Սերոժ պապս եւ «գեղեցկության մրցույթը» - Mediamax.am

Սերոժ պապս եւ «գեղեցկության մրցույթը»
6607 դիտում

Սերոժ պապս եւ «գեղեցկության մրցույթը»


Այս պատմությունը սիրո մասին է, դրա տարբեր դրսեւորումների: Այն մասին, որ հանուն սիրո կարելի է եւ հաճախ պետք է ոչ սովորական քայլերի դիմել՝ երբեմն անտեսելով հասարակության մեջ արմատացած սովորույթները։

Ներընտանեկան այս պատմության գործող անձանց մեծ մասն արդեն մեզ հետ չէ։ 1994-ի հոկտեմբերին մայրական տատս հանկարծամահ եղավ: Սերոժ պապս, որ պաշտում էր կնոջը, հրաժարվեց այլեւս ապրել իր երեւանյան բնակարանում, քանզի, իր իսկ խոսքերով, ամեն իր այնտեղ «հիշեցնում էր Դորիկի» մասին, եւ հեռացավ Նոր Խարբերդում իր իսկ ձեռքերով կառուցած ամառանոց: 72-ամյա գյումրեցի պապս միայնակ էր ապրում այնտեղ, շաբաթը մեկ գալիս էր քաղաք սնունդ գնելու եւ մեզ զանգելու, իսկ երբ իր բացակայության ընթացքում ամառանոցը թալանեցին, դրանից էլ հրաժարվեց եւ դարձավ «ճգնավոր»: Շաբաթ-կիրակի օրերին երեխաներից կամ թոռներից մեկը, իսկ ավելի հաճախ`մի քանիսը գնում էին տեսակցելու պապիկին, տանում առաջին անհրաժեշտության իրեր, սնունդ, օգնում այգու գործերում: Իմ ընկերները՝ հատկապես Մակարյան Արիկը, շատ էին սիրում օգնել պապուս հատկապես մրգային օղի «քաշելու» գործում, առաջին հերթին՝ համտեսի:

Այստեղ պետք է շեշտեմ, որ Խարբերդի ամառանոցն յուրատեսակ սրբատեղի էր ոչ միայն մեր ընտանիքի, այլեւ մեզանից յուրաքանչյուրի մտերիմների համար, այնտեղ էինք մենք տարիներ շարունակ անցկացնում գրեթե բոլոր հանգստյան օրերը: Դպրոցական եւ համալսարանական դասընկերներս մինչ օրս էլ հաճույքով են հիշում Խարբերդի մեր քեֆերը, իսկ ընկերներիս այնտեղ այնքան էին սիրում, որ նրանք կարող էին գնալ այնտեղ առանց նախազգուշացնելու: Դեպքեր են եղել, որ պապս 20-ից ավել երիտասարդ է տեղավորել գիշերակացի, այն էլ` հարբած երիտասարդի: Որքան էլ զարմանալի է, բոլորը ողջ-առողջ են, չնայած այդ պահին նման հույս չկար:

Մեր բոլոր փորձերը պապիկին քաղաք վերադարձնելու` թեկուզ միայն ձմռանը, արժանանում էին մերժման: 1996-ի հոկտեմբերին զորակոչվեցի բանակ: Մեկնելուց առաջ Սովետաշենում սպայական հավաքների ընթացքում մտերմացած բանակային երկու ընկերներիս` Բադալյան Մանվելի եւ Մարգարյան Վարդանի հետ գնացինք պապուս հրաժեշտ տալու: Արտասվեց, ինչ-որ տեղ գնաց, 5 րոպե հետո վերադարձավ «Նաիրի» կոնյակի շշով եւ խոստովանեց, որ ծնվելուս օրը` 1974 թվին տատս իմ անունով կոնյակ է բերել-ահել, որը պատգամել է բացել հատուկ առիթով: Դա շատ զարմանալի էր ինձ համար, քանզի մինչ այդ պահն ես համոզված էի, որ գիտեմ ամառանոցում թաքցված յուրաքանչյուր շշի տեղը:

Առաջ անցնելով` ասեմ, որ տարիներ հետո պարզվեց, որ տատս ոչ թե մեկ շիշ կոնյակ էր պահել, այլ երեք: Մյուս երկուսը բացեցինք եւ խմեցինք իմ եւ կնոջս նշանդրեքին ու հարսանիքին: Կոնյակն այնքան անուշ էր, որ այդ համն անհնար է մոռանալ: Հետագայում այդ նույն կոնյակից բախտ վիճակվեց համտեսել նաեւ ընկերոջս` Նաիրի Պետրոսյանի հարսանիքին: Պարզվեց, որ նրա պապը` մեծանուն կոնյակագործ Մարգար Սեդրակյանը նույնպես կոնյակի խմբաքանակ էր պահել թոռան հատուկ առիթի համար:

Այդպես հրաժեշտ տվեցի պապուս, իսկ մեկ տարի անց, երբ Մեղրիից վերադարձա արձակուրդ եւ գնացի Խարբերդ նրան տեսակցելու, գտա բոլորովին այլ մարդու` ծերացած, կյանքից հոգնած, աչքերի փայլը` խամրած, այլեւս չէր կատակում, բողոքում էր ամեն ինչից, բոլորից: Հարեւանների հետ գրեթե չէր շփվում, համարյա բոլորի հետ թշնամացել էր: Ահավոր միայնակ էր…

Այնպես ստացվեց, որ հենց այդ ժամանակ` 1997-ի աշնանը Մեղրիից տեղափոխվեցի «Զինուժ»: Տեղափոխման հրամանը ստանալուն պես «կոնսիլիում» հրավիրեցի, կանչեցի մորս, քեռուս եւ մորաքրոջս ու ասացի, որ մտադիր եմ փրկել պապիկիս: Բնականաբար, բոլորն էլ ցանկանում էին, որ նա երկար ապրի, միակ հարցն այն էր, թե ինչպես նրան համոզել, որ մեր տուն տեղափոխվի: Պարզվեց, որ դա անհնար է. Սերոժ պապս կտրականապես հրաժարվեց ու ասաց, որ Խարբերդում է մեռնելու, ու վերջ: Սակայն հնչեց նաեւ դրական միտք. պապս դեմ չէր, որ մեզանից մեկը տեղափոխվեր իր հետ միասին ապրելու: Բայց ո՞վ կթողներ գործը, տունը, ընտանիքը եւ կտեղափոխվեր Խարբերդ, ուր այդ շրջանում նույնիսկ տրանսպորտ չէր հասնում:

Եվ այդ պահին գլխումս միտք ծագեց. իսկ ի՞նչ կլինի, եթե մենք մեր պապիկի համար կին գտնենք: Հեշտ է ասված. ո՞վ կհամաձայնվեր թողնել իր հարմարավետ պայմանները եւ տեղափոխվել գյուղ 75-ամյա ծերուկի մոտ: Որտեղի՞ց գտնել նման կին: Պատասխանն ինքնըստինքյան եկավ` ծերանոցից: Հաջորդ առավոտյան զանգահարեցի Նորքի տուն-ինտերնատի տնօրենին: «Զինուժը» այն ժամանակ շատ հարգի էր, այնպես որ, որքան էլ տնօրենը զարմացավ, բայց խնդրանքս մերժել չէր կարող եւ խոստացավ մի քանի թեկնածու գտնել: Որպեսզի ընտրությունս շատ սուբյեկտիվ չլինի, խնդրեցի ուղեկցել ինձ ընկերոջս` Արա Թադեւոսյանին:

Հաջորդ օրը գնացինք Նորք, զրուցեցինք նախ տնօրենի, ապա` գլխավոր բժշկուհու հետ, բացատրեցինք, թե ինչպիսին ենք պատկերացնում մեր նոր տատիկին: Գլխավոր բժշկուհին տարավ մեզ իր սենյակ, ես ու Արիկը նստեցինք հեռավոր անկյունում, իսկ բժշկուհին սկսեց հերթով տատիկների հրավիրել եւ զրուցել հետները: Տատիկների զարմացած հայացքին, թե այս երիտասարդներն ովքե՞ր են, բժշկուհին պատասխանում էր` «Նախարարությունից են», չմանրամասնելով, թե որ (այդ ժամանակ երկուսս էլ ՊՆ-ում էինք ծառայում):

Որոշ առումով գործընթացը նման էր գեղեցկության մրցույթի, ես ու Արիկն էլ ժյուրին էինք։ Եթե չեմ սխալվում, թեկնածուները չորսն էին: Առաջին երեքն անմիջապես բողոքեցին առողջությունից, պայմաններից, երկրից, կյանքից… Բժշկուհու վերջին հարցը բոլոր թեկնածուներին նույնն էր` արդյոք կհամաձայնվե՞ն առաջարկի դեպքում տեղափոխվել Խարբերդ: Երկուսը բացասական պատասխան տվեցին, մեկն ասաց, որ եթե պայմանները լավը լինեն, կգնա:

Վերջինն եկավ տիկին Անյան: Նա տարբերվում էր նախորդ երեք թեկնածուներից, բավականին աշխույժ էր, էներգիայով լի, մի փոքր բողոքեց հարեւաններից, բայց կյանքից ընդհանուր առմամբ գոհ էր: Վերջում էլ, պատասխանելով Խարբերդ տեղափոխվելու առաջարկին, ասաց, որ դեմ չէր լինի փորձել: Թե ես, թե Արիկը տիկին Անյային անմիջապես հավանեցինք: Բժշկուհու խնդրանքով ներկայացրեցի առաջարկի մանրամասները, եւ տիկին Անյան պատրաստակամություն հայտնեց հանդիպել պապիկիս:

Երկու օր անց պայմանավորված ժամին պապուս երկնագույն «Զապորոժեցով» ծերանոցի դռան դիմացն էինք: Քանի որ ոչ ես, ոչ եղբայրս վարորդական իրավունք չունեինք, մեքենան վարում էր եղբորս ընկեր Հայկը: Հատուկ այդ առիթով մեքենան լվացել էինք: Տիկին Անյան եկավ առօրյա հագուստով, հողաթափերով, ինչը մեզ, անկեղծ ասած, մի փոքր զարմացրեց: «Բա ու՞ր ա պապիկը»,- հարցրեց նա: «Սպասում է մեզ Խարբերդում»,- պատասխանեցի ես: «Վայ, բա գոնե կոշիկներս փոխեի»,- ասաց տատիկը, բայց արդեն ուշ էր՝ Խարբերդի ճամփին էինք…

Ասել, որ պապուս եւ տիկին Անյայի հանդիպումն անցավ ջերմ մթնոլորտում, նշանակում է` ոչինչ չասել: Շատ արագ նրանք գտան ընդհանուր ծանոթներ, պարզվեց, որ ժամանակին մի քանի տարի «Նաիրիտ» գործարանում հարեւան շենքերում են աշխատել, յուրաքանչյուրը պատմեց կյանքի իր պատմությունը: Ես ու Հայկը մեզ լրիվ ավելորդ էինք զգում, բայց արդեն մթնում էր, պետք էր վերադառնալ:

-    Պիտի գնանք, պապի ջան:
-    Գնացե՛ք, բալես:
-    Եթե տիկին Անյան համաձայն է, վաղը իրերը կհավաքի, հաջորդ օրը կբերենք:

Եվ այդ պահին պատահեց նրանց հարաբերություններում առաջին ճգնաժամը.

-    Տո իշու ձագ: Ի՞նչղ թե` պիտի էրթա:
-    Սերգեյ ջան, պետք է դիմում գրեմ, սենյակը ազատեմ, դեղերս վերցնեմ…
-    Եթե պիտի գնաս, էլ վերջ, էլ պետք չի, գնա՛, էլ մի՛ արի…

Պապս անդրդվելի էր. «Եթե եկել ես, պիտի մնաս: Վե՛րջ»: Մեր բախտից էր, որ հարսնացուն նույնքան համառ չէր, որքան փեսան: Մի փոքր համոզելուց հետո տիկին Անյան համաձայնեց մնալ, ես էլ խոստացա զգուշացնել տնօրենին, որ առաջիկա օրերին նա կվերադառնա դիմում գրելու եւ սենյակը ազատելու:

…Կարելի է ասել, որ տիկին Անյան երկարացրեց Սերոժ պապուս կյանքը, դարձավ ամենածանր տարիների նրա ուղեկիցը: Պապս ապրեց եւս 7 տարի: Այդ ընթացքում տիկին Անյան կամ Ան’կան դարձավ մեր ողջ ընտանիքի բարեկամը, մասնակցեց մեր բազմաթիվ կարեւոր իրադարձություններին, իր գործած բրդյա գուլպաներով ապահովեց ընտանիքիս բոլոր անդամներին, հյուրասիրեց մեր ընկերներին, հոգաց պապուս մասին եւ դիմացավ նրա գրեթե անտանելի դարձած բնավորությանը: Մենք հասցրինք ծանոթանալ եւ նույնիսկ մտերմանալ նրա դստեր եւ թոռների հետ, իսկ երբ նրանք ցանկացան վերադարձնել տատիկին տուն, նա հրաժարվեց` ասելով, որ իր տեղը Սերգեյի կողքին է: Եղան նաեւ դեպքեր, երբ պապիկս նեղացրել էր Անյային, եւ նա հեռացել էր դստեր մոտ: Հիշում եմ, ինչպես էր պապս համոզում մայրիկիս, որ գնա Անյայի մոտ խնամախոս ու համոզի վերադառնալ: Եվ համոզեց, եւ վերադարձավ…

2002-ին նշեցինք պապուս 80-ամյակը: Խարբերդում հավաքվել էին նրա զավակները, թոռները, նախկին գործընկերները, բարեկամներն ու հարեւանները` շուրջ 50 հոգի: Պապս երջանիկ էր` ամառանոցում կրկին տոն էր, կրկին աղմուկ: Այդպիսին` ուրախ, երջանիկ կհիշեմ պապիկիս ողջ կյանքում:

Արդեն պապուս մահվանից հետո տիկին Անյան խոստովանեց, որ 60 տարեկանից հետո դադարել էր ապրել եւ պատրաստվում էր մահվան, սակայն պապուս մոտ՝ Խարբերդ տեղափոխելն ամբողջովին փոխեց իր ճակատագիրը, նոր մարտահրավերներ առաջ բերեց, ստիպեց սիրել կյանքը։

Տիկին Անյան եւս այսօր մեզ հետ չէ։ Իր մասին մեզ հաճախ հիշեցնում են տաք գուլպաները, որոնք մինչ օրս էլ ծառայում են մեր ընտանիքին։ Եվ, բնականաբար, լուսանկարները, որտեղ պապս եւ Անյա տատին մշտապես ուրախ են ու անհոգ։



Դավիթ Ալավերդյանը Մեդիամաքսի գլխավոր խմբագիրն է:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին