Ինչպե՞ս համայնքը վերածել Սփյուռքի - Mediamax.am

Ինչպե՞ս համայնքը վերածել Սփյուռքի
39478 դիտում

Ինչպե՞ս համայնքը վերածել Սփյուռքի


Տեղի ունեցավ հերթական Համահայկական համաժողովը, որն ակտիվ քննարկումների արժանացավ փորձագիտական եւ լայն հասարակական շրջանակներում: Ոմանք կարծում են, որ նման միջոցառումները կարեւոր են, քանի որ Հայաստանի եւ Սփյուռքի ներկայացուցիչները հայկական աշխարհի առջեւ ծառացած հրատապ խնդիրները քննարկելու հնարավորություն են ստանում: Մյուսները ակտիվորեն քննադատում են համահայկական հավաքը՝ մատնանշելով հստակ գործնական արդյունքների բացակայությունը: Երրորդները բավարարվում են նրանով, որ այդ համաժողովին մասնակցում են հայկական ծագմամբ հայտնի քաղաքական գործիչներ, տնտեսագետներ, գործարարներ, մարզիկներ եւ արվեստագետներ ամբողջ աշխարհից: Անիմաստ է պարզել, թե ով է ճիշտ, իսկ ով սխալ, քանի որ կողմերից յուրաքանչյուրը զինված է սեփական փաստարկներով: Այսօր կցանկանայի դիտարկել մի կարեւոր խնդրի լուծման՝ համայնքները Սփյուռքի վերածելու բանաձեւերից մեկը:

Գլխավոր խնդիրը համայնք, սփյուռք եւ լոբբի երեւույթների սխալ ընկալման մեջ է: Մենք սովոր ենք խառնել այդ հասկացությունները, իսկ այդ ինստիտուտներից յուրաքանչյուրն եզակի է եւ ունի որոշակի առանձնահատկություններ:

Համայնքը այս կամ այն էթնիկ խմբի ներկայացուցիչներն են, ովքեր ապրում են իրենց ծագման երկրի սահմաններից դուրս: Համայնքի ներկայացուցիչները, որպես կանոն, համախմբված են լեզվական, մշակութային-ավանդական եւ կրոնական տարրերի շուրջ:

Լոբբիզմը կազմակերպական մոդել է, որի միջոցով տարբեր շահերի խմբեր առաջ են մղում իրենց շահերը:

Սփյուռքն ավելի բարդ ինստիտուտ է: Ալեքսանդր դը Կոնդեն՝ սփյուռքի եւ լոբբիզմի ինստիտուտների առաջատար հետազոտողներից մեկը, գտնում է, որ սփյուռքն էթնիկ խմբի զարգացման բարձրագույն փուլն է, որում գիտակցաբար առաջին պլան է մղվում  «պատմական հիշողությունը», որի շուրջ էլ ստեղծվում է միասնական քաղաքական ինստիտուտը:

Գիտակցելով գոյություն ունեցող տարբերությունները, ստիպված ենք արձանագրել, որ հայկական աշխարհը շարունակում է մնալ «համայնք» ռեժիմում: Քաղաքական Սփյուռքի վիճակին անցնելու համար անհրաժեշտ է լուծել մի շարք կարեւոր խնդիրներ:

Առաջին՝ առանձին համայնքների մակարդակում մշակել ընտրական մեխանիզմներ՝ լեգիտիմ ինստիտուտների ստեղծման նպատակով: Այսպես, Լոս Անջելեսի, Սան Ֆրանցիսկոյի, Գլենդելի եւ Ֆրեզնոյի համայնքները ձեւավորում են իրենց քաղաքների հայ ընտրողների էլեկտրոնային ցուցակները, որոնք պետք է տեղադրվեն նախքան ընտրությունները: Յուրաքանչյուր էթնիկ հայ, ով ցանկանում է դառնալ պոտենցիալ ընտրող, կամավոր ներկայացնում է իր տվյալները գրանցման համար եւ կատարում է սահմանված վճարումը: Գումարի վճարման անհրաժեշտությունը պայմանավորված է մի շարք պատճառներով: Նախ՝ ընտրություններին պետք է մասնակցեն մոտիվացված եւ գիտակից մարդիկ, ովքեր իրենց մտադրություններն ամրապնդում են հստակ ֆինանսական մասնակցությամբ: Երկրորդ՝ հենց ընտրական վճարներից կձեւավորվի կենտրոնական ընտրական շտաբի բյուջեն: 

Կենտրոնական շտաբը (ԿՇ) սահմանում է կանոնակարգը (ներառյալ թեկնածուների ցենզերը եւ կարգերը)՝ հաշվի առնելով տարածքային միավորների եւ համայնքների քանակական եւ որակական առանձնահատկությունները: Թեկնածուները մշակում են իրենց ծրագրերը, ձեւավորում են շտաբեր եւ անցկացնում են նախընտրական քարոզարշավներ: Արդյունքում, մրցարշավի հաղթողը դառնում է Լոս Անջելես քաղաքի հայկական համայնքի պայմանական «Քալիֆորնիա նահանգի հայկական խորհրդի» ներկայացուցիչը: Նույն կերպ ընտրություններ են անցկացվում մյուս հայկական համայնքներում՝ ամբողջ երկրով մեկ:

Հաջորդ քայլը՝ «Ամերիկայի հայկական համայնքների դաշինքի» (ԱՀՀԴ) ձեւավորումն է: Առաջին մակարդակում ստեղծված նահանգային մակարդակի կազմակերպություններից յուրաքանչյուրը մեկական թեկնածու է ուղարկում ԱՀՀԴ: Ընդ որում, նահանգային մակարդակի յուրաքանչյուր կառույց ամենամյա վճարում է կատարում, որոնցից էլ ձեւավորվում է Ամերիկայի համահայկական համայնքային կառույցի բյուջեն:

Վերջին մակարդակում ԱՀՀԴ-ն ընտրում է իր պատվիրակին պայմանական «Միջազգային հայկական ասամբլեայում» (ՄՀԱ), որը կազմակերպված Սփյուռքի  գերագույն մարմինն է, որում կլինեն լեգիտիմ եղանակով ընտրված գործիչներ, ովքեր կխոսեն հարյուր հազարավոր էթնիկ հայերի անունից: Ավտորիտար կառավարման հաստատումը թույլ չտալու նպատակով սահմանվում են կազմակերպությունում մեկ պատվիրակի պաշտոնավարման հստակ սահմանափակումներ. 4 տարի ժամկետով՝ առանց վերընտրման հնարավորության:

Բավականաչափ խիստ պետք է լինեն նաեւ ֆինանսավորման պայմանները: Բոլոր երկրների կազմակերպությունների համար սահմանվում է միանման վճար՝ անկախ երկրի չափերից եւ համայնքի թվաքանակից: Նման համակարգը թույլ կտա նվազագույնի հասցնել որեւէ երկրի համայնքի գերակշռման հնարավորությունը: ՄՀԱ-ի կառուցվածքը, ինչպես նաեւ նրա նպատակներն ու խնդիրները սահմանվում են ղեկավար մարմնի կողմից՝ Հայաստանի Հանրապետության անմիջական մասնակցությամբ:

Նման մարմինը ոչ թե քմահաճույք է, այլ ժամանակի թելադրանք: Ամբողջ աշխարհով մեկ համայնքային կառույցների ներկայիս ղեկավարները չեն ներկայացնում մեծամասնության շահերը: Բայց ամենավտանգավորն այն է, որ նրանք չունեն ռազմավարական պլանավորում: Ըստ էության, ամբողջ աշխարհի հայկական կազմակերպությունների մեծ մասը ծախսում է առաջին խոշոր կազմակերպությունների հիմնադիրներից ստացված ժառանգությունը: Հետապնդելով անիրական նպատակներ՝ «էլիտար մասը» չկարողացավ հասկանալ հայկական պետականության արժեքը եւ մոռացավ ամբողջ աշխարհում ղեկավարների, քաղաքական գործիչների, տնտեսագետների, լոբբիստների նոր սերունդ դաստիարակելու մասին: Այլ կերպ ասած՝ ինտելեկտուալ ներուժը ինքնահոսի մատնվեց եւ դժվար թե ապագայում աշխատի ի բարօրություն հայկական աշխարհի:

Նման իրողությունների պայմաններում իմաստ չունի դատել գլոբալ խնդիրների լուծման մասին, անհրաժեշտ է անել այն, ինչը պետք է արված լիներ դեռ երեկ:

Արեգ Գալստյանը պատմական գիտությունների թեկնածու է, The National Interest, Forbes, The Hill եւ American Thinker պարբերականների մշտական հեղինակն ու փորձագետը:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին