Ղարաբաղյան հակամարտությունը որպես «պլան մինիմում» - Mediamax.am

Ղարաբաղյան հակամարտությունը որպես «պլան մինիմում»
3402 դիտում

Ղարաբաղյան հակամարտությունը որպես «պլան մինիմում»


Պաշտոնական Մոսկվան երբեք ետնաբեմից չի ազդել Ղարաբաղյան հակամարտության գործընթացի վրա, եւ այն մնում է ամենաազդեցիկ արտաքին դերակատարը։ Ղարաբաղյան հակամարտության խաղաղ գործընթացը կմնա «պլան մինիմում» Ռուսաստանի, Միացյալ Նահանգների եւ Ֆրանսիայի համար այնքան ժամանակ, քանի դեռ գլխավոր դերակատարները՝ տեղի եւ միջազգային, չորոշեն վերանայել իրենց ռազմավարական առաջնահերթությունները։ 

2018 թ.-ի փետրվարին լրանում է Խորհրդային Կովկասի հեռավոր անկյունում՝ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզում ճգնաժամի բռնկման 30-ամյակը, որն արագացրեց մինչեւ օրս պահպանվող հակամարտությունը։ Ղարաբաղյան հակամարտությունը ներկայում միջազգային դիմակայություն է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, որում երկու սպառազինված բանակները բախվում են իրար խրամատների գծում, որն ավելի հայտնի է որպես Շփման գիծ։ Հակամարտությունը մեկ երկրի փոքր մարզի կարգավիճակի շուրջ վեճից վերաճել եւ դարձել է երկու անկախ պետությունների միջեւ ընթացող  միջպետական մրցակցության, որը ծավալվում է աշխարհի մայրաքաղաքներում եւ սոցիալական մեդիայում։ Դրա շուրջ մտավարժանքներ են անում Անկարայում, Բրյուսելում, Թեհրանում եւ Վաշինգտոնում։

Այնուամենայնիվ, այս երեք տասնամյակների ընթացքում չի փոխվել երկու բան։ Դրանցից մեկն այն է, որ հիմնական խնդիրը շարունակում է մնալ Լեռնային Ղարաբաղի տարածքի կարգավիճակի հարցը։ Սա է պատճառը, որ Լեռնային Ղարաբաղի մարզխորհուրդը, որի մեծամասնությունը հայեր էին, աննախադեպ որոշում ընդունեց 1988 թ․-ի փետրվարի 20-ին։ Որոշումը, որի քվեարկությունը Ղարաբաղի ադրբեջանցիները բոյկոտեցին, արտաhայտում էր «ԼՂԻՄ աշխատավորների ցանկությունը»՝ դիմելու ԽՍՀՄ Գերագույն խորհրդին եւ խնդրելու Մոսկվային, որպեսզի այն ԼՂԻՄ-ը Խորհրդային Ադրբեջանի կազմից դուրս բերի եւ ընդգրկի Խորհրդային Հայաստանի կազմում։ Այս որոշումը, որը դարձավ խորհրդային հանրապետությունների սահմաններին սպառնացող բազմաթիվ մարտահրավերներից առաջինը, նույն տարածքի նկատմամբ հայերի ու ադրբեջանցիների հավակնությունների հակամարտություն սանձազերծեց: Մի հակամարտություն, որը շատ փայլուն ուղեղներ եւ խոշոր տերություններ չկարողացան կարգավորել։

Երկրորդ անփոփոխ բնութագրիչն արտահայտված է 1988թ․ փետրվարի 20-ին որոշման տեքստում, եւ Կենտրոնին հասցեագրված կոչում։ Այն արտահայտում է Մոսկվայի առանձնահատուկ դերակատարությունը Ղարաբաղյան հակամարտության հարցում։ Երեսուն տարիների ընթացքում Մոսկվան եղել է անցանկալի միջնորդ եւ հզոր հարեւան միառժամանակ լինելով անփոխարինելի ու անվստահելի դերակատար երկու կողմերի համար։   

Սա հակամարտություն էր, որը չէին կանխատեսել Մոսկվայում 1988-ին, եւ որը Միխայիլ Գորբաչովը ի զորու չեղավ կանգնեցնել։ Ցավալի է կարդալ Պոլիտբյուրոյի սղագրությունները փետրվարի 28-ին Սումգայիթում տեղի ունեցած ջարդերի մասին եւ այն մասին, թե որքան դանդաղ Կենտրոնն արձագանքեց բռնությանը ադրբեջանական քաղաքում։ (Պոլիտբյուրոյի քննարկումները հիշեցում են նաեւ այն մասին, որ Սումգայիթի ջարդերը չեն հրահրվել Մոսկվայում, ինչպես դավադրության տեսաբանները շարունակում են պնդել։ Դրանք տեղի ունեցան ադրբեջանցիների հանդեպ հայերի ենթադրյալ վայրագությունների մասին «կեղծ լուրերի», վրդովված բազմության, վախկոտ տեղական ղեկավարության, եւ Կրեմլում վճռականության բացակայության համադրության պատճառով:)

Շատ հայեր ու ադրբեջանցիներ մինչեւ օրս էլ հավատում են, որ Մոսկվան ետնաբեմից ղեկավարում է իրադրությունը Ղարաբաղյան հակամարտության գործընթացում։ Սա ներելի պատրանք է երկու փոքր երկրների պարագայում։ Սակայն սա ավելի պակաս ներելի սխալ է արեւմտյան որոշ մեկնաբանների համար, որոնք հետխորհրդային տարածքի բոլոր հակամարտությունները միավորվում են մեկ զամբյուղի մեջ՝ չնկատելով առկա կարեւոր տարբերությունները:

Ղարաբաղյան հակամարտության առանձնահատկությունն այն է, որ Մոսկվան, կամ ավելի ճիշտ Մոսկվայում որոշակի դերակատարներ, որոնք ինչ-որ պահի ավելի շատ ազդեցություն են ունեցել, շահարկել են հիմնախնդիրը, բայց միշտ թուլության դիրքերից:

Հակամարտության ընթացքում՝ 1991-1994 թթ․-ին, ռուսաստանյան տարբեր ուժեր աջակցել են հակամարտող երկու կողմերին էլ։ Մոսկվայում տարբեր ուժեր շարունակում են զբաղվել Հայաստանի եւ Ադրբեջանի շահերի լոբբինգով։

Այնուամենայնիվ, այս երեսուն տարիների ընթացքում հայերն ու ադրբեջանցիները, որոնց համար Ղարաբաղը համարվում է ազգային թիվ մեկ առաջնահերթություն, այլ ոչ թե սոսկ արտաքին քաղաքականության քսան հարցերից որեւէ մեկը, մշտապես որոշել են հակամարտության բնույթը։ Երբ նրանց ձեռք է տվել հրաժարվել ռուսական միջամտությունից, նրանք հրաժարվել են, ինչպես երկու կողմերն արեցին դա 1994 թ․-ին, երբ սաբոտաժի ենթարկեցին Շփման գծում ռուսական խաղաղապահ ուժերի տեղակայման մտադրություններն այն բանից հետո, երբ Ռուսաստանի միջնորդությամբ ստորագրվեց հրադադարի համաձայնագիրը։

Վլադիմիր Պուտինի պաշտոնավարման ժամանակ հակամարտության նկատմամբ ռուսաստանյան քաղաքականությունը դարձավ շատ ավելի պահպանողական։ Որպես նախագահ՝ Պուտինի առաջին քայլերից մեկը եղավ աշխատանքը ռուս-ադրբեջանական հարաբերությունների բարելավման ուղղությամբ, որոնք չափազանց վատն էին Բորիս Ելցինի պաշտոնավարման ժամանակ։ Պուտինը մշտապես մատնանշել է, որ կարեւորում է երկկողմ հավասար հարաբերությունները եւ՛ Բաքվի, եւ՛ Երեւանի հետ եւ մտադրված չէ պատասխանատվություն ստանձնել Ղարաբաղյան հակամարտության համար։ 

2004 թ․-ին Պուտինն ասել է․ «Մենք չենք կարող պատասխանատվությունը մեզ վրա վերցնել եւ ներքաշվել այս հակամարտության մեջ, որը կարող է շարունակվել երկար տարիներ»։ 2010 թ․-ին նա հայտարարել է․ «Մենք չենք կարող կողմերին որոշում պարտադրել եւ չենք կարող ճնշում գործադրել նրանց վրա»։

Իրականում, Ռուսաստանի դիրքորոշումը հետեւյալն է․ «Մենք ցանկանում ենք տեսնել Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը, հատկապես եթե այն կարող է պահպանել կամ մեծացնել տարածաշրջանում ռուսական ազդեցությունը, բայց մենք չենք փորձելու լուծում պարտադրել, քանի որ դա միայն կվնասի մեր հարաբերությունները Բաքվի եւ Երեւանի հետ»։  

Այդ դիրքորոշումը նշանակում է, որ Մոսկվան կարող է շարունակել խոստումներ տալ երկու կողմերին եւ անգամ միլիոններ աշխատել երկուսին էլ զենք վաճառելով, որը կողմերն ուղղելու են միմյանց դեմ։ Դա նշանակում է, որ Ռուսաստանը դավադրություն է կազմակերպում նախագահներ Իլհամ Ալիեւի ու Սերժ Սարգսյանի մասնակցությամբ թաքուն, դանդաղ-ընթացող բանակցային գործընթացում, որտեղ բացակայում են իրապես խաղաղ գործընթացին բնորոշ առանցքային տարրերը՝ երկու կողմերի միջեւ երկկողմ կամուրջը, մեծ խնդիրների շուրջ բովանդակային քննարկումները, հասարակության մասնակցությունը։

Հենց այս պատճառով Ղարաբաղյան հակամարտության միջազգային կոնտեքստում Մոսկվայի դիրքորոշումն էականորեն տարբերվում է Աբխազիայի, Հարավային Օսիայի կամ Ուկրաինայի հարցում իր մոտեցումից։ Մոսկվան իսկապես ցանկանում է պահպանել իր առաջատար դերակատարությունը որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ՝ հանդես գալով որպես հակամարտության միջնորդ, բայց այն նաեւ ցանկանում է կիսել պատասխանատվության բեռը Արեւմուտքի ուժերի հետ։

Այստեղ, այնուամենայնիվ, կա խնդիր։ Պահպանողական մոտեցումը կարող է կառավարել իրավիճակը այն հակամարտությունների պարագայում, որտեղ կողմերից ոչ մեկը չի ցանկանում հետ վերադառնալ պատերազմին։ Այս մոտեցումն այնքան էլ լավ չի աշխատում, երբ երկու հակառակորդները սկսում են կռվել։ Երբ 2016 թ․-ի ապրիլին հրադադարը խախտվեց եւ հայերն ու ադրբեջանցիները չորս օրով վերադարձան պատերազմին, Մոսկվան հայտնվեց անհարմար իրավիճակում՝ մեղադրվելով երկու կողմերից էլ։ Ադրբեջանական կողմը վրդովված էր Ռուսաստանի՝ հրադադար պարտադրելու միջամտությամբ: Հայկական կողմը վրդովված էր, որ Ռուսաստանը չի հարգել Երեւանի հետ ռազմական դաշնակցությունը եւ չի եկել վերջինիս պաշտպանելու։ Ադրբեջանական մուլտֆիլմերից մեկում պատկերված է, թե ինչպես է Պուտինը չարախնդում իր իսկ ստեղծած հակամարտության վրա, մինչդեռ դա այնքա՜ն հեռու է իրականությունից։  

Քառօրյա պատերազմից հետո Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը 2016թ․-ին կրկնապատկեց իր դիվանագիտական ջանքերը` աջակցություն ստանալով իր ամերիկացի գործընկեր Ջոն Քերիից։ Թվում էր՝ Լավրովի մոտեցումը տարբերվում է Պուտինից այն իմաստով, որ նա հավատում էր, թե հակամարտության փուլային կարգավորումը, որը կսկսվի տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցության վերականգնմամբ, կարող է Ղարաբաղի շուրջ իրավիճակը պակաս վտանգավոր դարձնել եւ առաջ մղել Ռուսաստանի շահերը։

Սակայն 2016 թ․ երկրորդ կեսին, երբ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները բացահայտ որոշեցին, որ իրական խաղաղ գործընթացը չափազանց վտանգավոր է իրենց համար, միջազգային բարձր մակարդակի ուշադրությունը հակամարտության նկատմամբ կրկին նվազեց։    

Ռուսաստանի ռազմավարությունը՝ կառավարել հակամարտությունը, պահպանել լավ հարաբերությունները եւ՛ Բաքվի, եւ՛ Երեւանի հետ, ձգտել պահպանել հրադադարը, կանխորոշեցին միջազգային ներգրավվածությունը մի հակամարտությունում, որն ընդհանուր առմամբ ընկալվում է որպես անլուծելի։

ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս երկու համանախագահ երկրները՝ Ֆրանսիան եւ Միացյալ Նահանգները, բարձր մակարդակի հազվադեպ միջամտություններ են կատարել, երբ հնարավորություն են նկատել համոզելու Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդներին՝ համաձայնության հասնել։ Վաշինգտոնը, մասնավորապես, երբեմն ձգտել է ակտիվ դեր ստանձնել։

Բայց ինչպես Մոսկվան, այնպես էլ Վաշինգտոնն ու Փարիզը բացահայտ խուսափել են հակամարտության համար պատասխանատվությունից, հակամարտություն, որտեղ ոչ մեծ թվով մարդ է մահանում, հեռուստատեսային նկարահանող խմբեր չեն այցելում, եւ ամենակարեւորը՝ հակամարտության կողմերը չնչին վճռականություն են ցուցաբերում հարթելու իրենց տարաձայնությունները։

Քանի դեռ Հայաստանի, Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի առաջնորդները չցուցաբերեն ավելի մեծ պատրաստակամություն միասին աշխատելու ընդհանուր կարգավորման վրա, դիվանագետներից շատերը կնախընտրեն հեռու մնալ։ Այս իմաստով, Մինսկի գործընթացը վերածվել է Բաքվի, Երեւանի եւ Մոսկվայի միջեւ Բերմուդյան եռանկյունու (կամ քառանկյունու, եթե ներառենք նաեւ Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտը), որտեղ լավ մտադրություններ, գաղափարներ ունեցող դիվանագետներն անհետանում են մշուշի մեջ։

Սակայն բոլոր հակամարտությունները վերջ ունեն։ Իր չորրորդ ավերիչ տասնամյակը մտնող Ղարաբաղյան հակամարտության պարագայում հույսն այն է, որ այն կհանգուցալուծվի, որովհետեւ դրա դերակատարները կվերանայեն իրենց ռազմավարական առաջնահերթությունները։

Այլընտրանքը, ըստ որի մարտական գործողությունների եւս մեկ փուլը կդրդի Մոսկվային ու իր արեւմտյան գործընկերներին փորձելու լուծում պարտադրել հայերին ու ադրբեջանցիներին, ավելի մեծ թվով զոհեր կպահանջի այս տխուր պատմությունից  ավելի լավ հետեւություն անելու համար։

Թոմաս դե Վաալը Կարնեգի Եվրոպա Հիմնադրամի ավագ հետազոտող է:

Մեկնաբանությունը գրվել է Կարնեգիի Մոսկվայի Կենտրոնի համար:

Թարգմանությունը՝ Եկատերինա Պողոսյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին