Ինչ պետք չէ նվիրաբերել կարիքավոր ընտանիքներին - Mediamax.am

Ինչ պետք չէ նվիրաբերել կարիքավոր ընտանիքներին
11220 դիտում

Ինչ պետք չէ նվիրաբերել կարիքավոր ընտանիքներին


Ես հասկացա, որ ինչ-որ բան այն չէ, երբ «Սուր անկյուն» հաղորդման ընթացքում մի կազմակերպություն, որ անապահով ընտանիքին մի քանի արկղ չիպսեր ու էժան քաղցրավենիք էր տարել, ներկայացվեց որպես բարեգործ։

Մի ընտանիք, որտեղ բոլորն ունեն առողջական խնդիրներ, կանոնավոր եւ որակյալ չեն կարողանում սնվել, ստացավ սննդային աջակցություն՝ չիպսեր։ Կազմակերպության ներկայացուցիչը տեսանյութում ասում է ծնողներին․ «Ձեզ քաջ առողջություն եմ մաղթում, որ ձեր երեխաներին կարողանաք հասցնել իրենց նպատակին»։ Այսինքն, ծնողների քաջ առողջության եւ երեխաների նպատակների իրականացման համար էս պահին տվյալ կազմակերպությունը որպես լուծում տեսնում է չիպսեր։ Ու մի փոքր էլ գումար, հա․․․

Սա բարեգործությանը ոչ խելացի մոտեցման վառ օրինակ է։ Երբ բարեգործությունը արվում է ոչ թե խնդիր լուծելու, այլ, օրինակ, սեփական ապրանքանիշը գովազդելու, կամ որպես բարեգործ ներկայանալու համար։

Նման օրինակները, ցավոք, շատ են։ Ոչ միայն կազմակերպությունների, այլեւ անհատ մարդկանց կողմից։ Ինքս գործի բերումով երբեմն սորտավորում եմ նվիրաբերված ապրանքը եւ հաճախ մեծ մասը տանում եմ աղբանոց։

Ուզում եմ մի քանի կետով ներկայացնել այն, ինչ չի կարող համարվել բարեգործություն եւ ավելի շատ վնաս է, քան օգնություն։ Հույս ունեմ, որ այս տեղեկությունը կօգնի մարդկանց լավ մտածել եւ խելացի բարեգործություն անել։
 
Եվ այսպես, ինչը օգնություն չէ․

1. Վնասակար սնունդ

Շատ մարդիկ կարծում են, որ քաղցրավենիքն ամենալավ բանն է երեխաների համար։ Եվ երբ առիթ է լինում եւ պետք է սննդային աջակցություն, գնում են մեծ քանակի քաղցրավենիք եւ տանում կարիքավոր երեխաներին։ Իրականում սա ամենավատ օգնությունն է, որը կարող է լինել։ Քաղցրավենիքը պարունակում է առողջության համար վնասակար բաղադրիչներ, մեծ քանակությամբ շաքար։ Այն երեխաներին, որոնք հնարավորություն չունեն ամեն օր սնվել որակյալ սնունդով եւ ունեն ցածր իմունիտետ, ստամոքսային խնդիրներ, քաղցրավենիքն ավելի շատ վնաս է բերում եւ ավելի վատ վիճակի պատճառ է դառնում։

Այս դեպքում պետք է գնել բնական, ոչ վնասակար հումքից պատրաստված քաղցրավենիք, ինչը շատ ավելի թանկ է, բայց չի վնասի։ Կա՛մ փոխարինել քաղցրավենիքը մրգով, ընդեղենով եւ չրերով, ինչը առողջարար է օրգանիզմի համար։

Վնասակար են նաեւ չիպսերը, գազավորված ըմպելիքը, երկար ժամանակ փաթեթավորված սնունդը։

2. Հնամաշ հագուստ, կոշիկներ, աքսեսուարներ

Հագուստ կամ կոշիկներ, պայուսակներ, գլխարկներ, ձեռնոցներ կարելի է նվիրաբերել միայն այն դեպքում, եթե դրանք նոր կամ գրեթե նոր են։ Եթե այդ ամենը հնամաշ է, պատռված, լաքաներով, ապա տարեք աղբաման, ոչ թե կարիքավոր ընտանիքներին։ Այլապես աջակցությունը ոչ թե օգնություն է, այլ արժանապատվության ոտնահարում։ Եթե մարդիկ կարիք ունեն, դա չի նշանակում, որ նրանց հին ու ոչ մաքուր հագուստ է պետք։ Հին ու պատռված իրենք էլ ունեն։

Եթե ապրանքի վրա կան լաքաներ, լվացեք կամ քիմմաքրման հանձնեք դրանք ինքներդ, մի թողեք այդ հոգսն այն մարդկանց, ում նվիրաբերում եք։

3. Օգտագործված ներքնազգեստ

Դուք երեւի կարծում եք, որ սա չափազանցություն է։ Մի քանի ամիս առաջ ես կյանքում առաջին անգամ փորձ ունեցա սորտավորել մի կենտրոնի շահառուներին նվիրաբերված հագուստ, խաղալիքներ, գրքեր եւ այլ պարագաներ։ Ամեն կտոր հագուստի հետ հասկանում էի, որ լցվում է միայն այն կույտը, որը պետք է տանեմ աղբարկղ։ Իսկ երբ հասա հնամաշ ու կեղտոտ մանկական ներքնազգեստին, հասկացա, որ ինչ-որ բան այն չէ։ Մարդկանց հետ, որ սա բերել են, ինչ-որ բան այն չէ։ Ու դա Սփյուռքում բնակվող հայեր էին բերել։ Երկրե-երկիր բերել էին կեղտոտ ու հին ներքնազգեստ։ Նույն պահին իրականում նաեւ ուրախացա, որ որոշեցի սորտավորել ամեն ինչ, այլ ոչ թե միանգամից երեխաների ծնողներին խնդրեցի ընտրել։ Սա սարսափելի անհարգալից վերաբերմունք է, ոչ թե օգնություն։

Ներքնազգեստ կարելի է նվիրաբերել միայն այն դեպքում, երբ այն նոր է, պիտակով, տուփով։ Եվ հետո՝ օգտագործված ներքնազգեստ նվիրելով՝ դուք կարող եք շատ լուրջ ինֆեկցիաների եւ հիվանդությունների մանրէներ փոխանցել մարդկանց։

4. Հիգիենայի օգտագործված պարագաներ

Սանր, մազակալ, մկրատ եւ այլն։ Այս ամենը, ինչպես օգտագործված ներքնազգեստը, կարող է ինֆեկցիաներ տարածել եւ օգնելու փոխարեն վնասել։

5. Կոտրված խաղալիքներ

Միշտ նվիրեք այն, ինչ կնվիրեիք ձեր երեխային։ Ու սովորեցրեք ձեր երեխային ոչ թե իր հին ու կոտրված խաղալիքով կիսվել ուրիշ երեխաների հետ, այլ նոր, աշխատող խաղալիքով։ Այդպես նրան կբացատրեք կիսվելու իմաստը՝ ոչ թե չպետքականը նվիրել, այլ այն, ինչ ինքդ ես ուզում։ Առանց անիվների ավտոմեքենան չի կարող ուրախացնել ոչ մի երեխայի՝ լինի նա կարիքավոր, թե ոչ։ Առանց ձեռքի կամ ոտքի տիկնիկը դժվար թե դրական տրամադրություն ստեղծի երեխայի մոտ։

6. Օգտագործված գրենական պիտույքներ, էջահան գրքեր

Երեխան չի կարող ներկել արդեն ներկված նկարչական տետրում, չի կարող նկարել ջարդված մատիտով, չներկող ֆլոմաստերով։ Եթե գրքից բացակայում են էջեր, ապա մի՛ նվիրեք այն ոչ ոքի, որովհետեւ դա անիմաստ նվեր է։

Այս ամենը կարելի է ամփոփել մի պարզ ճշմարտությամբ․ նվիրեք այն, ինչ կուզեիք ինքներդ նվեր ստանալ։

Շարմաղ Սաքունցը «Հայ Մայրեր» բարեգործական հասարակական կազմակերպության Հանրության հետ կապերի եւ ֆոնդահայթայթման մասնագետ է։

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին