Երկար տարիներ ապրելով Ռուսաստանում` հաճախ հասկանում եմ, որ իմ շատ ծանոթներ Հայաստանից տարօրինակ պատկերացում ունեն Ռուսաստանի մասին: Դա, հավանաբար, խանգարում է Հայաստանում եւ Ռուսաստանում ապրող մարդկանց նորմալ շփմանը եւ ստեղծում բազմաթիվ խնդիրներ: Առավել հաճախ հանդիպող կարծրատիպերն են`
- Ռուսները սիրում են հայերին, որովհետեւ մենք էլ ենք քրիստոնյա;
- Ռուսները չեն սիրում հայերին, որովհետեւ մենք կովկասցիներ ենք, իսկ նրանք չեն սիրում կովկասցիներին;
- Ռուսները չեն սիրում հայերին, որովհետև հայերը նյարդայնացնում են ռուսներին իրենց սխալ պահվածքով /աղջիկներին են կպչում, կռվում, չափազանց լավ են ապրում եւ այլն/;
- Ռուսները չեն սիրում հայերին իրենց շովինիզմի պատճառով:
Միանգամից ասեմ. վստահ եմ, որ ընթերցողներից շատերին այս պատկերացումները զվարճալի կթվան: Ավելի լավ, այդ դեպքում այս հոդվածը պարզապես կբարձրացնի նրանց տրամադրությունը:
Սկզբում մեկ ընդհանուր պնդում: Նախ` Ռուսաստանում միայն ռուսներ չեն ապրում, այլ շուրջ 180 տարբեր ազգության մարդիկ: Երբ Ռուսաստանում ապրող մարդը իրեն ռուս է կոչում, նա հաճախ ի նկատի չունի այն, ինչ մենք ի նկատի ունենք` կոչելով մեզ “հայեր”: Մեզ համար ազգությունը որոշվում է արյունով: Ռուսաստանում “զտարյուն” ռուսներ դեռ գտնել է պետք: Թեեւ ազգությունը ռուսների մոտ որոշակի դեր է խաղում (օրինակ. օգտագործվում է «սլավոնական արտաքինի անձնավորություն» տեսակի ընդհանրացում), սակայն հաճախ ռուս լինելը` դա առաքելություն է: Ռուսը` դա ռուսերեն լեզվով խոսող, ռուսական մշակույթի ժառանգ հանդիսացող, ոչ միայն իր, այլեւ մյուս ժողովուրդների եւ ընդհանուր առմամբ` ողջ աշխարհի համար պատասխանատվություն կրող մարդն է: Այդ պատճառով էլ «ռուսները մեծ ազգ են» արտահայտությունը իմաստից զուրկ չէ: Այլ կերպ դա կոչվում է «կայսերական հավակնություններ», բայց մենք չենք օգտագործի այս բառակապակցությունն իր բացահայտ բացասական իմաստի պատճառով:
Իսկ հիմա ներկայացնեմ այդ պատկերացումները ըստ էության: Ընդհանուր առմամբ, փոքր ժողովուրդներին, այդ թվում` հայերին, բնորոշ է մտածել, որ նրանց նկատմամբ հատուկ վերաբերմունք կա: Դա թյուրիմացություն է: Տարբեր երկրներում ապրող մարդկանց մեծամասնությունը ոչ մի կերպ չեն վերաբերվում հայերին: Այլ կերպ ասած` նրանք համար միեւնույն է` հայ ես դու, թե, օրինակ, ասորի: Որոշ գրագետ մարդիկ կարող են ինչ-որ բան իմանալ հայերի մասին: Օրինակ, Ռուսաստանում որոշ մարդիկ գիտեն, որ հայերը «ուրիշ տեսակի» քրիստոնյա են, բայց ի՞նչ տեսակի` ստույգ չգիտեն: Շատերը լսել են, որ մենք Կաթողիկոս ունենք, եւ որ մենք խաչակնքվում ենք այլ ձեւով և, այդ պատճառով էլ կարծում են, որ հայերը կաթոլիկ են: Հաճախ իրենց գիտելիքները ստացվում են երկու-երեք ծանոթ հայերի հետ շփման փորձի ընդհանրացումից: Հասկանալի է, որ նման փորձով քիչ բան կարելի է իմանալ մի ողջ ազգի մասին:
Եթե վերադառնանք տարբեր ժողովուրդների նկատմամբ ռուսների վերաբերմունքին, այդ թվում` հայերին, ապա իրենց վերաբերմունքը բխում է վերոհիշյալ առաքելությունից: Մենք, հայերս, որպես ժողովուրդ, ուրիշ ժողովուրդների հետ միասին, ռուսների ազգային գիտակցության համար իրենց տիեզերական առաքելության իրականացման մեխանիզմն ենք: Հասկանալի է, որ ռուսաստանյան իշխանության տեսակետը ավելի գործնական է, բայց դա արդեն քաղաքականություն է, որի մասին հիմա չենք խոսելու:
Այս բոլորի հետ մեկտեղ ռուսները հազվադեպ են ազգի նկատմամբ վերաբերմունքը տարածում իրենց ծանոթ առանձին մարդկանց վրա: Առանձին մարդկանց հետ նրանք շփվում են որպես հավասարի հետ: Այնքանով, որ շատ արագ դադարում են նկատել, որ դուք ռուս չեք: Նրանց համար դա այնքան էլ էական չէ: Հային դա կարող է վիրավորել. նա ուզում է, որպեսզի մարդիկ նկատեն, որ նա հայ է: Ռուսը անկեղծորեն կզարմանա դրան: Այս հատկությունը, ի դեպ, ակնհայտորեն տարբերում է ռուսներին եվրոպացիներից, օրինակ` ֆրանսիացիներից կամ գերմանացիներից: Վերջիններս միշտ զգացնել կտան, որ դու «յուրային չես»:
Անկասկած, Ռուսաստանում կան թե ազգայնականներ, թե շովինիստներ, բայց նրանք քիչ են: Այդպիսի մարդիկ նույն համաչափությամբ կան նաեւ մյուս ազգերի, այն թվում` հայերի մեջ: Այն, որ այդ մարդկանց գաղափարները աջակցություն են ստանում ավելի լայն շրջանակում, կապված է հասարակության մեջ կուտակված լարվածության եւ չլուծված խնդիրների հետ: Դա, իհարկե, վատ է, սակայն առանձնահատուկ բան չէ. նման վարքը բնորոշ է ցանկացած ազգին (նույն հանդարտ Ավստրիայում մի քանի տարի առաջ ազգայնականները քիչ էր մնում իշխանության գային): Պետք չէ գերագնահատել նման աջակցության ծավալներն ու վտանգը. մեծ մասամբ նման «կարեկցողները» ծանոթների նեղ շրջանակում այս հարցերի քննարկումից ավելի հեռու չեն գնում:
Վերը շարադրվածից բխում է հետեւյալը, որ եթե ուզում եք լավ զգալ ձեզ Ռուսաստանում, մարդամոտ եղեք եւ մի փորձեք մարդկանց ցուցադրել, որ տարբերվում եք, կամ նրանցից հատուկ վերաբերմունք եք ակնկալում ձեր նկատմամբ: Այս դեպքում շրջապատը ձեզ շատ արագ կդասի իրենց շարքին, եւ դուք հաղորդակցության խնդիր չեք ունենա:
Սիրում կամ չեն սիրում ոչ թե ազգությունը (մեծամասնությունը դրան ընդհանրապես ոչ մի ձեւ չի վերաբերվում), այլ առանձին մարդկանց: Եթե լավ, հաճոյակամ, բարի մարդ լինեք, կարողանաք մարդկանց ընտրել շփման համար, ապա` կսիրեն: Եթե ձեր գլխին փորձանք եք փնտրում, ապա անմիջապես կգտնեք:
Արամ Փախչանյանը «Այբ” կրթական հիմնադրամի հիմնադիրներից է եւ ABBYY ընկերության փոխնախագահը:
Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: