Ես, ամերիկացի կապրալն ու Կոսովոյի քաղաքներից մեկի տոնը - Mediamax.am

Ես, ամերիկացի կապրալն ու Կոսովոյի քաղաքներից մեկի տոնը
8394 դիտում

Ես, ամերիկացի կապրալն ու Կոսովոյի քաղաքներից մեկի տոնը


Յուրաքանչյուր մարդու կյանքում անմոռանալի պահեր են լինում, իսկ լրագրողի կյանքում՝ առավել եւս։ Եթե հետեւել եք սյունակներիս, կարող է, հիշեք, թե ինչպես եմ ժամանակին

փչացրել Էրդողանի տոնը ;

տխրեցրել Չավուշողլուին ;

եւ ներկա գտնվել հայ-թուրքական արձանագրությունների ստորագրմանը։

Իրականում նման պատմությունները շատ են, եւ հույս ունեմ, որ մի օր դրանք բոլորը թղթին կհանձնեմ։ Իսկ այսօր Ֆեյսբուքը մի լուսանկարի մասին հիշեցրեց եւ արթնացրեց հիշողություններս 10 տարվա վաղեմության մի պատմության մասին, որը սիրում եմ պատմել ընկերական շրջապատում եւ այժմ պատրաստ եմ հանձնել նաեւ ընթերցողին։

Ահա այդ լուսանկարը․



Լուսանկարում Կոսովոյի ամերիկյան Քեմփ Բոնդսթիլ ռազմաբազայի հրամանատարն 2008թ․ սեպտեմբերին ինձ հուշանվեր է հանձնում։ Լուսանկարին հաջորդած վայրկյանին ես պահը չկորցրի եւ խնդրեցի գեներալին ուղարկել ինձ հայ խաղաղապահների մոտ, որոնք ծառայում էին հունական բրիգադի կազմում Ֆերիզայ (նախկինում՝ Ուրոշեւաց) քաղաքի մոտակայքում։

Գեներալն անմիջապես կարգադրեց տեղակալին կազմակերպել այցը, եւ արդեն մեկ ժամ հետո ամերիկյան ռազմական «Համմերը» տանում էր ինձ դեպի Ֆերիզայ։

Վարորդից բացի որպես ուղեկից ինձ բաժին էր հասել ամերիկացի մի կապրալ, որը շատ էր սիրում խոսել, բայց որի խոսացածից ոչինչ չէի հասկանում՝ տարօրինակ առոգանության եւ ձայնի ելեւէջների պատճառով։ Միակ բանը, որ հասկացա, որ նա Կանզասից է եւ որ մենք պետք է կանգառ կատարենք Ֆերիզայի կենտրոնում։

Մնացած ժամանակ ես պարզապես ժպտում էի եւ երբեմն-երբեմն ծիծաղում, երբ նույնը իր մենախոսության ընթացքում անում էր կապրալը։

Րոպեներ անց մեր մեքենան կանգ առավ քաղաքապետարանի հարեւանությամբ, եւ բավական էր լքեինք մեքենան, մեզ դիմավորեցին կոստյումներով եւ փողկապներով մարդիկ, հնչեց բարձր երաժշտություն, եւ սկսվեց հետեւյալը․



Քաղաքի կենտրոնական հրապարակում շքերթին մասնակցում էին ԱՄՆ-ի եւ Կոսովոյի դրոշներով հարյուրավոր երեխաներ, հավանաբար՝ մոտակա դպրոցներից, ովքեր մոտենալով մեզ՝ ուրախ բացականչում էին։ Հենց այդ պահին մտքովս առաջին անգամ անցավ, որ մասնակցում եմ ինչ-որ կարեւոր միջոցառման, մնում էր հասկանալ՝ ովքեր են այս մարդիկ, ինչ է կատարվում եւ, ըստ այդմ, ով եմ ես։

Շքերթն ավարտվեց, եւ մեր մեքենայի անձնակազմին հրավիրեցին ներս՝ քաղաքապետարան։ Արդեն աստիճանավանդակին սիրտս վատ բան կանխազգաց, եւ ահա՝ այն չէր սխալվում․ քաղաքապետի աշխատասենյակի առջեւ տեսախցիկներով եւ ձայնագրիչներով մարդիկ էին կանգնած։ Մտանք ներս, մեզ ջերմորեն ողջունեց միջին տարիքի ալեհեր մի տղամարդ։ Քաղաքապետն էր։ «Դեւիդ»,- կարճ ներկայացա ես։ Նստեցինք սեղանի շուրջ։ Սեղանի գլխին քաղաքապետն էր, աջից՝ կապրալը, ձախից՝ ես։



Բավականին վատ անգլերենով քաղաքապետը բացատրեց, որ այդ օրը քաղաքում մեծ տոն է, լավ չեմ հիշում՝ կամ ազատագրման, կամ անկախության, կամ էլ պարզապես քաղաքի տոնը, եւ շնորհակալություն հայտնեց ամերիկյան ժողովրդին ի դեմս երկուսիս՝ Հարավսլավական վերջին պատերազմի ընթացքում Կոսովոյի ժողովրդին աջակցելու համար։ Ակնհայտ էր, որ այդ պահին մենք պաշտոնական պատվիրակություն էինք։ Էլ ավելի ակնհայտ էր, որ կապրալի համար սա նույնքան մեծ անակնկալ էր, որքան իմ։ Իրադարձությունները զարգանում էին շատ արագ, պետք էր փրկել իրավիճակը եւ պատասխանել քաղաքապետի ելույթին։ 4-5 տեսախցիկ պտտվեցին դեպի կապրալը, եւ նա խոսեց․․․ Լրագրողների դեմքերից ակնհայտ դարձավ, որ նրանք, ինչպես ես ու քաղաքապետը, ոչինչ չեն հասկանում, եւ երբ կապրալն ավարտեց խոսքը, տեսախցիկները գտան նոր թիրախ՝ ինձ։ Դե, ինչ արած...

«Ամերիկայի ժողովրդի եւ կառավարության անունից շնորհավորում եմ ձեր հրաշալի քաղաքի տոնը, մաղթում եմ, որպեսզի դուք եւ ձեր երեխաները միշտ ապրեք խաղաղ երկնքի տակ եւ երբեք այլեւս պատերազմ չտեսնեք։ Թող Ֆերիզայը եւ Կոսովոն ծաղկեն եւ բարգավաճեն...»,- լրագրողները գոհ էին, քաղաքապետը՝ բավարարված, կապրալն էլ, այսպես ասենք՝ ցնցված։ Կարծում եմ, մի պահ նա նույնպես հավատաց, որ ես գիտեի այս միջոցառման մասին եւ իսկապես գործուղված եմ ԱՄՆ իշխանությունների կողմից...

Իրավիճակը փրկված էր, տեսախցիկները լքեցին սենյակը, մենք սուս ու փուս խմեցինք մեր սուրճը, ամբողջ ընթացքում կապրալը ծակում էր ինձ հայացքով՝ փորձելով գուշակել, թե ով եմ ես։ Ի վերջո, լքեցինք քաղաքապետին՝ ջերմորեն սեղմելով նրա ձեռքը։ Պատրաստվում էի տհաճ խոսակցության, եւ հանկարծ…
Եվ հանկարծ հենց քաղաքապետարանի դիմաց տեսա նրանց՝ Տղերքին...



Տղերքը ստուգում էին հրապարակի մերձակայքում անգործ թափառողների թղթերը.

- Տղերք, հա՞յ եք․․․

Զարմացած հայացքներ․ հայերեն խոսք Կոսովոյի «փախած» քաղաքո՞ւմ․․․

- Էս էրկուսս հայ ենք, էս մեկը՝ հույն։



- Բարեւ, տղերք, ես էլ ձեզ էի փնտրում։ Ես լրագրող եմ՝ Երեւանից։

- Համեցեք, մենք ձեզ սպասում ենք։

Եվ կապրալի սղոցող հայացքը թիկունքից։ Եվ մերոնցից մեկի խրոխտ ձայնը․

- This is our guy, man! We will take him!

Դավիթ Ալավերդյանը Մեդիամաքսի գլխավոր խմբագիրն է: 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին