Երեւանը խառնիճաղանճ է, վազող, խցանված, բայց միեւնույն ժամանակ՝ քնած։ Արտաքին վազքն ու շարժումը, քրտինքը իրականում անգործություն է հաճախ, կամ քայլ տեղում։ Կարծում եմ, սա պայամանավորված է մեծ երազանքներ չունենալու հետ։ Երեւանցիներս մեծ երազանքներ չունենք մեր քաղաքի, մեր երկրի, ապագայի ու ցավոք նաեւ ինքներս մեզ համար։ Երազանքներ, որ պիտի տեսլական դարձնեինք ու փոքրիկ, բայց հաստատուն քայլերով շարժվեինք դեպի իրականացում։
Այս անմիտ արձանները, իրար վրա կիտվող շենքերը, տարօրինակ չափերի ու քանակի հասնող գովազդային վահանակաները, անդեմ ճարտարապետությունը, նոր տնկվող այգիների բացակայությունը փաստում են դա։
Երեկ երեկոյան Արշակունյանց պողոտայում ականատես եղա հսկայական, կլոր, անճաշակ, նոր գովազդային վահանակի… վայ, կրկեսի նորակառույց շենքն է։
Հին կրկեսի շենքը վթարային էր։ Այն քանդվեց եւ հիմա նույն տեղում կառուցվում է նորը՝ գրեթե կառուցվել է։
Ամենաշատ խցանումներ ունեցող փողոցում կառուցում ենք նոր շենք՝ գովազդային վազող տող(եր)ն էլ վրադիր։
Ես էլ նույն քնած երեւանցին եմ՝ չէ՞ որ նոր եմ նկատում, ախր կարելի էր չէ՞ շուտ հասկանալ սխալը նույն տեղում կառուցվող շենքի եւ բարձրաձայնել, խոսել այս մասին. նոր կրկեսի շենքը պետք է լիներ Երեւանին մոտ, բայց ոչ Երեւանում. ասենք… Չարենցավանում՝ փոքր, սիրուն, դատարկվող քաղաք Սեւանի ճանապարհին..կամ, օրինակ, Հրազդան քաղաքում՝ Ծաղկաձորի կողքին գտնվող աղքատ, մեկ այլ դատարկվող իրականություն։
Չէ՞ որ անընդհատ խոսում ենք գերծանրաբեռնված մայրաքաղաքի, տարածքային համաչափ զարգացման մասին։ Հասկանում ենք ու տեսնում ինչպես է Երեւանը օրի օրի մեծանում՝ անճոռնիանում, հղփանում, տձեւանում… Կրկեսը նոր շունչ չի՛ տալու այլ կրկին անգամ նստելու է Երեւանի տրաքվող, փքված ու չմարսող կերակրափողին։
Մայրաքաղաքի ֆոնին ունենք դատարկվող, աղքատ քաղաքներ, որոնց համար կրկեսը իրական փրկության օղակ կդառնար։ Շաբաթ-կիրակի օրերին երեւանցիներով քաղաքից դուրս գալու հոյակապ, ուրախ առիթ կունենայինք։ Կրկեսը կպահեր այդ քաղաքը՝ ճանապարհին փոքրիկ ռեստորաններ կբացեին տեղաբնակները՝ տեղական բնամթերքով. փոքրիկ փայտե կրպակներ, որտեղ վաղուց գումար չվաստակած տանտիրուհիները ձեռագործ ծաղրածուներ, ակրոբատներ կպատրաստեին վաճառքի համար։
Այո՝ ծաղրածուներ ու ակրոբատներ, մեկ անգամ էլ նշեմ եւ ո՛չ մի դեպքում վագր, փիղ կամ առյուծ։
Քանի դեռ չեմ ուշացել եւ մեր կառուցվող կրկեսի տնօրինությունը կամ միգուցե նորահայտ պրոդյուսերը հրապարակայնորեն չի հայտարարել, որ կենդանիներ են վարժեցվելու կրկեսում, եկեք խոսենք այս մասին ու պահանջենք, որ մեր երկրում զարգացած երկրների նման ԱՐԳԵԼՎԻ կրկեսում վայրի կենդանիների շահագործումը։
Ահա ցանկը այն երկրների, որտեղ արգելված է կենդանիներ վարժեցնելը։ Իմիջայլոց նշեմ, որ Շվեդիայի, Իռլանդիայի, Հունաստանի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի եւ շատ այլ երկրների հետ մեկտեղ մեր հարեւան Իրանն էլ կա այդ ցանկում։
Երեւանի կենդանաբանական այգու միջազգային կապերի պատասխանատու, տեխնիկական գիտությունների թեկնածու Արեւիկ Մկրտչյանն ասում է. «Եվրոպական հարթակում կենդանիների օգտագործումը կրկեսներում դիտվում է որպես մարդկային ծաղր։ Եթե կենդանուն ստիպում են կատարել գործողություններ, ինչը նորմալ կենսակերպի դեպքում տվյալ կենդանին իր կամքով չէր անի՝ օրինակ թռնել վառվող օղակի միջոցով, դա դիտվում է որպես կենդանու բարեկեցությանը վնասող, վերջինիս սթրեսի ենթարկելու գործոն, հետեւաբար արգելվում է»:
Եվրամիության մի շարք կոնվենցիաներ անդրադառնում են թե՛ ընտանի կենդանիներին, թե՛ արդյունագործական ու գիտական նպատակով օգտագործվող կենդանիների բարեկեցությանը, թե՛ կենդանու հանդեպ խոշտանգման կամ դաժան վերաբերմունքի դեպքերին: ՀՀ-ում կենդանիների մասին օրենսդրական որեւէ կարգավորում չկա։
Վայրի կենդանիներից բացի կրկեսներում կարելի է հանդիպել նաեւ ընտանի կենդանիների։ Շների հոգեբան եւ վարժեցնող Ալբերտ Ներսիսյանն էլ ասում է. «Մարդիկ տեսնում են կրակե օղակի միջից թռնող վագր եւ ծափահարում։ Նրանք պատկերացում չունեն, թե այդ կենդանուն որքան են տանջել այդ թռիչքը ապահովելու համար։ Վագրը այդ րոպեին տեսնում է ոչ միայն իրեն վարժեցնողին, այլեւ հետեւում կանգնած եւս երկու հոգու, որոնք վարժեցնողի հետ միասին փորձերի ընթացքում ծեծել են, էլեկտրահարել եւ սոված պահել կենդանուն իրենց ուզածը կատարելու համար։ Ինչ վերաբերվում է շներին՝ շուն վարժեցնողը պետք է ընկեր լինի, պետք է հասկանա, սիրի, գովի շանը եւ ոչ մի դեպքում ծեծով կամ սոված պահելով չհասնի իր ուզածին։ Շունը պետք է իր ազատ ժամանակը ունենա, խաղա, զբոսնի եւ ոչ թե իր կամքին հակառակ՝ մտրակով ենթարկվի վարժեցնողին»։
Լավ, կենդանիների չենք շահագործելու, տանջելու։ Իսկ արդյոք Հայաստանում կա՞ն այն մասնագետները, արտիստները, որոնցով պիտի լցվի ու ապրի մեր կրկեսը… ես չգիտեմ։ Կարծում եմ՝ ոչ։
Ուզում եմ կիսվել ձեզ հետ Լաս Վեգասում դիտածս կրկեսային ներկայացման մասին. Du Soleil՝ Արեւի կրկես անվանումը կրող խումբը ստեղծվել է Կանադայում 1984 թվին։ Du Soleil-ի անձնակազմը բաղկացած է 4000 անդամից, որը հնարավորություն է տալիս միաժամանակ մի քանի երկրներում, քաղաքներում հանդես գալ եւ գումար վաստակել։ Կրկեսի տարեկան եկամուտն է ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ 600 միլիոն դոլար։
Կրկեսը հայտնի է կենդանիներ օգտագործելու սկզբունքային ժխտմամբ, շոուների գունեղությամբ, ակրոբատների անհավանական ճկունությամբ, արտիստիզմով, գունեղ, վառ, տարբերվող ներկայացումներով, որտեղ մարմնի պլաստիկային միաձուլվում է հաճախ կենդանի երաժշտությունը, խորեգրաֆիան, յուրօրինակ հագուստների դիզայնը։ Երկար չգրեմ, մի փոքր հատված կարելի է դիտել այստեղ.
Մեր երեխաները պետք է չէ՞ հնարավորություն ունենան դիտելու ճաշակով ներկայացումներ։ Դրա հետ մեկտեղ պարտավոր ենք չէ՞ կառուցել արժանապատիվ հայրենիք, որտեղ կգործի օրենք, որտեղ պաշտպանված կլինեն նաեւ կենդանիների իրավունքները։ Պիտի սովորենք նաեւ առաջ նայել, մեծ տեսնել, մեծ երազանքներ ունենալ, ինքներս մեզնից պահանջել, երբ մեզնից են պահանջում՝ չնեղանալ, փորձել, ձգտել, մտածել, հետեւել զարգացած աշխարհին, տեսնել հեռուն։
Հ.Գ. 15-ամյա աղջիկս կարդաց գրածս ու ասաց. «Մամ, բայց մենք դպրոցում կրկես առարկա ունենք (Վալդորֆյան դպրոցում է սովորել), ժանգլորություն ենք սովորել ու շատ էրեխեք կան դպրոցում կամ ավարտած, որ հաճույքով կրկեսում կգնան աշխատելու ու իրանք լավն են, տաղանդավոր, հետաքրքիր։ Բոլորը ճիշտ ես ասում, զուտ էդ մի գրածիդ հետ համաձայն չեմ՝ թե չեն լինի արտիստներ։ Կլինեն։ Մեկը դու՝ ինչ լսել եմ ամբողջ մանկությունդ ակրոբատ ես երազել դառնալ, բայց ռեժիսոր ես, չէի՞ր բեմադրի քո տեսած ներկայացման նման կայֆ ներկայացում մեր կրկեսում։ Հաստատ կբեմադրեիր»։
Արփի Մաղաքյանը ռեժիսոր եւ լրագրող է:
Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: