Եվս մեկ ձախողված խաղաղ գործընթաց - Mediamax.am

Եվս մեկ ձախողված խաղաղ գործընթաց
5128 դիտում

Եվս մեկ ձախողված խաղաղ գործընթաց


Միջազգային լուրերի փոթորկումների պայմաններում ներկայումս ներելի է բաց թողել նախագահներ Մեդվեդեւի, Օբամայի եւ Սարկոզիի`«Մեծ Ութնյակի» Դովիլյան գագաթաժողովում արած հայտարարությունը` Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ: Այդուհանդերձ, սա հակամարտության վերաբերյալ վերջին տարիներին արված ամենալուրջ միջազգային հայտարարությունն է:

15 տարիների ընթացքում աշխարհը գրեթե չէր նկատում հետխորհրդային տարածքի ամենաերկարատեւ հակամարտության կարգավորման բանակցությունները` հայ-ադրբեջանական վեճերը Ղարաբաղի շուրջ: Խաղաղ գործընթացը չափազանց փակ է, իսկ խնդիրը` չափազանց բարդ եւ խորհրդավոր բոլորի համար, բացի խեղճ ու տգետ վերլուծաբանների խմբի /որոնց թվում` նաեւ ես/, ովքեր հետեւում եւ ուշադրություն են դարձնում դրան:

Միջնորդական ջանքեր գործադրող երեք պետությունների ղեկավարների կողմից մայիսի 26-ին արած հայտարարությունը հստակ է դարձնում, որ ճշմարտության պահը մոտ է: Հունիսի վերջին Կազանում նախագահ Մեդվեդեւը ամերիկացի եւ ֆրանսիացի բանագնացների  աջակցությամբ հուժկու ճնշում կգործադրի նախագահներ Ալիեւի եւ Սարգսյանի վրա, որպեսզի վերջիններս վերջապես համաձայնության գան Հիմնական սկզբունքների փաստաթղթի շուրջ, որը նրանք քննարկում են ավելի քան 5 տարի:

Ինչպես ավելի վաղ նշել եմ The National Interest-ում, Ղարաբաղյան հակամարտությունը, ի տարբերություն Կոսովոյի, ստանում է ուշադրության միայն չնչին բաժինը, սակայն, միեւնույն ժամանակ, զարգանում է ռազմավական առումով ավելի զգայուն եւ ընկալունակ շրջապատում: Եթե կողմերից մեկը /ըստ էության, 1991-1994թթ. հակամարտության ժամանակ պարտված Ադրբեջանը/ որոշի վերսկսել պատերազմը, ապա դա աղետ կլինի: Դովիլյան հայտարարության մեջ ասվում է. «Ուժի գործադրումը ստեղծել է դիմակայության եւ  անկայունության ներկայիս իրավիճակը: Ուժի նոր գործադրումը կհանգեցնի ավելի մեծ տառապանքների եւ ամայացման եւ կքննադատվի  համաշխարհային հանրության կողմից»:

Հիմնական սկզբունքների փաստաթուղթը նպատակ ունի լուծել հակամարտության հիմքում գտնվող ինքնավարության գլուխկոտրուկը: Խորհրդային շրջանում Լեռնային Ղարաբաղը  գերազանցապես հայկական բնակչություն ունեցող ինքնավար մարզ էր Խորհրդային Ադրբեջանի կազմում: Իրենց ռազմական հաղթանակից հետո 1994-ին  հայերը վերահսկում են ոչ միայն Ղարաբաղը, որից, իրենց իսկ խոսքերով, նրանք երբեք չեն հրաժարվի, այլեւ ադրբեջանական հողեր հանդիսացող «բուֆերային գոտին» Ղարաբաղի շուրջ, որից, ինչպես ասում են հայերը, նրանք պատրաստ կլինեն հրաժարվել միայն Ղարաբաղի նկատմամբ վերահսկողության երաշխիքի դեպքում: Ադրբեջանցիները իրենց հերթին պնդում են Ղարաբաղի նկատմամբ իրենց միջազգային իրավական իրավունքի մասին եւ նավթից եւ գազից առաջացած եկամուտներն ուղղում նոր հզոր բանակի ստեղծմանը:

Հիմնական սկզբունքների փաստաթուղթն առաջարկում է կառուցողական երկիմաստություն: Այն նախատեսում է հայկական ուժերի աստիճանական դուրսբերում Լեռնային Ղարաբաղի շրջակա տարածքներից, «միջանկյալ կարգավիճակ» Ղարաբաղի համար, ընդլայնված միջազգային լեգիտիմության տրամադրում, սակայն ոչ ամբողջական անկախություն, եւ հետագայում տարածքի ապագա կարգավիճակը որոշելու նպատակով ժողովրդական հանրաքվե անցկացնելու խոստում, որն էլ կլինի բնակչության «իրավապես պարտադրող կամքի դրսեւորում»:

Այստեղ կասկածներ են առաջանում: Չնայած ոչ պաշտոնական մակարդակով ինտենսիվ բանակցություններին, առաջնորդները բացեիբաց հնչեցնում են ծայրահեղական դիրքորոշումներ եւ հակառակորդին հանձնվելու կոչ անում: Հռետորաբանությունը հատկապես կոշտ է Ադրբեջանի կողմից: Դովիլյան հայտարարության հաջորդ օրը Ադրբեջանի վարչապետ Ալի Հասանովը Հայաստանի նախագահին «հանցագործ» անվանեց, իսկ նրա կառավարությունը «ֆաշիստական ռեժիմ», որը պետք է «տապալել»:

Այնպես որ, շեշտը դրվում է քաղաքական կամքի վրա: Արդյո՞ք Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարները մշտապես սողոսկող Ղարաբաղյան խաղաղ գործընթացն օգտագործում են որպես գործիք` միջազգային հանրությանը  սիրաշահելու, ինչպես նաեւ սեփական բնակչությունից հավատարմություն պահանջելու համար, եւ միաժամանակ անգամ միտք չունեն ստորագրելու խաղաղ համաձայնագիրը: Թե՞ նրանք իսկապես նվիրված են խաղաղ համաձայնագրի գաղափարին, որը սկիզբ կդնի նրանց տարածաշրջանի երկարաժամկետ փոխակերպմանը, սակայն միաժամանակ գտնվում են իրենց սեփական ազգային ճառերի եւ քաղաքական հռետորության ծուղակում եւ վախենում են առաջ շարժվել: Թե՞ երկուսից էլ քիչ-քիչ:

Ահա թե ինչու եմ ողջունում Դովիլյան փաստաթղթի այն տողը, որը ասում է. «Հետագա հետաձգումը միայն հարցեր կառաջացնի համաձայնագրի ձեռք բերման գաղափարին երկու կողմերի նվիրվածությանը»: Եթե այլ կերպ ձեւակերպենք, ապա. «Մենք ունենք աշխատանքային փաստաթուղթ: Ցույց տվեք մեզ, որ դուք լուրջ եք տրամադրված, եւ ստորագրեք այն»:

Սա նաեւ միջազգային կամքի հարց է: Օտարերկրյա պետությունները պետք է ոչ պակաս լուրջ լինեն: Ամուր ներքին աջակցության բացակայության դեպքում միջազգային հանրության ներկայացուցիչները պետք է կոշտ ճնշում գործադրեն նախագահների վրա եւ ձեւակերպեն նոր փոխզիջում: Նրանք պետք է իրենց վրա վերցնեն վերականգման եւ խաղաղարար գործունեության պարտավորությունը: Ռուսաստանը, Միացյալ Նահանգները եւ Եվրամիությունը միասին վատ չէին աշխատում բանակցային գործընթացում, սակայն, հաշվի առնելով այս երեք կողմերի շահերը Կովկասում, նրանց երկկողմ օրակարգը երկու պետությունների հետ հարաբերություններում եւ իրար մեջեւ մրցակցող բոլոր հավակնությունները նրանց ռեսուրսների նկատմամբ, դժվար կլինի ձեւակերպել Ղարաբաղի հետհակամարտական համատեղ լուծում:

Դա հատկապես կարեւոր կլինի, եթե աշխատանքային ծրագիրը համաձայնեցվի եւ անխուսափելի տարակարծություն առաջանա նախնական համաձայնագրի եւ առաջխաղացման միջեւ: Հակառակորդները կփորձեն ոչնչացնել այն: Հիշենք Օսլոն եւ Մերձավոր Արեւելքը:

Այսպիսով, Կազանում կայանալիք հանդիպման մոտենալուն զուգահեռ Կովկասում աճում են թե խաղաղության, թե պատերազմի խաղադրույքները:

Թոմաս դե Վաալը Կարնեգի Հիմնադրամի Կովկասի հարցերով ավագ հետազոտողն է: Մեկնաբանությունը գրվել է “National Interest” ամսագրի էլեկտրոնային տարբերակի «Հոդվածներ» բաժնի համար:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին