգտագործել: Ցավալի է, թանկարժեք ժամանակը կորում է:

 

8) Հաղթանակի համար շատ կարեւոր է թիմի ուղեղային կենտրոնը: Գրիզմանը, Մոդրիչը, Ազարը իրենց թիմերում որոշումների կայացման որոշիչ կենտրոններն էին: Արգենտինայի ձախողումը, Ռուսաստանի կանգ առնելը քառորդ եզրափակչում կապված են Մեսսիի «շարժիչի» անսպասելի արգելակմամբ եւ Գոլովինի՝ իր ներուժի համեմատ ավելի թույլ խաղով: Առաջնորդի էներգետիկան շատ կարեւոր է: Սակայն թիմը պետք է սատարի եւ խթանի այն: Արգետինայում այս առումով ոչ մեկ չգտնվեց, եւ թիմը ձախողեց: Ռուսաստանում կար երկաթյա, երբեմն նաեւ «չուգունոտ» Չերչեսովը, եւ, իհարկե, Ձյուբան՝թիմային Ոգու մարմնավորումը, մոտիվացիայի հանճարը:

 

9) Ֆուտբոլը մեր կյանքի համայնապատկերն է: Երբեմն, շատ ակնհայտ: Մենք այն սիրում ենք ոչ միայն որպես ֆանտաստիկ հետաքրքիր թիմային խաղ, այլեւ որպես առաջընթացի հնարավոր մոդել: Եվ հետընթացի մասին նախազգուշացում: Եկեք ուշադիր լինենք ֆուտբոլային ազդակներին: Կեցցե Ձերդ Մեծություն Ֆուտբոլը:

 

Արմեն Դարբինյանը Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի ռեկտորն է:

 

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին